ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Կրճատում, կրճատում մինչև...

Կրճատում, կրճատում մինչև...
20.05.2016 | 00:26

Պետական միջոցները խնայելու նպատակով կառավարությունը որոշեց կրճատել ոչ միայն հաստիքները, այլև ավտոմեքենաների քանակը պետական ապարատում։ «Որքա՞ն մեքենա և ինչքա՞ն հաստիք կկրճատվեն տարբեր նախարարություններում՝ ԱԺ-ի և կառավարության միջանցքներում», հարցրինք պետական պաշտոնյաներին։

«ՀԱՐՑԸ ԳՐԱՎՈՐ»

ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ (արտակարգ իրավիճակների նախարար)


-Հարցը գրավոր ներկայացրեք, կպատասխանեմ։
-Ինչո՞ւ գրավոր, պարոն նախարար։
-Որպեսզի հաշվեմ, նոր ասեմ։

«ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 80 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ Է»

ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆ (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար)


-Պարոն նախարար, Դուք ասացիք, որ հաստիքների կրճատումը սոցիալական լարվածություն չի առաջացնի։ Ինչպե՞ս չի առաջացնի, եթե առանց այդ էլ գործազուրկների թիվը մեծ է։ Այս պահին նախարարությունը մշակո՞ւմ է ծրագիր լարվածությունը մեղմելու։
-Պետական կառավարման մարմիններում, կարծում եմ, առաջնայինը աշխատանքի բարձր արտադրողականությունն է։ Դա նշանակում է, որ բոլոր խնդիրները կարող են լուծվել համալիր ձևով, և այդ նպատակով կառավարությունը ստեղծել է աշխատանքային խումբ։
-Ձեր նախարարությունում քանի՞ ավտոմեքենա կկրճատվի, և որքա՞ն է վարորդի աշխատավարձը։
-Մոտ 41 ավտոմեքենա, որոնք սպասարկում են համակարգի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ ՊՈԱԿ-ներին։ Իսկ վարորդների աշխատավարձը ամսական 80 հազար դրամ է։

«ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՊԱՐԿԸ ՄԵԾ ՉԷ»

ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆ (ֆինանսների փոխնախարար)


-Պարոն Սաֆարյան, քանի՞ ծառայողական մեքենա կա նախարարությունում։
-Նախարարությունում 9 ավտոմեքենա կա։
-Չի կարող պատահել։
-Պատկերացրեք այդպես է։
-Դժվար եմ պատկերացնում։
-Նախարարության ծառայողական մեքենաների պարկը մեծ չէ, քանի որ նախարարության կազմից, գիտեք, դուրս բերվեց հարկային ծառայությունը։
-Լավ, այդ դեպքում քանի՞ հաստիք կկրճատվի։
-Եթե այդ հարցին սպառիչ պատասխան տանք, կնշանակի՝ գործընթացն ավարտվել է, իսկ դա այդպես չէ։
-Ըստ Ձեզ, ե՞րբ կավարտվի գործընթացը։
-Այս տարի։
-Այսինքն, մինչև տարեվերջ։
-Ոչ, գուցե հուլիսին, ինչը ևս տարվա մեջ է մտնում։
-Պարոն Սաֆարյան, ինչպես ասում են, եթե Դուք «աղվեսն» եք, ես էլ «պոչն» եմ։ Հարցը մի ծռմռեք։
-Ժասմեն ջան, ծռմռելու բան չկա։ Կառավարությունը բոլոր հարցերը կհստակեցնի և կներկայացնի ամբողջական ձևով։

«70-74 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԿԿՐՃԱՏՎԻ»

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ (առողջապահության նախարար)


-Ավտոմեքենաների թվաքանակի կրճատման հարցը քննարկում ենք ՓԲ-ների հետ, որոնց հիմնադիրն ենք, որպեսզի վերանայեն իրենց ավտոմեքենաների թիվը, քանի որ մենք նրանց պարտադրելու իրավունք չունենք,- ասաց նախարարը։- Այս ամենի հետ մեկտեղ կարող եմ ասել, որ մոտ 70-74 ավտոմեքենա կկրճատվի։ Դրանց մեջ կան նաև 80-ականների արտադրության ավտոմեքենաներ, որոնք սպասարկում են մեր մարզային կառույցները։ Հնարավոր է, այստեղ ևս օպտիմալացում իրականացվի, և մեկ մեքենան սպասարկի երկու մարզային կառույց։
-Մարզային կառույցների աշխատանքը չի՞ տուժի դրանից։
-Կառույցների միավորում կիրականացվի՝ հաշվի առնելով որակական ցուցանիշները։ Այս հարցն անկյունաքարային է։
-Նախնական տվյալներով՝ որքա՞ն հաստիք կկրճատվի։
-Կադրային խնդիրը տևական ժամանակ օրակարգում է։ Այս հարցում ևս կարևորում ենք որակական ցուցանիշները, և օպտիմալացումը կիրականացվի դրանց համապատասխան։

«ՂԵԿԱՎԱՐԸ ԳՆՈՒՄ Է ԱՐՄԱՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ»

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ (քաղծառայության խորհրդի նախագահ)


-Պարոն Բադալյան, քաղծառայողների հաստիքները կկրճատվեն, ինչը, մի կողմից, լավ է, մյուս կողմից՝ գործազուրկների թիվը կմեծացնի։ Արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ բարձրաստիճան պաշտոնյաները կրճատումներն սկսեին սեփական բյուջեից՝ չկառուցեին շքեղ դղյակներ, արտերկրներում ձեռք չբերեին ամառանոցներ։
-Խնայողությունն ու կրճատումը միայն հաստիքների մասով չեն իրականացվելու։ Ես կարևորում եմ տրանսպորտային միջոցների կրճատումը, ինչը զգալի գումարներ կտնտեսի։ Ինչ վերաբերում է սոցիալական խնդրին, ապա պետական ապարատը սոցիալական խնդիրներ լուծելու տեղ չէ։
-Առաջին անգամ չէ, որ կառավարությունը նման հայտարարություն է անում։ Բոլոր վարչապետերն էլ այս հանձնարարականը տվել են, սակայն այն գործել է մի քանի ամիս։ Ինչո՞ւ եք համոզված, որ այս անգամ այն կիրականացվի։
-Քաղաքական ղեկավարությունը գնում է արմատական քաղաքական որոշման և, բնականաբար, այն պետք է լինի հիմնավոր։


Ճեպազրույցները՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ