ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Առաջին անգամ օրակարգում` ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Առաջին անգամ օրակարգում` ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
14.06.2016 | 00:39

Հունիսի սկզբին Մոսկվայում ու Կազանում կայացավ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 27-րդ նիստը, որի օրակարգում, ի թիվս այլ խնդիրների, առաջին անգամ ընդգրկված էր Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցը: Հանձնաժողովի նիստում կայացած քննարկումները մանրամասնելու խնդրանքով դիմեցի ԱԺ փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ:


-Մինչև հունիսյան նիստը Մոսկվայում ԼՂ հարցին միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը չէ՞ր անդրադարձել ոչ մի անգամ:
-Այդպես չէի ձևակերպի, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը շատ կանոնավոր գործում է՝ տարեկան գումարելով երկու նիստ՝ մեկը Ռուսաստանում, մեկը՝ Երևանում, և մշտապես անդրադառնում է ոչ միայն համագործակցության ընդհանուր խնդիրներին, այլև արդիական ու փոխադարձ կարևորություն ունեցող հարցերին, այդ թվում, բնականաբար, առավելապես կարևոր՝ ԼՂ խնդրին: Բացի այդ՝ հանձնաժողովի նիստի շրջանակներում լինում են բարձր մակարդակով հանդիպումներ ՌԴ Դաշնային խորհրդում և Պետական դումայում, որոնց ժամանակ ԼՂ հարցը միշտ արծարծվում է: Այս անգամ մեր առաջարկով հարցը ներառվեց նիստի օրակարգում՝ ԼՂ իրավիճակի փոփոխություն ձևակերպումով, քննարկվեց ապրիլյան պատերազմը և դրանից հետո ստեղծված վիճակը: Հանձնաժողովի նիստը սկսվեց Մոսկվայում՝ Դաշնային խորհրդում և հենց Մոսկվայում էլ ԼՂ հարցը քննարկվեց: Հայկական կողմից զեկուցեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր Սերգեյ Մինասյանը: Նա մանրակրկիտ ու փաստարկված ներկայացրեց ապրիլյան քառօրյա պատերազմ սանձազերծած Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքական նպատակները՝ մասնավորելով Ադրբեջանում ստեղծված տնտեսական խնդիրներով ու ստատուս քվոն ռազմական ճանապարհով փոխելու մտադրությամբ, որը Բաքվի ծրագրով պիտի փոխեր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության էությունը: Ռուսական կողմից համազեկուցողը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իգոր Գրոմիկոն էր: Նա արձանագրեց ՌԴ ԱԳՆ-ի անհանգստությունը տարածաշրջանի լարված իրավիճակի վերաբերյալ, նշելով, որ ՌԴ նախագահի միջնորդությամբ պատերազմը դադարեցվեց: Իգոր Գրոմիկոն կարևորեց Վիեննայի հանդիպումը, որի ժամանակ ընդունվեց միջնորդ երկրների արտաքին գործերի նախարարների եռյակի հայտարարությունը՝ բացարձակապես անընդունելի համարելով ստատուս քվոյի փոփոխությունը, 1994-1995 թթ. զինադադարի պայմանագրից դուրս գալու փորձերը, ներկայացրեց ձեռք բերված համաձայնությունը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայման և ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի անձնակազմի հզորության ընդլայնման մասին:
-Հայ և ռուս պատգամավորների իրավիճակի ընկալումները շա՞տ էին տարբեր, թե՞ փոխըմբռնում կար:
-Քննարկումը իսկապես բուռն էր ու բազմակողմանի՝ պատվիրակության բոլոր անդամների մասնակցությամբ: Ես հատկապես կարևորում եմ նման քննարկումները, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու առավելագույնս տեղեկացվածություն: Եթե հիշում եք, մենք ապրիլյան պատերազմից հետո ԵԽԽՎ-ում ևս լայնածավալ տեղեկատվական աշխատանքներ ձեռնարկեցինք, հանդիպելով 15-ից ավելի ազգային պատվիրակությունների հետ և ներկայացնելով իրողությունները: Այս նիստի արձանագրության մեջ եղան կարևորագույն արձանագրումներ, որոնք, անշուշտ, իրենց նշանակությունը կունենան հետագայում: Առաջին անգամ թղթի վրա ոչ միայն հայկական կողմը, այլև ռուսականը պաշտոնապես արձանագրեց, որ տեղի է ունեցել ոչ միայն հրադադարի պայմանագրի խախտում, այլև լայնածավալ աննախադեպ ռազմական գործողություններ են կատարվել շփման գծի ողջ երկայնքով, և ոչ միայն շփման գծում, այլև հայ-ադրբեջանական սահմանում, որը ևս շատ կարևոր է: Բոլոր մասնակիցները դատապարտեցին ուժի կիրառումը տարածաշրջանում և կոնֆլիկտի լուծման մեջ: Ռուս պատգամավորները վերահաստատեցին, որ ՌԴ-ն, լինելով տարածաշրջանում խաղաղության և կայունության կողմնակից, ԼՂ կոնֆլիկտի կարգավորումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով և Մինսկի խմբի շրջանակներում: Շեշտադրում արվեց վստահության միջոցների ձևավորման անհրաժեշտության վրա, միջազգային հանրութան հայտարարությունների հասցեականության և երաշխիքների, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի:
Երկու խորհրդարանների պատգամավորներն ընդգծեցին, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները ռազմական ռիսկերի նվազեցման ուղղությամբ, որ հրադադարի պայմանագրերն անժամկետ են և ելակետ են՝ կոնֆլիկտի կարգավորման համար: Նրանք կոչ արեցին հարգել Մինսկի խմբի մանդատը, վերստեղծել բանակցությունները վերականգնելու համար բարենպաստ մթնոլորտ:
-Ինչո՞ւ հանձնաժողովի նիստը շարունակվեց Կազանում:
-Դա ավանդույթ է՝ հանձնաժողովի նիստը անցկացնել ՌԴ սուբյեկտներից մեկում՝ կոնկրետացնելու համար տարածաշրջանային համագործակցությունը: Կազանում հանձնաժողովի օրակարգային հարցը ՌԴ-ՀՀ տնտեսական, սոցիալ-մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորություններն էին՝ Թաթարստանի Հանրապետության օրինակով: Իսկ Թաթարստանը իր տնտեսական ցուցանիշներով ՌԴ սուբյեկտների առաջին եռյակում է, ունի տնտեսական լուրջ հաջողություններ և ուսանելի փորձ՝ թե տնտեսական քաղաքականության, թե ադ քաղաքականության իրագործման քայլերի առումով: Կազանում եղան հանդիպումներ Թաթարստանի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիևի, որ հիմա հանրապետության պետական խորհրդական է, խորհրդարանի նախագահ Ֆարիդ Մուխամետշինի, առաջին փոխվարչապետ Պասոշկինի հետ: Նիստում զեկույցով հանդես եկավ էկոնոմիկայի և առևտրի նախարար Կաբիրովը: Թաթարստանի հետ մենք ունենք ընդամենը յոթ միլիոն դոլարի ապրանքաշրջանառություն, որը շատ քիչ է՝ հաշվի առնելով Թաթարստանի տնտեսական ներուժը՝ նավթաքիմիա, ավտոմոբիլաշինություն, մեքենաշինություն, բժշկական գործիքների արտադրություն, ավիացիոն արդյունաբերություն, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ