ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Այս մեխանիզմը գործնականում արդյունավետ կարող է լինել»

«Այս մեխանիզմը գործնականում արդյունավետ կարող է լինել»
09.02.2016 | 01:21

Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո աշխարհն իրար է անցել։ Յուրաքանչյուր երկիր փորձում է ավել պատառ «պոկել» Իրանից։ Հայաստանի գործարար դաշտը ևս այս առումով աշխուժացել է։ Սակայն շատ կարևոր է, թե ինչ է անում այդ ուղղությամբ Հայաստանը պետական մակարդակով։ Այս և միջազգային տնտեսական դաշտի հետ կապված որոշ հարցերի շուրջ զրուցեցինք էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻ հետ։

-Իրանի Իսլամական Հանրապետությունն այն երկիրը չէ, որից հնարավոր լինի շատ բան վերցնել, ինչպես Դուք ասացիք` «պոկել»,- ասաց նախարարը։- Հազարավոր տարի պետություն չկորցրած երկրի հետ հարաբերություններում պարզունակ մոտեցումը ճիշտ չէ։ Կարծում եմ, Իրանի կառավարության պետական կարգավորման ընդհանուր ուղղությունը մեզ համար դրական է։ Որքան դրանք մոտեցվեն և հարմոնիկ լինեն ազատական գաղափարախոսությանը, այնքան մեր առևտրատնտեսական հարաբերությունները է՛լ ավելի կզարգանան։ Անկասկած, տնտեսության ազատականացումն իր դրական դերը խաղալու է և՛ շուկաների ձեռքբերման, և՛ հարաբերություններ հաստատելու առումով։
-Կարո՞ղ է այնպես ստացվել, որ Հայաստանն ուշացածի դերում հայտնվի։
-Մենք առաջիններից առաջինն էինք, որ ԻԻՀ-ի հետ իրականացրինք միջազգային լայնածավալ բիզնես-ֆորում։ Դա բնական է, մենք անմիջական հարևաններ ենք, հետևաբար, հետաքրքրությունը շատ մեծ էր երկու առումով։ Առաջինը ԻԻՀ-ի համար Հայաստանը հետաքրքիր է, քանի որ ԵԱՏՄ անդամ երկիր է, երկրորդ` ՀՀ-ն արտոնյալ ռեժիմով համագործակցում է եվրոպական շուկաների հետ։
-Պարոն նախարար, վերջերս ստեղծվեց արտահանող ընկերություններին աջակցող կառավարական խորհուրդ։ Գործնականում ի՞նչ կերպ է այս խորհուրդը խթանելու արտահանմանը։
-Խորհրդի աջակցությունն իրականացվելու է մի քանի ուղղությամբ` խորհրդատվությունից (թե որ ընկերության հետ աշխատեն) մինչև գործնական քայլեր։ Այսինքն, աշխարհում գոյություն ունեցող աջակցության բոլոր ձևերն ընդունելի են և կիրառվելու են։ Սխեման հետևյալն է` արտահանման նպատակ ունեցող ընկերությունը, որը պատրաստվում է արտահանման պայմանագիր կնքելու, դիմում է խորհրդին, լրացնում համապատասխան հայտը։ Այնուհետև Հայաստանի զարգացման գործակալությունն իր գործիքներով օժանդակում է այդ գործընթացին։ Այս մեխանիզմը գործնականում բավականին արդյունավետ կարող է լինել։
-Նախնական հաշվարկներ կա՞ն, թե օժանդակությունը որքան կխթանի արտահանման ծավալների աճը։
-Կանխատեսումն անշնորհակալ գործ է։ Մեր նպատակն է այս ծրագրով լրացնել բացը, լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին վերջին շրջանում մեր գործարարների մոտ ԵԱՏՄ-ի գոտում։
-Փաստ է, որ վառելիքը` գազը, ուղղակի ազդեցություն ունի արտադրության վրա։ Վերջին շրջանում գազի բարձր սակագնից տուժում են նաև գործարարները։ Այլ կերպ ասած` տնտեսությունը։ Խնդիր, որը չանտեսվեց վարչապետի հետ գործարարների հանդիպման ժամանակ։ Ի՞նչ եք կարծում, ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ընթացող բանակցություններում հնարավո՞ր է, որ Ռուսաստանն ընդունի ՀՀ վարչապետի առաջարկը` ԵԱՏՄ անդամ երկրները գազը գնեն ռուբլով։
-Ոչինչ չեմ բացառում։ Գազի սակագնի շուրջ բանակցությունների վերաբերյալ էներգետիկայի նախարարությունը ներկայացրել է իր տեսակետը։ Սակայն, քանի որ հարցը դիտարկում եք զուտ տնտեսության, արտադրության տեսանկյունից, ապա «այո» պետք է ասեմ։ Գլոբալ իմաստով տնտեսությունում արտադրվող ապրանքների, ծառայությունների ինքնարժեքի նվազեցումը դրական է տնտեսության համար։ Իհարկե, գազի և էլեկտրաէներգիայի բաղադրիչը ինքնարժեքի ձևավորման մեջ զգալի է, հետևաբար, դրանց գնի նվազեցումը միանշանակ նպաստում է տնտեսության զարգացմանը։ Մի բան է, որ ոչ միշտ է դրական. աշխատուժի արժեքի իջեցումը։ Այս հարցում տնտեսագիտությունը երկատվում է, որովհետև միշտ չէ, որ աշխատուժի արժեքը և գինը համընկնում են։ Դրա ամենավառ օրինակը Չինաստանն է։ Ի դեպ, 2002-ին Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններում մենք ասում էինք, որ կգա ժամանակ, երբ աշխատուժի արժեքի ավելացումը տվյալ երկրի համար որոշակի խնդիրներ կառաջացնի։ Աշխատուժի արժեքի ավելացումը ձեռնտու է այն ժամանակ, երբ դրա արդյունքը նպաստում է արտահանման ավելացմանը, ինչն այժմ նկատելի է ՏՏ ոլորտում։
-Քանի որ խոսեցինք ԵԱՏՄ-ից, չեմ կարող չհարցնել` ըստ Ձեզ, ի՞նչ դերակատարություն կունենա Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ում, ֆինանսիստը տնտեսության զարգացման համար ի՞նչ կարող է անել։
-Չէի ցանկանա անձնավորված որևէ գնահատական տալ, դա կոռեկտ չէ, սակայն հստակ կարող եմ ասել` ճանաչելով Տիգրան Սարգսյանին 25 տարի, պետք է փաստեմ, որ նա, այնուամենայնիվ, ազատական շուկայի գաղափարախոսության կրողներից մեկն է։ Այդ առումով նրա ներկայությունը ԵԱՏՄ-ում կարող է շատ դրական լինել օրենքների ճշգրտման հարցում։

Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ