Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

«Չհայտնվենք մեկ այլ ծայրահեղության մեջ»

«Չհայտնվենք մեկ այլ ծայրահեղության մեջ»
01.04.2016 | 00:43

Ընտրական նոր օրենսգիրքը ԱԺ-ում դրին-վերցրին օրենսդիրն ու ՀԿ-ները, ի՞նչ դուրս կգա դրանից, ժամանակը ցույց կտա։ Համենայն դեպս, ասել, որ քննարկումները բուռն էին և խիստ ակտիվ, ճիշտ չի լինի. ձանձրացել էին անգամ քննարկումներին հետևող լրագրողները։ Գուցե ՀԿ-ները լիարժեք չէի՞ն ուսումնասիրել նոր օրենսգիրքը։ Իսկ ինչպիսի՞ն է այդ գործընթացը պրոֆեսիոնալի դիտարկմամբ՝ հարց, որով էլ սկսեցինք մեր զրույցը ԿԸՀ-ի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հետ։

-Կդժվարանամ ասել, թե որքանով են ՀԿ-ները խորությամբ ծանոթացել առաջարկվող փոփոխություններին։ Ըստ էության, որոշ հարցեր վկայում էին, որ նախապես որոշ ՀԿ-ներ ծանոթացել են խնդրին։ Շատ կարևոր է, որ, հարցադրումներից զատ, մի քանի ՀԿ-ներ հանդես եկան առաջարկություններով։ Իմ համոզմամբ՝ նման քննարկումները կարևոր են՝ առաջարկներ անելու հնարավորություն է տրվում հանրությանը։ Կարծում եմ՝ քննարկումների ընթացքում հնչած հարցադրումները և առաջարկները նպաստելու են նախագծի լրամշակման գործընթացին դրական առումով։
-Որպես ԿԸՀ-ի նախագահ, ՀԿ-ների ո՞ր առաջարկը ճիշտ համարեցիք։
-Առաջարկություններ եղան լրատվամիջոցների մասնակցությունը սահմանափակելու խնդրի հետ կապված, առաջարկվեց սահմանափակումները մեղմացնել։
-Պարոն Մուկուչյան, մի կողմից՝ նախագծի հեղինակները այդ սահմանափակումները պայմանավորում են անվտանգության նկատառումներով, մյուս կողմից՝ սահմանափակում ԶԼՄ-ների աշխատանքը։
-Մտահոգություն իսկապես կա։ Կարող եմ ասել, որ հարցի լուծման նպատակով արդարադատության նախարարության հետ որոշակի քննարկումներ են ընթանում։ Ինչ վերաբերում է ՀԿ-ների ներգրավվածությանն ընտրությունների ընթացքում, ապա դեռևս առաջարկներ չեն եղել։ Պետք է ընդգծեմ, որ Ընտրական օրենսգրքով լրատվության աշխատանքի սահմանափակման խնդիր և նպատակ դրված չեն։ Խնդիրն այլ է։ Իհարկե, քվեարկության օրը տեղամասերում պետք է ներկա լինեն ԶԼՄ-ները, դիտարկեն, լուսաբանեն, մի խոսքով՝ իրականացնեն իրենց աշխատանքը։ Խնդիրը վերաբերում է այն սուբյեկտներին, որոնք, ըստ էության, ԶԼՄ-ի ներկայացուցիչ չեն, սակայն քվեարկության օրը ստանալով վկայական՝ օգտվում են լրագրողի բոլոր իրավունքներից։ Իրականում նրանք կարող են այլ նպատակներ ունենալ, հետապնդել տարբեր բնույթի շահեր։
-Ինչպե՞ս։
-Եթե լուծումը հեշտ լիներ, այն արդեն գտնված կլիներ։ Ակնհայտ է մեկ բան՝ կա մտահոգություն, կա խնդիր, և բոլորը միակարծիք են, որ պետք է գտնել մեխանիզմներ վերը նշված դեպքերը կանխելու նպատակով։ Լուծումը պետք է լինի այնպիսին, որ չհայտնվենք մեկ այլ ծայրահեղության մեջ։


Զրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ