ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Պատերազմի մի քանի օրում Ադրբեջանը աշխարհին ցույց տվեց իր իրական կերպարը»

«Պատերազմի մի քանի օրում Ադրբեջանը  աշխարհին ցույց տվեց իր իրական կերպարը»
06.05.2016 | 01:15

«Իրատեսի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Ի՞նչ անուն կտայիք ապրիլի սկզբի իրադարձություններին՝ իրենց հետևանքներով:
-Անունը տրված է վաղուց՝ ագրեսիա, որ սանձազերծեց Ադրբեջանը, պատերազմ՝ հարցը ռազմական ճանապարհով լուծելու նպատակով, երբ արդեն իր համար շահեկան ելքի հասնելու հնարավորություններ չէր տեսնում խաղաղ բանակցություններում: Իսկ հետևանքները, կարծում եմ, ակնհայտ են բոլորին: Միջազգային իրավունքի նորմերով՝ անթույլատրելի բազմապիսի հարձակողական զինատեսակներով, երկար նախապատրաստվելով, հատուկ ուժերով ու վարձկաններով անցնելով հարձակման՝ Բաքուն չհասավ իր նպատակին և բանակցությունների համար հաղթական դիրքեր չստացավ: Սա իսկական ֆիասկո է Բաքվի համար բոլոր առումներով:
-Բայց Բաքուն ամենուր տարփողում է իր հաղթանակը և Ալիևի վարկանիշն էլ ամենաբարձրն է, որ ունեցել է մինչև հիմա:
-Այս պատերազմը միայն ռազմական չէր, իրականում հիբրիդային պատերազմ էր, որ մղվում է ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, տնտեսական, հոգեբանական գործոնների համադրումով: Իլհամ Ալիևին պետք էր ժողովրդի ուշադրությունը շեղել սոցիալական խնդիրներից, դեկտեմբերին մանաթի անկումից հետո մարդիկ կարող էին փողոց դուրս գալ, և լարվածության ալիքը պետք էր իջեցնել: Փող չկա, նավթի գնանկումը շարունակվում է, մնում էր արտաքին թշնամու գործոնը, որն Ալիևի իշխանության փրկօղակ է դարձել: Պատերազմը շեղեց ուշադրությունը, բայց մեծ հարց է, թե որքա՞ն ժամանակով: Բացի այդ, կար Պանամայի օֆշորային սկանդալը, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ալիևների ընտանիքի՝ Ադրբեջանի ազգային հարստության կողոպուտի չափերը, բռնապետական համակարգը, որի առկայությունը ամբողջ աշխարհն է արձանագրում: Ազգայնական ալիքի վրա վարկանիշի որոշ բարձրացումը նույնքան արագ գահավիժման կարող էր հանգեցնել, եթե Բաքվի խնդրանքով հրադադար չհաստատվեր:
-Ինչո՞ւ հայկական կողմը համաձայնեց հրադադարի, երբ արդեն իրավիճակը իր ձեռքն էր վերցրել և կարող էր հետ բերել կորցրած տարածքը:
-Կարծում եմ՝ այդ հարցին ավելի ստույգ պատասխան կտան զինվորականները, համենայն դեպս հայկական կողմը դիրքային այնպիսի կորուստներ չի ունեցել, որ վտանգի Արցախի ժողովրդին: Սա՝ մեկ, երկրորդ և ավելի կարևոր հանգամանքը՝ այդ օրերին միջազգային բոլոր կառույցները, գերտերությունները հրադադարի հաստատման կոչեր էին անում և կարելի էր կանգ առնել՝ ավելի ակնառու դարձնելու, թե ով է հարձակվողը և ով է հաշտություն խնդրողը: Պատահական չէ, որ Բաքուն հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ՝ կողքին ունենալով միայն Թուրքիային: Պատերազմի մի քանի օրում Ադրբեջանը աշխարհին ցույց տվեց իր իրական կերպարը, որի մասին մենք քանիցս զգուշացնում էինք: Հայատյացությունը պետական վարդապետություն դարձրած պետությունը չի կարող համարժեք գնահատական չստանալ ժողովրդավարական արժեքներ դավանող աշխարհում: Անզեն մարդկանց նկատմամբ անմարդկային դաժանության, դիակապտության դեպքերը փաստեր են, որոնց հետ աշխարհը չի կարող հաշվի չնստել, առավել ևս, երբ Ադրբեջանի նախագահը իր ձեռքով պետական պարգևներ է հանձնում ոչ թե զինվորներին, այլ միջազգային կոնվենցիաներով հանցագործներին, որ հերոսանում են հակառակորդի զինվոր գլխատելով, իսկ հասարակության որոշ մասը հրճվում է բարբարոսության լուսանկարներով: Դա վկայում է, որ այդ երկիրը, այդ հասարակությունը ապրում են նախնադարյան բնազդներով, բայց ոչ քաղաքակիրթ աշխարհի կանոններով, և դա չպիտի անպատիժ մնա:
-Նույն այդ քաղաքակիրթ աշխարհը կարծես թե չի շտապում համարժեք գնահատական տալ, ինչո՞ւ:
-Համաձայն չեմ՝ գնահատականներ տրվել են Եվրախորհրդարանում, ԵԽԽՎ-ում, ԱՄՆ պետդեպարտամենտում, Բաքվի վարքագիծը դատապարտել են տասնյակ պետություններ, ՄԻԵԴ-ում արդեն վարույթ է ընդունվել հանցագործությունների վերաբերյալ հայցը: Մենք, իհարկե, սպասում ենք շատ ավելի հասցեական ու բովանդակային հայտարարությունների, կարծում եմ՝ այդ ժամանակն էլ կգա:
-Այս օրերի ամենահրատապ հարցերից են ՀՀ նախագահի առաջադրած երեք պայմանները՝ բանակցությունները վերսկսելու համար, որ Բաքուն միանգամից որակեց Հայաստանի՝ բանակցություններից դուրս գալ, այդպե՞ս է:
-Բաքուն ավելի լավ կաներ՝ բացատրեր՝ ինքն ինչո՞ւ է բանակցություններից դուրս եկել: Հայկական կողմը բանակցություններից դուրս չի եկել՝ այդ մասին քանիցս հայտարարել է արտաքին գործերի նախարարը, թեև ստեղծված իրավիճակում անիմաստ է բանակցել, քանի դեռ կրակը չի դադարեցվել, շփման գծում տեղակայված չեն վերահսկողության մեխանիզմներ և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ չկան՝ ինչը և ասել է ՀՀ նախագահը: Դա չի նշանակում բանակցության համար նախապայմաններ դնել, ինչպես ներկայացրեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, այլ նշանակում է բանակցությունների մթնոլորտ ապահովել: Իրականում Բաքուն չգիտի ինչ անել իր ստեղծած իրավիճակում և, ինչպես միշտ, մեղադրում է հայկական կողմին: Ըստ Բաքվի պաշտոնական քարոզչության՝ մենք ձախողում ենք բանակցությունները, մենք գնդակոծում ենք խաղաղ բնակավայրերը, մենք խախտում ենք հրադադարը, բոլոր մեղքերը մեզ վրա բարդում, իսկ «խաղաղասեր», խեղճուկրակ Ադրբեջանը կրակն է ընկել «ագրեսոր» Հայաստանի ձեռքը: Սա է Բաքվի ներկայացրած պատկերը: Բաքուն փակուղում է, Հայաստանից տարածքով, բնակչության թվով, սպառազինության թվաքանակով գերազանցություն ունենալով հանդերձ՝ այդքան անզո՞ր է Հայաստանի ու Արցախի առաջ: Քառօրյա պատերազմի բացահայտ արդյունքներից մեկն էլ աշխարհի հարգանքն է հայ զինվորի ու հայկական զինուժի նկատմամբ, ու դա Բաքուն չի կարող շրջանցել: Աշխարհը զարմացած է անօրինակ ազգային միասնականության և համաժողովրդական համախմբման վրա, երբ առանց զորահավաք հայտարարելու ազգովին ահել-ջահել մեկ օրում դիրքերում հայտնվեցին: Երբ պատերազմը հրադադարի հաստատումից տասնամյակներ անց վերադարձավ մեր իրականություն, իր հետ բերեց հայ զինվորների ու սպաների այնպիսի հերոսության փաստեր, որ վերացնում են հնարավորի ու անհնարինի սահմանը: Որևէ մեկը մտածե՞լ է՝ ինչո՞ւ: Որովհետև հայ զինվորը կռվում է իր հայրենիքի համար, ադրբեջանցի զինվորը փորձում է նվաճել կամ վերանվաճել տարածք:
-Ձեր կարծիքով՝ եկե՞լ է ԼՂՀ-ն ճանաչելու պահը:
-Նկատի ունեք ԼՂՀ ճանաչման օրինագի՞ծը:
-Նաև ՀՀ նախագահի հայտարարությունը ԵԱՀԿ դեսպաններին, որ ագրեսիայի շարունակման դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն:
-Այո, նախագահ Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմի երկրորդ օրն ասաց, որ Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն, և դա որոշակի զսպող դեր ունեցավ հետագա իրադարձություններում: Հայաստանը երբեք և ոչ մի պարագայում մենակ չի թողնի Արցախը՝ դա գիտեն թե Ադրբեջանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հիմա արդեն՝ ամբողջ աշխարհը: Կարծում եմ՝ հարցը կլինի ԱԺ օրակարգում և անհրաժեշտ պահին Հայաստանը կճանաչի Արցախը: ՀՀ նախագահը հստակ ասել է՝ երբ և ինչ պայմաններում Հայաստանը կճանաչի Ղարաբաղը, և դա միակ ու իրավիճակին համարժեք պատասխանն է:
-Դա չի՞ նշանակի, որ Հայաստանը դադարեցնում է բանակցությունները՝ կրակելով իր վերջին փամփուշտը:
-Գուցե գեղեցիկ է հնչում՝ վերջին փամփուշտ, բայց որքան ես եմ հիշում՝ վերջին փամփուշտը պահում են ինքնասպանության համար, երբ փրկվելու այլ ելք չկա: Մենք նման խնդիր չունենք և, հավատացած եղեք, բազում «վերջին փամփուշտներ» ունենք մեր թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական զինանոցում: Ադրբեջանն է հայտարարում, որ դա կնշանակի բանակցությունների ավարտ, իմ կարծիքով՝ դա կնշանակի բանակցություններ նոր իրավիճակում, որին այդքան ձգտում էր Բաքուն:
-Իսկ ի՞նչ պիտի անի այդ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խումբը:
-Ինչ արել է այսքան տարի՝ միջնորդական առաքելություն՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համար: Մինսկի խումբը եղել և մնում է ԼՂ կոնֆլիկտի կարգավորման մանդատ ունեցող միակ ձևաչափը, որքան էլ Բաքուն փորձում է կոնֆլիկտը տեղափոխել այլ կառույցներ՝ ՄԱԿ-ից ԵԽԽՎ:
-Եթե պատերազմը հիբրիդային էր, և ռազմական բաղադրիչի վերաբերյալ կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել, ի՞նչ վիճակ է մյուս ճակատներում: Ինչո՞ւ մենք չունեցանք հաղթանակի լիակատար զգացողություն:
-Քառօրյա պատերազմն արտակարգ իրավիճակ էր, երբ ակնհայտ է դառնում այն ամենը, ինչ սովորական վիճակում նկատելի չէ: Մենք շատ բացահայտումներ արեցինք նաև մեզ համար: Ասում էին, չէ՞, ժողովուրդը հոգնել է, այլևս ոտքի չի կանգնի հանուն Ղարաբաղի, ինչպես անցյալ դարավերջին, քանի՞ ժամ պահանջվեց բոլոր հոռետեսական միֆերը հերքելու համար: Մենք հաղթել ենք, բայց մենք չենք ավարտել պատերազմը և, կարծում եմ, հաղթանակի լիակատար զգացողությունը կունենանք միայն խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, ու դա է ճիշտը: Ինքնախաբեության ադրբեջանական տարբերակը մեզ համար չէ, մենք դատում ենք սթափ ու ռեալ ենք գնահատում իրավիճակը:
-Ինչո՞ւ Ձեր անվան հետ կապվեց հետպատերազմյան ամենատևական սկանդալը, երբ նոր ոչինչ չէիք ասել և ոչինչ չկար Ձեր ասածներում, որ հակասեր ՀՀ արտաքին քաղաքականությանը, որ քանիցս բարձրաձայնել են նախագահն ու արտաքին գործերի նախարարը:
-Տևականության առումով՝ հարցը ինձ մի ուղղեք, այլ Ձեր գործընկերներին: Կարծում եմ՝ մի քանի հանգամանքների համընկնում էր: Առաջինը և ամենակարևորը՝ խոսքը կտրվեց բնագրից ու ներկայացվեց մի հատվածը, իսկ դա փոխում էր ողջ բովանդակությունը, երկրորդ՝ հասարակությունը որոնում է մեղավորներ, որ, իրենց կարծիքով, պատասխանատու են եղած-չեղածի համար:
-Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, մամուլում կար ուղղորդում հենց Ձեր ուղղությամբ՝ հատկապես Ստրասբուրգում հայկական պատվիրակության ակնհայտ հաջողությունից հետո, երբ Ադրբեջանի պատվիրակությունն ասելիք չուներ:
-Ստրասբուրգում հայկական պատվիրակությունն արեց՝ ինչ պիտի աներ և իսկապես Սամադ Սեիդովն ու իր պատվիրակությունը ասելիք չունեին, իսկ նրանց կեղծ փաստարկներն արդեն ոչ ոք հավաստի չէր համարում: Գուցե դա հաջողություն է՝ Դուք եք գնահատում, բայց հաջողության համար ոչ թե զրպարտում ու մեղադրում են, այլ ուրախանում: Չեմ ուզում հավատալ, որ կար ուղղորդում, բայց եթե իրոք կար, թիրախում իմ անձը չէր՝ իմ ամբողջ կենսագրությունը հայտնի է, որևէ պաշտոնում իմ գործունեության մեջ Հայաստանի կամ Արցախի դեմ ուղղված որևէ քայլ չի եղել և չէր կարող լինել: Դա ինքնին հասկանալի է, իսկ թե ով ու ինչ էր ուզում, թողնենք իր խղճին, խելքին ու տրամաբանությանը: Դրանցով չէ, որ պիտի գնահատվի իմ ապրած կյանքը: Աշխարհը մի օրում չի ստեղծվել ու մի օրում չի վերջանում: Շատ արագ ամեն ինչ ի հայտ է գալիս, թող նրանք մտածեն, որ այս օրերին հասարակությանը դրական լիցքեր հաղորդելու ու պետության, պետականության ամրապնդմանը նպաստելու փոխարեն խաղում են ադրբեջանական դաշտում՝ նպաստելով հիբրիդային պատերազմում թշնամու դիրքերն ամրապնդելուն: Սա է պրոբլեմը, ոչ թե ինչ են գրում իմ մասին: Հիասթափեցնող է, իհարկե, բայց ես բավական փորձ կուտակել եմ, որ կարողանամ համարժեք ճանաչել ու գնահատել մարդկանց, նրանց լավ ու վատ, ճիշտ ու սխալ գործերը:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ