ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հովսեփ Նալբանդյան. «Մեզի վերածնունդ է հարկավոր բոլոր բնագավառներու մեջ»

Հովսեփ Նալբանդյան. «Մեզի վերածնունդ է հարկավոր բոլոր բնագավառներու մեջ»
04.05.2016 | 17:44

Այցեքարտ. Հովսեփ Նալբանդյան- ԱՄՆ, Լոս Անջելես, Ստուդիո Սիթի քաղաք, գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ, ազգային - հասարակական գործիչ: 2013-ին ՀՀ ԳԱԱ-ի կողմից նշանակվել է որպես արևմտահայերենի, և, ընդհանրապես, հայերենի բաժանմունքի անդամ: Հովսեփ Նալբանդյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, 1958-ին: Նախնական և երկրորդական ուսումը ստացել է տեղի Լ. Նաջարեան և Գ. Գյուլբենկյան կեդրոնական վարժարանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայկական բանասիրական բաժինը, ստանալով մագիստրոսի վկայական՝ որպես գրականագետ: 19 տարի դասավանդել է հայոց լեզու և գրականություն տարբեր հայկական վարժարաններում՝ Հալեպ, Ալեքսանդրիա և Լոս Անջելես: 1992-93 թ. եղել է Հալեպի Մեսրոպեան Ազգային վարժարանի տնօրենը: 1993-ի հոկտեմբերին հաստատվել է և առայսօր բնակվում է ԱՄՆ-ում: 2013-15 թթ. հայերեն է դասավանդել Բևեռլի Հիլզի լեզվաբանական միջազգային քոլեջում:

Զբաղվել է հասարակական և ազգային բեղուն գործունեությամբ: Տարբեր տարիների եղել է միությունների և բարեսիրական հիմնադրամների ատենապետ, քարտուղար և խորհրդի անդամ: Ամուսնացած է Կարոլին Թասմաճեան-Նալբանդյանի հետ: Հ. Նալբանդյանը շուրջ 16 տարում հրապարակել է 32 գիրք: Դրանցում, հատկապես, հիշարժան է մտավորականի 14-րդ գիրքը՝ «Հայ գիրքը Ամերիկայի մէջ» մատենագիտությունը, 387 էջ (Ամերիկայում տպագրված հայերեն գրքերը 1857-2015 թթ.): 15-րդ գիրքը` «ՍԻՐՈ ՄԱՏՅԱՆ» 651 էջ, 413 հեղինակ, 712 բանաստեղծություն: Ի դեպ, օրերս հրատարակվել է նրա հովանավորած գիրքը՝ «101 աղոթք հիշատակի» վերտառությամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին և արցախյան վերջին պատերազմի նահատակներին:

Համահայկական հարցերի լայն օրակարգի տարբեր ու հրատապ հարցերի շուրջ պատիվ ունեցանք զրուցելու անվանի մտավորականի, ազգային հասարակական գործչի հետ:
1. Հովսեփ, չեմ կարող շրջանցել ու առաջին հարցս չուղղել Սիրիայի վերաբերյալ, հաշվի առնելով, որ այնտեղ եք ծնվել և հատկապես, որ վերջին օրերին այդ երկրում՝ քո ծննդավայրում կրկին պատերազմական թեժ գործողություններ են ընթանում և հայաբնակ շրջանները կրկին արյունալի հրթիռակոծությունների թիրախում են: Ի՞նչ զգացումներ ունեք, խաղաղության ի՞նչ հեռանկար եք տեսնում սիրիական հակամարտության հարցում:
Հ. Ն. - Սուրիայի պատերազմական վիճակը, մասնաւորապես Հալէպի կռիվները, ինծի անձնապէս մեծ ցաւ պատճառած են. ես կորսնցուցի 2 ընկեր, այլ ընկերներ վիրավոր, բազմաթիւ ընկերներու եւ ծանոթներու տուները եւ գործատեղիները քանդուած են: Անասելի, շատ դաժան իրավիճակ: Չեմ կարծեր որ Սուրիո մեջ խաղաղութիւնը այդքան շուտ կկայանա: Սուրիո հակամարտությունը միայն ներքին խնդիր չէ, այլեւ շրջանային եւ միջազգային գերպետություններու շահերը հետապնդող գործոն: Զենքի վաճառք, քարյուղ, եւ այլն: Անմեղ մարդիկ զոհ կերթան աղտոտ քաղաքականության խաղերուն...
2. Կարծում եմ, տեղյակ եք, որ սիրիական հակամարտությունից ի վեր Հայաստանում ապաստան են գտել շուրջ 20 հազար սիրիահայեր: Ի դեպ, այս ցուցանիշով մեր երկիրը առաջիններից մեկն է Եվրոպայում: Պարզ է, որ Հայաստանում Ձեր համերկրացիները լրջագույն խնդիրներ ունեն, քանի որ մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը հեռու է նույնիսկ նվազագույնից: Ըստ Ձեզ, ինչպե՞ս կարելի է լավագույնս դուրս գալ այս դրությունից, մի կողմից` աջակցելով Հայաստանում բնակվող սիրիահայությանը, մյուս կողմից` նրանց ևս արդյունավետորեն ներգրավվելով մեր երկրի զարգացման գործընթացում: Դեղատոմս, առաջարկություն ունե՞ք…
Հ.Ն.- Այո, բազմաթիվ հայեր Սուրիայեն ապաստան գտան Հայաստան, մասնավորապես Երեւան: Անշուշտ կան դժուարություններ: Հալեպի մեջ գործարար հայը որ 20-30 տարիներե ի վեր ուներ իր գործը, պարզ է, նույն ձեւով եւ տարողությամբ չի կրնար աշխատիլ Երեւանի մեջ: Նախ Երեւանի շուկան շատ փոքր է եւ կարողություններով սահմանափակ... Հալեպը 2011-ին 5 միլիոն բնակչություն ուներ: Երբ անհատ մը երկիր կփոխե, նախ պետք է համոզված ըլլա, որ պիտի չվերադառնա, այսինքն նոր կյանք ստեղծե եւ մնայուն աշխատանքի հետ կապվի: Գիտեմ մի քանի ընտանիքներ 2-3 տարի մնալե ետք կրկին դուրս եկան, ինչու... որովհետեւ չէին համոզված, չէին ուզած փոխել իրենց գործը, եւ այլն: Առաջարկությունս այն է, որ Հայրենիք ներգաղթած հայը -ընտանիքով- պետք է փոխե իր մտածելակերպը, համակերպի ներքին շուկայի պահանջներուն, ըլլա հեռատես եւ ոչ հոռետես...

3. Եղած խնդիրները բարդանում են նաև վերջին շրջանում Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին, որոնք սրացել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով: Այս օրերին համայն հայությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ի տարբեր գաղթօջախներ մասնակից եղան Արցախին սատարելու ինչպես բարոյական, այնպես էլ՝ նյութական նախաձեռնություններին: Ի՞նչ կանխատեսումներ ունեք արցախյան հիմնահարցի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպե՞ս պատրաստվել հակառակորդի սպառնալիքին ու ռազմական սադրանքներին…
Հ.Ն. - Արցախը կորսնցնել կնշանակե կորսնցնել մեր ինքնությունը, մեր հայրենիքի շատ կարեւոր մասնիկը, որ ձեռք բերված է հազարավոր հայորդիներու արյան գնով: Այստեղ Լոս Անջելըսի մեջ կատարվեցավ դրամահավաք եւ դեռ կշարունակվի: Հայաստան-Արցախ-Սփյուռք պիտի բռնցքվինք... պետք է միշտ պատրաստ ըլլանք` ռազմականորեն, զինվորներու կռվելու կարողականության բարձրացմամբ, զինվորական ղեկավարության մարտավարությամբ: Ազգային հավաքական գիտակցության բարձրացումով մենք պետք է նվաճենք ազերիական ռազմական սադրանքներուն: Պետք է միշտ հավատանք, որ հաղ-թանակը մերն է:
4. Պատվելի բարեկամ, գիտեմ, որ անտարբեր չեք համայն հայության համար կարևորագույն խնդիրներին, հայապահպանության հիմնահարցերին, որոնց թվում, Ձեզ համար, սկզբունքային ու առանձնակի նշանակություն ունի սփյուռքում հայկական կրթօջախների գործունեությունը: Այս առնչությամբ, իբրև փորձառու մանկավարժ ու դպրապետ, ժամանակին և քանիցս մտահոգություն եք հնչեցրել, որ արտերկրում հայկական դպրոցները, այս կամ այն կրթօջախները նվազման վտանգավոր միտում ունեն: Ի՞նչ իրավիճակ է այժմ այս ոլորտում, ի՞նչ մտահոգություններ և տվյալներ կարող եք վկայաբերել։
Հ. Ն. - Այո, վերջին 45 տարիներուն Սփյուռքի մեջ հայապահպանման լուրջ գործը ձախողած է: Քառասունհինգ տարիներու ընթացքին փակված են 206 ամենօրյա վարժարաններ... մեծ մտահոգություն է: Ըսած եմ եւ կկրկնեմ -ինչ որ կորսնցուցած ենք 1965-ականներեն առայսօր... անվերականգնելի է: Սփյուռքի մեջ ազգային անտարբերությունը հասած է շատ մեծ չափերու: Առաջարկած ենք եւ այդ ուղղությամբ աշխատանք կտանինք հիմնելու ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ, որպեսզի ներկայիս գործող ամենօրյա դպրոցները հաջորդ տասնամյակներուն չփակվին, եւ անշուշտ, նորերը բացվին:
5. Հովսեփ, ակնածանքի ու խորագույն երախտիքի է արժանի Ձեր համահավաք գործունեությունը՝ ազգային-հասարակականից մինչև հրատարակչական, մանկավարժական ու ստեղծագործական: Պատկառելի գործ եք կատարել և տպավորիչ արդյունքներ ու նվաճումներ եք արձանագրել: Ինչպե՞ս եք հասցրել այդ ամենը կյանքի կոչել: Ո՞վ է եղել Ձեր կենսագործունեության գլխավոր կենսատուն, ներշնչողը: Միգուցե Ձեր տիկի՞նը՝ Կարոլինա՞ն…
Հ. Ն. - 35 տարիներե ի վեր, անդադար, ազգային-հասարակական գործունեության մեջ եմ... իմ ծնողքս եղած են իմ մեջ հայրենասիրական եւ ազգային զգացումներու սերմանողները: Ես կբնակիմ Լոս Անջելըս, բայց ամեն օր կապրիմ հայրենիքով, վերջին 12 տարիներուն Հայաստան մեկնած եմ 11 անգամ: Հայրենիքը իմ գործունեության գլխավոր կենսատուն է... Հպարտ եմ, որ ավարտած եմ ԵՊՀ-ի հայկական բանասիրական մասնաճյուղը. ունեցած եմ մտերիմ դասախոսներ Ռաֆայել Իշխանյան, Է. Ջրբաշյան, Է. Աղայան, Գ. Ջահուկյան եւ այլ մեծեր: 2005-ին հիմնած եմ իմ եւ կնոջս անունով մատենաշար: Անշուշտ կինս միշտ աջակից է իմ գործունեությանց։
6. Հատկանշական է, որ շուրջ 16 տարում հրատարակել եք 32 գիրք, անդրադառնալով հայ ժողովրդի պատմությանը, նրա հարուստ ժառանգությանը: Այդ ցուցանիշով կարելի է Ձեզ բացառիկ ու երջանիկ համարել: Ի՞նչ զգացողություններ եք ունենում յուրաքանչյուր նման գիրք տպագրված տեսնելուց հետո:
Հ. Ն. – Այո, 32 գիրք, ավելի քան 25 հազար տպաքանակով, կկարծեմ լավ իրագործում է: Հայ մշակույթի զարգացման եւ պահպանման գծով շատ գործ կա իրականացնելու: Ամեն մեկ գիրք, որ լույս կտեսնե, իմ հոգին ու էությունը կլեցնե հպարտությամբ... ինծի կպարգեւէ անչափելի ուրախություն... այս տարի մինչեւ դեկտեմբեր պիտի հրատարակեմ եւս 2 գիրք: Այսպիսով 17 տարվա ընթացքին 34 հատոր գիրք հրատարակած կըլլամ:
7. Ակնհայտ է, որ ոչ սովորական ժամանակներ ենք ապրում ազգովին: Սակարկության ու երկբայելու նշույլ չկա, որ օրհասական այս օրերին անհրաժեշտ է մի նոր համազգային զարթոնք, մի նոր համահայկական վերածնունդ՝ բոլոր բնագավառներում, առանց նեղմիտ նկրտումների և հավակնությունների: Ո՞րն է քո՝ իբրև փորձառու և հեռատես մտավորականի տեսլականը, ի՞նչ պետք է անել առաջին հերթին, որպեսզի իրականություն դառնա ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ և գալիք ժամանակները հատկանշվեն նոր հաղթանակներով:
Հ. Ն. - Այո, այս վերջին տասնամյակը մեր ազգը, թե Հայաստանի եւ թե Սփյուռքի տարածքին... կապրին ծանր վիճակի մեջ: Իմ բազմաթիվ հոդվածներուս վերջավորության գրած եմ «մեզի վերածնունդ է հարկավոր բոլոր բնագավառներու մեջ»: Այսինքն բոլորս պիտի գիտակցինք եւ մեր անձնական կյանքերը բարելավելու հետ միասին մտածենք ազգային միասնական լուրջ եւ համակողմանի գործունեության մասին: Պիտի ձգտինք զարգացնել եւ ամրապնդել ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ: Այսօր Սփյուռքի մեջ ապրող 8 միլիոն հայության մոտ 3,5 միլիոնը հայ չենք նկատեր... ինչու, որովհետեւ անոնք բացարձակապես կապ չունին հայության հետ, հեռացած են հայկական արմատներե: Մենք գերլարված, լուրջ ծրագիրներով համալրված, հսկա աշխատանքներ ունինք իրագործելու: ՈՒրեմն, Օն առաջ, բոլորս ազգային գործի, որպեսզի մեր ապագայի սերունդները ոչ միայն հպարտանան, այլեւ հզոր զգան:

Զրուցեց Արա ԱԼՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 2902

Մեկնաբանություններ