ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Վտանգի պահին ես ու դու, իմ ու քո չկա, կա՝ մենք, ու մենք մի բռունցք ենք»

«Վտանգի պահին ես ու դու, իմ ու քո չկա, կա՝ մենք, ու մենք մի բռունցք ենք»
14.04.2016 | 00:37

ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ ԵԽԽՎ հերթական նստաշրջանի մասին հարցեր տալուց հետո (հարցազրույցը կտպագրվի վաղը՝ «Իրատես» թերթում) չէի կարող չանդրադառնալ ընթացիկ օրակարգին.


-Հայտնի իրադարձությունների թելադրանքով հանդիպեցին առաջին ու երրորդ նախագահները, բացի վտանգի առաջ միասնականության խորհրդանշական գաղափարի հաստատումը, գործնական նշանակություն նրանց հանդիպումը կունենա՞:
-Առաջին հերթին շատ կարևոր է հենց այդ միասնականության գաղափարը, ոչ միայն ողջունում եմ առաջին նախագահի այդ քայլը և գործող նախագահի պատրաստակամ արձագանքը, այլև այն, որ քառօրյա պատերազմի ընթացքում յուրաքանչյուրս մեկդի թողեցինք բաժանարար բոլոր գծերը, քաղաքական ու անձնական տարակարծությունները ու գործեցինք նույն խրամատից: Հայ գենի մեջ խորապես նստած է, որ հայրենիքին սպառնացող վտանգի պահին ես ու դու, իմ ու քո չկա, կա՝ մենք, ու մենք մի բռունցք ենք: Առաջին նախագահի քայլը կարևոր էր այն կոչով, որ նա ուղղեց հասարակությանը՝ համախմբվել նախագահ Սերժ Սարգսյանի շուրջը՝ ուժեղացնելով նախագահին ու իշխանությունը, պետությունը, Հայաստանն ու Արցախը, թե պատերազմական գործողություններում, թե բանակցային գործընթացում : Ռազմադաշտում մենք փայլուն կարողանում ենք միասնականանալ, բազմիցս եղել է, այս անգամ ևս զարմացրինք հակառակորդին, աշխարհին, գուցե նաև ինքներս մեզ, երբ ոտքի կանգնեց ամբողջ հայությունը՝ Հայաստանում, Արցախում ու սփյուռքում՝ մի մարդու պես, երբ որևէ մեկը Արցախից հեռանալու մասին չէր մտածում, այլ՝ բոլորը շտապում էին Արցախ: Սա բացառիկ միասնություն է, որ կարևոր է պահպանել ոչ միայն պատերազմի, այլև խաղաղության օրերին, երբ պակաս կարևոր խնդիրներ չեն դրվում ու լուծվում: Մենք խաղաղ ապրող ու խաղաղության ձգտող ժողովուրդ ենք և մտածել ենք, որ հակառակարդն էլ է դա հասկանում, մենք որևէ մեկի համար վտանգ չենք ներկայացնում, նկրտումներ չունենք, ընդամենը մեր հայրենի հողում ազատ ու անկախ ապրել ենք ուզում և դրա համար է ԼՂ ինքնորոշման պայքարը: Երևի թե մենք ժամանակից շուտ էինք հանգստացել, հիմա պիտի կարողանանք առօրյա կյանքում, քաղաքականության մեջ, ամեն տեղ ու մշտապես հիշել, որ մենք պատերազմող տարածքում ու ժամանակում ապրող ժողովուրդ ենք ու իրավունք չունենք թուլանալու, առավելևս՝ չհաղթելու:
-Ինչու՞ երկրորդ նախագահը չցանկացավ ազգային միասնականութան մաս կազմել, ինքնամեկուսացու՞մ էր, թե՞ քայլ առաջ:
-Չեմ կարծում, որ մեկին դրվատելու, մյուսին քննադատելու ժամանակն է: Պարզապես պիտի ընդունենք ինչ կա՝ յուրաքանչյուրը յուրովի է գնահատում իր տեղն ու դերը, անելիքն ու չանելիքը: Այսօրվա բոլոր գործողությունների հենքը և ուղղորդողը գործող նախագահն է, մյուսները՝ քաղաքական ուժեր, անհատներ, պիտի կարողանան քաղաքական աջակցությամբ, գործնական քայլերով ուժեղացնել գործող նախագահին:
-Վաշինգտոնից վերադառնալով ԱԽ նիստում նախագահը կառավարությանը հանձնարարեց ԼՂ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագրի նախագիծ պատրաստել, հաջորդ օրը դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ադրբեջանական ագրեսիան շարունակվելու դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն: Կարծու՞մ եք, որ հարցը դեռ օրակարգում է:
-Հուսով եմ՝ Եվրախորհրդարանի քննարկումից հետո այդ հարցը կլինի ոչ միայն Հայաստանի օրակարգում, այլև՝ եվրոպական բազմաթիվ երկրների, որոնց ներկայացուցիչները հիմնավորում էին, թե ինչու պետք է ճանաչել ԼՂՀ-ն: Միջազգային հանրությունը և միջազգային իրավունքը այս իրավիճակից լուրջ հետևություններ պիտի կարողանան անել: Հետևություններ, որոնք ոչ միայն մեկ երկրի ու մեկ ժողովրդի կվերաբերեն, այլև շատ ավելի հեռուն գնացող եզրակացություններ:
-Նկատի ունեք փոփոխությունները միջազգային իրավունքի՞ նորմերում:
-Միջազգային իրավական միտքը պիտի պատասխանի հարցերի, որ օրեցօր ավելի հրատապ են դառնում ու ավելի մեծ տարածքներ են ընդգրկում: Օրինակ՝ մարդու իրավունքների շրջանակներում ազգերի ինքնորոշման իրավունքը նույնպիսի հարգանքի արժանի իրավունք չէ՞, ինչպես մյուս իրավունքները: Կյանքի իրավունքը առաջնային չէ՞: Որևէ մեկն իրավունք ունի՞ իր քաղաքական, տարածքային կամ այլ նկրտումներից ու նպատակներից ելնելով՝ կրակել անզեն մարդկանց վրա, ականջ ու գլուխ կտրել, ագրեսիա նախաձեռնել, երբ ժողովուրդը բարձրացնում է իր ինքնորոշման իրավունքի հարցը: Ես միջազգային իրավունքի մասնագետ չեմ, ինչպես օրեր առաջ հայտարարեց եվրոպացի մի շատ բարձրաստիճան տիկին, ես քաղաքական գործիչ եմ և գտնում եմ, քաղաքական գործիչները, միջազգային հանրությունը այս հարցին պետք է լուրջ վերաբերվեն: Եթե Մեծ Բրիտանիայի իշխանությունները անկախության հանրաքվե անող Շոտլանդիային պատերազմ չեն հայտարարում ու չեն կրակում շոտլանդացիների վրա, պատճառը քաղաքական բարձր մշակույթ ունենա՞լն է, եթե Ադրբեջանը այդ մշակույթը չունի, Լեռնային Ղարաբաղը մեղավո՞ր է, ուրեմն Բաքուն կարող է կրակե՞լ ու սպանե՞լ իրենց իրավունքի համար պայքարող մարդկանց: Սա հարց է, որի պատասխանը, կրկնում եմ, միայն Արցախին չի վերաբերում, ժամանակակից աշխարհում ազգերի ինքնորոշման սկզբունքը առավել ու առավել հաստատուն է գործում և աշխարհի քաղաքական քարտեզին նոր պետություններ են հայտ գալիս՝ աշխարհագրական նույն տարածքներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ