ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Եթե չլինեին ռուսները, Հայաստանն այսօր ավելի՞ շատ տարածք էր ունենալու»

«Եթե չլինեին ռուսները, Հայաստանն այսօր ավելի՞ շատ տարածք էր ունենալու»
14.06.2016 | 00:37

Ապրիլյան ռազմական գործողությունները բոլոր գերատեսչություններին, մասնավորապես պաշտպանության նախարարությանը, առիթ տվեցին շատ հարցեր վերանայելու: Հավանաբար սա է պատճառը, որ օրերս ՊՆ-ն խորհրդարան էր ներկայացրել մի համաձայնագիր, որը քաղաքական ուժերը միանշանակ չընդունեցին: Խոսքը Հայաստան-Ռուսաստան հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին է: Ըստ իշխանական ուժերի, սա մեզ համար լրացուցիչ անվտանգության մեխանիզմ է ստեղծում, իսկ ընդդիմախոսները հակադարձում են, թե այս համաձայնագրով մեր ինքնիշխանության մի մասն էլի հանձնում ենք Ռուսաստանին: Չնայած համաձայնագիրն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դրական եզրակացության արժանացավ, բայց այս շաբաթ մեկնարկած արտահերթ նիստի օրակարգում այն ներառված չէ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ զրուցեցինք այս համաձայնագրի շուրջ:


-ԱԺ-ի քննարկմանը ներկայացվեց ՀՕՊ-ի համաձայնագիրը: Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը, ունենալով ղարաբաղյան հիմնախնդիր, տարիներ շարունակ չի ունեցել հակաօդային պաշտպանության մեխանիզմներ, սարքավորումներ:
-Այն, ինչ այս տարիների ընթացքում ունեցել ենք, եղել է հրապարակային, ոչ մի բան գաղտնիք չի եղել: Սա նոր համակարգ է, որը մեզ շատ անհրաժեշտ է: Համաձայն չեմ այն տեսակետին, թե մենք մեր անկախությունը ինչ-որ չափով զոհում ենք: Ողջ աշխարհն իր անվտանգությունը, տնտեսությունը պահպանելու համար գնում է միությունների, միավորումների: Հայաստանը միայնակ չի կարող դիմագրավել և տարածաշրջանային, և աշխարհաքաղաքական այսօրվա մարտահրավերներին: Այս կարգի համաձայնագրերն ինչ-որ առումով միավորումներ են, որոնց պարագայում գուցե մի փոքր քո ինքնիշխանությունը «կորցնում» ես, բայց փոխարենը ձեռք ես բերում հզոր պաշտպանություն: Հիմա մենք ոչ 19-րդ, ոչ էլ 20-րդ, այլ տեմպի, արագաշարժության դարում ենք, երբ առանց առնվազն անվտանգությունը երաշխավորող միավորումների անհնար է գոյատևել: Սա չհասկանալը միամտություն կլինի: Ռուսաստանի հետ արդեն դաշնակցային, գործընկերային հարաբերություններ ունենք, և հրաժարվելն այս համաձայնագրից խիստ պարզունակ կընկալվի: Լուրջ անհատները, ովքեր պետության ապագայով են մտահոգ և կանգնած են այսպիսի հարցերի ակունքներում, չեն կարող ընդդիմանալ սրան: Այժմ մեծ, հզոր երկրները միավորումների մեջ են մտնում, ինչպես կարող է Հայաստանն այդ ամենից դուրս լինել, աշխարհից անկախ և լոկ դիվանագիտական մանևրներով իր անվտանգությունն ու անկախությունը պահպանել: Այն դեպքում, որ մենք շրջապատված ենք այսպիսի հարևաններով և ունենք ղարաբաղյան հիմնախնդիր:
-Ապրիլյան պատերազմում մենք համոզվեցինք, որ այն բոլոր միավորումները, որոնց անդամակցում է Հայաստանը, համաձայնագրերն ու պայմանագրերը չաշխատեցին: Մենք մեր զինվորի արյան գնով պաշտպանեցինք մեր երկիրը: Սա իշխանության համար դաս չեղա՞վ, որ հերթական անգամ այսպիսի պայմանագրերին հավատ չընծայի:
-Ես այդ օրերի իրադարձություններից նման եզրահանգման չեմ եկել: Մեր հետևում կանգնած չպետք է լինեն այլ երկրներ, կան շահեր, պարտավորություններ, իրավիճակներ: Այսինքն, մի իրավիճակում հնարավոր է հզոր աջակցություն, մեկ այլ դեպքում` չեզոքություն: Եթե այսօր Ռուսաստանը չլինի մեր ռազմավարական դաշնակիցը, մեր վիճակը, համոզված եմ, շատ ավելի վատ կլինի: Այսօր հայ-թուրքական հարաբերությունները սրվում են, Ադրբեջանի մասին կարիք էլ չկա խոսելու, անգամ բարեկամական Վրաստանը տեսնում ենք՝ ինչպես է իրեն պահում: Եթե տարածաշրջանում չլիներ Ռուսաստանի դերը, մենք ծայրահեղ վատ վիճակում կլինեինք: Հիշենք անցյալը. միշտ պայքարել ենք ֆիզիկական ոչնչացման դեմ: Այլ բան է, որ Ռուսաստանն ունի իր շահերն ու միշտ չէ, որ ամեն ինչ մեր ուզածով է անում: Բայց ոչ մեկը կասկած չունի, որ որպես ռազմավարական գործընկեր, իր պարտավորություններն իրականացնում է: Ես ռուսամետ չեմ, սակայն մեր անվտանգության համար Ռուսաստանի հետ հարաբերությունները խիստ կարևոր են:
-Հայաստանը մշտապես Ռուսաստանի ազնիվ գործընկերն է եղել, սա խոստովանում են նաև ռուսները: Սակայն Ռուսաստանի քաղաքականությունն այս «սկզբունքը» գրեթե հաշվի չի էլ առնում: Այս տեսանկյունից արդյոք արդարացվա՞ծ են հատկապես քառօրյա պատերազմից հետո հայ հասարակությունում առկա հակառուսական տրամադրությունները:
-Քաղաքականության մեջ ոչ թե ազնվությամբ, այլ դիվանագիտությամբ են առաջնորդվում: Պետք չէ Ռուսաստանից չափից շատ բարեկամական, հարազատական ակնկալիքներ ունենալ: Բոլոր երկրներն էլ իրենց շահերն ունեն: Ռուսաստանի և Հայաստանի շահերը մեծ մասամբ համընկնում են: Սա կարելի է ասել նախ Թուրքիայի պարագայում: Մի օրինակ բերեմ. Խորհրդային Միության պայմանական թշնամին Թուրքիան էր ու ԱՄՆ-ը: Միշտ Թուրքիա-Ռուսաստան խնդիրը կա: Մեր ազգի մեծերից Իսրայել Օրին և մյուսները ժամանակին հասկացել են, որ եղածների մեջ Ռուսաստանի շահերն են մեզ համընկնում: Առաջիկայում էլ մեր մաշկի վրա կզգանք, որ Ռուսաստանն իր դրական դերը կատարելու է: Բայց ոչ այն չափով, որքան մենք ենք ակնկալում: Այնպես չէ, որ հեսա-հեսա ռուսները պետք է գան, մեզ համար կռվեն, Ղարաբաղը խլեն տան մեզ, հայկական հողեր ազատագրեն: Այսպիսի բան լինել չի կարող: Գերմանիան, ԵՄ այլ երկրները, որ ցեղասպանությունը ճանաչել են, հո մեզ հետ բարեկամությունը խորացնելու համար չե՞ն արել: Իրենք էլ իրենց շահերն ունեն, եթե դրանք համընկնում են մեր շահերին, ուրեմն դառնում ենք գործընկերներ:
-Այնպես է ստացվել, որ անկախության տարիներին մենք մեր ռազմավարական օբյեկտները հանձնել ենք օտարին (շատ հաճախ ռուսներին), սակայն դրա արդյունքում ոչ մի օգուտ չենք ունեցել: Հիմա էլ սեղանին դրված է մեր երկրի օդային տարածքը, արժե՞ այդքան հեշտ դա էլ հանձնել օտարին (կապ չունի՝ ռուսներ են, թե ամերիկացիներ):
-Հանձնել-չհանձնելու խնդիր չկա: Օրինակ, մենք մեր կոնյակի գործարանը հանձնեցինք ֆրանսիացիներին: Հիմա գո՞հ ենք, թե՞ ոչ: Ես գոհ եմ, որովհետև ֆրանսիացիները շատ լավ հարկեր են մուծում, հայկական կոնյակի բրենդն էլ աշխարհում տարածում: Ավելի լավ է հանձնել այդպիսի գործընկերոջ, քան մի հայի, ով հարկ չի մուծում, գործարանն էլ պարապուրդի է մատնում: Եթե Ռուսաստանի հետ տնտեսական առումով որոշ գործարքներ իրոք իրենց չեն արդարացրել, դա այլ խնդիր է, բայց ռազմական, անվտանգության առումով նրան մեկ ուրիշ երկրով փոխարինելու կարիք ու անհրաժեշտություն չկա: Այս համաձայնագրով զբաղվող մասնագետները, երկրի ղեկավարությունը մեզնից պակաս հայրենասերներ չեն, այս գործարքում ոչ կոռուպցիա կա, ոչ էլ գաղտնի շերտեր:
-Ամեն դեպքում այս համաձայնագրում վտանգ չե՞ք տեսնում, որ Ռուսաստանն իր խնդիրները լուծելու համար կարող է օգտագործել մեր երկրի օդային տարածքը, ինչը կարող է ամենևին էլ Հայաստանի շահերից չբխել:
-Այսպես թե այնպես կարող է և օգտագործել: Իսկ մենք մեր շահերի համար չե՞նք կարող օգտագործել նրանց ռազմական ուժերը: Եթե գործընկերություն է, իհարկե, պետք է օգտագործվի: Այս հարցերը կանոնակարգելն արդեն դիվանագիտական հարց է, թե համաձայնագիրն ինչպես է գրված: Դա մեկ միություն է և ընդհանուր շահերի համար պետք է օգտագործի քո օդային տարածքը: Ընկերությունը հո միակողմանի չի՞ լինի: Մենք ուզում ենք Ռուսաստանն իր ռազմական միջոցներով մեր անվտանգության երաշխավորը լինի, բնականաբար, Ռուսաստանն էլ կցանկանա մեր երկինքն «օգտագործել»: Շատ կարևոր է, որ մեր և նրանց ցանկությունները համընկնեն:
-Ձեր բառերի ենթատեքստում այն համոզմունքն է, որ մենք մշտապես դատապարտված ենք լինելու Ռուսաստանի «թևի» տակ: Սակայն Հայաստանում քիչ չեն այն հասարակական, քաղաքական գործիչները, որ, ի դեմս ԵՄ-ի, այլընտրանք են տեսնում:
-Երկրորդեմ՝ մեր շահերն ամենից շատ համընկնում են Ռուսաստանի հետ: Սա է վկայում մեր անցյալը, պատմությունը: Եվրոպացիները հնարավոր է ժողովրդավարական հայտարարություններ անեն, բայց Եվրոպան միասնական չէ, էլ ուր մնաց ռազմական պոտենցիալ ունենա Ադրբեջանին զսպելու համար: Ի վերջո, միասին 70 տարվա անցած ուղի ունենք: Այո, այսօրվա վիճակով մենք այլընտրանք չունենք:
-Նույնիսկ այլընտրանքի բացակայության պայմաններում կողմերը կարող են առողջ, գործընկերային հարաբերություններ կառուցել: Հայաստանի դիվանագիտության մեղքո՞վ է, որ այսօր այդ հարաբերություններում հաճախ օգտագործվող եզրույթներ են` ֆորպոստ, կցորդ և նման այլ բառեր:
-Հայերն իրավիճակը միշտ շատ ուղղակի են ընդունել: Ասել է` վատ է վիճակը, հիմա ռուսները կգան, կփրկեն: Կան դիվանագիտական շահեր, ավելորդ ակնկալիք, պատրանքներ պետք չէ ունենալ: Պատրանքներ ենք ունենում, հետո հիասթափություն ենք ապրում: Ռուսներն էլ շատ լավ հասկանում են, որ իրենք մեզ երբեմն չափից շատ են հարկավոր: Իհարկե, կան պատմական պահեր, երբ ռուսները մեզ հետ ջերմ հարաբերություններ են ունենում, երբեմն էլ ջերմանում են հարաբերությունները Ադրբեջանի հետ, ինչի պատճառով մենք տուժում ենք: Բոլոր դեպքերում Ռուսաստանի դերը պետք չէ թերագնահատել:
-Նույն պատմությունը մեզ հուշում է, որ շատ հաճախ ռուսներն իրենց շահերի համար Հայաստանը զոհել են:
-Եթե չլինեին ռուսները, Հայաստանն այսօր ավելի՞ շատ տարածք էր ունենալու: Մի հատ հակառակը մտածեք. եթե լիներ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, և Խորհրդային Միության մեջ չմտներ Հայաստանը, կունենայի՞նք ընդհանրապես Հայաստան: Այսօր էլ խնդիրը ԵԱՏՄ-ն չէ, այլ մեր ու ռուսների հարաբերություններն են, որոնք նսեմացնել պետք չէ:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2292

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ