ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Վերնախավի առանձին անհատներ ժամանակ առ ժամանակ փոխում են իրենց «տանիքները»

«Վերնախավի առանձին անհատներ ժամանակ առ ժամանակ փոխում են իրենց «տանիքները»
15.03.2016 | 00:35

Իշխանությունն ակտիվ վերադասավորումների փուլում է: ՀՀԿ-ականներն ամեն ինչ անում են, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններն իրենց «կողքով» չանցնեն: Ընդդիմության դաշտում ևս շարժեր են նկատվում, բայց ավելի շատ նոր ուժերի ձևավորման տեսանկյունից, «հին» ընդդիմադիրներին այդպես էլ չի հաջողվում իրար «գլխի» հավաքվել: Ներքաղաքական զարգացումների առնչությամբ «Իրատեսը» զրուցեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ:

-Խորհրդարանական ընտրություններից առաջ ի՞նչ է կատարվում իշխանության և ընդդիմության դաշտում:
-Հայաստանի Հանրապետությունը իշխանություն-ընդդիմություն տարբերակման առումով բավականին յուրօրինակ իրավիճակում է, քանզի դասական իմաստով առկա չէ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Մենք ունենք փաստացի իշխանություն, և իշխանությանը հակադրվող փաստացի ընդդիմություն, որը ժամանակ առ ժամանակ կարող է միաձուլվել՝ դառնալով իշխանություն, ինչպես նաև տարանջատվել՝ հանդես գալով իշխանական կամ ընդդիմադիր դիրքերից, ընդ որում, այդ ընթացքում որևէ գաղափարական կամ ծրագրային ընդհանրության կամ տարբերության մասին ոչինչ չի ասվում: ՈՒստի, հենց այս հանգամանքից ելնելով, բավականին դժվար է տարանջատել այդ դաշտերը, առավել դժվար է ասել, թե ինչ է կատարվում այդ դաշտերում: Հայաստանում շատ ավելի հեշտ է խոսել եվրոպամետների, արևմտամետների, ռուսամետների և այլ կարգի «մետների» մասին, որոնք շատ ավելի լավ են տարբերակվում և բավականին երկար ժամանակ չեն փոխում իրենց ուղղվածությունը:
-Ինչո՞ւ է իշխանությունը «թևակոխել» ակտիվ վերադասավորումների փուլ: Արդեն հստակ երևում է, որ իշխանական վերին օղակներում, մեղմ ասած, տարաձայնությունները խորանում են: Սա ինչի՞ կհանգեցնի:
-Այս պարագայում էլ դժվար է խոսել վերադասավորումների մասին, որովհետև իշխանության մեջ ընդգրկված վերնախավի առանձին անհատներ նույնպես ժամանակ առ ժամանակ փոխում են իրենց «տանիքները» (հովանավորներին), նշմարելի տարաձայնություններն էլ ոչ թե ծրագրային կամ առկա խնդիրները լուծելու տարբեր մոտեցումներով են պայմանավորված, այլ բացառապես հովանավորի նախասիրությամբ: Այնպես որ, հետևանքները կարող են լինել անկանխատեսելի:
-Նոր ԸՕ-ով զգալիորեն կրճատվելու է պատգամավորների թիվը, ինչը շատերին ստիպում է պայքարել միմյանց դեմ հրապարակավ կամ ծածուկ։ Ի վերջո, Ձեր դիտարկմամբ, իշխանությանը կհաջողվի՞ «որակյալ» մեծամասնություն բերել խորհրդարան:
-Պատգամավորների թվի կրճատման հետ կապված պնդումը միանշանակ չէ, այդ թիվը կարող է շատ ավելին լինել, քան այսօր է: Խնդիրը որակյալ խորհրդարան ունենալն է, ինչի համար պետք է աշխատել: Այդ ուղղությամբ, ցավոք, այսօր դեռևս տեսանելի ոչինչ չի արվում, նախորդ տարիների գործելաոճն էլ առիթ է տալիս յուրաքանչյուրին, իրեն համեմատության մեջ դնելով գործող պատգամավորներից շատ շատերի հետ, մտածելու, որ ինքը նույնպես արժանի է:
-Եթե իշխանության մեջ որոշակի հստակություն կա, թե ով «ումով» կփորձի մտնել «մեծ խաղի» մեջ, ընդդիմությունը կատարյալ անորոշության մեջ է: Ի՞նչ ապագա եք տեսնում ընդդիմադիրների համար:
-Արդեն նշեցի, որ իշխանություն-ընդդիմություն տարբերակումը Հայաստանի Հանրապետությունում շատ դժվար է, ուստի այն ուժերը, որոնք իրենց հայտարարում են ընդդիմություն, պետք է շատ հստակ ցույց տան սոցիալական, տնտեսական, ներքաղաքական, արտաքին քաղաքական և անվտանգության առումներով իրենց գաղափարական և ծրագրային տարբերությունը գործող իշխանություններից, նաև ճկունություն դրսևորեն իշխանության դեմ համագործակցաբար պայքարելու խնդրում, ինչը նրանց հնարավորություն կտա ինչ-որ առումով հավասարեցնելու պայքարը մանդատների համար:
-Ձեր դիտարկմամբ, ո՞ր շրջանում են Հայաստանի քաղաքական ուժերն ավելի որակյալ եղել, ու այդ հարցում ո՞ր նախագահն է առավել ճիշտ դիրքորոշում որդեգրել:
-Ես ձեռնպահ կմնամ խոսելուց այդ շրջանների մասին այն պարզ պատճառով, որ դա կլինի իմ սուբյեկտիվ կարծիքը: Միայն կարող եմ ասել, որ առաջին խորհրդարանը՝ 1990-1995 թվականների, երբ ընտրությունները կուսակցական չէին, շատ ավելի որակյալ էր, մեծ խնդիրներ լուծվեցին շատ ավելի ծանր ժամանակաշրջանում: Ցավոք, մենք չկարողացանք պահպանել այդ որակը բազմակուսակցական համակարգի ժամանակ:
-Այսօր յուրաքանչյուր ընդդիմադիրի հետևում հանրությունը փնտրում է իշխանության որևէ ներկայացուցչի «ստվերը»: Ընդդիմադիրնե՞րն են այդքան «էժան» վաճառվում, թե՞ քաղաքական խաղի կանոններն են ստիպում ենթարկվելու իշխանական «քամիներին»:
-Եթե Դուք հարցը ձևակերպած լինեիք այլ կերպ, իմ պատասխանը կլիներ այնպիսին, ինչպիսին Ձեր հարցադրումն է՝ առանց հարցական նշանների:
-Ո՞ր ուժը կկարողանա հանրության հավատն ու վստահությունը վայելել այն դեպքում, երբ ոչ մեկի առնչությամբ դրական վերաբերմունք չկա:
-Ամենամեծ հնարավորությունն այդ առումով ունեն իշխանությունները: Ես այս մասին ասել եմ բազմիցս: Այն պահից, երբ նրանց համար գերակա կդառնան օրենքը, պետական ու ազգային շահը, բոլոր առկա խնդիրները կսկսեն ստանալ իրենց համահունչ լուծումները, ինչը շատ արագ կանդրադառնա մեր քաղաքացիների սոցիալական ու տնտեսական վիճակի վրա` հավատ ծնելով առ իշխանություն: Իշխանության նկատմամբ հավատը հայելային արտացոլմամբ կանդրադառնա այն կուսակցությունների վրա, որոնք ձևավորում են այդ իշխանությունը: Միայն դրանից հետո է, որ կձևավորվի նաև կուսակցական այն համակարգը, որի պայմաններում պայքարն իշխանության համար կտեղափոխվի գաղափարական հարթություն:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ