ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Առաջադրվել եմ ու չեմ պատրաստվում հանելու թեկնածությունս, առաջադրվել եմ ու գնալու եմ մինչև վերջ, մինչև հաղթանակ»

«Առաջադրվել եմ ու չեմ պատրաստվում հանելու թեկնածությունս, առաջադրվել եմ ու գնալու եմ մինչև վերջ, մինչև հաղթանակ»
08.04.2016 | 00:57

Հրազդանի քաղաքապետի թեկնածու ԱՐԹՈՒՐ ՄԻՍԱԿՅԱՆ:

-Պարոն Միսակյան, կապված սահմանային լարվածության հետ, ապրիլի 1-ից դադարեցրել եք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: Ինչո՞վ էիք զբաղված այդ օրերին: Հիմա ի՞նչ նախընտրական տրամադրություններ են Հրազդանում:
-Այո, ապրիլի 1-ից իմ նախընտրական շտաբը դադարեցրել է Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: Այս օրերին մեր աղոթքները, մեր ձեռնարկած բոլոր քայլերը մեր հերոս զինվորների, մեր հայրենակիցների համար են:
Այս օրերին մենք տարբեր միջոցներով մեր մասնակցությունն ենք բերում մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Ես արդեն հայտարարել եմ, որ անցած 5 օրերին մենք օպերատիվորեն արձագանքել ենք ցանկացած իրադարձության` մեր մասնակցությունը բերելու մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Իմ բազմաթիվ ընկերներ արյուն են հանձնել, իմ ընկերներից ու բարեկամներից շատերը մեկնել են Արցախ՝ զինվորների հետ պաշտպանելու մեր հայրենիքը, իմ քաղաքական ուժը` «Հայկական վերածնունդը», սննդամթերքի մեծ խմբաքանակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Ես խոստացել եմ, որ իմ 2 ամսվա աշխատավարձն եմ փոխանցելու, իսկ իմ նախընտրական շտաբը դրամահավաք է կազմակերպել` մեր համեստ օգնությունը ցուցաբերելու վիրավոր զինվորներին:
Պետք է ընդգծեմ, որ թշնամուն հաղթել ու հաղթելու ենք մեր համախմբվածության և մեր հավատի միջոցով, հայրենիքի նկատմամբ մեր անսահման սիրո միջոցով: Ադրբեջանի և ոչ մի սանձարձակ պահվածք անպատիժ չի մնա: Հայտնի խոսք կա` խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի: Մենք չենք ընտրել նման հարևան, բայց մենք կարող ենք ամբարտավանին իր տեղը ցույց տալ: ԼՂՀ-ն անկախ պետություն է, և դա չի կարող քննարկման առարկա դառնալ:
ՈՒզում եմ գլուխ խոնարհել ընկած հերոսների առաջ, հավերժ փառք նրանց, շուտափույթ ապաքինում վիրավոր տղերքին: Աստված պահապան հայ ընտանիքներին:
-Ինչպիսի՞ պայքար եք ակնկալում: Ի՞նչ նոր ասելիք ունեք հրազդանցիներին, ինչո՞ւ նրանք պետք է ընտրեն Ձեզ:
-Շատ հետաքրքիր, նոր, թարմ գաղափարներով, նոր ասելիքով, նոր մոտեցումներով պայքար է լինելու: Եվ, այս իմաստով, իմ առաջադրումը բոլորովին նոր իրադրություն է ստեղծել Հրազդանում։
Ես ծնունդով հրազդանցի եմ, ծնվել, մեծացել և այժմ էլ ապրում եմ Հրազդանում։ Մինչ քարոզարշավը և դրա ընթացքում ևս ես հանդիպել եմ հազարավոր հրազդանցիների հետ: Պետք է ընդգծեմ, որ մարդկանց տրամադրությունները հրաշալի են, Հրազդանում կա բնակչության մի ստվար հատված, որը մեծ ակնկալիքներ ունի ընտրություններից և դրական է տրամադրված իմ թեկնածությանն ու պատրաստակամ է աջակցելու ինձ։ Դա ոգևորում է ինձ, վստահություն տալիս, որ կհաղթեմ ընտրապայքարում։ Ես միայն ակնկալում եմ իմ համաքաղաքացիների վստահության քվեն, նրանց աջակցությունը։
Ինձ համար բացառապես կարևոր նշանակություն ունեն Հրազդանի բնակչի կարծիքը, նրա վերաբերմունքը, նրա վստահությունը։ Ի վերջո, ես միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ հաղթում է նա, ում վստահում և ում օգտին քվեարկում է քաղաքացին: Չի կարող լինել հաղթանակ, եթե ընտրողը չի քվեարկել:
-Մարդիկ հաճախ ասում են, թե, միևնույն է, ոչինչ չի փոխվելու, հաղթում է նա, ով «դաբրո» ունի և այլն: Ինչպե՞ս եք վերաբերվում նման կարծիքներին: Իսկ Դուք որևէ մեկի «դաբրոն» ունե՞ք:
-Ես ոչ մի «դաբրո» չեմ փնտրում: Ինձ համար դա կեղծ կատեգորիա է: Բացառապես հրազդանցին է որոշելու, թե ում է վստահելու Հրազդանի քաղաքապետի պաշտոնը: Բացառապես հրազդանցին է իր մեկ քվեով որոշելու, թե ում է վստահում Հրազդանի զարգացման հեռանկարը:
Այս իմաստով ուզում եմ մի շատ կարևոր հայտարարություն անել՝ կեղծ ու սուտ են բոլոր այն պնդումները, թե ինչ էլ անենք, այս կամ այն թեկնածուն, միևնույն է, հաղթելու է: Դա պարզունակ բլեֆ է մարդկանց հոգեբանության վրա ազդելու, մարդկանց հուսահատության մեջ գցելու համար: Պետք է վստահ գնալ ընտրությունների՝ քվեարկել խղճի մտոք, համոզմունքով՝ առանց հաշվի առնելու որևէ ճնշում ու պարտադրանք, արհամարհել ու մերժել մի քանի գրոշ ընտրակաշառքը, մի րոպե անգամ չհավատալ հրապարակ նետված տարատեսակ «դաբրոների» մասին կեղծ ու անհեթեթ լուրերին: Ընտրությունների ելքը, արդյունքները կախված են բացառապես հրազդանցիների տված քվեից: Հրազդանցին է տալիս այսպես ասած դաբրոն: Մնացածը նշանակություն չունի: Բոլոր 28 տեղամասերում ես ունեմ հանձնաժողովի անդամներ և վստահված անձինք, ովքեր սրբորեն պահելու են ամեն մի քվե, անկախ այն բանից, թե այդ քվեն որ թեկնածուի օգտին է տրված: Որևէ մեկը չի կարող տեսնել ու իմանալ, թե ընտրողն ում է ձայն տալիս, որևէ մեկը չի կարող մոտենալ, հետևել և ուղղորդել ընտրողին: Մենք դա թույլ չենք տա: Մարդիկ առանց վախենալու կգան ու իրենց խղճով ու համոզմունքով ընտրությունը ազատորեն կանեն:
-Ի՞նչն է Ձեզ թույլ տալիս Ձեր շանսերը բարձր գնահատել։
-Ես, որպես երիտասարդ մարդ, հանդես եմ գալիս նորարարական մոտեցումներով, կենսունակ ու մրցունակ թեզերով, թարմ գաղափարներով: Ես ապրում եմ Հրազդանում, սիրում եմ իմ ծննդավայրը և ուզում եմ պայքարել դրական ու լուսավոր փոփոխությունների համար: Ես ուզում եմ նոր շունչ ու վերածնունդ բերել Հրազդան քաղաքին:
Դրա համար պատրաստ եմ աշխատելու և պայքարելու: Տանը նստելով ու պատերի տակ բողոքելով ոչինչ չի փոխվի: Պետք է համառ, հետևողական ու պատասխանատու աշխատանք՝ Հրազդանում պատմության նոր էջ բացելու համար:
Ես ունեմ անհրաժեշտ փորձ, կառավարման հմտություններ ու գիտելիքներ, կամք ու վճռականություն կյանքի կոչելու բոլոր այն ծրագրերն ու իղձերը, որոնք ես ու հազարավոր հրազդանցիներ ունենք:
ՈՒզում եմ հստակ արձանագրել՝ իմ հաղթելու շանսերը բացառապես պայմանավորված են Հրազդանի բնակիչների վստահության քվեով: Հրազդանի բնակիչն է որոշելու, թե ով կլինի հաղթողը։
-Ձեր ելույթներից մեկում նշել եք, թե Ձեր մասին կեղծ ու սուտ լուրեր են տարածում, Ձեր նկատմամբ սև քարոզչություն է իրականացվում: Մի փոքր կմանրամասնե՞ք:
-Բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ ես մինչև վերջ գնացող, պայքարող ու աշխատող մարդ եմ, որ ես ոչ մեկից կախում չունեմ, ոչ մեկին ոչ պարտք եմ, ոչ էլ պարտական: Պատասխանատու ձևով հայտարարում եմ՝ առաջադրվել եմ ու չեմ պատրաստվում ճանապարհի կեսից հետ կանգնելու, չեմ պատրաստվում հիասթափեցնելու հրազդանցիներին, իմ համախոհներին, թիմակիցներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ինձ կվստահեն ու կքվեարկեն:
Մի քանի բամբասկոտ մարդիկ այս օրերին հրազդանցիների շրջանում տարածում են սուտ ու կեղտոտ լուրեր, թե իբր ես առաջադրվել եմ ձայն փախցնելու համար, կամ կեսից թեկնածությունս կհանեմ, ու նման անհեթեթություններ: Չկա ու չի լինելու նման բան:
ՈՒղղակի ամոթ է, անհարմար է, որ մարդկանց մոլորեցնում ու խաբում են: Մարդիկ ինձ էլ են ճանաչում, նման լուրեր տարածողներին էլ են ճանաչում, գիտեն թե դիմացինին վարկաբեկելու համար ինչի են նրանք ընդունակ: Պարզից էլ պարզ է, որ իմ մասին այդ մարդիկ չեն կարողանում վատ բան ասել, իմ մասին ի՞նչ պիտի ասեն, հո չե՞ն կարող ասել, որ անգրագետ եմ, թալանչի եմ, անսկզբունքային եմ: Դրա համար էլ միակ բանը, որ ասում են, էն է, որ ես ձայն փախցնելու համար եմ առաջադրվել կամ կեսից կհանեմ թեկնածությունս: Սուտ է, կեղտոտ սուտ, նման բան չկա, ինձ ճանաչողները գիտեն, թե ինչ բարոյական արժեքներ կրող մարդ եմ ու երբեք չեմ անի մի բան, որը կարող է սև բիծ թողնել իմ կենսագրության մեջ: Ես երբեք չեմ եղել, ու չեմ լինի ինչ-որ մեկի ձեռքի խաղալիքը, ով կարող է ինձ օգտագործել իր քաղաքական ամբիցիաների համար: Ես միշտ ունեցել եմ իմ ճանապարհն ու սկզբունքները:
Իմ՝ իբր կեղծ առաջադրման մասին լուրեր տարածելով, այդ մարդիկ փորձում են ընդամենը խաբել մարդկանց, որ իմ օգտին չքվեարկեն:
Կրկնում եմ՝ առաջադրվել եմ ու չեմ պատրաստվում հանելու թեկնածությունս, առաջադրվել եմ ու գնալու եմ մինչև վերջ, մինչև հաղթանակ: Իսկ հաղթանակի համար ակնկալում եմ իմ համաքաղաքացիների, հրազդանցիների վստահությունն ու աջակցությունը՝ բարեփոխելու Հրազդան քաղաքը:


Զրույցը՝ Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ