Երկու տարի առաջ Հայաստանի պետական պարտքը վտանգավոր եզրագծից փրկելու ԿԲ-ի «տակից» արած քայլը, որն անվանվեց պարտքի վերաձևակերպում, այսօր իր արդյունքը տվեց։
«Արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող են համարվում այն երկրները, որոնց ՀՆԱ-ում արտաքին պարտքի չափը չի հասել 48 %-ի, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը 34 % է»,- օրերս ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների փոխնախարար, հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։ Դե ինչ, կարելի է մտածել, որ Հայաստանը հանգիստ խղճով կարող է օտարերկրյա պարտքերի տակ մտնել, քանի որ 48 %-ին հասնելու ժամանակ կա։ Բացի այդ, մենք հնարամիտ ԿԲ ունենք, աշխարհը չունի։ Ո՞րն է խնդիրը, պետական պարտքի բեռը, մի կողմից, կարելի է մեծացնել, հասցնելով այն, ասենք, 45,5 %-ի, մյուս կողմից՝ ժամանակին գլխավոր դրամատան թեթև ձեռքով այն կրկին վերաձևակերպել, ՀՆԱ-ում նվազեցնելով արտաքին պարտքի չափը, և այսպես շարունակ։
Արդյոք դրանից պարտքը կնվազի՞: Իհարկե ոչ։ ԿԲ-ի այդ քաղաքականությունը, ժողովրդական լեզվով ասած, թոզ փչել է նշանակում մարդկանց աչքերին, իսկ բժշկական տերմինաբանությամբ՝ ինքնահամոզում, ինչը լայնորեն կիրառվում է հոգեբանության ոլորտում։ Մինչդեռ ֆինանսները ճշգրտություն են պահանջում։ Դրանք անկառավարելի են դառնում, երբ ինքնախաբեության քաղաքականություն է տարվում։
ՀՀ գլխավոր գանձապետին հիշեցնենք՝ երկու տարի առաջ ՀՆԱ-ում պետական պարտքը 40 %-ից շատ բարձր էր, երբ գործին խառնվեց ԿԲ-ն։ Հավելենք նաև, որ դրանից հետո վարկային միջոցներից օգտվելու գայթակղությունից Հայաստանն իրեն չզրկեց և մինչև օրս էլ պարտքեր է վերցնում։ Սրանից ելնելով՝ ինքնին հարց է առաջանում՝ եթե գլխավոր դրամատունը չմիջամտեր, ինչպիսի՞ն կլիներ պատկերն այսօր։ Պետք է ենթադրել, որ իրականում Հայաստանի արտաքին պարտքը ՀՆԱ-ում ավելի մեծ է։ Եվ, ուզենք, թե չուզենք, նկատենք, թե չնկատենք, ինքնախաբեությամբ զբաղվենք, թե ոչ, միևնույն է, արտաքին պարտքի բեռը դրանից չի թեթևանա։ Հակառակը, գնալով կարող է ծանրանալ։
Հիշեցնենք՝ ԱԺ-ում 2015-ի պետբյուջեի հաշվետվության քննարկումների ժամանակ գլխավոր գանձապետը խոսեց թվերով, ըստ որի, Հայաստանի պետական պարտքը 2015-ի վերջին կազմել է 5 մլրդ 79 մլն ԱՄՆ դոլար, որից կառավարության պարտավորություններն են 4 մլրդ 602 մլն դոլարը, պետական պարտքից արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 317 մլն դոլար, իսկ ներքինը՝ 761 մլն: Այսինքն, չի բացառվում, որ Հայաստանի արտաքին պարտքը հավասարազոր լինի կամ էլ ավելի քիչ լինի մեր որոշ խիստ բարձրաստիճան պաշտոնյաների կամ օլիգարխների տարեկան եկամուտից։ Իսկ սա նշանակում է, որ ցանկության դեպքում Հայաստանը կարող է ձերբազատվել պետական պարտքի զգալի հատվածից՝ խուսափելով ռիսկային գոտուց։ Չէ՞ որ, ի վերջո, վարկային միջոցների գերակշիռ հատվածը չի ներդրվել շարքային քաղաքացիների բարեկեցության վրա, իսկ որոշ մարդկանց եկամուտները աստղաբաշխական են դարձել ժողովրդի հաշվին։ Իհարկե, խնդիրը կարելի է լուծել քաղաքական կամքի առկայության դեպքում։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ