ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ի վերջո, չի կարելի ջուրը գցե՞լ, թե՞ ջուրն ընկնել

Ի վերջո, չի կարելի ջուրը գցե՞լ, թե՞ ջուրն ընկնել
19.02.2016 | 08:23

Ռուսաստանի տնտեսական զարգացումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, էներգակիրների և գազի գների ձևավորում, միգրացիոն ճգնաժամ, փոխարժեքային ռիսկեր՝ այս ընդգրկուն թեմաներն էին Տնտեսական լրագրողների ակումբի՝ «Հայաստանի տնտեսական մարտահրավերները» ասուլիսների շարքի առաջին քննարկումների հիմքում՝ փետրվարի 17-ին, «Կոնգրես» հյուրանոցում: Տնտեսական լրագրողների ակումբի գործադիր տնօրեն Աննա Բաղդասարյանը իրազեկեց, որ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի հետ համագործակցած՝ ակումբը պատրաստվում է 9-10 ասուլիս հրավիրել տնտեսական կյանքի ամենահրատապ խնդիրների քննարկման նպատակով: Առաջին ասուլիսի թեման ընտրվել էր իբրև ամենահրատապը և հասարակական կյանքում ազդեցություն ունեցողը: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ի սկզբանե կարևորեց թեմայի շրջանակների ընդլայնումը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության ընդգրկումով և անմիջապես հիշեցրեց, որ Բրյուսելում սկսվել են Հայաստանի և ԵՄ-ի բանակցությունները՝ տնտեսական համագործակցության վերաբերյալ: Նա կարևորեց, որ ԵՄ-ի հետ քառամյա բանակցություններից հետո Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը չխզեց ԵՄ-ի հետ քաղաքական ու տնտեսական կապերը, ի վերջո, կատարված ծավալուն աշխատանքը չի կարելի ջուրը գցել: Մանրամասն անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատմությանը՝ Վահագն Խաչատրյանը հիշեցրեց, որ չեն եղել քննարկումներ, թե ինչ է տալու ԵԱՏՄ-ն Հայաստանին, իշխանության ու ոչիշխանության փաստարկները քննադատության չէին դիմանում, որովհետև հաշվարկները հիմնավորվում էին «եթե»-ներով: ԵՄ ներկայացուցիչներն ավելի ռեալ էին, նրանք ասում էին, որ 10-15 տարում Հայաստանը տնտեսական էֆեկտներ չի զգա, միայն տնտեսության կայացումից հետո կարող է ակնկալիքներ ունենալ: Պարոն Խաչատրյանը կարծում է, որ ԵՄ-ի քաղաքական ձգտումներն էլ չափազանցված էին, ու այդ պատճառով Հայաստանը 2013-ին կտրուկ շրջադարձ արեց դեպի ԵԱՏՄ: Հայաստանը չէր կարող ռազմաքաղաքական առումով լինել ՀԱՊԿ-ում, իսկ տնտեսապես լինել այլ միության անդամ: Տնտեսագետի գնահատմամբ՝ մենք հայտնվեցինք մի իրավիճակում, երբ կրճատվեցին տրանսֆերտները, ռուսական շուկան մեզ համար փակվեց՝ զուտ շուկայական կանոններից ելնելով, ներդրումներն էլ պակասեցին՝ ռուսական տնտեսության վիճակից ելնելով: Պատժամիջոցների և նավթի գնի անկման պատճառով Ռուսաստանը չի կարող ակտիվ դեր ունենալ ԵԱՏՄ-ում: Վահագն Խաչատրյանը նշեց ևս մի վտանգ՝ հայկական գյուղատնտեսական ապրանքների ոչ մրցունակությունը ռուսական ապրանքների համեմատ: ԵԱՏՄ շուկան, նրա գնահատմամբ, դարձել է տնտեսական պատերազմների թատերաբեմ:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն անդրադարձավ Ռուսաստանի տնտեսական զարգացումներին և փոխարժեքային ռիսկերին: Նա նշեց, որ ՌԴ տնտեսությունն արձանագրեց 3,7 % ՀՆԱ-ի անկում, 2016-ին նախատեսվում է 0,7 % անկում, կան նաև 1 % աճի լավատեսական կանխատեսումներ: ՌԴ բյուջեի հիմքում դրված մեկ բարել նավթի գինը իջեցվեց մինչև 40 դոլար, բյուջեի դեֆիցիտը իջեցվեց 5,1 %-ի, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներով ՌԴ-ն ունեցավ տնտեսական լուրջ անկում և ԵԱՏՄ շրջանակներում դիտարկել ՌԴ տնտեսության ազդեցությունը Հայաստանի վրա, նրա կարծիքով, ճիշտ չէ: 27 տարվա կտրվածքով Հայաստանի ներդրումային պորտֆելում 5 տրիլիոն դոլար օտարերկրյա ներդրումների 1,7 տրիլիոն դոլարը Ռուսաստանինն է, ոչ մի երկիր, Վիլեն Խաչատրյանի գնահատականով, այդքան ներդրում Հայաստանում չի արել: Նա հորդորեց հավելել անվտանգության գործոնը: Քանի որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ Հայաստանը համարյա տնտեսական հարաբերություններ չունի, ԵԱՏՄ-ն կարելի է դիտարկել որպես ՌԴ-ՀՀ հարաբերություններ՝ նրա կարծիքով: ՌԴ տնտեսական վիճակի պատճառով տրանսֆերտները բնականաբար պիտի կրճատվեին, արտաքին առևտրային հարաբերությունների տեսանկյունից Հայաստանը կորցրել է և՛ ռուսական, և՛ եվրոպական շուկան: Հայաստանի գործընկերային հարաբերությունները զարգացել են ասիական երկրների հետ, և ասիական շուկայում Հայաստանն ավելի ուժեղ դիրքեր ունի: Հետճգնաժամային զարգացման փուլում ասիական երկրների տնտեսությունն ավելի մեծ աճ է ապահովում, քան ԵՄ երկրները, չկա եվրոպական երկիր, որ չբողոքի ՌԴ պատժամիջոցներից իր կրած վնասներից՝ 100 միլիարդ եվրոյից ավելի տարբեր երկրների շրջանակներում: «Առևտրային հարաբերությունների տեսանկյունից Ռուսաստանը մեր առաջին գործընկերն է, թեկուզ կրճատվել են և ներմուծման, և արտահանման թվերը, 2015-ին մենք 1 միլիարդ 170 միլիոն դոլար ներմուծման կրճատում ունենք, այնուամենայնիվ Ռուսաստանը կարողացել է ներմուծման մեջ իր դիրքերը բարելավել և մեր ներմուծման մեկ երրորդը կազմակերպող երկիրն է»,- արձանագրեց Վիլեն Խաչատրյանը: Նա մանրամասն անդրադարձավ Ռուսաստանի հակաճգնաժամային ծրագրին՝ բյուջեի սեկվեստր, պետական սեկտորում պարգևավճարների կրճատում, միգրանտների աշխատանքից ազատում՝ սեփական քաղաքացիներին աշխատանքով ապահովելու համար: Ռուսական ռուբլու արժեզրկումը զրկում է ներմուծման հնարավորությունից և մեծացնում է արտահանումը, բացի այդ տեղական արտադրողներին հնարավորություն է տալիս զարգացնել իրենց տնտեսությունը: Վիլեն Խաչատրյանը նշեց, որ Ռուսաստանն այսօր բախվում է դեպի Եվրոպա լոգիստիկ շղթաների վերանայման խնդրին՝ կորցնելով ՈՒկրաինայի ու Լեհաստանի ելքերը: Նա ռուբլու կուրսի վերաբերյալ կանխատեսումները կապեց նավթի գնի և նավթային շուկայում արտահանման ծավալների կրճատման անհրաժեշտության հետ:
Հարց ու պատասխանին հատկացվեց ավելի շատ ժամանակ՝ հարցերը և թեմային էին վերաբերում, և թեմայից դուրս էին: Կնվազեցնի՞ Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար, և չպե՞տք է այլընտրանքի մասին մտածել հարցին՝ Վահագն Խաչատրյանը պատասխանեց, որ խնդիրները սկսվել են 2013-ի դեկտեմբերին վավերացված գազային պայմանագրերով, որոնցով երկիրը փակել է իր այլընտրանքային տարբերակները: «Մենք Ռուսաստանին ասել ենք՝ հանձնվում ենք ձեզ, արեք մեզ հետ, ինչ ուզում եք: Նախկինում պայմաններից մեկն այն էր, որ եթե մենք չդառնայինք ԵԱՏՄ անդամ, գազը մեզ 40 տոկոսով ավելի թանկ կվաճառվեր: Բայց կյանքն ու աշխարհում ընթացող զարգացումները ցույց տվեցին, որ ամբողջ աշխարհում երկու անգամ գազի գները նվազել են: Լոնդոնյան շուկայում բորսայական գինը երեք անգամ է նվազել: Մեզ ասում էին՝ տեսեք, ամենաէժան գազն ենք ձեզ տալիս, բայց պարզվեց ամենաէժան գազը չեն տալիս»,- արձանագրեց Վահագն Խաչատրյանը՝ նախապես խնդրելով իրեն համարել հայկական շահերը պաշտպանող տնտեսագետ: Նա կարծում է, որ Հայաստանն ինքն իրեն զրկել է այլընտրանքի հնարավորություններից, երբ Իրան-Հայաստան գազամուղը, չգիտես ինչու, նվեր տրվեց «Գազպրոմին»՝ ոչ մի տնտեսագիտական հաշվարկ, ոչ մի քաղաքական հաշվարկ չէր կարող հիմնավորել, որ արդեն կառուցվող ու ներդրում կատարած Իրանին Ռոբերտ Քոչարյանն ասեր՝ գազամուղը պիտի լինի ռուսական: «Մենք զրկվեցինք մի մեծ հեռանկարային ծրագրից: Հիշեցնեմ, որ պետք է Հայաստան-Իրան գազամուղ լիներ 1500 մմ տրամաչափով, հիմա 750 է, պետք է այդ գազամուղը կառուցվեր մինչև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ, պետք է այդ բլոկի շինարարությունն ու վերջնական աշխատանքներն ավարտվեին իրանական գումարներով՝ մոտ 240-300 մլն դոլարի շրջանակներում: Դրանից հետո Իրանը շարունակելու էր գազ մատակարարել, մենք ոչ մի լումա չէինք ծախսում, դա իրանական կողմը որպես ներդրում էր կատարելու: Մենք պետք է հետագայում դրա դիմաց վճարեինք՝ էլեկտրաէներգիա արտահանելով: Բայց մենք հրաժարվեցինք, ասացինք՝ «Գազպրոմ», մենք ձեզ շատ ենք սիրում»,- պատմեց Վահագն Խաչատրյանն ու հավելեց, որ «Գազպրոմի» հեղինակությունը համաշխարհային շուկայում շատ խաթարված է, ըստ ընկերության անցյալ տարվա հաշվետվության՝ «Գազպրոմը» պիտի սնանկ համարվեր, բայց պետական ընկերություն է, և պետությունն էլ պահում է: ՌԴ տնտեսության հիմնական խնդիրը անարդյունավետ լինելն է, համակարգային է, եթե Ռուսաստանը ձգտում է համաշխարհային խաղացող լինել, պետք է բարեփոխումներ անի՝ եզրակացրեց տնտեսագետը: Իսկ Հայաստանը միշտ այլընտրանք պետք է ունենա, որ փակուղային իրավիճակում չհայտնվի: Նա գտնում է, որ բնակչության համար գազի գինը 50 տոկոսով կարելի է նվազեցնել: Հայաստանում գազը սպառում է հիմնականում բնակչությունը, ՀՀ քաղաքացին կորցրել է գնողունակության 10 տոկոսը, այդ պայմաններում դարձել ենք ոչ գնողունակ նաև գազի նկատմամբ: Ռուսաստանը Հայաստանի համար գազի գինը պետք է նվազեցնի՝ սահմանին 1000 խմ-ի համար սահմանելով 110-120 դոլար, այսօրվա 165 դոլարի փոխարեն: Թեև պայմանագրով գազի գինն ու ծավալները ֆիքսված են, այսօր ֆորսմաժորային իրավիճակ է, ըստ պայմանագրերի՝ ֆորս մաժորի ժամանակ պետք է դիմել ու պահանջել գազի գնի նվազեցում: «Գազպրոմի» համար էլ է իրավիճակ փոխվել: Ելնելով ֆորսմաժորային իրավիճակից՝ գրավոր փաստաթուղթ էր պետք, որ դրա պատճառով գին է փոխվել, պետք է վերանայել գազի գինը: Ռուսաստանը խոստանում էր 400 մլն դոլարի ներդրում անել Հայաստանում, ատոմակայանում պետք է ներդրումներ կատարվեին, բայց հիմա հայտարարում են, որ վարկեր ու ներդրումներ չկան: Մենք կարող ենք ասել՝ դուք չեք կարողանում կատարել ձեր խոստումը, մենք հասկանում ենք, Ռուսաստան, բայց պետք է գազի գինը վերանայվի»,- ասաց Վիլեն Խաչատրյանը:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ևս կարծում է, որ հայ-ռուսական գազային պայմանագրերը վերանայելու և Հայաստանի համար գազի գինը իջեցնելու հնարավորություն կա, եթե երկկողմանի կամք լինի: Եվրոպայում գազի միջին գինը 2016-ին կանխատեսվում է 200 դոլար: Միշտ կա կապ նավթի ու գազի գների միջև. երբ նավթի գներն իջնում են, գազի գինը ևս իջնում է: Պայմանագրի ամենավատ կետ նա համարեց գազի ներմուծման ֆիքսված ծավալը՝ ինչ ուզում ես արա, պիտի վճարես: Եթե սահմանին էլ գազի գինն իջեցնեն, բնակչության համար չեն իջեցնի՝ կանխատեսում է նա: «Ռուսական կողմը կարող է ասել՝ մինչև պայմանագրի ժամկետը չլրանա, չեմ կարող քեզ հետ պայմանագիր վերակնքել, և հարցը կփակի: Բայց կարող է կամք դրսևորի, ասի՝ լավ, որոշել եմ Եվրոպային ցածր գնով տալ, հնարավորություններ կան, ես քեզ էժան կտամ՝ որպես իմ գործընկեր: Բայց ցանկացած դեպքում մենք նկատում ենք, որ երբ բանը հասնում է տնտեսական հարցերին, գործընկերներին էլ են մոռանում, գույք պարտքի դիմաց էլ են վերցնում, պարտքերն էլ չեն ներում, ամենաթանկ գներով էլ փորձում են վաճառել»,- ասաց տնտեսագետը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Թվերի, փաստերի, իրավիճակի հակասական գնահատականների ու ավելի հակասական եզրակացությունների համապատկերում չկարողացա երկու տնտեսագետներին չհարցնել.
-Դուք համակողմանի ներկայացնում եք հարցերը, բայց ինչքան մանրամասնում եք, այնքան համոզվում ենք, որ քաղաքական լուծումներ են պետք: Քննարկման բուն թեմայից ելնելով՝ ո՞րն է այսօր Հայաստանի անելիքը, երբ, ձեր գնահատականով, տնտեսությունը մեռնում է, ժողովուրդը հեռանում է, ո՞րն է ելքը:
Վահագն Խաչատրյանը պատասխանեց.
-Ես չէի ասի, որ փակուղային վիճակ է: Մենք ուզում ենք տնտեսությունը զարգանա: Տնտեսության զարգացման համար երկու նախապայման կա՝ փող և թույլ արժույթ: Թույլ արժույթը նշանակում է ներքին շուկայում գների բարձրացում, բնակչության աղքատացում: Ո՞րն ընտրել: Մենք ընտրել ենք ուժեղ արժույթը և տնտեսության ստագնացիան, զարգացման որևէ հեռանկար չկա, ներդրումներ չկան, ոչ միջավայրն է գրավիչ, ոչ մեր տնտեսական քաղաքականությունը, մեր վիճակը տեսական առումով փակուղային է: Բայց ելք կա, երբ փորձում եք թուլացնել ձեր արժույթը, խթանում եք մրցակցությունը: Տարածաշրջանում Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլացվածն է: Իշխանության ներկայացուցիչները մենաշնորհների դեմ չեն պայքարում, բայց գոնե մենաշնորհային դիրքի դեմ պետք է պայքարեն: Քաղաքական լուծումը հենց դա է՝ կա՞ կամք երկրում ստեղծելու մրցակցային միջավայր, որը հնարավորություն կտա թույլ արժույթի դեպքում շուկայում մրցակցություն ստեղծել, և գինը սահմանի շուկան, ոչ թե առանձին մարդիկ՝ իրենց աշխատասենյակներում: Մենք կարող ենք գեղեցիկ տնտեսական ծրագրեր ներկայացնել, մանավանդ նախընտրական տարում տնտեսագետները զբաղված են այդ գործով, բայց դա անարդյունավետ աշխատանք է: Լուծումը քաղաքական դաշտում է՝ եթե քաղաքական դաշտի մրցակցության արդյունքում չի իշխանությունը ձևավորվում, և այդ մրցակցությունը չի ազդում տնտեսական կյանքի վրա, մեր փոքր տնտեսության մեջ մեծ խնդիրներ են առաջանում: Քաղաքական դաշտում այդ որոշումը չի կայացվի, որովհետև եթե կայացվի, իշխանությունը պիտի իր իշխանությունը զիջի: Պատրա՞ստ է դրան, թե՞ ոչ: Ես չգիտեմ:
Վիլեն Խաչատրյանը պատասխանեց.
-Ձեր հարցի հիմքում հին վեճն է՝ տնտեսությո՞ւնն է որոշում քաղաքականությունը, թե՞ քաղաքականությունն է որոշում տնտեսությունը: Մարքսից սկսած այդ հարցին պատասխանում են: Հայաստանից վերջին հինգ տարում 210000 աշխատանքային ակտիվ բնակչություն է հեռացել, ո՞վ է տնտեսական աճ ապահովելու: Մենք ունենք աշխատանքային ռեսուրսի խնդիր, որպեսզի արդյունավետ աշխատանքով աճ ապահովենք: Սա լուրջ խնդիր է: Ես համամիտ չեմ, որ թույլ արժույթը մեզ կփրկի, 1 տրիլիոն 400 միլիարդ դրամ արտարժութային վարկ ունի Հայաստանը, մեր վարկային պորտֆելի 65 %-ը դոլարային է, ավանդների 70 %-ը դոլարով են: Կենտրոնական բանկի դիմաց դրամի արձանի փոխարեն դոլարի արձանը պիտի դնենք: Մինչև չհասկանանք, որ մեր երկրի արժույթը դրամն է, ոչ թե դոլարը, ցանկացած տատանման գերին ենք մնալու: Ցանկացած միգրանտ, որ մեկնում է Հայաստանից, յոթ միավոր ապրանք է ստեղծում, որ մեկ միավորը ուղարկի տուն, մենք պետք է կադրերի արտահոսքը կանխենք, տաղանդավոր մարդկանց աշխատանքից ազատողները այս երկրում պետք է տեղ չունենան: Տաղանդների աջակցության քաղաքականություն պետք է լինի: Ելքը դա է: Մենք ոչ մրցունակ ենք, դեգրադացվել ենք մրցունակության տեսանկյունից, այդ պատճառով էլ մենաշնորհներ են ձևավորվում: Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժան Տիրոլը հիմնավորում է, որ մենաշնորհն էլ կարող է արդյունավետ լինել, եթե գին չթելադրեն: Շուկան բաց պիտի լինի: Ներմուծումը պիտի փոխարինվի՝ փտած հավերը ներմուծում են, իսկ մեր թռչնաբուծարանները փակվում են: Ներմուծողին պետք է ասել՝ ոչ թե ներմուծի, այլ արտադրի, մի քիչ թանկ վաճառի, բայց՝ արտադրի: Մեզ պարենային անվտանգություն է պետք, որ սոված չմնանք: Ասում են՝ Հայաստանը տարածաշրջանային ծրագրերից դուրս է մնում, եթե մաքսայինը մտնում է ու ինչ ուզում անում է՝ մարդը պատրաստ է Ադրբեջանից էլ ներմուծել: Տասնյակ լուծումներ կան, դրեք ու վերակնքեք պայմանագրերը՝ մեր երկրին ձեռնտու պայմաններով:
Դե հիմա ինքներդ որոշեք՝ հա՞վն է ձվից, թե՞ ձուն՝ հավից: Քաղաքակա՞ն են մեր խնդիրները, թե՞ տնտեսական, և, ի վերջո, ո՞րն է ելքը:

Դիտվել է՝ 2057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ