ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Հրադադարի և մինչ այս սեղանին եղած բոլոր փաստաթղթերը պետք է փոխվեն»

«Հրադադարի և մինչ այս սեղանին եղած բոլոր փաստաթղթերը պետք է փոխվեն»
03.05.2016 | 01:15

ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Չնայած կրակի դադարեցման «բանավոր» համաձայնություն կա, բայց թշնամին շարունակում է կրակել, ինչի հետևանքով գրեթե ամեն օր զոհեր ենք ունենում: Ի վերջո, ինչքա՞ն պետք է շարունակվի այս վիճակը: Եթե պատերազմ, ուրեմն, ինչպես պատերազմում, եթե խաղաղություն, հստակ դիվանագիտական քայլեր:
-Դիվանագիտական ոչ բոլոր քայլերն են հանրությանը հասու: Անկասկած, պատերազմի վտանգը կա, և դա հստակ գիտակցում են երկու կողմերն էլ: Բայց, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը դիվանագիտական ճանապարհով է առաջ գնում, մինչդեռ Ադրբեջանը հակառակ ուղղությամբ է շարժվում, նույնիսկ չի ցանկանում ճանաչել 94-ի հրադադարի պայմանագիրը, իսկ այն, ինչ նրանք միջազգային հանրությանն են ասում, ամբողջովին կեղծ է: Դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծելու պատրաստ Ադրբեջանը երբեք չի հրետակոծի հայկական գյուղերը, չի խախտի հրադադարը: Մի կողմից լարվածությունը պահում են, մյուս կողմից էլ՝ ասում, որ դիվանագիտական սեղանին կնստեն տարածքները վերադարձնելու համար: Այլ բան է, եթե հրադադարը ամբողջովին պահպանեին, վստահություն ներշնչեին ու հետո միայն հողերի վերադարձի մասին խոսեին: Այդ իսկ պատճառով Հայաստանն այսօր պահանջում է անվտանգության երաշխիքներ, նախ և առաջ հրադադարի պահպանում:
-Հայկական կողմը դիվանագիտական «ձեռք» է մեկնում, բայց Ադրբեջանը դրան պատասխանում է կրակոցներով:
-Մենք ձեռք չենք մեկնում: Ավելի ճիշտ, մեր մեկնած ձեռքն այլ ուղղությամբ է, իրենցը` այլ: Այդ պատճառով դրանք չեն խաչվում: Հողերի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ բանակցությունների սեղանի շուրջ չի նստել Ադրբեջանը: Դրանից հետո միայն հստակ կլինի՝ տարածք տալի՞ս ենք, թե՞ ոչ, և ինչպես ենք պահպանում խաղաղությունը: Որքան հասկանում եմ՝ հրադադարի և մինչ այս սեղանին եղած բոլոր փաստաթղթերը պետք է փոխվեն: Պետք է զրոյից սկսել: Նրանք իրենց նախապայմաններն են թելադրում, մենք էլ պետք է մերը պնդենք, քանի որ իրադրության փոփոխություն է տեղի ունեցել: Եթե չլիներ այս պատերազմը, գուցե մենք վերադառնայինք մադրիդյան սկզբունքներին, սակայն այսօր իրավիճակն այլ է:
-Նոր իրավիճակում մեզ ինչպիսի՞ փաստաթուղթ է հարկավոր` փոխզիջումայի՞ն, թե՞ ոչ մի թիզ հող:
-Մինչ փոխզիջումն ու զիջումը պետք է նստել դիվանագիտական սեղանի շուրջը: Դեռ վաղ է այդ մանրամասներին անդրադառնալ, նախ պիտի բանակցել, հետո հասկանալ՝ ինչ են զիջում կամ փոխզիջում: Եթե Ադրբեջանը պատերազմական ճանապարհով է փորձում հարցերը կարգավորել, ի՞նչ հողերի վերադարձի մասին կարող է խոսք լինել, դրանք մեր անվտանգության գոտին է՛լ ավելի են ամրապնդում: Այսօր իրավիճակը խիստ անկանխատեսելի է: Մեր և Ադրբեջանի նախագահների հայտարարությունները հակադիր են, և հնարավոր չէ իրավիճակի հստակ լուծում տեսնել:
-Ո՞վ կամ ի՞նչը կարող են Ադրբեջանին ստիպել, որ նորից վերադառնա բանակցային սեղանի շուրջը:
-Միջազգային հանրության հասցեական և ուղղորդված կարծիքը: Միջազգային հանրությունն այսօր հասկացավ, որ Ադրբեջանն է հարձակվել: Ի վերջո, տարածաշրջանում այսօրվա լարվածությունը միայն Հայաստան-Ադրբեջան տանդեմում չէ, կա գերտերությունների շահերի բախում:
-Ապրիլյան ռազմական գործողությունները մեզ հերթական անգամ չապացուցեցի՞ն, որ միջազգային հանրությունը, մեղմ ասած, ոչ արդարացի վերաբերմունք ցուցաբերեց ու հստակ չմատնանշեց, թե ով է իրական ագրեսորը:
-Ամեն դեպքում, միջազգային հանրությունը հասկացավ, որ իրական ագրեսորը Ադրբեջանն է: Ռուսները շատ լավ գիտեն, որովհետև իրենք այդ «խոհանոցում» են: ԱՄՆ-ի բոլոր հայտարարություններում նկատվում է այդ տրամաբանությունը, Եվրոպան ևս հասկացավ, որ Ադրբեջանը պատերազմով է ուզում խնդիրներ կարգավորել: Այսինքն, դիվանագիտական կարևոր կառույցները հասկացան, թե ինչի է ձգտում Ադրբեջանը:
-Այս պահի դրությամբ՝ ի՞նչ են հուշում զարգացումները: Լարվածությունը կմեծանա՞:
-Կա բանաձև՝ պատերազմներ են սանձազերծվում հաշտություն կնքելու համար: Եթե Ադրբեջանի համար պատերազմը շահավետ լինի, միջազգային հանրությունն էլ երաշխիք տա, որ նա կշահի դրանից, այդ երկիրը մի վայրկյան իսկ չի հապաղի: Եթե չունեցավ այդ երաշխիքները, Ադրբեջանը ոչ միայն կպարտվի, այլև Ալիևի կլանի վերջը կգա: Չեմ բացառում լայնամասշտաբ պատերազմը, բայց, այդուհանդերձ, չեմ կարծում, որ իրադրությունը կհասնի այդ կետին:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ