2014 թ. նոյեմբերին Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկման ներկայացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ մշակված «Ցորենի ալյուրի հարստացման վերաբերյալ» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մեր հանրապետությունում օգտագործվող ցորենի ալյուրի մեջ ֆոլիաթթվի և երկաթի պարտադիր ավելացում:
Հանրապետության բնակչության կողմից այդ հարցին բացասական վերաբերմունքը դրդեց մեզ ծանոթանալու գիտական գրականությանը և հարցը քննարկելու Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայում: 27. 05. 2015-ին մենք արտահայտեցինք այդ օրենքի դեմ մեր հստակ ձևավորված կարծիքը:
Դրանից հետո հանդիպեցինք Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Տեղի ունեցավ երկկողմ կարծիքների փոխանակում: Ըստ նախարարի՝ բարձրակարգ գիտական կենտրոնների հետազոտությունների հիման վրա Հայաստանի ամերիկյան համալսարանում պատրաստվել է ակնարկ, որը լիովին հաստատում է Հայաստանում ֆոլիաթթվով և երկաթով ալյուրի հարստացման անհրաժեշտությունը:
Այդ ակնարկի էլեկտրոնային տարբերակը մեր խնդրանքով տրամադրվեց մեզ (շնորհակալություն նախարարի մամլո քարտուղար տիկին Անահիտ Հայթայանին):
Սակայն, ինչպես ակնարկում բերված նյութերը, այնպես էլ դրանցից բխող հեղինակի (Անի Մովսիսյան) եզրահանգումները հաստատեցին մեր ունեցած այն կարծիքը, որ Հայաստանում ալյուրի հարստացումն անթույլատրելի է:
Ստորև ներկայացնում ենք վերը նշված ակնարկի հիման վրա խնդրո առարկայի վերաբերյալ մեր կարծիքը:
ԿԱՐԾԻՔ
«ՖՈԼԻԱԹԹՎՈՎ ԵՎ ԵՐԿԱԹՈՎ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄ՝ ՕԳՈՒՏՆԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԵՐԸ»
Անի Մովսիսյանի (Հայաստանի ամերիկյան համալսարան) գիտական գրականության տվյալներն ամփոփող հոդվածի վերաբերյալ:
Հեղինակավոր գիտական կենտրոնների 87 հետազոտությունների արդյունքների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորությունների հիման վրա հեղինակը գալիս է հետևյալ եզրահանգմանը։
Ալյուրի հարստացման ծրագրերը պետք է խստորեն հսկվեն, համապատասխանեն հնարավոր կողմնակի ազդեցություններին վերաբերող նոր գիտական տվյալներին և իրականացվեն հաշվի առնելով հետևյալ ելակետային գործոնները.
. բնակչության սնուցիչների կարիքները և անբավարարությունը,
. հարստացված ալյուրի սպառման նկարագիրը,
. ալյուրի վրա հարստացուցիչների զգայական և ֆիզիկական ազդեցությունը,
. հարստացուցիչների կենսամատչելիությունը և յուրացումը,
. բնակչության կողմից օգտագործվող այլ սննդամթերքի հարստացումը,
. բնակչության և առանձին ենթախմբերի կողմից վիտամինահանքային հավելումների օգտագործումը,
. ծախսերը և օգուտները։
Վերը նշված գործոնները և հոդվածում բերված գիտական տվյալները վկայում են, որ անթույլատրելի է Հայաստանում օգտագործվող ալյուրի 80 %-ի հարստացումը, այն դեպքում, երբ մնացած 20 %-ը արտադրվում է գյուղական ձեռնարկություններում և գործնականում անհասանելի է քաղաքի բնակչությանը: Ստորև թվարկում ենք հոդվածից վերցված մեր կարծիքը հիմնավորող մի քանի դրույթներ:
ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱԼՅՈՒՐԸ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ ՖՈԼԻԱԹԹՎՈՎ
1. Ֆոլատ անբավարարությունը տարածված է ֆոլատների ցածր պարունակություն ունեցող թեփազերծված հացազգիներ շատ օգտագործող և ֆոլատների բարձր պարունակությամբ օժտված կանաչեղեն, լոբազգիներ, մրգեր, խմորասնկեր և լյարդ քիչ օգտագործող բնակչության մոտ: Մենք բոլոր հիմքերն ունենք համարելու Հայաստանի բնակչությունը շատ կանաչեղեն օգտագործող, և միայն դրանից ելնելով, հերքել բնության մեջ գոյություն չունեցող սինթետիկ ֆոլիաթթվով հարստացված ալյուրի օգտագործումը մեր երկրում: Սինթետիկ ֆոլիաթթուն օրգանիզմի համար օգտագործելի է դառնում միայն լյարդում որոշակի ֆերմենտի օգնությամբ բնական տեսակի ֆոլատի փոխարկվելուց հետո։ Ժամանակակից գիտական արդյունքները վկայում են, որ մարդկանց այդ ֆերմենտի գործունեությունը շատ թույլ է, ինչի պատճառով չձևափոխված ֆոլիաթթուն հայտնվում է արյան շրջանառության համակարգում և կուտակվում է՝ հանգեցնելով բազմաթիվ բացասական հետևանքների։
2. Հղի և կերակրող կանանց համար ֆոլատ համարժեքի նորման կազմում է օրական 600 և 500 մկգ համապատասխանորեն: Մնացած բնակչության համար այն կազմում է 400 մկգ: 60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ 200 մկգ-ից ավելի օգտագործումը աղիների քաղցկեղի և ադենոմայի առաջացման վտանգ է ներկայացնում: Հարց է առաջանում՝ բնակչության ո՞ր տոկոսն են կազմում հղի կանայք, և ինչպե՞ս կարելի է կարգավորել այդ տարբերությունները ալյուրի համընդհանուր հարստացման դեպքում, եթե հայերը հայտնի են հացի շատ օգտագործմամբ, այլ կերպ ասած, հացակեր ժողովուրդ են: Ընդ որում, հացը հենց սոցիալապես անապահով տարեցների սննդի հիմնական միջոցն է: Հարկ է նշել նաև, որ որոշ երկրներում ֆոլատ համարժեքի օրական հանձնարարելի չափաքանակը զգալի ցածր է, օրինակ, Անգլիայում 200 մկգ է։
3. Հարստացման գործընթացում օգտագործվող ֆոլիաթթվի (պտերիլմոնոգլուտամինաթթու) ֆիզիոլոգիական չափաբաժնի 86 %-ը չի կենսաձևափոխվում և մնում է լյարդի դռներակում: Հետևաբար, ֆոլիաթթվով ալյուրի հարստացումը բերում է օրգանիզմում դրա կուտակմանը: Այդ կուտակումը հղի է ամենատարբեր վտանգավոր հետևանքներով: Մինչդեռ սննդում պարունակվող բնական ֆոլատը (5-մեթիլտետրահիդրոֆոլիաթթու) լիովին յուրացվում է օրգանիզմի կողմից: ՈՒստի հարստացման ծրագրերում անհրաժեշտ է գոնե օգտագործել ֆոլատի բնական ձևերը՝ պարզապես ալյուրին ավելացնել ցորենի թեփ, ոչ թե ֆոլիաթթու:
4. Հայտնաբերվել է, որ ֆոլիաթթվով չհարստացված սննդով սնվող բնակչության խմբում ինսուլտի առաջացման հավանականությունը 0,88 է, մասնակի հարստացված խմբում՝ 0,91, իսկ լրիվ հարստացված խմբում՝ 0,94 է (p<0,05): Մեկնաբանություններն ավելորդ են:
5. Նախքան ալյուրը հարստացնելը անհրաժեշտ է կատարել բնակչության տարբեր շերտերի և տարիքի արյան մեջ ֆոլատի, վիտամին B12-ի, երկաթի, ցինկի, պղնձի պարունակության անալիզ, և միայն դրա արդյունքների հիման վրա ալյուրի հարստացման վերաբերյալ որոշում ընդունել:
6. Ասվում է, որ 5 տարվա հետազոտության ընթացքում ֆոլիաթթվի օգտագործումը «էականորեն» չի փոխել քաղցկեղի տարբեր ձևերով հիվանդանալու հաճախականությունը: Բավարա՞ր է արդյոք հետազոտման 5 տարի ժամկետը:
ԱԼՅՈՒՐԸ ԵՐԿԱԹՈՎ ՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հոդվածում բերված է՝ «Սակավարյունությունը դիտարկվում է որպես հանրային առողջապահության պրոբլեմ, եթե դրա տարածվածությունը պոպուլյացիայում >5 %-ից: Ընդ որում, երկաթի անբավարարությանը բաժին է ընկնում սակավարյունության բոլոր դեպքերի միայն 50 %-ը»: Հղված աղբյուրը ներկայացնում է սակավարյունության, որպես հանրային առողջապահության խնդրի, նշանակալիությունը՝ ողջ բնակչության շրջանում սակավարյունության տարածվածության հիման վրա։ Նշված է, որ արդյունաբերական երկրների մեծ մասում սակավարյունության տարածվածությունը հղի կանանց շրջանում կազմում է շուրջ 20 %: Այնինչ, Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում ցուցանիշը տատանվել է 10,7 %-13,6 % միջև, և 2014-ին հղիների 12,1 %-ի մոտ է սակավարյունություն գրանցվել, ինչը մեղմ խնդիր է անգամ սակավարյունության մեծագույն ռիսկի ենթակա հղիների համար։ Ի դեպ, ԱՀԿ 2006-ի հանձնարարականների համաձայն, սննդի պարտադիր հարստացումը հարմար է հանրային առողջապահության լուրջ կարիքի կամ ռիսկի դեպքերում։ Արդյո՞ք սակավարյունության տարածվածությունը հանրային առողջապահության լուրջ հարց է Հայաստանում, եթե անգամ հղիների շրջանում այն միջին մեղմության խնդիր է։
1. Անհրաժեշտ է երկաթի անբավարարության վտանգ ունեցող խմբերում նախօրոք գնահատել երկաթի օգտագործումը, սննդակարգում դրա կենսամատչելիությունը, համեմատել այս երկու մեծությունները և եզրակացության գալ սննդակարգում դրա անբավարարության մասին: Դրա հիման վրա է որոշվում թիրախային խմբում ալյուրի օգտագործման օրական միջին չափաբաժնում երկաթի ավելացումը: Եթե երկրում չկան նման մեթոդներ, ալյուրը երկաթով կարելի է հարստացնել միայն, եթե կանանց և երեխաների մոտ հենց երկաթի անբավարարությունով պայմանավորված սակավարյունությունը բարձր է 5 %-ից: Ալյուրի հարստացման ծրագիրը պետք է նպատակաուղղված լինի թիրախային խմբերում երկաթի անբավարարության նվազեցմանը 10 %-ից պակաս, և երկաթի անբավարարությամբ սակավարյունության՝ 5 %-ից պակաս: Նշենք, որ հղված աղբյուրում հստակ սահմանված է, որ երկաթի անբավարարություն և հեմոգլոբինի ցածր արժեք ունեցող անձինք են համարվում երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունություն ունեցողներ։ Հայաստանում նույնիսկ հղիների մոտ չի հետազոտվել, թե արդյոք նրանց սակավարյունությունը երկաթի անբավարարությա՞ն պատճառով է։ Ավելին, հայերի շրջանում ժառանգական հեմաքրոմատոզի (որի դեպքում կտրուկ ավելանում է երկաթի ներծծումն աղիներում) տարածվածության որևէ հետազոտություն նույնպես երբևէ չի արվել։
2. Երկաթի անբավարարությամբ երեխաների համար անհրաժեշտ է ունենալ նպատակային կանխարգելիչ ծրագիր, քանի որ դրա ավելցուկը վնասակար է երեխաների համար։
3. Երկաթով հարստացված ալյուրի օգտագործման հիմնական վտանգը օրգանիզմում երկաթի ավելցուկի առաջացումն է, որը վնասակար է բոլոր տարիքի մարդկանց համար։
4. Դանիան և Շվեդիան հրաժարվել են ալյուրը երկաթով հարստացնելուց օրգանիզմի վրա երկաթի ազդեցության և բնակչության մոտ դրա կուտակման հնարավոր վտանգից ելնելով:
Նշենք նաև, որ բացի Ա. Մովսիսյանի հոդվածից, ալյուրի հարստացման վնասների և օգուտների վերաբերյալ վերջին մեկ տարում ստեղծվել են գիտական գրականության տվյալներն ամփոփող մի շարք այլ հոդվածներ (տե՛ս Գոհար Ջրբաշյանի մեծածավալ հոդվածները, օրինակ՝ http://hetq.am/arm/news/58697/folat-te-folattu-hanrayin-aroxjapahutyan-martahraver-1.html և այլն), որոնք կասկած չեն հարուցում, որ Հայաստանում ցորենի ալյուրի հարստացումը ֆոլիաթթվով և երկաթով անթույլատրելի է:
Ի դեպ, Ա. Մովսիսյանի ակնարկի վերաբերյալ մեր կարծիքը ուղարկեցինք առողջապահության նախարարի մամլո քարտուղար տիկին Անահիտ Հայթայանին, սակայն ի պատասխան մեր հեռախոսազանգի, նա ասաց, որ իրենք ունեն իրենց կարծիքը:
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայի նախագահ, ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի
ակադեմիկոս