Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

«Ադրբեջանը շատ վաղուց բերել էր և՛ Իսրայելի, և՛ ԱՄՆ-ի հատուկջոկատայիններին»

«Ադրբեջանը շատ վաղուց բերել էր և՛ Իսրայելի, և՛ ԱՄՆ-ի  հատուկջոկատայիններին»
05.04.2016 | 00:49

Ռազմական գործողությունների վերսկսումը Արցախում ողջ հայությանը մի բռունցք դարձրեց ու մի սիրտ, որը բաբախում է սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի կյանքի համար: Թեև սահմանում լարվածությունը չի թուլանում, սակայն հայկական կողմը ռազմական գործողությունները պատերազմ չի համարում: Ինչո՞ւ են գործող իշխանության ներկայացուցիչները խուսափում թեժ մարտերը պատերազմ որակելուց, «Իրատեսը» հարցրեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻՆ:

-Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմ չի որակում տեղի ունեցող մարտերը, մյուսները, բնականաբար, կխուսափեն դրա գործածումից,- ասաց քաղաքագետը:- Կան նաև օբյեկտիվ փաստարկներ, որոնք ապացուցում են, որ, չնայած զոհերի առկայությանը, լարվածության սրության մեծացմանը, սա պատերազմի վերսկսում չէ: Ես էլ եմ կարծում, որ այսօր դեռ այդպիսի որակումների կարիք չկա: Եթե Հայաստանը շուտափույթ պաշտոնական դիմումներ չի հղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբին, ԵԱՀԿ գործադիր կոմիտեին և այլ կառույցների, Հայաստանի ղեկավարը չի դիմում ռազմական դաշնակից ՌԴ ղեկավարին` զարգացումները պատերազմի սպառնալիք համարելով, ինչպես նաև Իրանի ղեկավարությանը, ուրեմն մեր իշխանությունները ռազմական այս իրադարձությունները պատերազմ չեն համարում:
-Այդուհանդերձ, միջազգային հանրության արձագանքը չուշացավ: Իրավիճակին համարժե՞ք էր այն, թե՞ շատերը նախընտրեցին կրավորական կեցվածք ընդունել:
-Օրինակ, ԱՄՆ-ը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, բավականին կրավորական կեցվածք որդեգրեց: Կրեմլից բավականին ծանրակշիռ ու տարբեր մակարդակներով արձագանք եղել է, իսկ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ուշացումով մի «թեթև» բարի ցանկությունների «փաթեթ» հնչեցրեց: Ինչո՞ւ ԱՄՆ-ի նախագահը թեկուզ իր մամուլի խոսնակի միջոցով չի արձագանքում դեպքերին: Ո՞Ւր է Ֆրանսիայի, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի, խոսքը: Ռազմական գործողությունները սկսվեցին այն ժամանակ, երբ մեր և Ադրբեջանի նախագահները ԱՄՆ-ում էին, այսինքն՝ կատարվածն ուղիղ կապ ունի նրանց այնտեղ գտնվելու հետ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում էր նաև Թուրքիայի նախագահը: Իսկ ընդամենը մի քանի շաբաթ առաջ թուրքերն ու ադրբեջանցիները, չգիտես ինչու, Թուրքիայում օդուժի մասնակցությամբ զորավարժություններ էին անցկացնում:
-Ակնարկում եք, որ սա թուրք-ադրբեջանական տանդեմում նախապես մշակված քա՞յլ էր:
-Այո, հավանաբար Վաշինգտոնում էլ դրա իրագործման համար ստացան դրական արձագանք և, չսպասելով, որ նախագահները տարածաշրջան վերադառնան, սկսեցին ռազմական գործողությունները: Թող ոչ մեկը չմտածի, թե Ադրբեջանում կան ինչ-որ շրջանակներ, որոնք ինքնակամ քայլեր են կատարում: Ազերի ցանկացած գեներալ ուղղակի հրաման է ստանում Էրդողանից, իմա` կասկածից վեր է, որ այս լարման թիկունքում կանգնած է Թուրքիան: Անշուշտ, սա փոխհամաձայնեցված գործողություն էր:
-Ռազմական գործողությունները վերսկսելով, ադրբեջանաթուրքական եղբայրությունն ի՞նչ է ուզում ասել աշխարհին:
-Արդեն որերորդ տարին է՝ նրանք ունեն հստակ ուղերձ` շրջանցել ցանկացած բանակցային կետ և լարվածությունը թեժացնել: Սրան է ձգտում նաև ԱՄՆ-ը: Վերջինս ոչ թե ցանկանում է այդ հողերը հանձնել ադրբեջանցիներին, այլ ինչ-որ միջազգային զինախմբերի, որոնք անգամ փաստաթղթով գոյություն չունեն: Այսօր աշխարհում կա երկու ռազմաքաղաքական դաշինք, որ ի վիճակի են տրամադրելու խաղաղապահ զորախմբեր: Դրանք են` ՀԱՊԿ-ը և ՆԱՏՕ-ն: Մեզնից, փաստորեն, պահանջվում է ինքնակամ ստորագրել մի «ակտ», որով ՆԱՏՕ-ի զորքերը կօկուպացնեն Լեռնային Ղարաբաղը:
-Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում: Հրադադար կպարտադրվի՞:
-Փաստ է, որ ադրբեջանցիների ծրագիրը տապալվել է: Իհարկե, պետք է ցավակցություն հայտնել այն ընտանիքներին, որոնց զավակների կյանքի գնով հաջողվեց առաջխաղացումը կասեցնել: ՈՒզենք, թե չուզենք էսկալացիան կարմիր թելով տանում է դեպի Վաշինգտոն: Դրդապատճառը ոչ թե տարածաշրջանում պետք է փնտրել, այլ այնտեղ: Քանի որ նաև սրված են թուրք-ռուսական հարաբերությունները, բնականաբար, Թուրքիայի նախաձեռնություններն աներկբա հավանության կարժանանան ԱՄՆ-ում: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ այն երկու երկրներին` Ռուսաստանին և Իրանին, որոնք պայքարում են ահաբեկչությունների դեմ, ձեռնտու չէ այս տարածաշրջանում լարվածության մեծացումը: Նրանք չեն ցանկանա իրենց «թիկունքում»` Անդրկովկասում, անկայունություն լինի, պատերազմ սանձազերծվի: Պետք չէ նաև երկար մտածել, թե ում է պետք ապրիլ ամսին ռազմական գործողություններ սկսելը: Այս համատեքստում ցանկանում եմ հիշեցնել մեր պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներին, որ դեռևս 2001-ին որոշ փորձագետներ, այդ թվում՝ ես, պարբերաբար հայտարարում էինք, թե Կարախան բեյլ գյուղում տեղակայված են ԱՄՆ-ի հատուկ ջոկատայիններ: Հարցադրում էինք հնչեցրել, թե նրանք ի՞նչ են անում այնտեղ, ինչպե՞ս են նրանց թույլ տվել գտնվել հակամարտության գոտում: Այն ժամանակ էլ, հիմա էլ մեր պաշտոնյաներն այս հարցի առնչությամբ լռում են: Ադրբեջանը շատ վաղուց բերել էր և Իսրայելի, և ԱՄՆ-ի հատուկ ջոկատայիններին: Ոչ ոք այս հարցը չի բարձրացնում, չեն խոսում նաև այն մասին, որ Ֆիզուլին վաղուց դարձել է փորձադաշտ ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Այն ժամանակ ասում էին, թե իբր այդ ջոկատայիններն Իրանի դեմ են «բերվել», բա հիմա ում դեմ են այդ ստորաբաժանումները:
-Հայաստանի իշխանությունների գործելակերպը մարտական այս մի քանի օրերի ընթացքում ինչպե՞ս եք գնահատում:
-Անբավարար: Սա սովորական սադրանք չէ, քանի որ մարտերն ընթանում են օդուժի, ծանր զինտեխնիկայի կիրառմամբ, կան բազմաթիվ զոհեր: Պետք է կրկնեմ Մինսկի խմբի նախկին համանախագահ Կազիմիրովի խոսքը, որ այս անգամ համաշխարհային ողջ հանրությունը պետք է Ադրբեջանին դատապարտի: Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ պետք է միջազգային պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի դեմ: Հայաստանն այս հարցում պետք է ավելի պահանջատեր ու խիստ հանդես գա: Մենք բանակցային գործընթացի պատասխանատուներին պետք է հասկացնենք, որ իրենք պետք է ստիպեն ագրեսորին գին վճարել: Բայց արդեն մի քանի օր է՝ ես այդ մասին մեր ղեկավարությունից չեմ լսում: Քիչ է արդեն անընդհատ ասել, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանին, արդեն դու պետք է հստակ քայլեր անես, նախաձեռնություն ցուցաբերես: Ի վերջո, այս պահին նաև ապացույցներ գտնելը շատ հեշտ է, քանի որ խփված ողջ զինտեխնիկան մեր տարածքում է, որը կարելի է տրամադրել միջազգային կառույցներին: Գիտենք, որ ունենք արտգործնախարարություն, նախագահի աշխատակազմ, սակայն իրականում դրանք կարծես գոյություն չունեն, քանի որ դրանց աշխատանքի արդյունքը չի երևում: Աշխատեք, էլի:
-Ռազմական գործողությունները ի՞նչ ցուցանեցին` մեր զինուժը որքա՞ն է մարտունակ:
-Այդ հարցում հարկավոր է զսպվածություն ցուցաբերել: Ոչ մեկս նախ այդ թեժ կետում չենք, չգիտենք՝ ինչպես են գործել մերոնք, բայց հստակ է, որ Ադրբեջանի բլիցկրիգը, թուրք-ամերիկյան ծրագիրը տապալվել են: Սա խոսում է մեր զինուժի պատրաստվածության մասին: Հետագա զարգացումների մասին այսօր դեռ ձեռնպահ կմնանք կանխատեսումներից: Ինչպես երևում է, Ադրբեջանը նոր սադրանքների է գնում, հետևաբար, առաջնագծում եղած մեր զինուժը պետք է շատ զգոն լինի ու մարտունակ: Պարզապես մի նկատառում. ոմանք մշտապես Բաքուն գրավելու հռետորաբանությամբ էին խոսքը սկսում ու ավարտում, լավ կլինի, որ խաղաղ ժամանակներում նման դատարկ սպառնալիքներ չհնչեցնեն: Եթե սպառնում ես, պետք է կարողանաս կյանքի կոչել: Նման հռետորաբանությունից պետք է ընդհանրապես զերծ մնալ: Եթե չես կարող քո սպառնալիքն իրականություն դարձնել, լավ է լռես: Բաքու ես գրավում կամ որևէ այլ բան, գրավիր, նոր հայտարարիր:
-Ռազմական գործողություններին զուգահեռ տեղեկատվական պայքարը ևս մեծ մասշտաբներ է ընդգրկում: Այս հարթակում ինչպիսի՞ վիճակում ենք: Ընդհանրապես ի՞նչ է կատարվում համացանցային տիրույթում:
-Ցավոք, տեղեկատվական պայքարի տեսանկյունից մենք շահեկան վիճակում չենք: Ավելի տպավորիչ էր մեր հոգևոր հայրերի գոտեպնդող հայտարարությունը: Համացանցում էլ երկու տեսակետ է գերիշխում. ոմանք փորձում են ազգի ոգին բարձրացնել, մյուսները` հակառակը: Էական էր նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր ուժերը միասնականության կոչով հանդես եկան: Մի դիտարկում ևս. մեր բարեկամ երկրներին պիտի հորդորենք ճնշել իրենց ամերիկամետ այն ուժերին, որոնք «եթերային» քվեարկություններ են իրականացնում` դուք Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի կողմնակից եք: Այս կարգի «շոուներ» են հեռարձակվում տարբեր ԶԼՄ-ներով: Սա նշանակում է միայն մի բան՝ որոշակի շրջանակներ, այսպես ասած, ոսկորների վրա սկսել են պարել: Այս մի քանի օրերի գործողություններից կարելի է եզրակացնել, որ ամերիկացիներն ու իրենց փոքրիկ թուրք եղբայրները նորից կփորձեն շարունակել նման մարտավարությունը: Այս պարագայում Ադրբեջանը շատ շուտով աշխարհի քարտեզի վրա գոյություն չի ունենա: Սա կլինի ոչ թե հայերի միջամտությամբ, այլ նրա հարցը կլուծեն այն երկրները, որոնք Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում միասնական դաշինքով են հանդես գալիս: Իսկ միջազգային հանրությունը «գործում» է ամերիկացիների ճնշման տակ: Վաղուց ոչ մեկն այլևս չի վստահում այդ միջազգային հանրությանը: Եթե կասկածում են, թող հարցնեն Հարավսլավիայի կամ Սիրիայի բնակչությանը: Այն ազգերը, որոնք միջազգային հանրության «տուժածն» են, այլևս ոչինչ չեն սպասում այդ հանրույթից: Բոլորին էլ հասկանալի է, որ այդ երկրների մի մասը ԱՄՆ-ի տակ է «պառկել», նրա ստրուկն է դարձել, մյուսները ջանքեր են գործադրում հնարավորինս այդ իրավիճակը շտկելու: Եթե կարողանում են հաղթահարել այդ «դիմակայությունը», ինքնուրույն ապրում են, եթե ոչ՝ «հանձնվում» են ԱՄՆ-ին: Պենտագոնը հայտարարել է, որ ԻՊ-ից հետո որպես թշնամական պետություն է դիտարկում Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ