Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

«Հուշարձանային հատվածին չեն կպել»

«Հուշարձանային հատվածին չեն կպել»
26.02.2016 | 00:55

Երևանում պատմամշակութային արժեքները քանդող, ավերող ուրվական է շրջում: Առավոտյան հանկարծ հայտնաբերում ես, որ քաղաքի դեմքը, կոլորիտն ապահովող հերթական շենքն է քանդվել կամ ապամոնտաժվել: Պատկան մարմինների պատասխաններն ավելի են խորացնում հիասթափությունը: Ոչ մի երաշխիք չկա, որ վաղը հերթական շենքը վտանգի տակ չի հայտնվելու: Օրերս մեկ շենք ևս հայտնվեց «պատանդի» վիճակում: Ամիրյան 2 հասցեում գտնվող Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածն ապամոնտաժվում է: Հարցի շուրջ «Իրատեսը» զրուցեց մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

-Ինչո՞ւ են գերատեսչությունները պատմամշակութային հուշարձանների առնչությամբ պատասխանատվությունը միմյանց վրա գցում։
-Մենք մեր պատասխանը պաշտոնապես տվել ենք, ոչ մեկի վրա պատասխանատվություն չենք գցել։ Ասել ենք՝ հուշարձանի (ավելի ճիշտ, դա հուշարձան չէ) հետ կապված իրականությունը որն է։ Բազմաթիվ լուսանկարների, վկայությունների հիման վրա միանշանակ կարելի է ասել, որ այդ հատվածը հուշարձան չի եղել։ Այդ շենքը բազմաթիվ անգամ վերակառուցվել է։ Այն, ինչ կառուցվել է 1896-ին, պահպանված է, իսկ մնացած հատվածը հուշարձանային չէ։
-Այսինքն՝ հուշարձան չի՞ քանդվել։
-Մենք ասել ենք ու ասում ենք, որ հուշարձանային հատվածին չեն կպել։ Իհարկե, մեր պատասխանը ինչ-որ մեկին կարող է չբավարարել, բայց փաստը մնում է փաստ։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հուշարձան է, թող գա մեր մասնագետների հետ նստեն, քննարկեն։
-Ստացվում է, որ մի գիշերում քանդվում են պատմամշակութային կառույցներ, հետո պարզվում է, որ իրականում դրանք «այնքան» էլ հուշարձան չեն։ Այսինքն, ով ինչպես կամենում է, մեկնաբանում է, քանդում-ավերում է քաղաքը։
-Ամեն մի հուշարձան ունի իր պատմությունը։ Դրանք պետք է դասակարգել։ Իմ պաշտոնավարման ընթացքում որևէ մեկն ինձ չի կարող ցույց տալ մի որոշում, որով ինչ-որ մի շենք ապամոնտաժվել, տեղափոխվել է։ Պատասխանատվությունը որևէ գերատեսչություն մյուսի վրա չի գցում. և՛ քաղաքապետարանը, և՛ մշակույթի, և՛ քաղաքաշինության նախարարություններն օր առաջ երազում են, որ հին Երևանի հատվածն արագ «հավաքվի», որպեսզի բոլոր ապամոնտաժված կառույցներն այդ հատվածում լինեն։
-Որպես նախարար, Ձեզ չի՞ մտահոգում այն ամենը, ինչ կատարվում է այսօր Երևանի սրտում։
-Ես չեմ կարող այդ մարդկանց փոխարեն պատասխանել, սակայն կարծում եմ, որ քաղաքի զարգացման ծրագրերի հստակ մշակման լուրջ խնդիր ունենք։ Նույն Իսահակյանի շենքի հետ կապված այսօր կարծես մոռացել են, որ ժամանակին այդ շենքի վրա ձեղնահարկ կառուցվեց։ Հիմա էլ, եթե բակի կողմից նայեք, կտեսնեք, թե քանի անգամ է այդ շենքն իր գոյության ընթացքում աղավաղվել։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ