ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Այս տարի լրացավ ԵԽԽՎ-ին Հայաստանի անդամակցության 15-ամյակը

Այս տարի լրացավ ԵԽԽՎ-ին Հայաստանի անդամակցության 15-ամյակը
13.05.2016 | 21:37

Երկու օր Հայաստանում էին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողներ Ալան Միլն և Ջուզեպե Գալատին: Նրանք հանդիպումներ ունեցան խորհրդարանում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նրանց ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանը: Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին հարցրի՝ ի՞նչ հարցեր են քննարկվել համազեկուցողների հետ:

-Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներից Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամ Ալան Միլի առաջին մոնիտորինգային այցը չէ Հայաստան, նորանշանակ համազեկուցող էր Իտալիայի պատվիրակ Ջուզեպե Գալատին: Սա պարբերական այցերի մեջ հերթական փաստահավաք առաքելությունն է, որը կատարվում է մոնիտորինգի տակ գտնվող երկրներում (1,5 տասնյակ նման երկրներ կան ԵԽԽՎ կազմում): Համազեկուցողների հետ մեր կապը և հանդիպումներն անընդհատ են, նաև լիագումար նիստերի և հանձնաժողովների նիստերի ընթացքում մենք հանդիպում և բազմաթիվ հարցեր ենք քննարկում, և այս փաստահավաք առաքելության ընթացքում ևս բազմաթիվ հանդիպումների ժամանակ հանգամանալից ներկայացվեց Հայաստանի պարտավորությունների և բարեփոխումների կատարման ընթացքը: Բարեփոխումների ենթատեքստում կարևոր է Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը:
-Ի՞նչ է պարունակում այդ ծրագիրը:
- Հայաստան-ԵԽ 2015-2018 թթ. գործողությունների ծրագրի նպատակն է աջակցել ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին: Լինելով 2012-2014-ի ծրագրի տրամաբանական շարունակությունը՝ եռամյա ծրագիրը նախատեսում է համագործակցություն արդարադատության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և խթանման, օրենքի գերակայության սպառնալիքների դեմ պայքարի, ժողովրդավարության և ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կառավարման խթանման և այլ ոլորտներում:
-Անդրադարձ եղա՞վ Սահմանադրության փոփոխությունից հետո սկսված բարեփոխումներին:
-Բնականաբար, այդ բարեփոխումները ուշադրության կենտրոնում են: Սահմանադրության փոփոխություններից հետո ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման խորհուրդը և սահմանվել են Սահմանադրության փոփոխություններով նախանշված օրենքների ընդունման, փոփոխման կամ լրացման վերջնաժամկետները: Դրանցից կարևորագույնը՝ Ընտրական օրենսգիրքը, արդեն քննարկվել և առաջին ընթերցմամբ ընդունվել է, և մենք համազեկուցողներին տեղեկացրինք այն մեծածավալ աշխատանքի մասին, որը այսօր էլ շարունակվում է: Ըստ ժամանակացույցի, ԱԺ կներկայացվեն և կքննարկվեն Մարդու իրավունքների պաշտպանի, կուսակցությունների, ԱԺ կանոնակարգ, Դատական օրենսգիրք, Դատախազության մասին, ԿԲ-ի մասին, Հեռուստատեսության և Ռադիոյի, Հանրաքվեի, Հաշվեքննիչ պալատի, ՏԻՄ-ի մասին սահմանադրական օրենքները:
-Համազեկուցողներին այդ թվարկումը բավարարե՞ց, թե՞ ոչինչ չասաց:
-Ինչպե՞ս կարող էր ոչինչ չասել, եթե այդ օրենքների փոփոխությունների նպատակը օրենսդրության կատարելագործումը և ժողովրդավարության խորացումն է, դեպի խորհրդարանական կառավարման ձևի վերջնական և ամբողջական անցման
ապահովումը:
-Դուք շրջանցեցի՞ք կոռուպցիայի դեմ պայքարը, որը Հայաստանում հավերժական շարժիչ հնարելու պես է:
-Կոռուպցիան Հայաստանում չեն հնարել և համամիտ չեմ, որ կոռուպցիան հավերժական շարժիչ է, հավերժական շարժիչ պիտի լինի կոռուպցիայի դեմ պայքարը, որը մեր գերակա խնդիրներից է: 2015-ի փետրվարին կառավարության որոշմամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, իսկ սեպտեմբերին կառավարության որոշմամբ հաստատվել է 2015-2018 թթ. կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Կոռուպցիայի դեմ պայքարի առանցքային ուղղությունները սահմանված են հանրային բոլոր հատվածներում: Համազեկուցողները այս հարցին մեծ ուշադրություն են դարձրել, հանդիպումներ են ունեցել արդարադատության նախարարի, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի, գլխավոր դատախազի, վարչապետի հետ: Այս հանդիպումները կենտրոնացած էին հակակոռուպցիոն գործունեության վրա և այն համալիր և միասնական պայքարի, որը մեր առաջնահերթություններից է, ընդգծվեցին նաև այն կարևոր մեսիջները, որոնք հնչեցին ՀՀ վարչապետի երեկվա հայտարարության մեջ: Միջազգային կազմակերպությունները դրական են արձագանքել կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ջանքերին: ԵԽ հակակոռուպցիոն մարմնի՝ GRECО-ի պարտավորությունների կատարման երկրորդ զեկույցում նշվում է, որ Հայաստանը կատարել է 19 հանձնարարականները կոռուպցիայի քրեականացման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ոլորտներում, հակակոռուպցիոն գործողությունների պլանի մոնիտորինգի համաձայն Հայաստանը 23 հանձնարարականներից 17-ով առաջընթաց է արձանագրել:
-Համազեկուցողներին հետաքրքրում են միայն փաստաթղթե՞րը, թե՞ ռեալ վիճակը:
-Բնականաբար՝ ռեալ վիճակը, բայց ես չեմ կարծում, որ առանց փաստաթղթերի ռեալ վիճակում փոփոխություններ կարող են տեղի ունենալ: Իվերջո, բոլոր այս փոփոխությունները պետք են Հայաստանին, ոչ Եվրոպային, և Հայաստանի իշխանությունները դա քաջ գիտակցում են:
-Լեռնային Ղարաբաղն ու ապրիլյան իրադարձությունները կայի՞ն քննարկումներում:
-Դեռևս ԵԽԽՎ ապրիլյան լիագումար նիստի ժամանակ թե մեր համազեկուցողներին, թե ԵԽԽՎ տարբեր քաղաքական խմբերի, հանձնաժողովների և տարբեր ազգային պատվիրակությունների անդամներին բազմակողմանի տեղեկացրել ենք ապրիլյան լայնածավալ պատերազմական գործողությունների մասին՝ շեշտադրումն անելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների Ադրբեջանի կատարած խախտումների մասին՝ համազեկուցողներին տեղեկացնելով, որ Հայաստանը սկսել է այդ հանցագործություններին միջազգայնորեն ընդունված իրավական գնահատական տալու և միջազգային իրավական նորմերի շրջանակներում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործընթացը և փաստեր է ներկայացրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքի գերագույն հանձնակատարի գրասենյակ: Վայրագությունների մասին գանգատներ են ներկայացվել ՄԻԵԴ, որն ընդունվել է հայցերը:
-Նրանք լսում-լռու՞մ էին, թե՞ նաև արձագանքում էին:
-Համազեկուցողներն ամբողջությամբ ծանոթանալով և ուսումնասիրելով նյութերը՝՝ արձանագրեցին, որ այն, ինչ տեղի է ունեցել, չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում, նրանք պնդելու են ԵԽ գլխավոր քարտուղարի և Մարդու իրավունքների հանձնակատարի հետաքննության անհրաժեշտության վրա:
-Բայց մեզ պե՞տք է, որ ԵԽԽՎ-ն անդրադառնա ԼՂ հարցին ու նորից հնչեն ադրբեջանական նեյնիմները:
-Մենք եղել և մնում ենք Մինսկի խմբի որպես միակ միջազգայնորեն լիազորված մանդատի գործունեության կողմնակիցը, կարծում ենք, որ հատկապես լարված իրավիճակներում պետք է հնչեն հստակ և հասցեական արձագանքներ՝ ուղղված, նախևառաջ, ռազմական գործողությունների դադարեցմանը և խաղաղության վերահաստատմանը: Մոնիտորինգի հանձնաժողովն ունի հակամարտություններով զբաղվող ենթահանձնաժողով, որի համատեքստում միշտ առաջ ենք քաշել այն գաղափարը, որ խնդրին վերաբերող քննարկումների ընթացքում պետք է ներկա լինեն բոլոր կողմերը՝ առանց ԼՂ ներկայացուցիչների մասնակցության որևէ քննարկում չի կարող տեղի ունենալ:
-Լավ, իսկ ԵԽԽՎ մոնիտորինգը անվե՞րջ է լինելու:
-Ինչու՞ անվերջ, Հայաստանն ընդամենը 15 տարի է, որ անդամակցել է ԵԽԽՎ-ին, եղել են և կան երկրներ, որ քառորդ դար և ավելի մոնիտորինգի տակ են: Ես կարծում եմ, որ մոնիտորինգի գաղափարը մենք համարժեք չենք գնահատում: Վստահ եղեք, որ այդ մոնիտորինգը նախևառաջ մեզ է պետք, դա հետևողական, անընդհատ աշխատանք է, որ շատ հաճախ չի էլ բարձրաձայնվում, բայց կատարվում է, որովհետև որքան կատարյալ լինեն օրենքները, այնքան քիչ սողանցքներ կմնան օրենքները չկատարելու, շրջանցելու ու խախտելու համար: Մեր ԵԽԽՎ գործընկերների հետ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Երբ Ալան Միլին ու Ջուզեպե Գալատիին ընդունեց ՀՀ նախագահը, նշեց, որ այս տարի լրացավ ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 15-ամյակը և կարևորեց, որ ինչպես Հայաստանը, Եվրոպայի խորհուրդը նույնպես բարձր է գնահատում անցած տարիներին մեր երկրում արձանագրված առաջընթացը մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում, մեր ձեռքբերումները, որ արտացոլված են ԵԽ տարբեր զեկույցներում, ԵԽԽՎ-ի հետ մեր համագործակցության արդյունք են: Համազեկուցողներից մեկը նշեց, որ ակնառու են Հայաստանում կատարվող փոփոխությունները, և այսօրվա Հայաստանը ժողովրդավարության խորացման տեսանկյունից շատ տարբեր է 15, 10 և անգամ 5 տարի առաջվա Հայաստանից:
-Ի՞նչ զեկույցի կարող ենք սպասել՝ Ձեր գնահատականով:
-Կարծում եմ՝ իրականությանը համարժեք: Համենայնդեպս՝ համազեկուցողները կարևորում են բարեփոխումների արդյունքում Հայաստանում նկատելի առաջընթացը, հատկապես վերջին տարիներին կատարվող բարեփոխումները , այդ թվում և՝ Սահմանադրության բարեփոխումները, խրախուսում են դրանք, և վստահության ունեն հետագա շարունակական հաջողությունների շուրջ:


Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ