ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Եթե մենք վերջ չտանք մեր այս անհոգությանը և չկարողանանք պահել ոգու այս վերելքը, կարող ենք շատ վատ բանի հասնել»

«Եթե մենք վերջ չտանք մեր այս անհոգությանը և չկարողանանք պահել ոգու այս վերելքը, կարող ենք շատ վատ բանի հասնել»
29.04.2016 | 08:53

(սկիզբը` այստեղ)

«Իրատեսի» հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:

«ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԱՅՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԶԵՆՔԵՐ ՈՒՆԻ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»


-Պարոն Նավասարդյան, փաստորեն, ստացվում է, որ Ադրբեջանին զինելով՝ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի սահմանած որևէ նորմ չի՞ խախտում:
-Ո՛չ: Ըստ որում՝ վաճառում է և՛ նրանց, և՛ մեզ: ՈՒ նրան չես կարող արգելել: Եթե ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ այդ մասին որևէ բան գրված լիներ, կարելի էր պահանջներ դնել, բայց գրված չէ: Եվ մենք ինքներս էլ ենք համագործակցում այլ կազմակերպությունների հետ, և Ռուսաստանը կարող էր նույն կետի առկայության պարագայում մեր դեմ պահանջներ դնել, հարց բարձրացնել, թե ինչու ենք համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, ինչու ենք զենք գնում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից:
-Զենքի վաճառքը Հայաստանին և Ադրբեջանին հավասարարժեք չէ: Սա արդեն իսկ չի՞ նշանակում հովանավորչություն կողմերից մեկի նկատմամբ:
-Ես շատ օբյեկտիվ կխոսեմ: Իրականությանը չի համապատասխանում այն, որ Ադրբեջանն ավելի լավ զենք ունի, քան Հայաստանը: Հայաստանն ունի այնպիսի զենքեր, որ չունի Ադրբեջանը: Բայց այդ զենքերը (առաջին հերթին նկատի ունեմ «Իսկանդերը») հիմա օգտագործելը նշանակում է Ադրբեջանն իջեցնել Կասպից ծովի հատակը. այդպիսի նպատակ կարծես թե չկա: Մենք պաշտպանական սկզբունք ունենք, Ադրբեջանը՝ հարձակողական: Մենք ասում ենք, որ այս խնդիրը պիտի լուծվի բանակցային ճանապարհով: Իսկ Ադրբեջանը, ներողություն, թքած ունի այդ բանակցությունների վրա և ուզում է հարցը լուծել զենքի ուժով:
-Բայց Ադրբեջանը գիտի, չէ՞, մեր ունեցած «Իսկանդերի» ու նրա հնարավորությունների մասին: ՈՒրեմն ինչի՞ վրա է դրել հույսը, մեր անվճռականությա՞ն:
-Հնարավոր է:
-Եվ մենք, Աստված մի արասցե, պիտի սպասենք հետախուզական պատերազմին հաջորդելիք բուն պատերազմի՞ն:
-Կարծում եմ՝ այո՛: Կարող է լինել, եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն:
-Ի՞նչ միջոցների մասին է խոսքը, և ո՞վ պիտի դրանք ձեռնարկի:
-Մինսկի խումբը, կարծում եմ, որևէ հարց չի կարող լուծել այս դեպքում:
-Այո՛, ինչպես միշտ իմաստուն մեր ժողովուրդն արդեն այդ փաստն իր համար արձանագրեց և նույնիսկ տրագիկոմիկ մոտեցմամբ՝ մեկ րոպե լռությամբ հարգեց այդ խմբի հիշատակը:
-Մենք չենք կարող այդ խմբի վրա հույս դնել: Չնայած այլ մեխանիզմ ներկայումս չկա։ Այդ Ռուսաստանն էր, որ կանգնեցրեց այս պատերազմը, բայց դարձյալ Ղարաբաղի բացակայությամբ։ Թեև Ղարաբաղի` բանակցություններին մասնակից լինելու անհրաժեշտության մասին արդեն սկսել են խոսել թե՛ մեզ մոտ, թե՛ Ռուսաստանում, թե՛ Մինսկի խմբում, էլ չեմ խոսում ամերիկացիների մասին: Եթե Ղարաբաղի մասնակցությունը վերականգնելու մտադրություն կար, սա ամենալավ առիթն էր: Եթե պիտի վերսկսվեն բանակցային գործընթացներ, ապա Ղարաբաղի ներկայությունն այդտեղ պարտադիր է: Բայց այս ամբողջն այնքան բարդ նյութ է, որ ես չեմ կարող մինչև վերջ այն մեկնաբանել մի խոսակցության ընթացքում:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»


-Լավ, ի՞նչ է հնարավոր անել ստեղծված իրավիճակում:
-Ինչպես իմ ռուս ընկերներից մեկն է իրավացիորեն ասում, Հայաստանը պետք է դառնա գիտության և ռազմական արդյունաբերության կենտրոն:
-Մանավանդ որ մենք այդ պոտենցիալը ունենք: Բայց օգտագործելու փոխարեն ցանուցիր ենք անում:
-Այո՛, ցանուցիր ենք անում: Հայաստանն ուներ ռազմական արդյունաբերության հզոր գործարաններ, որոնք հիմա ամբողջովին ավերակներ են: Այդ ամենը պետք է վերականգնել: Եվ պետք է օգտագործել, իհարկե, այն ուժեղ ներուժը, որ կոչվում է սփյուռք: Այսօր հաջողությունները ռազմական գործողությունների ժամանակ կռվողների թվաքանակով չեն որոշվում, ոչ էլ միայն ոգու գործոնով, որը մենք շատ ենք կարևորում, բայց չպետք է մոռանանք, որ պարսատիկով հնարավոր չէ հաղթել, եթե քո դեմ դուրս են բերվում այնպիսի հզոր զինատեսակներ, որոնք կարող են մեծ տարածության վրա ավերածություններ գործել: Մենք պիտի կարողանանք հետևել Իսրայելի օրինակին, որը մուսուլմանական այդ օվկիանոսում կարողացավ պահել իրեն, բազմանալ, զարգանալ և այսօր հասնել բարձունքների բոլոր ոլորտներում: Նրանք մշտապես ապրում են ռազմական ռելսերի վրա, այնտեղ երեխան անգամ գիտի, որ պատերազմի մեջ է: Եթե մենք վերջ չտանք մեր այս անհոգությանը և չկարողանանք պահել ոգու այս վերելքը, որ եղավ քառօրյա պատերազմի օրերին, կարող ենք շատ վատ բանի հասնել:

«ԿԱ ՄԻ ԱՔՍԻՈՄԱՏԻԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է»


-Ամենապարզ փաստարկը բերենք. պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը կրճատվեցին, և մարդիկ այլևս շահագրգռություն չունեցան ծառայելու զինված ուժերում: Սրա մեջ տրամաբանություն տեսնո՞ւմ եք, երբ չավարտված պատերազմի պայմաններում ապրող երկրում բարձր աշխատավարձեր են ստանում դատավորները, քաղծառայողները, այլք, բայց ոչ պայմանագրային զինծառայողները:
-Կա մի աքսիոմատիկ ճշմարտություն՝ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Դիվանագիտությունը արտաքին քաղաքականության գործիքն է: Այդ գործիքը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ արտաքին քաղաքականությունը հենվում է ներքին քաղաքականության ամուր հիմքերի վրա: Այսինքն՝ եթե տանդ ներսում կարգուկանոն չկա, դու դրսում ոչինչ չես կարող անել: Կոպիտ օրինակ է, բայց սա է պարզ ճշմարտությունը: Եթե մեր տնտեսությունը կարգի չբերվի, եթե մարդը նորմալ չվարձատրվի, եթե չվերանան կոռուպցիան, մոնոպոլիան, ստվերային տնտեսությունը, և եթե այս բոլորից բխող արտագաղթը չդադարի, մենք կարող ենք հարվածի տակ դնել մեր պետականությունը: Սա իմ խորին համոզմունքն է, որքան էլ որ մենք տաղանդավոր ենք, գիտակ ենք, բարձր ոգու տեր ենք և այլն, և այլն:
-Հայաստանում փոթորիկ առաջացրեց Բաքվում Ռոգոզինի արած հայտարարությունը: Սա ի՞նչ գնահատական ունի Ձեր աչքում:
-Այսօր չկա Խորհրդային Միությունը: Եվ այսօրվա Ռուսաստանն էլ առաջվանը չէ, այն անգամ ցարական Ռուսաստանը չէ: Բացառված չէ, որ Ռոգոզինը պաշտպանում է օլիգարխիայի շահերը, որի համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի:
-Իրենց հետաքրքրողը զենքի բիզնե՞սն է սոսկ, մարդկային գործոնը մղված է հետին պլա՞ն:
-Իհարկե: Խոսվում է Ադրբեջանին չորս միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին: Դրա կեսը վաճառվել է պաշտպանության նախկին նախարար Սերդյուկովի օրոք: Այն Սերդյուկովի, որին բանտ նստեցնելու համար նորմալ մարդիկ ամեն ինչ արեցին, բայց նա այդպես էլ բանտ չնստեց: Ո՛չ ինքը նստեց, ո՛չ էլ իր սիրուհի Վասիլևան: Հիմա այդ մարդու շատ պե՞տքն է, թե ով է իրենց վաճառած զենքով կրակում, հա՞յը, թե՞ ադրբեջանցին: Եթե մեր օլիգարխները և կոռումպացված պաշտոնյաները առաջնայինը համարում են անձնական շահը, ինչո՞ւ ենք ռուսներից նեղանում: Երբ ռուսներին մեղադրում են այդ հարցերում, նրանք պատասխանում են՝ փող աշխատեք ու թանկ զենք գնեք Իսրայելից: Ամենաարգահատելին, այսպես կոչված, «ատկատներն» են:
-Եվ բանակը բացառություն չէ՞:
-Կարծում եմ՝ ոչ: Այդ պատճառով էլ այսօր նման վիճակում ենք: Եթե որոշ գեներալներ ապրում են ապարանքներում, ինչպե՞ս չխոսել «ատկատի» մասին: Հաշվել են, որ 220 մլն դոլար բանակի վրա ներդնելու դեպքում մեր և Ադրբեջանի զինվածության մակարդակը կարելի էր հավասարեցնել: Իսկ դա ի՞նչ գումար է մեծ խաղի մեջ, որ չի գտնվում: Այդ գումարը երևի թե մեր փողոցներում ամեն րոպե երթևեկող ջիպերից տասի արժեքը չի գերազանցում: Եթե այսպիսի երևույթների առաջը չառնենք, ոչ մեկից էլ նեղանալու իրավունք չենք կարող ունենալ: Ի դեպ, զենքերի հետ կապված այլ հետաքրքիր բան էլ կա: Ադրբեջանցիները «Սմերչ» բաց թողեցին, որոնցից մեկը չպայթեց: «Սոլնցեպյոկ» օգտագործեցին, որը սարսափելի զինատեսակ է: Բայց դրանց պայթյունից ոչ մի զոհ մենք չունեցանք: Սրանք մտածելու բաներ են:
-Մեր կողմից հնչեցին տարբեր բացատրություններ. դրանք մեր տեղանքում չեն աշխատում, ադրբեջանցիները օգտագործելու ձևը չգիտեն, կենտրոնից անջատել են դրանց կարգավորման մեխանիզմները... Արդյո՞ք այդպես է:
-Ես չեմ կարող ասել, որովհետև հաստատ ինֆորմացիա չունեմ: Բայց երբեմն մենք մեզ գեղեցիկ լույսի տակ չենք դնում: Կա «T-90C» տանկը, որից ադրբեջանցիներն ունեն կարծեմ 100 հատ: Կա ավելի հին տանկ՝ «T-72»-ը, որը մերոնք չնչին գնով կամ անվճար ստացել են Ռուսաստանից: Այդ տանկերը Լեհաստանում վերազինվել, մոդիֆիկացվել են և հասել նույն «T-90C»-ի մակարդակին: Այսպիսի բաներ կան, որ մենք պիտի հաշվի առնենք: Զենքը կարող է արտադրված լինել 1980 թվականին, բայց ունենա նոր արտադրված զենքի արդիականությունը: Նույն այդ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, և Հայաստանը նրա հետ զենքի առևտուր է անում: Նույն բանն է անում նաև Ադրբեջանը: Այսինքն՝ անկառավարելի վիճակ է:
-Ի՞նչ դերակատարություն ունի այս խաղում Թուրքիան:
-Թուրքիան երբեք չի հրաժարվել իր հակահայկական քաղաքականությունից: Քանի որ Հայաստանում այս օրերին հակառուսական տրամադրություններ կան, և քանի որ Ռուսաստանն անընդհատ օգտագործում է այն թեզը, թե Թուրքիայի մատը խառն է այս ամենի մեջ, այստեղ գտնվող ամերիկյան գաղափարախոսները պնդում են, որ Թուրքիայի հետքը չի երևում այս դեպքերի համապատկերում:
-Տեսականորեն և գործնականորեն հնարավո՞ր է, որ հայերի դեմ որևէ սարսափելի բան կատարվի, և դրա մեջ խառը չլինի թուրքի մատը:
-Նայենք փաստերին: Սիրիայում կռված 70 ադրբեջանցի ահաբեկիչ եկել է Ադրբեջան։ Ես չեմ ասում, թե ադրբեջանցին մի բարի պտուղ է, բայց վիզ կտրելը ԻՊ-ի մեթոդն է: Բացի այդ, ադրբեջանական բանակում շատ են զգեստափոխված թուրքերը: Բանակի պատրաստությունը, գործելակերպը, հետախուզությունը, ստրատեգիան, տակտիկան կառուցված են թրքական բանակի հենքով: Այնտեղ գործում է թրքական բանակի «արվեստը»: Թուրքիան համարում է, որ Ղարաբաղը իրենց սուրբ հողն է, ու իրենք պատրաստ են կռվելու դրա համար Ադրբեջանի հետ միասին: Այնպես որ, եթե հիմա թուրքերի և ահաբեկիչների մասնակցությունը առերևույթ քողարկված է, ապա մի նոր հարձակման դեպքում կլինի բացահայտ և կկրի զանգվածային բնույթ: Փայփայել պատրանքներ, թե Թուրքիան անմասն է այս ամենից, անմտություն է: Թուրքիան միշտ առիթի է սպասում՝ մեզ կոտորելու համար: Այս պատճառով էլ ես մշտապես հորդորում եմ չդեմոնացնել Ռուսաստանը: Եթե Ռուսաստանն այստեղից ոտքը քաշեց, մենք կկանգնենք թրքական վտանգի դեմ միայնակ: Իսկ Ռուսաստանը նման բան չի անի, որովհետև իր շահերն է պաշտպանում այստեղ առաջին հերթին: Եվ պարզ ճշմարտությունն այն է, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, նույնքան և ավելի շատ մենք ենք պետք Ռուսաստանին:
-Ինչո՞վ կարելի է այսօր հուսադրել մեր ժողովրդին: Կա՞ հուսադրվելու հիմք:
-Իհարկե կա: Սակայն պետք է գործել անհապաղ, նպատակամղված և վճռական։ Նախ, երբ մոտ հարյուր զոհ ենք ունեցել քառօրյա պատերազմում, հարկ է համազգային սուգ հայտարարել։ Հետո, Հայաստանը ազգային-հայրենասիրական վերելք է ապրում, վերածնունդ, այն պետք է պահել: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերացվի ժողովրդի և իշխանությունների միջև ստեղծված խոր ճեղքվածքը։ Կարևորվում է ռազմական ոլորտը, բայց խնդիրներն ամենուր են: Հարկ է ստեղծել բնակչության տուրքերի, վերահսկողության, կարգապահության և կոռուպցիայի վերացման գործուն համակարգ։ Ներքաղաքական խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է որակական փոփոխություններ իրականացնել հայկական դիվանագիտությունում։ Դիլետանտիզմը պետք է արմատախիլ արվի և բացառվի հայկական իրականության բոլոր ոլորտներում։ Հայ ժողովուրդը կարող է և արժանի է լինելու XXI դարի առաջադեմ, լուսավոր, բարեկեցիկ և ապահով ժողովուրդների ընտանիքում։


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ