Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

«1989-ի որոշումը ոչ ոք չեղյալ չի հայտարարել, մնում է տեխնիկական քայլեր անել»

«1989-ի որոշումը ոչ ոք չեղյալ չի հայտարարել, մնում է տեխնիկական քայլեր անել»
22.04.2016 | 00:40

«Իրատեսի» հյուրն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

-Ինչպե՞ս կբնորոշեք ապրիլի առաջին օրերի իրադարձությունները, ի՞նչ կատարվեց ու ի՞նչ հետևանքներ ունեցավ:
-Մտածե՞լ եք՝ ինչո՞ւ ամեն ինչ սկսվեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մարտի 24-ի 4-ժամանոց հանդիպումից մի շաբաթ հետո: Ինձ մտահոգում է այդ խնդիրը, մնացածները՝ դիվանագիտական առաջարկներ, տարբերակներ, այցեր, այդքան մտահոգիչ չեն: Կատարվածը ընդհանո՞ւր պայմանավորվածություն էր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը այս պահին ու այս իրավիճակում դիվանագիտական լուծում չունի: Չունի նաև ռազմական լուծում: Ապրիլի 1-2-ի առաջին դասերից մեկը դա էր՝ ռազմական ճանապարհով հարցի լուծումը փակուղի մտավ:
-Ինչո՞ւ, Ադրբեջանը քանի տարի պատրաստվում էր ու նորից չի՞ փորձի:
-Փորձում է ամեն օր ու ամեն գիշեր, հրադադարի խախտում՝ այո, բայց պատերազմ՝ հազիվ թե: Պարզ է, որ թե ԱՄՆ-ը, թե ԵՄ-ն, թե ՌԴ-ն տեղեկություններ ունեին, միանշանակ՝ այդպիսի մեծ զինուժի տեղաշարժը ու շփման գծի երկայնքով տեղակայումը չէին կարող աննկատ մնալ:
-ԱՄՆ-ը հայտարարում է, թե իր արբանյակները ՈՒկրաինայի ու Սիրիայի վրա են ուղղորդված և կադրեր չունեն: Հավանակա՞ն է:
-Ոչ, ԱՄՆ-ի ռազմական հետախուզությունը վերահսկում է մոլորակի ողջ տարածքը: Ակնհայտ է, որ կա պայմանավորվածություն՝ հարցի լուծումը այս փուլում հանձնում են ՌԴ-ին, ավելի ճիշտ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նկատեցի՞ք՝ երկու համանախագահներն ինչ պասիվ էին:
-Պասիվ էր և Իրանը՝ իբրև հարևան:
-Իրանը քաղաքական պասիվ է, Թեհրանը լավ հասկանում է, որ եթե շատ խորանա խնդրի մեջ, դուրս գալը դժվար է լինելու: Հիշեք ադրբեջանաբնակ ամբողջ շրջանը Իրանում և Իրանի արտաքին խնդիրը՝ Իսրայելը, որ լայնքով ու երկայնքով ներկայացված է Ադրբեջանում: Իրանը միշտ մտածում է՝ ի՞նքն է ուզում, թե՞ իրեն ներքաշում են, և տարածաշրջանային բոլոր խնդիրներին այդ տեսակետից է արձագանքում: ՌԴ իշխանությունների ակտիվությունը Ղարաբաղի հարցում ինչ-որ տեղ նման է Սիրիայի խնդիրներում դրսևորած ակտիվությանը: Նրանք ամբողջ աշխարհին ուզում են համոզել՝ տեսեք, որ առանց մեզ հարցը չի լուծվում ոչ մի տեղ, մինչդեռ Սիրիայում լուծում տեսնո՞ւմ եք: ԻՊ-ին վերցնել ու ոչնչացնել օդային հարձակումներով հնարավո՞ր է: Տեղում ԻՊ-ին միանգամից ոչնչացնելու համար 200-400 հազար զորք է պետք մտցնել: Կանի՞ ՌԴ-ն, թե՞ ԱՄՆ-ի կոալիցիան կանի: Ռուսները օդային հարձակումներով տարածք են ազատում, որոշ ժամանակից ԻՊ-ը հարձակվում ու ավելի մեծ տարածք է վերցնում, օրինակ, Հալեպի դեպքերը: Հաղթանակի մասին խոսելը դեռ շատ վաղ է: Այդ դեպքերում հնարավո՞ր են քաղաքական լուծումներ: Ոչ: Ցավոք, կան իրավիճակներ, երբ քաղաքական լուծումներ գտնելու բազա դեռ ստեղծված չէ: Նույնն է Լեռնային Ղարաբաղում: Այսօրվա դրությամբ հնարավո՞ր է քաղաքական լուծում գտնել: Ոչ: Աշխարհում ու տարածաշրջանում այնպիսին է ուժերի դասավորությունը, որ Պուտինը, Օբաման, Մերկելը, Էրդողանը, Ալիևը իրենց պապիկների ձեռքն էլ բռնած գան՝ այսօրվա դրությամբ քաղաքական լուծում չեն տալու: Այլ իրավիճակ է պետք ստեղծել՝ քաղաքական լուծում գտնելու համար:
-Ի՞նչ իրավիճակում է քաղաքական լուծումը հնարավոր:
-Ինչո՞ւ եք շտապում: Աշխարհի հարցերը հայե՞րը պիտի լուծեն:
-Այդ պարագայում նորից մնո՞ւմ է ռազմական լուծումը:
-Ի՞նչ կատարվեց ապրիլի 1-2-ին իրականում: Բոլոր կողմերը, միմյանց հետ պայմանավորված, յուրաքանչուրն ունենալով իր աշխարհաքաղաքական ծրագիրը, որ մյուսի ծրագրից տարբեր է, եկան եզրակացության՝ որպեսզի հարցը տեղից շարժվի, ռազմական էսկալացիա է պետք, որին հետևելու է քաղաքական էսկալացիան: Ռազմական էսկալացիան եղավ, ու շատ արագ պարզ դարձավ, որ խնդիրը, առանց հազարավոր զոհերի, չի մոտենա ռազմական լուծման: Արդեն չորրորդ օրը շատ հետաքրքիր հայտարարություն հնչեց՝ Ադրբեջանը ռմբակոծելու է Ստեփանակերտը: Եթե ունես ռազմաճակատում ռազմական հաջողություններ, խաղաղ բնակավայրի տոտալ ռմբակոծությունն ի՞նչ խնդիր է լուծում: Դա միանգամից վկայեց, հատկապես զինվորականների համար, որ ճակատում Ադրբեջանի գործերը լավ չեն, «Սմերչը», «Սոլնցեպյոկը», «Կամիկաձեն» ԱԹՍ-ները մեծ պատերազմի զենքեր են, պարզ է, որ քո ռազմական-մարտավարական խնդիրը չես լուծել, եթե այդ զինատեսակներին ես դիմում: Իհարկե, ամեն ինչ անթերի չէր հայկական կողմի համար, և իշխանությունը այդ խնդիրների պատասխանը դեռ տալու է: Փաստացի՝ ապրիլի 1-2-ին աշխարհաքաղաքական ուժերը ընդհանուր պայմանավորվածությամբ փորձեցին տեղից շարժել ԼՂ հիմնախնդիրը՝ յուրաքանչյուրն ունենալով իրարամերժ շահերի եզակի համադրում, որ համատեղ գործողությունների ծրագիր ձևավորեց: Սկզբից հայտարարվում էր, թե ԱՄՆ-ի միջնորդությամբ նախագահների հանդիպում է լինելու, չեղավ, տասը տարվա մեջ առաջին անգամ Ալիևը գնաց ԱՄՆ միջուկային համաժողովի՝ ընդգրկված չլինելով որևէ միջուկային ծրագրում, ատոմակայան չունենալով, միջուկային որևէ խնդիր չունենալով: Ինչո՞ւ գնաց: ԱՄՆ-ը սկսել էր շրջանառել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու գաղափարը, բայց Ալիևը գալիս է ԱՄՆ ու նույն օրը Հավայի նահանգը ճանաչում է ԼՂՀ անկախությունը: Մեծ վերլուծաբան պետք չէ լինել՝ արձանագրելու, որ ստեղծվել է իրավիճակ, կատարվել են սադրիչ քայլեր, որպեսզի տեղաշարժ սկսվի:
-Լավ, ասենք, տեղաշարժ եղավ, ու՝ ի՞նչ:
-Հիմա կողմերից յուրաքանչյուրն այդ տեղաշարժը փորձում է օգտագործել իր շահերի համար: Ռուսաստանը, հասկանալի է, պիտի կանգնեցներ կողմերին, որովհետև շատ լավ հասկանում էր, որ իր հարավային սահմանին երկրորդ ճակատ է բացվում: Ակնհայտ էր, որ ամեն ինչի մեջ ընդգրկված է Թուրքիան, որը որոշակի ուժերի ձեռքին սադրիչ գործիք է՝ Սիրիայում, Իրաքում, ռուսական ինքնաթիռ են խփում, իր ներսում էլ հանգիստ չէ, պայթյուններ, ահաբեկչություններ: Երբ Էրդողանը ընտրվել էր նախագահ, պաշտոնակալության արարողությանը մասնակցող պատվիրակություններից ամենաբարձրերից մեկը Հայաստանինն էր՝ արտաքին գործերի նախարար: Իմանալով ում խնդրանքով է արվում՝ Սերժ Սարգսյանին Facebook-ով առաջարկեցի Էդուարդ Նալբանդյանին Անկարա չուղարկել, որովհետև պարզ էր՝ ով է Էրդողանն ու ինչի է ընդունակ, հիմա Էրդողանը պատասխանում է Թուրքիայի նախագահի կնոջ եփած տոլման ուտելուն: Կողմերը ԼՂ խնդրից իրենց օգուտներն են ուզում, բայց պատերազմն անկախատեսելի գործընթաց է: Երբ Հիտլերին բերում էին իշխանության, արդեն կանխատեսված էին ռազմական գործողությունները Եվրոպայում, նրան այլ առաքելության էին նախապատրաստում՝ ԽՍՀՄ-ի հարցը լուծելու: 1944-ին հայտնի մահափորձը Հիտլերի դեմ համընկավ խորհրդային զորքերի Լեհաստանի սահման հասնելուն, ռազմական հեղաշրջման նպատակը Եվրոպայի շեմին Մոսկվային կանգնեցնելն էր:
-Ինչո՞ւ:
-Որովհետև պատերազմները գործողություններ են, որտեղ ամեն ինչ հաշվարկել անհնար է: Լավ, Հիտլերին ուղղորդեցին ԽՍՀՄ-ի դեմ, ԽՍՀՄ-ը չհանձնվեց, հետո՞, ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից: Բաքուն հարձակվեց, ու հայերը չնահանջեցին, հետո՞: Հիտլերին արդեն կանգնեցնել չէր ստացվում, ոչ էլ Ստալինին, հետո՞:
-Ռուսները մեզ ինչպե՞ս կանգնեցրին:
-Երկուսին էլ կանգնեցրին այնտեղ, որտեղ կարողացան դեռ կանգնեցնել: Կարծում եմ՝ մեզ վերջին անգամ էին կանգնեցնում:
-Այդ դեպքում ՌԴ արտգործնախարարը ինչո՞ւ է Երևան գալիս:
-Իրավիճակից ելք գտնելու: Հրապարակված առաջարկներին պետք չէ լուրջ վերաբերվել՝ իմանալով, որ թերթն է հեղինակը: Երբ Պուտինը պաշտոնյա է փոխում, մամուլից են տեղեկանում, ինչպե՞ս պատահեց, որ աշխարհաքաղաքական լրջագույն շահեր շոշափող, երկրների ու պետությունների ճակատագրերին վերաբերող առաջարկները «Իզվեստիան» հեշտ ու հանգիստ հրապարակում է: Նյարդերի պատերազմ է: 21-րդ դարի դիվանագիտությունը շատ նման է խաչակրաց արշավանքների ժամանակներին, հիմա շիկացնելու են իրավիճակը՝ դուք կորուստներ եք ունենալու, անկանխատեսելի իրավիճակներ և այլն, և այլն: Մեծ պատերազմի ոչ մի կողմը չի գնա, դա իսկապես անկանխատեսելի զարգացումներ կբերի, դիվանագիտական լուծում էլ հարցին չկա: Մեդվեդևը բացահայտ ասաց՝ ավելի լավ է՝ ստատուս քվոն մնա, քան պատերազմ լինի:
-ԱՄՆ-ում նոր նախագահ է ընտրվելու նոյեմբերին, Գերմանիայում ամեն ինչ կանցլերի փոփոխության մասին է խոսում, Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են եկող տարի՝ Սարկոզի՞ն կվերադառնա, Օլա՞նդը կմնա, թե՞ Լը Պենը կգա, ի՞նչ փոփոխություն կլինի Ռուսաստանում 2018-ին, ոչ ոք չի կարող ասել: Ես հասկանում եմ, որ այդ պետություններում նախագահի կամ վարչապետի փոփոխությամբ արտաքին քաղաքականություն չի փոխվում, այնուհանդերձ, չի՞ հասունացել այն իրավիճակը, որ նոր ղեկավարը պիտի քաղաքական կուրս փոխի՝ ելնելով իրադարձությունների զարգացումից:
-Իհարկե, աշխարհում փոփոխություններ կլինեն, բայց նման կոնֆլիկտների վրա այդ փոփոխությունները, փորձը ցույց է տալիս, շատ քիչ են ներգործում: Կան կոնֆլիկտներ, որ այնքան անկախ են, որ իրենցից ոչինչ կախված չէ: Էական է, թե կոնֆլիկտի լուծման ինչ պայմաններ են ստեղծված:
-Ձեզ չի՞ թվում, որ ժամանակն է մադրիդյան, կազանյան, քիվեստյան, չգիտեմ էլ՝ ինչյան փաթեթը փաթաթել ու մի կողմ դնել և բացարձակ այլ տարբերակ մշակել:
-Հայաստանում ընդունված է, որ քաղաքական գործիչները անպայման ինչ-որ առաջարկություններ պիտի անեն, բայց առաջին հերթին պետք է մտածել, որ դա պետության խնդիրն Է: Ինչո՞ւ ենք մենք միշտ շտապում, ինչո՞ւ ենք իրադարձություններից առաջ վազում, թող Ձեր ասածն ասի Մինսկի խումբը, թող ասի Ադրբեջանը: Հաղթած կողմը նման առաջարկներ չի անում: Եթե Ադրբեջանին չի հաջողվում Ստեփանակերտը գրավել, իսկ դա չի էլ հաջողվի, ամեն ինչ փաթաթած ու մի կողմ դրած է ինքնին: Ապրիլի 1-2-ի շատ կարևոր դասերից էր, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բոլոր առումներով պարտված դուրս եկան՝ թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական առումներով: Ինչպե՞ս ստացվեց, որ աշխարհում Հայաստանը որևէ բարեկամ չունի, Ռուսաստանն էլ արդեն համարյա թե մեր թշնամին է, ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի ներսում նա չի կարողանում էլեմենտար քաղաքական միասնություն ձևավորել: Ինչո՞ւ տապալվեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Որովհետև Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառուցած գաղափարախոսության հիմնաքարը «Ապահով Հայաստանը» չէ, այլ՝ կռվող երկիր ենք, ամեն ինչ պիտի ներեք ու ընդունեք: Հիմա ՀՀ նախագահը պիտի մտածի՝ ո՞վ լուծեց նաև այս հարցը, երբ տապալվեց իր քաղաքականության ամբողջ փիլիսոփայությունը:
-Բայց կա՞ տապալման գիտակցությունը, որ մտածեն, կամ չմտածեն:
-Ֆրանսիացի քաղաքական գործիչ, գրող կար՝ Շառլ Մոնտալամբերը, որ ասում էր՝ դուք կարող եք չզբաղվել քաղաքականությամբ, որովհետև քաղաքականությունն արդեն զբաղվում է ձեզնով: Հասկացան-չհասկացան՝ լինելու է այն, ինչ լինելու է:
-Մենք ռազմական հաղթանակները սովորաբար դիվանագիտական դաշտում զրոյացնում ենք, տոտալ նահա՞նջ ենք սկսում:
-Մենք այս անգամ ռազմական հաղթանակ չենք ունեցել, ռազմական հաղթանակը նոր հողեր ու նոր դիրքեր գրավելն է, հակառակորդի կապիտուլյացիան: Իրերն անվանենք իրենց անուններով՝ մենք թույլ չենք տվել Ադրբեջանին ռազմական հաղթանակ տոնել: Մենք չենք էլ դրել ռազմական հաղթանակի խնդիր:
-Բանակցությունները հնարավո՞ր է վերսկսել, ի՞նչ պայմաններ պիտի Հայաստանն առաջադրի:
-Այդ հարցերի համար վաղ է նախ, և երկրորդ՝ նման հարցերը ուղղեք իշխանությանը: Իշխանությունը բումերանգի հետհարվածով ստացավ այն, ինչին տարիներ շարունակ ձգտել էր՝ քաղաքական մտքի ամլություն, վերլուծական մտքի պակաս, ռացիոնալ մտածողության իսպառ ոչնչացում, ուռռա՜ հայրենասիրությունը՝ իբրև պրոպագանդայի ու ագիտացիայի միակ ձև, որը չի ներառում խորքային վերլուծություն, սահում է մակերեսով ու արձանագրում զմայլանք առ իշխանությունը: Բոլորն ամեն ինչ գիտակցել են, բայց ընդունելը մեծ հարց է:
-ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի կողմից ՀՀ նախագահի դիվանագիտական գրո՞հն էր՝ ստեղծված իրավիճակում, թե՞ ռեալ է:
-Իբրև դիվանագիտական հնարք դա կարելի է օգտագործել, բայց չչարաշահել, որ աշխարհը չընտելանա: Հիմա այդ քայլը տրամաբանությունից դուրս է, անհավասարակշիռ հայտարարություն կլինի հիմա: Մենք պիտի մտածենք ոչ թե Ղարաբաղի անկախության մասին, այլ իրադարձությունները հանգեցնելու են Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մաս հայտարարելուն, Սահմանադրության փոփոխության: Ես ստատուս քվոյի կողմնակից եմ, բայց եթե իրավիճակը շարունակի սրվել, երկու հայկական պետությունները կմիավորվեն, 1989-ի որոշումը ոչ ոք չեղյալ չի հայտարարել, մնում է տեխնիկական քայլեր անել:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ