Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

«Այս համակարգը չի կարող առանց կոռուպցիայի ապրել»

«Այս համակարգը չի կարող առանց կոռուպցիայի ապրել»
27.05.2016 | 01:07

Կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարում իշխանությունը շփոթվել, խառնվել է ու չգիտի` ինչը ինչպես ներկայացնի ԱԺ: ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ հարցրի՝ ի վերջո, այս ի՞նչ կարգի պայքար է, որ այդքան անտեսանելի է:

-Իշխանության մի ներկայացուցիչ պնդում է, որ կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարը չպետք է արագ ու կտրուկ լինի, մյուսը հակառակն է ասում, իսկ վարչապետն էլ երեք շաբաթ է «տվել», ինչն արդեն ավարտվում է: Պարոն Մանուկյան, Ձեզ համար պարզե՞լ եք, ի՞նչ տեսակի պայքար է սա, անուն ունի՞:
-Հայաստանը հեծանիվ հորինելու կարիք չունի: Կոռուպցիայի դեմ պայքարի շատ փորձված ձևեր կան: Սա համակարգված, համապետական երևույթ է, երբ դրանում ներգրավված են պետական կառույցները` դատարաններ, դատախազություն, կառավարություն և այլն: Սրա դեմ պայքարը, հետևաբար, պետք է լինի սիմետրիկ: Այսինքն, պետական ողջ համակարգը պետք է դրա դեմ պայքարի: Եթե որևէ նախարար որոշի իր համակարգը մաքրել, չի ստացվի, եթե որևէ դատավոր որոշի, որ այսուհետ միայն արդար վճիռներ է կայացնելու, էլի չի հաջողվի: Այսինքն, Ձեր ասածի նման, եթե մի նախարար ասի՝ երեք օր, մյուսը` երեք ժամ, արդյունք չի լինի: Կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր է միայն իշխող քաղաքական ուժի կամքի արտահայտության դեպքում: Սա քաղաքական որոշում է: Ժողովրդական լեզվով ասեմ, թե ինչպես է դա իրականացվելու` վերևից ներքև, առաջին պաշտոնյայից մինչև վերջինը: Սա նշանակում է, որ խնամի-ծանոթ չես բերում, անգրագետին գործի չես նշանակում, հանցագործի օգտին դատարանը վճիռ չի կայացնում, իսկ անմեղին չի դատում: Այս պարագայում հնարավոր է ակնկալել իրական արդյունք: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանին ասացի, որ օրենքները մեզ չեն խանգարում, թղթի վրա մենք ունենք հրաշալի օրենքներ: Լծակները խանգարո՞ւմ են: Ոչ, մենք օրենքներով ունենք և՛ դատարան, և՛ դատախազություն` իրենց գործառույթներով: Իշխանությունը կարող է իր ենթակային պատժել, աշխատանքից հեռացնել կամ քրեական գործ հարուցել, եթե նա զբաղված է կոռուպցիայով: Ամեն ինչ ունենք, ուրեմն ի՞նչն է պակասում: Առավել ևս՝ բոլորի մասին ունենք տեղեկություն: Փոքր երկրում շատ հեշտ է պայքարել այս երևույթի դեմ: Ռուսաստանում, օրինակ, դժվար է, մինչև Սիբիրից տեղեկությունը հասնի Կրեմլ, այնտեղից՝ Սիբիր, բավականին ժամանակ է պետք: Ասել է՝ այս հարցում էլ ոչ մի խանգարող հանգամանք չկա, մնում է մի փոքրիկ բան` կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկություն: Այն, ինչ հիմա մեր կառավարությունը հայտարարում է, բլեֆ է, իմիտացիա: Թոզ են փչում հասարակության աչքին, Եվրոպայից գումար են ուզում, ընտրական պայքար են սկսում: Նույն կառավարությունը երկու տարի առաջ էլի խոստումներ տվեց, թե իրենցից պետք է սկսեն, պետք է արդար լինեն: Չստացվեց:
-Ինչո՞ւ, դա վտանգո՞ւմ էր իրենց գոյությունը:
-Իրենք առանց այդ մտածելակերպի չեն կարող ապրել, իրենց կենսաձևն է դա: Այս համակարգը չի կարող առանց կոռուպցիայի ապրել: Ընտրություններն էլ կոռուպցիայի մեջ են թաթախված: Ամբողջ պետական համակարգն ընտրությունների ընթացքում դրվեց կոռուպցիոն ռելսերի վրա, եթե այդպես չլիներ, այս իշխանությունները չէին լինի:
-ՈՒզում եք ասել՝ ընտրություններից մեկ տարի առաջ հասարակությանն ականջահաճո հայտարարություննե՞ր են արվում:
-Նախընտրական քարոզարշավ, եվրոպացիներին կամ ամերիկացիներին խաբելու հնարք, թե փող տվեք, տվեք հնարավորություններ, մենք այսուհետ փորձելու ենք լավը լինել: Սա հնարավոր չէ կյանքի կոչել:
-Բանից պարզվում է, մեր երկրում ծառայողական մեքենաներն են ամենակոռումպացվածը: Ինչո՞ւ են վերջից սկսել:
-Կոռուպցիան դա չէ: Իհարկե, դրանք փոքր, բայց անհրաժեշտ բաներ են, սակայն դա չէ լուծումը: Հիմա արդեն խոսակցություններ կան, որ այդ մեքենաները մեկ այլ կոռուպցիայի համար են «ծառայելու»: Շատ էժան գնով իրենց տեղակալներին կտան, այսինքն, սա էլ կոռուպցիայի մեկ այլ դրսևորում է:
-Ինչպե՞ս պետք է կոռուպցիայի դեմ իրական պայքար մղել: Համակա՞րգը փոխել:
-Ցանկություն և միայն ցանկություն: Մնացած խոսակցությունները քամի են: Շատ էական խնդիր է նաև իշխանությունների հանդեպ վստահությունը, այլապես նրանց որևէ քայլ վստահություն չի ներշնչի: Եթե երկու ամիս առաջ հարյուրավոր մարդիկ խոստովանել են, որ իրենք քրեական հանցագործություն են կատարել ընտրությունների ժամանակ, ու ոչ մեկը չի կալանավորվել, ինչպե՞ս հավատամ, որ նրանք ուզում են լավ ընտրություններ անցկացնել: Չկա որևէ ոլորտ, որ կոռուպցիայի մեջ թաթախված չլինի: Մեր ողջ պետությունն է կոռուպցիայի մեջ: Դու կարող ես վիրահատություն անել, եթե քո մարմնի մեջ կա օտար մարմին, բայց եթե մարմինդ է այդ գոյացության մեջ թաթախված, այս դեպքում վիրաբուժական գործիքները չեն աշխատի: Եթե գյուղապետին գյուղացիները չեն ընտրել, ինչպե՞ս «վիրահատական» միջամտություն կատարի:
-Խնդիրն անձերի՞, թե՞ միայն համակարգի մեջ է:
-Միայն համակարգի:
-Եթե այսօրվա իշխանության բոլոր անդամներին փոխարինեն ուրիշները, նո՞ւյնն է լինելու:
-Այս անդամներն էլ կարող են ճիշտ աշխատել, եթե համակարգը ճիշտ լինի, ինչը, իհարկե, կինոյի ժանրից է: Քաղաքական կամքից պետք է սկսել, ողջ թիմը պետք է նման որոշում կայացնի: Կարծում եմ՝ այսօրվա իշխանությունները պատրաստ չեն գնալու այդ ճանապարհով, այլապես 70 տոկոսն ԱԺ-ում չէր լինի, որովհետև պատգամավորը, ով չի թաքցնում, որ բիզնեսմեն է, եկել է խորհրդարան իր շահերը սպասարկելու: Կառավարությունից գալիս է օրենք, որ նրա շահերն է սպասարկում, պարզ է, չէ՞, որ սա արդեն կոռուպցիա է: Ստացվեց, որ այս թիմը չի կարող ինքն իր դեմ պայքարել: Ընտրությունների համակարգն այնպես պետք է լինի, որ առնվազն բիզնեսմենը խորհրդարանում չլինի: Ասում են` կառավարությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, այսինքն, իրենք իրենց բիզնեսից պետք է զրկե՞ն: Ո՞վ չգիտի, որ Հայաստանի ամենախոշոր բիզնեսմենները կառավարությունում են: Ըստ օրենքի՝ ինքը պետք է կա՛մ նախարար չլինի, կա՛մ բիզնեսմեն: Դուք տրամաբանակա՞ն եք համարում, որ նախարարը, ով լուրջ բիզնեսներ ունի, հրաժարվի դրանցից հանուն կոռուպցիայի: Ծիծաղելի է, չէ՞: Համակարգը չի կարող պայքարել ինքն իր դեմ, եթե չլինի ընդհանուր որոշում:
-Այս պայքարում ի՞նչ տեղ է զբաղեցնում ընդդիմությունը:
-ՀԱԿ-ի անունից կարող եմ ասել, որ մենք հստակ ձևակերպումներ ենք տվել, թե որտեղ է կոռուպցիան, մենաշնորհը: Ներկայացրել ենք կոնկրետ դեպքեր: Կոնգրեսը բարձրաձայնել է համատարած կոռուպցիայի մասին գազի, էլեկտրաէներգիայի ոլորտներում: Այդ տեղեկություններն ուղարկել ենք դատախազություն: Հստակ նշել ենք այն պաշտոնյաներին, ովքեր հայտարագրել են շատ մեծ գումարներ: Սա արդեն կրիմինալ է: Մեզնից շատ տեղեկություն իշխանություններին ոչ ոք չի տվել: Այդ ամենն իրենց ձեռքին է, մենաշնորհի ողջ մեխանիզմը փաստերով ներկայացրել ենք: Թող աշխատեն:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ