ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«2008-ի սկզբներին ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի փաստաթուղթ պատրաստվել էր»

«2008-ի սկզբներին ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի փաստաթուղթ պատրաստվել էր»
03.05.2016 | 01:17

«Իրատեսի» հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ:

-Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ի՞նչ հետևություններ պետք է անի հայկական կողմը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական:
-Շատ ավելի ճիշտ կլիներ այս թեմայով ամենաբարձր օղակներից մինչև գոյություն ունեցող համապատասխան կառույցները քննարկումներ կազմակերպեին և, այդ ամենն ամբողջացնելով, հանգեին որոշակի եզրակացությունների: Իմ համոզմամբ՝ հայկական կողմը ոչ միայն պետք է հետևություններ անի քաղաքական, տնտեսական ու ռազմական առումներով, այլև համապարփակ համակարգային խնդիրների վրա սևեռի իր ուշադրությունը: Քառօրյա պատերազմում թշնամուն կասեցնելու աննախադեպ հերոսությունն ու քաջությունը բացատրելի են նախ և առաջ միայն առաջին գծում կանգնած մեր զինվորների անձնուրացությամբ, հայրենիքին նվիրվածությամբ ու կյանքը հանուն հայրենիքի ու իրենց ընկերների նվիրաբերելու պատրաստակամությամբ, կրտսեր սպայական կազմի՝ անմիջական մարտի ընթացքում ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ղեկավար կազմի և հատկապես ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի վճռականությամբ, մեր քաղաքացիների՝ ծանր պահերին միասնական բռունցք դառնալու աստվածային շնորհի շնորհիվ: Մնացած առումներով բավականին լուրջ քննարկումների ու հետևություններ անելու անհրաժեշտություն կա:
-Բավարար համարո՞ւմ եք ՊՆ երեք պաշտոնյաների պաշտոնանկությունը, նրանք քավության նոխա՞զ էին, բանակում կոռուպցիան նրանցով ավարտվե՞ց:
-Ես չեմ կարծում, որ Դուք հարցը ձևակերպելուց առաջ չգիտեք պատասխանը, բայց եթե ուզում եք հանրայնացնել, պատասխանս է՝ ոչ: Ոչ միայն երեք հոգի, այլև երեսուն հոգի, երեք հարյուր հոգի: Ահա մինիմում թիվն այն պաշտոնյաների, որ օր առաջ պետք է հեռացվեն աշխատանքից, որոնք ոչ միայն չեն նպաստել, այլև խոչընդոտել են այնպիսի խնդիրների լուծմանը, որ օդ ու ջրի պես անհրաժեշտ են մեր պետականություններին, մեր ժողովրդին, մեր բանակին ու մեր զինվորին: Գուցե համարեն, որ ես ծայրահեղական եմ, բայց եկեք գոնե մեկ անգամ հանուն մեր անմահ հերոսների, որոնք հերոսաբար ընկան քառօրյա պատերազմում, ու ցավոք, նրանց շարքերը դեռ շատանում են, գոնե մեկ անգամ արդար դատենք: Սա գուցե այն դեպքն է, երբ ճիշտ հակառակ ձևով պետք է ընկալել «Մի՛ դատիր, որ չդատվես» աստվածաշնչյան խոսքը, և դրա փոխարեն պետք է արտաբերել՝ «Արդա՛ր դատիր: Չէ՞ որ դու դրա իրավունքն ունես»:
-Ձեր գնահատականով՝ ի՞նչ բովանդակություն պիտի ունենա ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիրը:
-2008-ի սկզբներին նման փաստաթուղթ պատրաստվել էր: Դրա վրա աշխատել էինք ես, Շավարշ Քոչարյանը, Գեորգի Պետրոսյանը, Միքայել Աղաջանյանը, Լևոն Անդրիասյանը և այլք: Խմբին իր ամենամեծ աջակցությունն էր ցուցաբերել ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը: Այն ժամանակ որոշում կար՝ մինչև ՀՀ-ում նոր նախագահական ընտրություններ դա ստորագրել: Ցավոք, ինչ-ինչ խնդիրների պատճառով դա տեղի չունեցավ: Այժմ, կարծում եմ, կարելի է անդրադառնալ այդ խնդրին: Բովանդակության մասին, կարծում եմ, կհոգան միջազգային իրավունքի մասնագետները, նաև քաղաքագետները: Նման փաստաթուղթը կտա նաև շատ հարցերի պատասխանը և այսօր անհրաժեշտ է:
-ԼՂՀ-ի ճանաչումը ո՞ր դեպքում է արդյունավետ և ինչպե՞ս կազդի իրավիճակի վրա:
-Էթնոքաղաքական հակամարտությունների ծագման, իրադարձությունների ծավալման, ռազմական փուլի զարգացման և քաղաքական կարգավորման փուլին անցնելու միջազգային փորձը ցույց է տալիս, որ անկախություն հռչակած որևէ տարածքի ճանաչումը բացարձակ երաշխիք չէ տվյալ հակամարտության դրական լուծման համար: Թայվանի օրինակը, որ ճանաչել են 30 պետություններ, շուրջ 50 պետությունների կողմից ճանաչված Կոսովոն, որոնցից 22-ը ներկայացնում են ԵՄ-ն, Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակը, որոնք գործնականում ճանաչվել են մեկ երկրի կողմից, և առավել ևս, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության օրինակը, որը բացառապես ճանաչվել է Թուրքիայի կողմից, ցույց են տալիս, որ անկախություն հռչակած տարածքների իրական ընդգրկումը միջազգային հանրության շարքեր կարող է տեղի ունենալ այն պետությունների կողմից ճանաչման պարագայում, որոնք նախորդ փուլերում հանդես են եկել որպես նման անկախության գլխավոր քաղաքական «ընդդիմախոսներ»: Այս առումով առանձնահատուկ վկայակոչելի են նորագույն պատմության օրինակները, որոնք լույս են սփռում բերված օրինակների այլ, հակառակ արտացոլումների վրա. Եթովպիան ճանաչեց Էրիթրեան, իսկ Ինդոնեզիան ճանաչեց Արևելյան Թիմորը: Ակնհայտ է, որ Թայվանը և Կոսովոն միջազգային հանրության լիիրավ անդամներ կդառնան միայն այն ժամանակ, երբ կճանաչեն Չինաստանը և Սերբիան, իսկ Աբխազիան և Հարավային Օսիան նույն շարքերը կհամալրեն միայն Վրաստանի ճանաչման պարագայում, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն իր հերթին անսահմանափակ հիմքերով կընդգրկվի միջազգային հանրության մեջ, եթե ճանաչեն Կիպրոսի Հանրապետությունը և Հունաստանը: Հայաստանը մինչ օրս չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, քանի որ համարում է՝ դրանով կարգավորման գործընթացը արդյունավետ շարունակություն չի ստանա, այլ հակառակը, կընդունի առճակատման բնույթ: Հայաստանի համար ԼՂՀ-ն փաստացի անկախ պետություն է, պետություն դեֆակտո անկախությամբ, որի լիարժեք դրսևորմամբ անկախությունը ¥դեֆակտո և դեյուրե¤ և լայն միջազգային ճանաչման ուղի դուրս գալը հնարավոր են, եթե Ադրբեջանը համարժեք գնահատի վաղուց կայացած իրողությունը և ճանաչի ԼՂՀ անկախությունը:
-Քառօրյա պատերազմի արդյունքների՞ց էր Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի նկատմամբ վերաբերմունքի վերագնահատումը, երբ Ռուսաստանը միջնորդական առաքելություն ձեռնարկեց, երբ հայկական կողմը անցել էր հակահարձակման, իսկ ԵԱՏՄ-ում գործընկերներ Բելառուսն ու Ղազախստանը բացահայտ Ադրբեջանի կողմում էին:
-Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բոլոր միջնորդներին ու արտաքին դերակատարներին իրականում առաջին հերթին հետաքրքրում է հետևյալը. ներկայումս ԼՂՀ կողմից վերահսկվող տարածքների փոխանցումն Ադրբեջանին (նման փոխանցման առավել տարածված տարատեսակը հինգ շրջաններն են, բացի նախկին Ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի ու Լաչինի շրջաններից) և ԼՂՀ պահպանումը դեֆակտո պետականությամբ՝ նրան տրամադրելով որոշակի միջանկյալ կարգավիճակ, մինչև տարիներ անց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցի շուրջ հանրաքվեի իրականացումը: Միջնորդները չեն մտածում կարգավորման երկարաժամկետ հեռանկարի մասին, իսկ նրանց գործողությունները թելադրված են միայն կարճաժամկետ հրամայականով, այն է՝ ԼՂՀ կողմից վերահսկվող տարածքները տալ Ադրբեջանին: Նրանց հասկացողությամբ՝ «փոխզիջումը» յոթ շրջանների փոխանցումն է Ադրբեջանին՝ փոխարենը Լեռնային Ղարաբաղին տալով անվտանգության երաշխիքներ և պահպանելով դեֆակտո պետականությունը: Ներկա փուլում այս սխեմայից դուրս համանախագահներից ոչ մեկը չի մտորում: ՈՒստի խոսել վերաբերմունքի փոփոխության մասին Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից արտաքին որևէ դերակատարի նկատմամբ անիմաստ է: Մենք իրավունք չունենք մեր հույսը որևէ մեկի վրա դնելու՝ անկախ նրանից, թե նրանք ինչ են հայտարարել, ինչ են հայտարարում կամ ինչ կհայտարարեն: Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը իրական «շահեկան» մակարդակի բարձրացնելու խոչընդոտներից մեկը հենց այն սխալ պատկերացումն է, թե ԼՂՀ կողմից վերահսկվող բոլոր տարածքների կամ նրանց մի մասի զիջումը կարգավորման գործընթացը կարող է մոտեցնել դրական արդյունքի: Իրականում, թեկուզ և մեկ շրջանի կամ նույնիսկ շրջանի մի մասի զիջումը չի մեղմացնի և առավել ևս չի բացառի ԼՂՀ-ն զավթելու Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ռազմական ջանքերը: Մենք դա թույլ տալու իրավունքը չունենք:
-Թուրքիա՞ն էր Բաքվի ագրեսիայի թիկունքում, թե՞ հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ալիևի անձնական որոշումը:
-Մեզ համար որևէ նշանակություն չունի, թե ով է կանգնած Բաքվի ագրեսիայի թիկունքում: Այն, որ Թուրքիան և Ադրբեջանն իրենց գործողությունները համաձայնեցնում են, աներկբա իրողություն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «դատապարտված է» իր պետականության կառուցման գործընթացը շարունակելու, իր ներկայիս սահմաններում տարածքները բնակեցնելու և այնտեղ համապատասխան ենթակառուցվածքներ ձևավորելու: ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, միայն դա կարող է Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին հաղորդել կոնստրուկտիվ ու իրական լուծմանը միտված բնույթ: ԼՂՀ-ն պարտավոր է պատրաստ լինել հակամարտության գոտում իրավիճակի ցանկացած զարգացման՝ ընդհուպ ամենահոռետեսական սցենարների ռազմական գործողությունների վերսկսման տեսքով: Դա է ԼՂՀ «խաչը», որը կրում է իր պետականության կառուցման հենց սկզբից:
-Ի՞նչ պայմաններով Հայաստանը պիտի վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
-Հայաստանը պետք է կենտրոնանա ներկայիս սահմաններում ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի վրա, իր ներքին հասարակական-քաղաքական դաշտը պետք է համախմբի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միասնական ու հավակնոտ դիրքերի շուրջ, և ամեն կերպ պետք է աջակցի բազմակողմ համագործակցության միջազգային ու եվրոպական ծրագրերում ԼՂՀ ներգրավմանը:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեղքը կա՞ր քառօրյա պատերազմում, չե՞ք կարծում, որ նրանց միջև համաձայնություն չկա, մասնավորապես՝ շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայման հարցում, երբ Ռուսաստանը չի հրաժարվում ռուս խաղաղապահների տեղակայման մտադրությունից:
-Համանախագահներն անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում հայկական կողմի այն փաստարկմանը, որ իրենց առաջարկած փոխզիջման սխեմաները բացարձակապես կենսունակ չեն Ղարաբաղյան հակամարտության գոտում երկարաժամկետ արդար խաղաղության ու կայունության ապահովման սկզբունքների տեսանկյունից: Անցյալի խոր դիտարկումը ցույց է տալիս, որ արտաքին դերակատարները հաճախ տեսադաշտից դուրս են թողնում Լեռնային Ղարաբաղի պետական անկախության կայացման սկզբունքային պահերը: Միջազգային ասպարեզի խոշոր դերակատարների համար այնպիսի գլոբալ հարցերի հիմնապատկերի վրա, ինչպիսիք են ԽՍՀՄ-ի փլուզումը, Եվրոպական Միության և Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը, Ղարաբաղյան հիմնախնդիրն ունի ածանցյալ և իրավիճակային բնույթ: Արտաքին դերակատարները մինչ օրս այս խնդրին անդրադառնում են իրավիճակային ռեժիմով, որ հնարավորություն չի տալիս տեսնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից սեփական պետականությունը կերտելու իրավունքի խորքային հիմքերը: 1994 թ. ԼՂՀ անմիջական մասնակցությամբ ձեռք բերված զինադադարի պահպանումը հնարավոր չէ առանց ԼՂՀ զինված ուժերի: Հակամարտության գոտում բացակայում է այն արտաքին ուժը, որն իր ռեսուրսներով կիրականացներ զինադադարի ապահովումը և հակամարտության կողմերին զերծ կպահեր ինտենսիվ ու լայնածավալ մարտական գործողություններից: Տարածաշրջանում առավել մարտունակ ԼՂՀ բանակի առկայությունը դարձավ այն անհրաժեշտ տարրը, որն ապահովեց հակամարտության գոտում խաղաղարար առաքելության տեսքով արտաքին զինուժերի ներգրավվածության բացառումը: Քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նույնիսկ ժամանակակից ամենաարդիական զինտեխնիկայով, բազմահազար վարձկաններով ու ուխտադրժորեն պատերազմը վերսկսած Ադրբեջանը ստացավ արժանի հակահարված, և որ ժամանակակից աշխարհի այնպիսի անփոխարինելի արժեքի համար, ինչպիսին անվտանգությունն է, ԼՂՀ-ն հանդիսանում է ոչ թե սպառող, այլ արտադրող: Աշխարհի քաղաքական քարտեզում 2016 թ. որոշ սահմանափակումներով ճանաչված բոլոր նոր պետականությունները կան և շարունակում են մնալ անվտանգության սպառողներ: Իր դեֆակտո գոյության հենց սկզբից ԼՂՀ-ն հանդես է գալիս որպես անվտանգության տարածաշրջանային արտադրող և ունակ է սեփական սահմանների պահպանությանը՝ առանց արտաքին ռազմական ուժի առկայության՝ ինչ տեսքով էլ լինեն: Փա՛ռք մեր անմահ հերոսներին:

Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ