ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ես այդքան տեղեկացված չեմ»

«Ես այդքան տեղեկացված չեմ»
23.02.2016 | 01:40

Երեկ ԱԺ քառօրյան մեկնարկեց քաղաքական բանտարկյալների շուրջ խոսքուզրույցով։ Առիթն օրեր առաջ Վարդգես Գասպարիի կալանավորումն էր։ Նախ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանի ղեկավարությանը հորդորեց ոստիկանությունից և դատախազությունից բացատրություններ պահանջել Գասպարիի ազատազրկման առնչությամբ և դրանք ներկայացնել խորհրդարանականներին։ Փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենք իրավունք չունեն միջամտելու իրավապահ մարմինների աշխատանքին։ Սա վրդովեցրեց Հրանտ Բագրատյանին. «Երբ նոր սահմանադրությունն անցկացրիք, ասում էիք, թե ընդդիմության դերը բարձրանում է։ Էս խեղճ ընդդիմությունը մի բան է խնդրում։ Ասում է՝ գնա իմացիր, ինչ է, արի ինֆորմացիա տուր։ Էս իրավունքն էլ չունե՞ն, բա ամոթ չի՞»։ Շարմազանովը նկատեց, որ իր խոսքերը խեղաթյուրել են. «Ասացի՝ մենք դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն մարդու իրավունքների նկատմամբ։ ՀՀ-ում և ցանկացած ժողովրդավարական երկրում քաղբանտարկյալների առկայությունն անթույլատրելի է։ Ասացի՝ պետք չէ դատավորի կամ դատախազի ֆունկցիա վերցնել, այլ բան ասե՞լ եմ»։ Իրավիճակն ավելի թեժացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ «Որևէ մեկը չի կարող թույլ տալ, որ Հայաստանում լինի քաղաքական հալածյալ։ Այս տարի արդեն ունենք երկուսը։ Այս ամենն արձանագրվում է, և դրա վերաբերյալ կան միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունները։ Սրանց հետ խաղ չպետք է անել, հերիք է մեզ խայտառակենք միջազգային ատյաններում»,- փաստեց պատգամավորը՝ հավելելով, որ այս «արատավոր երևույթը» նպաստում է արտագաղթի ավելացմանը, կապիտալի արտահոսքին և ներդրումների բացակայությանը։ Իսկ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ի նշան Գասպարիի անօրինական կալանավորման, ԱԺ օրակարգերի հաստատմանը դեմ քվեարկեց։
Ի վերջո, ՀՀԿ խմբակցությունն ի՞նչ կարծիքի է՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ՝ հարցրի խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻՆ։
-Ցանկացած մարդու քաղաքական հայացքների համար ազատությունից զրկելն անընդունելի է,- ասաց պատգամավորը։ -Սա որևէ կերպ չի բխում մեր պետության շահերից, ավելին, հարցականի տակ է դնում մեր միջազգային վարկը։ Ցավոք, քանի դեռ Հայաստանի քաղաքական մշակույթն այնպիսի աստիճանի է, ինչ հիմա է, ցանկացած դեպք ընդդիմությունը համարում է քաղաքական հայացքների արդյունք, իսկ իշխանությունը փորձում է բացառել ազատազրկման հիմքում քաղաքական հայացքների առկայությունը։ Խոշոր հաշվով, շատ սուբյեկտիվ միջավայրում ենք գտնվում։ Երբ իրավապահ մարմինների պարզաբանումներն ենք լսում այս կամ այն դեպքի առնչությամբ, հակասական տրամադրություններ են ստեղծվում։ Իմ կարծիքով, իրավապահ համակարգը յուրաքանչյուր դեպքի առնչությամբ առավելագույն զսպվածություն պետք է ցուցաբերի և իր գործողությունները համեմի այնպիսի անառարկելի փաստերով, որ որևէ քաղաքացու մոտ դույզն-ինչ կասկած չմնա։ Մեր երկրի քաղաքական հեղինակությունը չափազանց կարևոր է։ Մենք պետք է այդ հարցում շատ զգոն լինենք։
-Դուք իմ հարցին չպատասխանեցիք. Հայաստանում այսօր կա՞ քաղբանտարկյալ։
-Ներողություն եմ խնդրում Ձեզնից և ձեր ընթերցողներից, բայց ես այդքան տեղեկացված չեմ, չեմ տիրապետում այն մեթոդոլոգիային, որով միջազգային իրավապաշտպան կառույցները գնահատում են տվյալ անձի քաղաքական բանտարկյալ լինելու կամ չլինելու հանգամանքը։ Դա մասնագիտական խոր գիտելիքներ է ենթադրում։ Այդ հարցով դիմեք մեր այն գործընկերներին, ովքեր պատրաստ են պատասխանելու այդ հարցին։
-Գոնե խորհրդարանի ղեկավարությունն ի զորո՞ւ է տեղեկություն պահանջելու իրավապահ մարմիններից այսօրինակ կալանավորումների վերաբերյալ։
-ԱԺ-ն հանրային հնչեղություն ստացած ցանկացած դեպքի վերաբերյալ պետք է տեղեկացված լինի։ Բնականաբար, խորհրդարանի ղեկավարության պարտականության շրջանակում է նման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար պատգամավորների և իրավապահ մարմինների միջև կամուրջ հանդիսանալը։ Դա այդպես էլ կա։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ