Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«ԲՀԿ-ն գնում է առաջիկա ընտրություններին՝ իր առջև դնելով ամենաբարձր նշաձողը»

«ԲՀԿ-ն գնում է առաջիկա ընտրություններին՝ իր առջև դնելով ամենաբարձր նշաձողը»
16.02.2016 | 00:22

Մեկ տարի առաջ փետրվարին Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ու քաղաքական դաշտից «դուրս» դրեց խորհրդարանում հզորությամբ երկրորդ կուսակցության ղեկավարին: Էլի փետրվարին Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ու այս անգամ ուղերձ հղեց ողջ ՀՀԿ-ին` «ապագա խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղն այսօր երաշխավորված չէ, թող ոչ մեկը հույս չունենա, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու են հեշտ հաղթանակներ»: Թե այս անգամ քանիսը և ովքեր դուրս կմնան ակտիվ քաղաքականությունից ու չեն ունենա ցանկալի մանդատը, դեռ պարզ չէ: Միայն թե լավ կլինի, որ նախորդ տարվա փետրվարյան «սկզբունքայնությունն» այս անգամ էլ սեփական կուսակիցների հանդեպ կիրառվի: Մինչ այդ ԲՀԿ-ի «անցած-գնացածի», այսօրվա և ապագայի շուրջ զրուցեցինք կուսակցության և խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

-ՀՀԿ-ն համագործակցության «ձեռք մեկնեց» խորհրդարանում փոքր ներկայացվածություն ունեցող ՀՅԴ-ին: Մինչդեռ խորհրդարանի երկրորդ ուժն անտեսեցին, ինչո՞ւ:
-Ինչո՞ւ եք վստահ, որ առաջարկ չի եղել, և ինչո՞ւ եք վստահ, որ ՀՅԴ-ին պաշտոնական առաջարկ է եղել: Որքան հետևել եմ ՀՀԿ-ի բարձրաստիճան դեմքերի հայտարարություններին, դրանք եղել են բաց, ուղղված այն քաղաքական ուժերին, որոնք պաշտպանել են սահմանադրական «այո»-ն և ցանկություն ունեն համագործակցելու շատ ավելի սերտ ֆորմատով։ Դաշնակցությունն ընդունել է այդ բաց համագործակցության առաջարկը, ինչը ես ողջունում եմ։ Սակայն կարծում եմ, որ կարճաժամկետ կոալիցիաների արդյունավետությունը մեծ չէ։ Սա չարախնդալով չեմ ասում, երկիրն այնպիսի վիճակում է, որ ցանկանում եմ նրանց համագործակցությունը հաջողի։ Ի տարբերություն որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի, որոնք իրենց գործունեությամբ վերածվել են աղանդի, որտեղ գաղափարը, տրամաբանությունը, ֆորմուլան մեկն է, որ ամեն ինչ փլվի, կործանվի, ու փլատակների տակ տեսնեն իշխանության դիակները, ԲՀԿ-ն բացարձակապես այսպիսի տրամաբանությամբ չի առաջնորդվում։ Մենք, այո, չենք կիսում իշխանության քաղաքականության բազմաթիվ դրվագներ, շատ հարցերում նրանց ընդդիմախոս ենք (դատավճիռ չէ, որ իշխանությունն ինչ անում է, սխալ է), բայց երբ տեսնում ենք, որ երբ դրական քայլ է արվում, ԲՀԿ-ն պաշտպանում է այն։ Մի օրինակ բերեմ՝ չբարձրաձայնելով ընդդիմադիր գործչի անունը: Եվրոպացի գործընկերոջս հետ զրուցում էինք, և նա ասաց, որ իր համար անհասկանալի է, երբ Հայաստանի կառավարությունը մի նախագիծ էր բերել, որով թեթևացվելու էր փոքր և միջին բիզնեսի բեռը հատկապես սահմանային գոտում, և մեր ընդդիմադիրներից ոմանք կարծր դիրքորոշում են հայտնել՝ պատճառաբանելով, թե պետք է մերժել, իրենց ձևակերպմամբ, հանցավոր իշխանության ցանկացած նախագիծ։ Եվրոպացիների համար անհասկանալի է, թե ինչպես կարող է քաղաքական նորմալ մշակույթում այդպիսի տրամաբանություն աշխատել։ Նույնիսկ եթե դու կարծր ընդդիմություն ես, որևէ քայլ, որը կարող է դրական անդրադառնալ քո քաղաքացու վրա, պետք է պաշտպանես։ ԲՀԿ-ն առաջնորդվում է հենց այս սկզբունքով։ Անդրադառնալով Ձեր հարցին, նշեմ, որ մեր քաղաքական դաշտը շատ փոքր է, և իմ գործընկեր լրատվամիջոցները շատ պրոֆեսիոնալ ու իրազեկ են, չեմ թաքցնում, այո, խմբակցությունում լուրջ քննարկում եղել է, որ միգուցե ԲՀԿ-ն էլ ընդունի համագործակցության առաջարկը։ Իմ գործընկերներից շատերի (մեծամասնությանօ կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ ԲՀԿ-ն էլ պատրաստակամություն հայտնի կոալիցիոն կամ այլ ֆորմատով ՀՀԿ-ի հետ վերցնելու պատասխանատվություն և փորձի մեր ծրագրերն իրականացնել։ Որպես կուսակցության նախագահ, իմ դիքորոշումը տրամագծորեն հակառակն է եղել։ Բայց այս տեսակետի հետ քչերն էին համաձայն, մենք փոքրամասնություն էինք: 2017-ի խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարի, պետք է լինել իրատես, մեկ տարում գրեթե անհավանական է իրականացնել այն բոլոր ծրագրերը, որն ունի ԲՀԿ-ն։
-Ի վերջո, ԲՀԿ-ն ի՞նչ դիրքորոշման է հանգել։
-Պատրաստվել 2017-ի խորհրդարանական ընտրություններին։
-Միայնա՞կ, թե՞ դաշինքով։
-Քաղաքականության մեջ որևէ բան բացառել պետք չէ։ Մեր գործընկեր Հրանտ Բագրատյանը հանդես է եկել ընդդիմադիր ուժերի համախմբման առաջարկով։ Տեսական դաշտում ողջունում եմ Բագրատյանի առաջարկը, իհարկե, հիանալի կլիներ ընդդիմադիր ուժերով կազմել մեկ միասնական քաղաքական օրակարգ և հանդես գալ մեկ բևեռով։ Ցավոք, մեր փորձը ցույց է տվել, որ ընդդիմությանը չի հաջողվում համախմբվել ծրագրերի շուրջ կամ էլ դա կարճաժամկետ է լինում։ Ես շատ արդյունավետ եմ համարում քառյակի, եռյակի համագործակցությունը, բայց հայտնի իրադարձությունից հետո այս պահին չեմ տեսնում իսկապես այն քաղաքական ուժերին, որոնք ունակ են մեկ միասնական քաղաքական օրակարգի շուրջ միավորվելու։ Որպես օրինակ նշեմ. ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի հանրահավաք անելու շուրջ երկու քաղաքական ուժերի միջև անբարո, անպարկեշտ բանավեճ է գնում, թե ով իրավունք ունի այդ օրը հանրահավաք անելու։ Իմ գնահատմամբ, սա անարգանք է Մարտի 1-ի զոհերի հասցեին։ Երկրորդեմ, քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, բայց այս պահին ընդդիմադիր դաշտում չեմ տեսնում այն ուժին, որի հետ 2017-ին ԲՀԿ-ն կարող է ձևավորել մեկ տեսլական, քաղաքական օրակարգ և գնալ ընտրությունների։ Սակայն կարծում եմ, որ սա անհրաժեշտություն է, քանի որ որքան միավորված լինի ընդդիմությունը, այնքան կշահի այդ միավորման մեջ եղած յուրաքանչյուր քաղաքական ուժ։
-Տեսակետ կա, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերից ոչ մեկն ի զորու չէ միայնակ հաղթահարելու անցողիկ շեմը։ Եվ որպես հիմնական կռվան նշվում է ընդդիմադիրների ֆինանսական վատ վիճակը։ Այդպե՞ս է։
-Այդ տեսակետի հետ բացարձակապես համաձայն չեմ։ Ես, իհարկե, Վանգան չեմ, բայց կարող եմ արդեն կանխատեսել ապագա խորհրդարանի պատկերը։ Այն որոշակիորեն կտարբերվի գործող խորհրդարանի պատկերից։ Որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր, կարծում եմ, խորհրդարանում այլևս չեն լինի։ Նրանց փոխարեն կլինեն մեկ կամ երկու նոր քաղաքական միավորներ։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, առնվազն զվարճալի եմ համարում հինգ տոկոսի մասին բոլոր խոսակցությունները։ ԲՀԿ-ն գնում է առաջիկա ընտրություններին՝ իր առջև դնելով ամենաբարձր նշաձողը։ Իհարկե, նոր սահմանադրությամբ քիչ հավանականություն կա, որ որևէ քաղաքական ուժ կարող է ունենալ բացարձակ մեծամասնություն, այսինքն՝ 50+1։ Այն, որ ԲՀԿ-ն առնվազն ներկա դիրքերը պահպանելու է, առանց ավելորդ համեստության, չեմ կասկածում։
-Փետրվարյան հայտնի իրադարձություններից մեկ տարի անց ԲՀԿ-ն ի՞նչ կորուստ ունեցավ, ի՞նչ դասեր քաղեց։
-Եթե չլիներ այն հսկայական ներդրումը, որ Գագիկ Ծառուկյանն ունեցավ ԲՀԿ-ի ստեղծման գործում, այն ամուր «արմատուրան», որ դրվեց կուսակցության հիմքում, մեծ կասկած ունեմ, որ փետրվարյան ֆորս մաժորին կկարողանար ԲՀԿ-ն դիմանալ։ Իհարկե, մենք կորուստներ ունեցանք։ Բոլոր քաղաքական ուժերը, չեմ ցանկանում երեսպաշտություն անել, այդ թվում նաև՝ ԲՀԿ-ն, ունեցան վարկանիշային կորուստ։ Բայց փառք Աստծո, ԲՀԿ-ն այսօր կանգնած է իր ամուր դիրքերում, Հայաստանի քաղաքական դաշտում առանցքային խաղացողներից մեկն է, և վստահ եմ, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում լուրջ արդյունքներ է արձանագրելու։
-Գագիկ Ծառուկյանից հետո մեծ կուսակցության բեռը կանացի փխրուն ուսերին ծանր չէ՞, դժվար չէ՞ առանց Գագիկ Ծառուկյանի։
-Իհարկե, առանց Գագիկ Ծառուկյանի դժվար է։ Դժվար է բոլոր առումներով։ Նման հզոր, խարիզմատիկ լիդերից հետո, բնականաբար, դժվար է։ Բայց ես սովոր եմ դժվարություններին և չեմ սիրում պարտվել։ Դա իմ կյանքի բանաձևն է, իսկ մնացածը ցույց կտա ապագան։


Զրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ