ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Կամաց-կամաց բոլորի գոտիները պետք է ձգել»

«Կամաց-կամաց բոլորի  գոտիները պետք է ձգել»
17.05.2016 | 21:37

Անցած շաբաթ կառավարությունն արդեն որերորդ անգամ հայտարարեց կոռուպցիայի և մենաշնորհի դեմ անողոք պայքարի մասին: Այսօրվա տնտեսական անմխիթար վիճակն էլ վկայում է, որ նախորդ բոլոր փորձերը տապալվել են: «Թե՛ մարմինների ղեկավարները, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետևություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում: ...Մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին և պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»,- սա հայտարարեց Հովիկ Աբրահամյանը, ով, ըստ լրատվամիջոցների, դղյակների ու անթիվ-անհամար բիզնեսների «մեգամագնատ» է:

ԱԺ գործարար պատգամավորներին հարցրի, թե ինչպես են վերաբերվում կոռուպցիայի դեմ պայքարի հերթական «սցենարին»:

ԱԼԵՔՍԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)


-Կառավարությունը նորից պայքարում է կոռուպցիայի և մենաշնորհի դեմ: Ի՞նչ եք կարծում, այն որևէ արդյունք կունենա՞:
-Ցանկացած պայքար արդյունք է տալիս:
-Մինչ այժմ բոլոր կառավարություններն էլ «պայքարել» են, բայց ստացվել է՝ ինչպես միշտ:
-Ինձ թվում է, պետք է լավատեսորեն տրամադրվել: Ամեն անգամ չէ, որ վատ է լինում: Դե հա, այդ մասին էլի ենք լսել, կյանք է, ժամանակները փոխվել են, ամեն ինչի նկատմամբ վերաբերմունքն ինքնըստինքյան փոխվել է: Խնդիրը շատ պարզ է, հայտարարությունն էլ՝ հստակ: Կարծում եմ, սա միայն կառավարության խնդիրը չէ, բոլորս էլ կարող ենք աջակից լինել այդ պայքարին:
-Տարիներ շարունակ ինչո՞ւ են բոլոր կառավարությունները հանդուրժել կոռուպցիան, մենաշնորհը:
-Դե հիմա, ով հանդուրժել է, նրան հարցրեք:
-Կառավարության այսօրվա կազմը Ձեզ հույս ներշնչո՞ւմ է, որ Հայաստանում կոռուպցիան կնվազի:
-Իհարկե, եթե բարձրաձայնում են, այդ մասին հետևողական աշխատանքներ են սկսել, նշանակում է՝ արդյունքներ կլինեն: Բոլորիս աջակցությամբ, կարծում եմ, լուրջ հաջողություններ կունենանք:

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ (ԲՀԿ խմբակցության անդամ)


-Հովիկ Աբրահամյանը որոշել է կոռուպցիան արմատախիլ անել, կհաջողի՞:
-Ցանկություն է պետք: Այսօր ով չգիտի, թե ով ինչով է զբաղված: Եթե արդեն նման հայտարարություն արել է կառավարությունը, արդեն լուրջ է: Համապատասխան մարդիկ պետք է դրանից հետևություններ անեն և, մինչև բուն գործընթացի սկիզբը, իրավիճակը շտկեն:
-Նման լուրջ հայտարարությունների պակաս ոչ մի կառավարության ժամանակ չի եղել: Դա է պատճառը, որ հանրությունն էլ խիստ վերապահումով է վերաբերվում այս պայքարին: Ի՞նչն է Ձեզ հիմք տալիս հավատալու, որ այս անգամ չի կրկնվի մեր ունեցած տխուր փորձը:
-Կառավարության ադեկվատ աշխատաոճը: Կամաց-կամաց փոփոխություններ են լինում: Վստահ եմ, որ լավ կլինի ամեն ինչ: Օրինակ, կառավարական կաբինետի վերջին փոփոխությունները ևս հավատալու առիթ են տալիս:
-Եթե Հայաստանի շարքային քաղաքացին շատ լավ գիտի, որտեղ կոռուպցիոն երևույթներ կան, ովքեր են մենաշնորհների «տերերը», կառավարությունն այսքան տարի ի՞նչ էր անում:
-Չեմ կարող այդ հարցին պատասխանել: Լավ կլինի այդ հարցն ուղղել կառավարությանը: Այո, բոլորն էլ այդ երևույթի մասին գիտեն, բայց նաև համամիտ եմ նախագահի այն հայտարարության հետ, թե 37 թիվ չեն սարքելու: Կամաց-կամաց բոլորի գոտիները պետք Է ձգել և ամեն ինչ դնել իր տեղը: Իսկ սրա համար ժամանակ է պետք:

Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ