Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Տեղեկատվական բանկի ստեղծումը միտված է խնդրի կարգավորմանը»

«Տեղեկատվական բանկի ստեղծումը միտված է խնդրի կարգավորմանը»
18.03.2016 | 00:17

Ասում են՝ լավ է ուշ, քան երբեք, վերջապես, ավելի ճիշտ է ասել, առաջին անգամ բնապահպանության նախարարությունը լրջորեն սկսել է մտահոգվել բնության խնդիրներով։ 2015-ի վերջից բնապահպանության նախարարի առաջարկով իրականացվում է բնության տեղեկատվական բանկի ձևավորումը։ Իսկապես, մինչև չիմանաս ինչ հարստություն ունես, ինչպե՞ս կարող ես այն տնօրինել կամ զարգացնել։ Ինչ խոսք, տեղեկատվությունն այսօր ամենամեծ «զենքն» է, սակայն բնապահպանական ոլորտում ինչպե՞ս է այն իրագործվելու։ Այս հարցի շուրջ զրուցեցինք բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։


-Ջրային և կենսառեսուրսների համակարգերում ստեղծում ենք կադաստր, գույքագրում և չափագրում ենք իրականացնում՝ ստեղծելով տեղեկատվական բանկ։ Աշխատանքները երկու համակարգերում էլ իրականացվում են ըստ ոլորտների, մասնավորապես ջրային համակարգում առանձնացվում են ձկնաբուծական, գյուղատնտեսական ոլորտները, ջուրօգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Միևնույն ժամանակ չափագրվում և գույքագրվում են գետերի հոսքերը, ջրի պաշարները։ Նույն գործընթացն իրականացվում է նաև կենսառեսուրսների ոլորտում։ Հաշվարկվում են ծառերի, կենդանիների քանակը և տեսակները։ Տեղեկատվական բանկի ձևավորումը խիստ կարևոր է ոչ միայն այս պահի, այլև հետագայում աշխատանքները ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար։
-Տեղեկատվության հավաքագրումը լավ բան է, սակայն այն կնպաստի՞ բնության մեջ առկա և առաջացող հաշվեկշռի խախտման կարգավորմանը։
-Աշխատանքները միտված են հենց այդ խնդրի լուծմանը։ Օրինակ, ջրային ոլորտում այս գործընթացը կնպաստի, որ ավելի ճիշտ որոշումներ կայացվեն ոռոգման նպատակով ջրերի բացթողման, հէկերի կառուցման հարցում։ Այդ տեսակետից կարևորվում է նաև կենսառեսուրսների ոլորտում իրականացվող գույքագրումը, ինչը թույլ կտա բացահայտել առկա իրավիճակը, ինչից ելնելով էլ փորձելու ենք կարգավորել բնության մեջ առաջացող հաշվեկշռի խախտման դեպքերը։ Սա շատ կարևոր գործընթաց է։ Տարբեր երկրների փորձը փաստում է, որ բնության մեջ առաջացած հաշվեկշռի խախտման հետևանքով անբացատրելի գործընթացներ են տեղի ունենում և տարբեր աղետներ։ Նման խնդիրներից խուսափելու նպատակով մենք հնարավոր ամեն բան պետք է անենք։ Տեղեկատվական այս բանկի ստեղծումն առաջին հերթին միտված է այդ խնդրի կարգավորմանը։
-Այս ծրագիրը, որքան գիտեմ, սկսել եք իրականացնել 2015-ի դեկտեմբերից։ Ի՞նչ փուլում է այն։
-Այս պահի դրությամբ ջրային ռեսուրսների համակարգում աշխատանքների 65 %-ը իրականացվել է, կենսառեսուրսներում աշխատանքները նոր են սկսվել և արդեն 20-25 %-ը արված է։ Նախատեսում ենք մինչև տարեվերջ աշխատանքներն ամբողջությամբ ավարտել։
-Պարոն Գրիգորյան, բնապահպանության ոլորտին հատկացվող պետբյուջեի գումարներն ամենահամեստն են, ի՞նչ միջոցներով եք իրականացնում այդ ծրագիրը, չէ՞ որ այն լուրջ ծախսեր է պահանջում։
-Այո, չեմ կեղծի։ Ծրագիրը, իսկապես, ֆինանսներ է պահանջում, մասնավորապես, դժվարություն ունեցանք սերվերների հետ կապված։ Չնայած այդ հանգամանքին, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դժվարությունները հարթվեն. սերվերների խնդիրը փորձեցինք լուծել մեր ներքին ռեսուրսների միջոցով։ Բացի այդ, դիմել ենք միջազգային կառույցներին՝ սերվերների աջակցության հարցով։ Սրա հետ մեկտեղ օգտագործում ենք մեր ներքին հնարավորությունները։ Նրանք, ովքեր մեզ ձեռք կմեկնեն, կնպաստեն բնապահպանության զարգացմանը։ Թեև, ինչպես նկատեցիք, մեր բյուջեն մեծ չէ, այնուհանդերձ, փորձում ենք տարբեր համագործակցությունների միջոցով ոչ միայն լուծել խնդիրները, այլև զարգացնել բնապահպանության ոլորտը։ Այդ նպատակով, բացի նշվածից, իրականացնում ենք լուրջ և ծավալուն ծրագիր։ Այս պահին KFW բանկի հետ իրականացնում ենք Զանգեզուրի կենսոլորտի ստեղծման ծրագիրը, որը ներառում է բազմազան բաղադրիչներ՝ սկսած գյուղատնտեսությունից, ենթակառուցվածքներից, վերջացրած էկոզբոսաշրջությամբ։ Այս ծրագիրն իրականացնելու է միջազգային մրցույթում հաղթած «Ջիթեք» գերմանական ընկերությունը։ Ծրագիրն օժանդակելու է նաև հարակից համայնքներին՝ աշխատատեղերի ստեղծման հարցում։ Քանի որ Զանգեզուրը սահմանային գոտի է ԻԻՀ-ի հետ, նախատեսվում է կառուցել նաև այցելուների գոտի, ինչը հնարավորություն կտա զարգացնելու էկոտուրիզմը։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ