ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Այսքանից հետո ո՞վ կհամարձակվի ղարաբաղցիներին խնդրել»

«Այսքանից հետո ո՞վ կհամարձակվի ղարաբաղցիներին խնդրել»
08.05.2016 | 22:00

ներգրավվել մի վարչակարգի կազմում, որը միայն իրենց ֆիզիկական ոչնչացումն է ցանկանում

ԱԺ պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը մայիսի 2-4-ին Ֆրանսիայի Կարբռտոն քաղաքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների ղեկավարների նիստին, որի օրակարգում ֆրանկոֆոն երկրների տնտեսական կապերի հարցերն էին: Նիստին մասնակցում էին 15 երկրների պատվիրակություններ, Ֆրանսիայի սեկցիան ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի տարածքում տնտեսական համագործակցությանը նվիրված 2-րդ ֆորումի աշխատանքների արդյունքները, Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի կողմից Վարշավայի համալսարանում իրականացված ծրագրի եզրափակիչ զեկույցը:

Մարգարիտ Եսայանը, որպես Հայաստանի ԱԺ Ֆրանկոֆոնիայի պատվիրակության ղեկավար, արտահերթ ձայնի իրավունքով, որ նախնական պայմանավորվածությամբ տվել էին նիստը վարող, ֆրանսիացի պատգամավոր Ժան-Պիեռ Դյուֆոն և բելգիացի պատգամավոր, Եվրոպական տարածաշրջանի ԽՎ պատվիրակությունների կառույցի նախագահ Ժան-Պոլ Վահլը, ներկայացրել է քառօրյա պատերազմին վերաբերող մանրամասներ: «Ի՞նչ ասացիք և ի՞նչ արձագանք ստացաք» հարցին Մարգարիտ Եսայանը պատասխանեց.


-Հայտնի է, որ Ֆրանկոֆոնիայի կառույցը հիմնականում մշակութային, լեզվական և այս կարգի այլ հարցերի քննարկման հարթակ է, սակայն, հատկապես վերջին երկու-երեք տարիներին, կառույցի ղեկավարները և անդամ երկրների պատգամավորները չեն թաքցնում Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն նաև քաղաքական ամբիոն դարձնելու իրենց ձգտումը։ ՀՀ Ազգային ժողովը Ֆրանկոֆոնիայի Խվ լիիրավ անդամ դարձավ 2014-ին, Կանադայում (Օտտավա) լիագումար նիստի ժամանակ: Այդ նիստում ես ելույթ ունեցա, շնորհակալություն հայտնելով, որ կառույցը մեր երկիրը և մեր երկրի Ազգային ժողովը ընդունում է որպես լիիրավ գործընկեր, հույս հայտնեցի, որ առաջիկայում, բացի լեզվական և մշակութային հարցերից, կքննարկվեն նաև այլ՝ քաղաքական հնչեղություն ունեցող հարցեր։ Հիմա ուրախ եմ, որ աստիճանաբար գնում ենք այդ ուղղությամբ։ Մայիսի 2-4-ին Ֆրանսիայի Կարբռտոն քաղաքում եվրոպական երկրների խորհրդարանների իմ գործընկերների հետ քննարկեցինք բազմաթիվ հարցեր, օրակարգում տնտեսական, համագործակցային և այլ հարցեր էին։ Ես, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, բնականաբար, մեր երկրի և ԼՂՀ-ի համար այս կարևոր շրջանում չէի կարող խոսել այլ հարցերից, և նախապես տեղեկացնելով, որ իմ ելույթը էականորեն տարբերվելու է, հնչեցրի ելույթս։ Դեռ նախորդ օրը Լեհաստանի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բուլղարիայի իմ գործընկերները արդեն բազմաթիվ հարցեր էին տվել, տեղյակ էին՝ ինչ է կատարվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին և չթաքցրին, որ ուրախ են՝ մեզ համար այս լարված օրերին Հայաստանի պատգամավորին տեսնել Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի ԽՎ նախագահների նիստում, նրանք շահագրգիռ էին առաջին ձեռքից ստանալ տեղեկություններ։ Ես ֆրանսերենով գրքույկներ էի տարել, մեզ բոլորիս հայտնի լուսանկարներով, որոնցում պատկերված են ադրբեջանցիների վայրագությունները։ Ելույթիս ընթացքում պատգամավորները նայում էին նաև այդ նկարները։ Երբ ավարտեցի խոսքս, Շվեյցարիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և Բելգիայի մեր գործընկերները արտահայտվեցին, ասելով, որ անընդունելի է 21-րդ դարում նման վայրագություններ կատարելը, դատապարտեցին, ասելով՝ այն, ինչ անում է Ադրբեջանը, դեմ է համամարդկային արժեհամակարգին, և պետք է անընդունելի ու մերժելի լինի ամբողջ առաջադեմ մարդկության համար, իսկ կառույցի ղեկավար, բելգիացի պատգամավոր Ժան-Պոլ Վահլը ողջունելով քաղաքական հարցեր բարձրացնելու և քննարկելու իմ պատրաստակամությունը, առաջարկեց, որ իմ ներկայացրած փաստերը ուղարկվեն և քննարկվեն կառույցի քաղաքական հարցերի հանձնաժողովում։ Հիշեցնեմ, որ նախորդ նիստը Երևանում էր, իմ հրավերով, 2015-ի մարտի 31- ից ապրիլի 2-ին, և եվրոպացի պատգամավորները հենց Երևանում, Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով շատ խիստ հայտարարություն ընդունեցին, որով դատապարտում էին ոչ միայն ցեղասպանություններն ընդհանրապես, այլև՝ առաջին հերթին Հայոց ցեղասպանությունը և Թուրքիային կոչ էին արել՝ ճանաչել ցեղասպանությունն ու առերեսվել սեփական պատմությանը։ Մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ ընդունեց ֆրանկոֆոն մեր գործընկեր երկրների պատգամավորներին։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ իր ելույթում ԱԺ պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը հիշեցրել է, որ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը չհայտարարված լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով: Ծանր հրետանու, տանկերի և օդուժի հարձակման թիրախ են դարձել ինչպես Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը: Դրանք պատճառ են հանդիսացել բազմաթիվ զոհերի ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց, ծերերի և, մասնավորապես, երեխաների շրջանում: «Խորհրդային Միության փլուզումից հետո շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խորքային պատճառները Ստալինի ազդեցության տակ գտնվող կոմունիստական իշխանության կողմից Կովկասի ժողովուրդների կամայականորեն բաժանումն ու արհեստական սահմանների ստեղծումն է:
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև 1994-ի զինադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր, որին միացել է նաև Հայաստանը, զինադադարը մշտապես խախտվել է Ադրբեջանի կողմից: Խախտումները տագնապալի չափերի հասան 2016 թ. ապրիլի 1-ին: Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը մեծ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
«Շվեյցարական արտահոսք» և «Պանամական փաստաթղթեր» ցուցակներում պարբերաբար մեջբերվող Ալիևի հանցավոր կլանի համար Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը լավ միջոց է սեփական ժողովրդի և միջազգային հանրության ուշադրությունը սեփական ժողովրդին աղքատացնող՝ իր նյութական և բարոյական աղավաղումներից, մարդու իրավունքների անմխիթար վիճակից, նավթի գների անկման հետևանքով և սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված իր հայրենակիցների զայրույթը շեղելու, ուժի կիրառման սպառնալիքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առավելության հասնելու համար։
Իրավիճակի այս աննախադեպ լարվածության մեկ այլ կարևոր հատկանիշ էր, որ Ադրբեջանը ծրագրված թիրախավորել էր քաղաքացիական օբյեկտները և ժողովրդին՝ ակներևաբար նպատակ ունենալով ահաբեկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Հակառակ դեպքում դժվար է հասկանալ, թե ինչու էր ադրբեջանական զինուժը ռմբակոծում դպրոցները՝ սպանելով և վիրավորելով դպրոցականներին, և ինչու էին ադրբեջանական հատուկ ջոկատայինները տանջում, սպանում և անդամահատում սահմանամերձ Թալիշ գյուղի երեք ծերունիներին, որոնցից մեկը 92- ամյա կին էր: Ադրբեջանում շատ բան չի փոխվել, բացառությամբ նրա, որ ադրբեջանական զինված ուժերը յուրացրել են մարդկանց մահապատժի ենթարկելու, կտրված գլուխներով լուսանկարվելու, մարտական ոգին բարձրացնելու նպատակով, լուսանկարները համացանցում տեղադրելու ՙԻսլամական պետության՚ ոճը:
Այդ ամենի հետ մեկտեղ, այս նոր հարձակումից պետք է նաև դասեր քաղել: Այսքանից հետո ո՞վ կհամարձակվի ղարաբաղցիներին խնդրել ներգրավվել մի վարչակարգի կազմում, որը միայն իրենց ֆիզիկական ոչնչացումն է ցանկանում: Ղարաբաղի ժողովրդի համար անկախությունն ու Հանրապետության հիմնումը երբեք չեն եղել նպատակ, այլ եղել են միջոց, որը թույլ կտա ապրել խաղաղ և ապահով՝ կառուցելով ժողովրդավարական այնպիսի մի պետություն, որը հարգում է իր քաղաքացիներին, բաց է դեպի աշխարհն ու շարժվում է դեպի ապագա:
Հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը, որը լիովին քաջատեղյակ է այս ամենին, պատասխանատվություն վերցնի իր վրա: Հարկ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հետագա բանակցությունները զարգացնի` նկատի առնելով հետևյալ հիմքերը, որոնք անպատճառ ավելի արդյունավետություն կմտցնեն այդ գործում:
Ամենից առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ավելի քան քսան տարի ապացուցել է իր կենսունակությունն ու հնարավորությունները, պետք է ճանաչվի, որ Բաքուն չշարունակի օգտագործել ճանաչման բացակայության պատրվակը՝ խաղաղ բնակչության վրա հարձակվելու նպատակով։ Այնուհետև, ԼՂՀ-ն պետք է վերագտնի իր տեղը բանակցային սեղանի շուրջ. 21-րդ դարում քննարկել մի ժողովրդի ճակատագիրը և նրան վերաբերող գործերը նրա ներկայացուցչի բացակայությամբ, մեղմ ասած, անբովանդակ գործընթաց է:
Հայաստանը բարձր է գնահատում զինադադարի խախտումների միանշանակ դատապարտումը և խաղաղության ուղղված կոչերը, սակայն, կարևոր է նաև իրավիճակի սրման համար պատասխանատու կողմի` Ադրբեջանի հասցեական մատնանշումը: Այս օրերին բազմաթիվ պաշտոնական և ոչ պաշտոնական արձագանքներ են եղել, որով խաղաղության և հրադադարի պահպանման կոչեր են արվում: Սակայն ընդհանրական հայտարարությունները բավարար չեն ռազմական գործողություններ սանձազերծած կողմին, այսինքն` Ադրբեջանին սաստելու համար և հղի են մեծ պատերազմ հրահրելու վտանգներով:
Մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը կշարունակի իր համապատասխան քայլերը՝ Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար, կցուցաբերի իր աներկբա աջակցությունը եռանախագահներին, որպես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափի: Հակամարտությունների կանխման և կարգավորման, իրավական պետությանը և մարդու իրավունքների աջակցման իր նպատակներին և խաղաղության ու ժողովրդավարության առաջմղման իր առաքելությանը հավատարիմ, Ֆրանկոֆոնիան ևս, իր գլխավոր քարտուղար տիկին Միկաել Ժանի ձայնով, իր խորին մտահոգությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղում, քսան տարվա ընթացքում ամենածանր բախումների վերսկսման և դրանց հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ: Ի շարունակություն Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից 2014 թ. Դակկարի գագաթնաժողովում ընդունված բանաձևի՝ տիկին գլխավոր քարտուղարը կոչ արեց վերսկսել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որն ուղղված կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, հավասարակշռված և երկարատև կարգավորմանը: Հուսով ենք, որ մեր գործընկերները ևս իրենց ջանքերը կգործադրեն այս ուղղությամբ»՝ ասել է Մարգարիտ Եսայանը:
Տեղեկացնեմ նաև, որ մայիսի 11-ին, առավոտյան 9.30-ին ԱԺ լիագումար նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի առաջին նիստը: Հանրապետության չորս բուհերի ֆրանսախոս ուսանողներ ձևավորել են երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանը, որի նիստերը գումարվելու են ֆրանսերեն: Մարգարիտ Եսայանը հավելեց, որ ծրագրվում է նախագիծը իրականացնել նաև ԼՂՀ Ազգային ժողովում:

Դիտվել է՝ 2439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ