ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Հարցը համանախագահների քանակը չէ, այլ կողմերի փոխվստահության բացակայությունը»

«Հարցը համանախագահների քանակը չէ, այլ կողմերի փոխվստահության բացակայությունը»
08.02.2016 | 23:48

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հույս ունի, որ 2016-ը կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դրական տեղաշարժի տարի։ Tert.am-ի հետ զրույցում դեսպանը խոսել է Իրանի դեմ պատժամիջոցների վերացման, ռուս-թուրքական հարաբերությունների, ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի վերազինման, ԵԱՏՄ-ի ապագայի և տարածաշրջանի այլ կարևոր հարցերի մասին։


-ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկեցին տնտեսական պատժամիջոցներն Իրանի դեմ՝ միջուկային ծրագրերում պարտավորությունները կատարելուց հետո։ Առաջին հերթին դա նշանակում է հումքի շուկա խոշոր արտահանող-խաղացողի վերադարձ։ Ինչո՞վ է սպառնում Ռուսաստանին։
-Ռուսաստանը հետևողականորեն կողմ էր Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը։ Ավելին, Ռուսաստանն ակտիվորեն նպաստում էր համաձայնության կայացմանը տեխնոլոգիական լուծումների ներդրման, բարդ քաղաքական հարցեր լուծելու միջոցով։ Շատերը խոստովանում են, որ առանց Ռուսաստանի այդ գործարքը հնարավոր չէր լինի։ Ռուսական կողմը կարծում է, որ ցանկացած պատժամիջոց ապարդյուն է։ Ռուսաստանը բաց է համագործակցության և պատրաստ է առևտրատնտեսական կապերը զարգացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
-Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո Ռուսաստանի համար բացվում է զենքի վաճառքի շուկան։ Կա՞ հնարավորություն օգուտ ստանալու։
-Փոխադարձ համաձայնության դեպքում պատրաստ ենք քննարկել համագործակցության նման հեռանկարը։
-Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարեց, որ Վրաստանն ապագայում հնարավոր է գազ գնի Իրանից՝ միայն Ադրբեջանով ու Հայաստանով։ Ռուսաստանը դեմ կլինի՞։
-Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համագործակցությունը այդ երկրների միջև բանակցությունների առարկա է։ Ռուսաստանը եղել ու մնում է տարածաշրջանի գազի հիմնական մատակարարը։ Թե ինչպիսին կլինեն սխեմաներն ապագայում, ցույց կտա ժամանակը։
-Վերջին շրջանում ռուսական ռազմաբազան ակտիվ համալրվում է տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով։ Հայ փորձագետները մտահոգված են այդ փաստից, նկատի ունենալով, որ Ռուսաստանը մտադիր է հայկական օդային ու ցամաքային տարածքն օգտագործել Թուրքիայի դեմ։
-Հայաստանի ու Ռուսաստանի միջև ծավալվել են ռազմավարական գործընկերության կայուն փոխհարաբերություններ, որոնք ունեն վառ արտակայտված պաշտպանական ու ռազմաքաղաքական բնույթ։ Երկարատև ռուսական ռազմական ներկայություն հայկական տարածքում նախատեսված է «Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին» միջպետական համաձայնագրով, որ ստորագրվել է 1995-ին։ Այդ փաստաթուղթը կարևոր դեր ունի մեր պետությունների հավաքական և ազգային անվտանգությունն ապահովելու առումով։ Էրեբունի ավիաբազան 102-րդ ռազմաբազայի (Գյումրի) բաղկացուցիչ մասն է։ Ռուսական կոնտինգենտի թիվն ու զինամթերքը համաձայնեցված է հայկական կողմի հետ ու համապատասխանում է արտաքին սպառնալիքների աստիճանին։ Իրոք, վերջին շրջանում Էրեբունու ավիաբազան ավիացիոն տեխնիկայով է համալրվել։ Այդ իրադարձությունը նախատեսված է եղել դեռևս մի քանի տարի առաջվա պլաններով և կապված է տեխնիկան թարմացնելու անհրաժեշտության հետ։
-Այս պահին Ռուսաստանն իր համար սպառնալիք տեսնո՞ւմ է հայ-թուրքական սահմանին։ Հայկական տարածքում իր ուժերի ամրապնդումը կապ ունի՞ Թուրքիայի հետ աճող լարվածության հետ, թե՞ այլ պատճառներ կան։
-Այս պահին ՌԴ անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունը հայ գործընկերների հետ իրականացնում է Հայաստանի պետական սահմանների պահպանությունը Թուրքիայի և Իրանի հետ։ Իրադրությունը սահմանին կայուն է, առանց փոփոխությունների։ Կրկնեմ, որ 102-րդ ռազմաբազայի վերազինման ծրագիրն ընդունվել է մի քանի տարի առաջ։
-Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կորսված են, թե՞ հարաբերությունների վերականգնման համար անցք դեռ կա։
- 2015-ի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնչեցրեց այն պայմանները, որոնց դեպքում թուրքական կողմը կարող է հասնել ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման. ներողություն խնդրել ռուսական Սու-24 ռմբակոծիչի խփման համար՝ բարձրագույն մակարդակով, վնասի փոխհատուցում, հանցագործներին պատժել։ Առանց դրանք կատարելու իմաստ չունի խոսել հարաբերությունների վերականգնման մասին։ Այս պահին ռուսական կողմը լրացուցիչ միջոցառումներ է մշակում, այդ թվում՝ ռուսական շինարարական շուկայում թուրքական ընկերությունների ներկայությունը սահմանափակելու համար։
-Տվյալներ կան, որ տնտեսական պատժամիջոցների պատճառով վնաս է ստացել ռուսական տնտեսությունը։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է պետք լուծել այդ հարցը։
-Սկսենք նրանից, որ ոչ մի կողմը հաղթող դուրս չի եկել։ Փորձագետների կարծիքով, 2015-ին Ռուսաստանի առևտրի ծավալները զգալիորեն նվազել են հակառուսական պատժամիջոցներին աջակցող երկրների մեծամասնության հետ։ ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառությունը աննշան մեծացել է։ Ռուսական դիրքորոշումը, ինչի մասին մեր եվրոպացի գործընկերները լավ տեղյակ են, այն է, որ ցանկացած միջպետական հարց պետք է լուծել բանակցությունների ճանապարհով։ Սակայն մենք չենք առաջինը սահմանափակող միջոցառումներ մտցրել, այդ պատճառով էլ մենք խնդրողի դերում հանդես չենք գալու։
-Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը կշարունակի՞ զենք վաճառել Ադրբեջանին՝ հաշվի առնելով թուրք-ռուսական հարաբերությունները։
-Երևանում Ռուսաստանի դեսպանատան իրավասությունների շրջանակներում ռուս-հայկական համագործակցությունն է, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում։
-Ակնկալվո՞ւմ է առաջընթաց՝ ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում։
-Շատ կցանկանայինք հույս ունենալ, որ 2016-ը կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դրական տեղաշարժի տարին։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ջանքեր է ներդնում իրավիճակի կարգավորման համար։ Ինչպես արդեն հայտարարվել է մեր արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում (2015-ի նոյեմբեր), «Ռուսաստանն աջակցում է Երևանի հավատարմությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ»։
-Բանակցություններ ընթանո՞ւմ են, որ պետք է փոխել Մինսկի խմբի համանախագահներին կամ ընդլայնել նրանց թիվը։
-Դեսպանատունը նման բանակցությունների մասին տեղեկություն չունի։ Պետք է հասկանալ, որ հարցը համանախագահների քանակը չէ, այլ կողմերի միջև փոխվստահության բացակայությունը։ Առանց այդ վստահության, ինչպես բազմիցս հայտարարվել է, կարգավորման գործընթացն առաջ տանել գործնականում շատ դժվար է։
-Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի հետագա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ, երբ Հայաստանն այդ անդամակցության պատճառով սահմանափակել է իր հարաբերությունները երրորդ երկրների հետ, սակայն այդ միության անդամ է ամենաուժեղ տնտեսությամբ Ռուսաստանը, նավթի համաշխարհային գներով պայմանավորված, գտնվում է դժվարին իրադրության մեջ և արդեն խոսվում է բյուջեի վրա արգելանք դնելու մասին։
-Մենք բոլորս՝ ԵԱՏՄ անդամ-պետությունները, լավ հասկանում ենք ու բազմիցս ընդգծել ենք, որ ԵԱՏՄ-ն մեր պետությունները զարգացնելու միջոց է, որը թույլ է տալիս ապրանքների, կապիտալի, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժ, և չնայած տնտեսական ճգնաժամին, շարժվում է առաջ։ Այժմ հավաստիորեն կարելի է խոսել այն մասին, որ եթե 5 երկրները չմտնեին ԵԱՏՄ, նրանց ազգային տնտեսությունների համար հետևանքները շատ ծանր կլինեին։ Տարբեր գնահատականներով՝ ԵԱՏՄ-ի տարբեր երկրների համար կորուստները կկազմեին 1-6 մլրդ դոլար։ Հայաստանը, ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակներում 2015-ին կարողացել է ավելացնել իր արտահանման հնարավորությունները, այդ թվում՝ գյուղմթերքի արտահանումը նախ և առաջ Ռուսաստան։ Զգալի օգուտներ են ստացել աշխատանքային ներգաղթյալները։ Իհարկե, այն զգալի թռիչքը, որը շատերն էին ակնկալում, մի շարք պատճառներով տեղի չունեցավ, սակայն եկեք չմոռանանք, որ մեր ԵԱՏՄ-ն ընդամենը մեկ տարեկան է, իսկ, օրինակ, ներկա տեսքով ԵՄ-ի ստեղծման համար 50 տարի է ծախսվել։ Մենք հիմնավորված լավատեսությամբ առաջ ենք նայում։ Ի վերջո, միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք ստեղծել ամենաբարենպաստ պայմանները՝ մեր տնտեսությունների զարգացման համար՝ նպատակ ունենալով ապահովել եվրասիական տարածքի կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը։

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ