ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ռազմական իրավիճակի փոփոխությունը պահանջում է նոր ճշգրտումներ»

«Ռազմական իրավիճակի փոփոխությունը պահանջում է նոր ճշգրտումներ»
22.04.2016 | 12:00

Պատերազմական վերջին իրադարձությունները ստիպեցին կրկին հետ նայել և հասկանալ, թե որտեղից է սկսվել մեր պետության սխալը։ Այսօր արդեն գաղտնիք չէ, որ պատերազմի մեջ գտնվող երկիրը՝ Հայաստանը, չունի զարգացած ռազմական արդյունաբերություն, էլ չենք խոսում տնտեսության մասին։ Արդյոք մենք իրավունք ունեի՞նք հույսներս դնելու այս կամ այն պետության վրա զենք ձեռք բերելու հարցում, եթե ինքներս գրեթե ոչնչացրինք մեր ռազմաարդյունաբերական համալիրը։ Այս և մի քանի այլ կարևոր հարցերի շուրջ զրուցեցինք Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ։

-Ես չէի ասի, որ ռազմաարդյունաբերական համալիրը չի գործում,- ասաց մեր զրուցակիցը։- Այն աշխատում է համակարգված և արդյունավետ։ Սակայն ռազմական իրավիճակի փոփոխությունը պահանջում է նոր ճշգրտումներ։ Խոսքը վերաբերում է անօդաչու ինքնաթիռների արտադրության կազմակերպմանը Հայաստանում։ Մենք մի քանի տարի առաջ նման մի քանի սարք արտադրեցինք, բայց, կարծում եմ, այդ ուղղությունը պետք է զարգացնել մեր ռազմաարդյունաբերական ոլորտում։
-Ընդհանրապես, աշխարհը հաշվի է նստում զարգացած տնտեսություն ունեցող երկրի հետ։ Չե՞ք կարծում, որ մեր երկիրը ի սկզբանե ոչ արդյունավետ և ոչ ճիշտ քաղաքականություն իրականացրեց տնտեսության ոլորտում, ինչի պատճառով այսօր խնդիրներ ունենք նաև զենք գնելու հարցում։
-Միանշանակ ճիշտ եք. ունես զարգացած տնտեսություն, կարող ես վարել արդյունավետ արտաքին քաղաքականություն։ Այն, որ տնտեսությունն այս 25 տարվա ընթացքում ցանկալի աստիճանի չենք զարգացրել, փաստ է։ Որդեգրելով ազատ տնտեսական շուկայական քաղաքականություն և ամեն բան թողնելով շուկայի կամքին ու քմահաճույքին, մենք շատ ոլորտներ կորցրինք։ Դրա համար, կարծում եմ, այսօր պետություն և մասնավոր հատված գործառույթը պետք է ավելի արդյունավետ իրականացվի։ Կառավարությունը մշակել է արտահանումը խթանելուն միտված քաղաքականություն. արտահանող-արդյունաբերող կազմակերպություններին տրվում են արտոնյալ վարկեր, դրանց 3 %-ը սուբսիդավորում է պետությունը։ Հիմա մենք այս մոտեցումը, կարծում եմ, պետք է տեղափոխենք նաև ռազմաարդյունաբերական ոլորտ։ Սա կարևոր խնդիր է։ Պետք է նշեմ, որ ռազմաարդյունաբերական ոլորտի զարգացումը գտնվում է նաև Հանրային խորհրդի ուշադրության ներքո։ Պատահական չէ, որ այս խորհրդում ստեղծվել է ռազմաարդյունաբերական հարցերի ենթահանձնաժողով, որում ընդգրկված են ռազմական ձեռնարկությունների մեկ տասնյակից ավելի ղեկավարներ։ Նրանց հուզող հարցերը քննարկվելու են և կներկայացվեն հանրությանը։
-Լավ է, որ Հանրային խորհրդում ստեղծվել է այդպիսի ենթահանձնաժողով, սակայն համաձայնեք, որ ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար լուրջ ֆինանսներ են պետք, ինչն ի զորու չէ լուծելու Հանրային խորհուրդը։ Այս օրերին լրատվամիջոցներն անդրադարձան այն իշխանավորներին, որոնց գրպանները լիքն են։ Չե՞ք կարծում, որ խնդիրը կլուծվի, եթե պետությունը «մտնի» նրանց գրպանը։
-Մենք ունենք ռազմավարական շատ ձեռնարկություններ, խոսքը նաև «Նաիրիտի» մասին է, որի վերագործարկման համար չի բավարարում ընդամենը մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Մինչդեռ այդ գործարանի վերագործարկումն ուղղակիորեն կնպաստի տնտեսության աճին։ Մասնավորապես, մեր ՀՆԱ-ն 10%-ով կմեծանա։ Էլ չասեմ, որ գործարանի տարեկան եկամուտը 17 մլն դոլար կկազմի։
-Պարոն Սաֆարյան, Ձեզ ընդհատելով նշեմ, որ ես էլ հենց դա եմ ասում՝ եթե մի խումբ իշխանավորների գրպանները մի թեթև թափ տան, ոչ միայն «Նաիրիտի», այլև շատ ձեռնարկությունների վերագործարկման խնդիրը կլուծվի։
-Ես մի քանի հոգու գրպանների մասին չեմ ուզում խոսել։ Դրա մասին հանրությունը գիտի։ Իմ ասածն այն է, որ ոչ թե մի քանի հոգի, այլ պետությունը պետք է հարստանար, այսինքն՝ այն ռազմավարական ձեռնարկությունները, որոնք շահութաբեր են, պետք է լինեն պետական և ոչ մասնավոր, կամ էլ պետություն-մասնավոր բաժնեմասով պետք է աշխատեն։ Պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականությունը մեզ մոտ հաստատվել է 2000 թվից որպես գործիքակազմ, և այն պետք է լիովին աշխատի։ Այսօր մենք ունենք փամփուշտ արտադրող մասնավորեցրած գործարան, որը չի աշխատում։ Պետք է սեփականատիրոջը պարտադրել, և եթե նա չի կարող գործարանն աշխատեցնել, պետք է բարի լինի ընդունել այդ փաստը, պետությունն էլ վերագործարկման նոր ուղիներ գտնի։ Նման շատ օրինակներ կան։ Օրինակ, 8 մլն դրամ էր անհրաժեշտ, որպեսզի պահպանվեր «Կոմետա» գիտահետազոտական ինստիտուտը, որի լուծարման գործընթացը սկսվեց տարիուկես առաջ։ Մինչդեռ, եթե մենք պահպանեինք այս ինստիտուտը, ապա այստեղի գիտական ներուժը ի զորու էր մշակելու հակառակորդի էլեկտրոնային սարքերը հեռավորության վրա խափանելու ծրագիր։ Մենք բազմիցս նման հարցեր բարձրացրել ենք տարիներ շարունակ։ Կարծում եմ, այս չորսօրյա պատերազմը դարձավ լակմուսի թուղթ բոլորիս համար, և սկսած ինձնից, Ձեզնից, ժողովրդից, վերջացրած վերևներով, պետք է փոխվենք։
-Պարոն Սաֆարյան, եկեք տեղերը փոխենք. ես կասեի՝ սկսած վերևներից, վերջացրած Ձեզնով, ինձնով և ժողովրդով։
-Սկսած ամենավերից, վերջացրած մեզնով, պետք է վերափոխենք մեր գործելաոճը պետության նկատմամբ։ Դեռևս Պլատոնն է ասել. «Ես տեսնում եմ այն պետության մոտալուտ կործանումը, որտեղ իրավունքը գտնվում է իշխանավորների քմահաճույքի կամ ձեռքի տակ։ Եվ ես տեսնում եմ այն պետության հզորացումը, որտեղ իշխանավորն օրենքի ծառան է»։ Պետք է վերադառնանք 2005 տարի առաջ ասված այդ ճշմարտությանը։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ