ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության ցանկացած գործընթաց խեղաթյուրված կլինի»

«Առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության ցանկացած գործընթաց խեղաթյուրված կլինի»
08.04.2016 | 01:00

ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆ
(«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր)

-Հրադադարին հաջորդել է բանակցային փուլը: Ինչպիսի՞ փաստաթուղթը կարող է ձեռնտու լինել հայկական կողմին:
-Անպատճառ ԼՂՀ-ն պետք է որպես կողմ հանդես գա, այլապես դա որևէ արժեք չի կարող ունենալ: ԼՂՀ-ի, որպես բանակցային լիիրավ կողմի, ներկայությունն ուղղակի պարտադիր է: Սա ոչ միայն հայկական կողմը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ադրբեջանը պետք է կարևորեն: Առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության ցանկացած գործընթաց խեղաթյուրված կլինի: Եթե լինի նոր փաստաթուղթ, անպայման այնտեղ ներառված պետք է լինեն այն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի վերահսկել զինադադարը, որպեսզի հստակ երևա, թե որ կողմը ինչ քայլեր է ձեռնարկել: Այդ մեխանիզմներից կարող են լինել կրակի ուղղությունը գրանցող սարքերը: Կարծես այս անգամ մի կողմ է դրվելու 1994-ի զինադադարի պայմանագիրը, որն իրականում չաշխատեց էլ, քանի որ այն Ադրբեջանի համար ոչ էական փաստաթուղթ էր կամ, ավելի ճիշտ, թղթի կտոր, և Ադրբեջանն այս տարիներին շարունակ խախտել է այդ պայմանագիրը: Եթե վերահսկման մեխանիզմներ լինեն, զինադադարը խախտելու պարագայում Մինսկի խմբի, միջազգային կառույցների համար ակնհայտ կդառնա, որ Ադրբեջանն ագրեսոր է: Մենք պետք է նաև պահանջենք, որ այստեղ ԵԱՀԿ-ն ունենա մշտական դիտորդական առաքելություն, որպեսզի հստակ երևա` ով է խաղաղություն կամ պատերազմ ցանկանում, ով է նախահարձակ և սադրիչ գործողություններ իրականացնում: Մինսկի համանախագահներից երկուսը` ԱՄՆ-ը և Ռուսաստանը, նաև արբանյակային կապով դիտարկում անելու հնարավորություն ունեն, և հայկական կողմը պետք է պահանջի այդ օրերին նկարահանվածի տեսագրությունը, որից ամեն ինչ պարզ կդառնա, կապացուցվի, որ պատերազմի վերսկսման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը:
-Այդ փաստաթղթում հնարավո՞ր է այնպիսի դրույթ ամրագրել, որը զինադադարը չխախտելու երաշխիք կլինի։
-Կարևորագույն խնդիրները միայն պայմանագրերով չեն լուծվում: Պետք է փորձել հասկանալ, թե զինադադարի խախտման պատճառը որն է, տարածաշրջանում անկայունություն ստեղծելու համար աշխարհաքաղաքական կենտրոններն ինչպիսի շարժառիթներ ունեն: Իհարկե, արդեն նշեցի, որ պայմանագրում կարող են հստակ նշվել մեխանիզմները, որոնք ցույց կտան, թե ով է խախտում զինադադարը, և խախտող կողմը կպատժվի: Անշուշտ, սա իր ազդեցությունը կունենա Ադրբեջանի վրա: Կարծում եմ, համապատասխան փաստաթուղթն ունենալուց հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային կառույցները պետք է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեն և արգելեն նրան զենք մատակարարել, քանզի Ադրբեջանի մեծ ծավալներով սպառազինումը խախտում է տարածաշրջանում ուժերի բալանսը:
-Դուք միջազգային հանրությունից, ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջում եք իրերը կոչել իրենց անուններով, բայց նրանք համառորեն Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության մեջ են դիտարկում` հավասարության նշան դնելով նրանց միջև:
-Եթե չլինեին հավասարության նշան դնող առ ոչինչ հայտարարություններն ու կոչերը, այսօրվա իրողությունները չէին լինի, այսինքն, կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունները և ադրբեջանական ագրեսիան չդատապարտելը ևս նպաստեցին այս իրավիճակին: Մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ևս մատը մատին չի տալիս, անգամ ԵԱՏՄ վարչապետերի խորհրդի Երևանում կայանալիք նիստն է տեղափոխվում Մոսկվա: Սա Հայաստանի հանդեպ ոչ ճիշտ, ռազմավարական գործընկերոջը ոչ հարիր պահվածք է և աջակցություն Ադրբեջանին: Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր, պարտավոր էր ժամ առաջ, ըստ պայմանագրային պարտավորությունների, դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին և խզել այդ պայմանագրերը: Մյուս աշխարհաքաղաքական կենտրոնները ևս պարտավոր են հրաժարվել հավասարության նշաններից, պետք է հասցեական գնահատականներ հնչեցնեն և պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի հանդեպ, որն իր գործողություններով տարածաշրջանում խորացնում է անկայունությունը:
-Հայաստանի իշխանությունն այս ռազմական գործողություններից հետո աջակիցներ, դաշնակիցներ, բարեկամներ ընտրելու հարցում ինչպիսի՞ դասեր պիտի քաղի:
-Չէի ցանկանա ասել, որ Հայաստանը միջազգային հարթակում գրեթե միայնակ էր, քանի որ նաև արդարացի գնահատականներ հնչեցին: Մի բան հստակ է՝ մեր հասարակությունը շատ կարևոր հետևություններ արեց, լավ կլինի նաև իշխանությունները իմիտացիայից հրաժարվեն և հասկանան, որ ռազմավարական գործընկերները միայն հայտարարություններով չեն լինում: Որևէ մեկը թող չփորձի Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգությունը տարանջատել, մենք փաստի առաջ կանգնեցինք, երբ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը պարզապես չգործեց իր պարտավորություններին համահունչ, երբ, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և ունենալով միջազգային պարտավորություններ՝ նպաստելու կողմերի միջև խաղաղության հաստատմանը, շարունակում էր բացառապես հարձակողական զինատեսակներ վաճառել մեր հակառակորդ Ադրբեջանին ու դա որակել զուտ բիզնես: Սրանից հետևություններ չանելը, այս ամենը չգիտակցելը քաղաքականապես ամենամեծ վտանգը կլինեն մեր անվտանգությանը և ինքնիշխանությանը: Բոլոր քաղաքական ուժերը ևս պետք է հետևություններ անեն: Սա մեր արժանապատվության խնդիրն է:


Զրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ