ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Խաղաղությունն այլընտրանք չունի տարածաշրջանում»

«Խաղաղությունն այլընտրանք չունի տարածաշրջանում»
15.04.2016 | 00:46

Օրերս կնքված Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան էներգետիկ պայմանագիրը կարելի է համարել աննախադեպ` մի քանի առումներով. հայաստանյան էներգետիկ ոլորտը, որը ռուսական «գերակայության տարածք» էր, «ճեղքում» արձանագրեց` դիվերսիֆիկացիոն լուրջ հեռանկարով: Մեր հարևանների շահերն ու հետաքրքրությունները բրգացան հատկապես հայաստանյան «գետնին» վրա, տրանզիտ ուղու վերածելով Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլև գեոքաղաքական առումներով: Հիշենք. քառակողմ հանդիպումը նախատեսված էր Վրաստանում, սակայն կողմերը եզրակացրին, որ Հայաստանը քաղաքականապես առավել «հարմարավետ» երկիր է` նման պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, որովհետև բարձրաստիճան ռուս պաշտոնյաները հակված չեն Վրաստան մեկնելու: Եթե սրան էլ գումարում ես այն «նուրբ» հանգամանքը, որ ռազմավարական կարևորության այդ պայմանագրի ստորագրումը տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա դեպքերից վայրկյաններ անց, ապա ստորագրված պայմանագիրը վերածվում է գրեթե տարածաշրջանային «համերաշխության-խաղաղության» փաստաթղթի:
Այս և «մնացյալ» հարցերի շուրջ է մեր զրույցը էներգետիկայի և բնական պաշարների նախարար ԼԵՎՈՆ ՅՈԼՅԱՆԻ հետ:

-Պարոն Յոլյան, «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման «ճանապարհային քարտեզը», ի վերջո, իրենից ի՞նչ է ներկայացնում:
-Քարտեզի աշխարհագրությունը հետևյալն է. մինչև 2019 թվականը պետք է պատրաստ լինեն Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան 400-կՎ լարումով էլեկտրագծերը. Այրումում կստեղծվի ենթակայան և մշտական կետ` էլէներգիան «բաշխելու» համար, վրացական կողմն այդտեղից կկառուցի 500 կՎ լարումով էլեկտրագիծ` մինչև Մառնեուլ, որտեղ ենթակայանի հզորությունը պլանավորվում է 220 կՎ, ապա շինարարությունը կգնա մինչև Կազբեկ, որից հետո ռուսական կողմը, ավարտելով մեր վրաց գործընկերների հետ պայմանավորվածությունների փուլը, էլեկտրագծի կառուցումը կշարունակի մինչև Մոզդոկ: Սա է ընդհանուր պատկերը:
-Ի՞նչ կշահի այդ «քարտեզից» կոնկրետ հայկական կողմը:
-Նախ ընդգծենք, որ «քարտեզը» ապագային միտված ռազմավարական նշանակության պրոյեկտ է` տնտեսական հնարավորությունների լայն դաշտ, զարգացման լուրջ հեռանկար: Ապա և` այդ պայմանագրով բարձրավոլտ էլեկտրագծերով հոսանք տեղափոխելու հայաստանյան հզորությունները կմեծանան 4-5 անգամ:
-Կա՞ն գոնե մոտավոր հաշվարկներ, թե այդ «մեծացումներն» ինչ թվային տեսք ունեն մեզ համար:
-Միանշանակ:
-Հրապարակայնացման ենթակա՞ են դրանք, թե՞…
-Մինչև 2036-ը էներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման մասին կառավարության որոշում կա` թվայնացված, որոշարկված, թե յուրաքանչյուր տարում` սկսած 2019-ից, որքան էլէներգիա է վաճառվելու Իրանին, որքան` Վրաստանին, 2020-ին` որքան… և այդպես շարունակ: 2019-ից հետո այս պայմանագիրը հնարավորություն է մեր տնտեսության, բյուջեի համար, որպես լուրջ ռեզերվ: Այն բավականին լուրջ զարգացման հարթակ է նաև էներգետիկ համակարգի զարգացման համար:
-Ի դեպ, միջանցքի ողջ «երկայնքի» ներդրումային փաթեթն արդեն իսկ առկա՞ է, թե՞ այդ առումով ևս «ճանապարհային քարտեզ» պետք է գծվի:
-Հայաստանի մասով առկա է. ծրագրերն արդեն իսկ իրականացման փուլում են և մինչև 2018-ի ավարտը` բոլոր ներդրումները երաշխավորված. Մոզդոկ-Կազբեկի կառուցմամբ էլ կձևավորվի ցանցի ամբողջական, այսպես ասած, «տեսքը»:
-Պարոն Յոլյան, նկատենք, որ հանդիպումը տեղի ունեցավ ղարաբաղյան վերջին` քառօրյա պատերազմից մի քանի ժամ անց: Բոլոր դեպքերում, հետաքրքիր է, ստորագրված պայմանագիրը անվտանգության երաշխիքի կոմպոնենտ ունի՞ իր մեջ, մանավանդ որ քառակողմ երկրներն էլ իրենց հերթին բավականին «բարդ» երկրներ են` այդ առումով:
-Նման խնդիրներ մենք չենք քննարկել, սակայն միանշանակ է, որ էներգետիկ միասնական համակարգն ինքնին նման երաշխիքներ պարունակում է: Պատկերավոր ասած, այն «խաղաղության մասին» պայմանագիր է, որովհետև, երբ որևէ մեկը որևէ կարգի հակամարտության մեջ հայտնվի, կնշանակի` կվնասվեն առաջին հերթին վերջինիս էներգետիկ ենթակառուցվածքները: ՈՒստի պայմանագիրն ուրույն ուղերձ էր ` բոլոր վատ հասկացողներին, որ խաղաղությունն այլընտրանք չունի տարածաշրջանում:
-Ի դեպ, մի պահ կարծես տորպեդահարվել էր հանդիպումը. մամուլը գրեց, որ սկզբունքային համաձայնություն կա, սակայն կողմերի միջև ժամը «չի համընկնում». կա՞ր նման բան: Մամուլը գրեց նաև` քաղաքական էր պատճառը:
-Բնավ: Հայաստանյան հանդիպման հետ կապված չի եղել և չէր կարող լինել քաղաքական որևէ խնդիր: Խնդիրներ են եղել, այսպես ասած, կազմակերպական մասով` զուտ կողմերի զբաղվածության հետ կապված, որոնք լուծվեցին, և հանդիպումը, ինչպես տեսաք, տեղի ունեցավ հավուր պատշաճի: ՈՒրիշ` ոչինչ:
-Քաղաքական չէ՞ր նաև Վրաստանից Հայաստան տեղափոխելու մոտիվացիան. մամուլը գրեց, որ խնդիրներ կան ռուս-վրացի Ձեր կոլեգաների «հարաբերություններում»: Բոլոր դեպքերում, հետաքրքիր է, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում տեղի չունեցավ, սակայն ահա` այս քառակողմ հանդիպումը կայացավ մեզ մոտ:
-No comment:
-Իսկ պայմանագիրն ստորագրելու, քննարկելու ընթացքում Ձեր ռուս և վրացի կոլեգաները հե՞շտ էին շփվում:
-Անչափ:
-Կոմպլեքսավորված չէի՞ն:
-Չէի՜ն: Աշխատանքային, բարեկամական, խնդիրների նկատմամբ օպերատիվ-բովանդակային լուծումների մթնոլորտ էր:
-Եվ վերջին հարցը. Դուք ասացիք` էներգետիկ-ճանապարհային նոր քարտեզով 2019-ից չորս անգամ կմեծանան մեր էներգետիկ հզորությունները և շուկան: Տա Աստված, որ այդպես լինի, և այնուհանդերձ, հնարավո՞ր է, որ այդ ժամանակ մեր գազի շուկան էլ փոխվի, և մենք ավելի շատ էներգետիկ սպառմանը զարկ տանք, քան գազային, որովհետև առաջինն ինքներս ենք արտադրում, իսկ «մյուսը» ներկրում ենք: Դրանով ազատվելով նաև «այլևայլ» խնդիրներից:
-Մի կողմ թողնելով Ձեր քաղաքական «ակնարկները», տնտեսական մասով ասեմ` չի բացառվում: Տեղեկացնեմ նաև, որ մենք այս ամենին զուգահեռում ենք արևի, քամու, հողմային էներգետիկայի այլընտրանքային ծրագրերը ևս, որպես զարգացման ուղի, այնպես որ` կաշխատենք, կտեսնենք:


Զրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ