ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ալիևն աջակցություն է որոնում մուսուլմանական աշխարհում»

«Ալիևն աջակցություն է որոնում  մուսուլմանական աշխարհում»
05.02.2016 | 00:55

«Իրատեսի» զրուցակիցն է Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, Ձեր գնահատականով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրականում ի՞նչ էր ուզում:
-Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ չարաբաստիկ զեկույցների վերաբերյալ, ասում էր՝ դուք քանդում եք բանակցային ձևաչափը: Հակահայկական այդ բանաձևի վերաբերյալ իրենց հայտարարությունում նրանք ուղղակի ասացին՝ ձեր աջակցությունն Ադրբեջանին ձախողում է բանակցային գործընթացը, խաղաղություն հաստատելու ու Ղարաբաղի հարցը լուծելու մեր ջանքերը: Հենց դրանից է Ալիևը վրդովված, ոչ թե բանաձևը ԵԽԽՎ-ում մերժելուց: Ադրբեջանի նախագահի համար սկզբունքային նշանակություն ուներ Ռոբերտ ՈՒոլթերի զեկույցը, որը մերժվեց, իսկ դա նշանակում է, որ Մինսկի խումբը հստակ ասում է՝ Ադրբեջանը մեղավոր է, Հայաստանը ճիշտ է:
-Լավ, բայց Իլհամ Ալիևն ի՞նչ հիմքով է ակնկալում, որ Մինսկի խումբը Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար է ու նեղանում է, որ այդ ճնշումը չի գործադրվում:
-Ալիևը հույս ուներ, որ հերթական անգամ Մինսկի խումբը կանի ընդհանուր ու լղոզված հայտարարություն, բայց հայտարարությունն այս անգամ օբյեկտիվ էր ու միակողմանի մեղադրում էր ոչ թե պարիտետային՝ կողմերին, այլ կողմերից մեկին: Նրանք ասացին, որ սխալ է միակողմանի պաշտպանել Ադրբեջանին, նշանակում է՝ նրանք ուզում են վերականգնել արդարությունը: Դա մահ է Ալիևի համար: Նա հասկացավ, որ Մինսկի խումբը չի ճնշի Հայաստանին ու սուբյեկտիվ հայտարարություններ չի անի: Մինսկի խմբի խնդիրը բանակցությունների վերսկսումն է ու փոխզիջումներով հարցի լուծումը: Եթե հիշում եք, մինչ այդ էլ Մինսկի խումբը հայտարարում էր, որ զինադադարի խախտումները կանխելու նպատակով առաջարկված մշտադիտարկման համար տեխնիկական միջոցներ տեղակայելու առաջարկին Հայաստանը համաձայն է, իսկ Ադրբեջանը մերժում է:
-Չե՞ք կարծում, որ ԵԽԽՎ լիագումար նիստում ՈՒոլթերի բանաձևի մերժման օրը Իլհամ Ալիևը երկրորդ հարվածը ստացավ Մոսկվայից, երբ տարեկան ամփոփիչ ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ հակամարտության կարգավորման «Լավրովի առաջարկ» կամ «Լավրովի ծրագիր» չկա ու չի եղել:
-Ռուսաստանն էլ է հասկանում, որ Մինսկի խմբի ձևաչափը կորցնելն իրեն ձեռնտու չէ: Այդ ձևաչափում Ռուսաստանը մեծ դեր ունի, եթե, ինչպես Ալիևն է ուզում, ձևաչափը դադարի գործել, հասկանալի չէ՝ որտե՞ղ է գործընթացը շարունակվելու: ՄԱԿ-ի հարթա՞կ: Եվրամիությո՞ւն: Ո՞Ւր: Եթե Ղարաբաղի հարցի լուծման գործում ԵԽԽՎ-ի դերը մեծանա, որ ակնկալում էր Ադրբեջանն իր երկու զեկույցներով, Ռուսաստանն ընդհանրապես խաղից դուրս է մնում՝ ԵԽԽՎ-ում պատվիրակության գործունեությունը կասեցված լինելու պատճառով: Մոսկվան հասկանում է, որ Բաքուն որոնում է այնպիսի ձևաչափեր, որտեղ ինքը կամ չի կարող դերակատարություն ունենալ, կամ շատ նվազ դեր կունենա: Հենց այդ պատճառով էլ ՌԴ արտգործնախարարն ասում է՝ Ռուսաստանը մենակ չի խաղում, Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ ունի մոտ կամ շատ մոտ դիրքորոշում: Այլ ձևաչափերում Ռուսաստանը չի կարող խաղալ նույն դերը: Օրինակ, ՄԱԿ-ի հարթակում, որտեղ Ռուսաստանի դեմ տրամադրությունները շատ լուրջ են: Առավել ևս ԵԽԽՎ-ն, որտեղ, ինչպես ասացի, ՌԴ Պետդումայի պատվիրակության լիազորությունները սառեցված են:
-Լավ, բայց ինչո՞ւ Լավրովը իր վճռական «ոչ»-ը ասաց կես տարի հետո, սեպտեմբերից, երբ Էլմար Մամեդյարովը բարձրաձայնում էր «Լավրովի ծրագրի» մասին, առիթներ չկայի՞ն:
-Կային, բայց ստեղծվեց որոշիչ պահ, հավելեք Ալիևի հայտարարությունը, որը ակնարկում էր, թե Բաքուն կարող է Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններից դուրս գալ:
-Իլհամ Ալիևը փորձում է կոնֆլիկտը բերել միջկրոնակա՞ն հարթություն, երբ կրկնակի ստանդարտների մասին է խոսում, համաեվրոպական իսլամաֆոբիայի ու ասում է՝ մենք մուսուլման ենք, դա է պատճառը:
-Ալիևն ուզում է աջակցություն ստանալ մուսուլմանական աշխարհից, նաև արաբական աշխարհից: Երբ արդեն համոզվեց, որ Եվրոպայի հետ չի կարող ուժի դիրքերից խոսել, Եվրոպային չի կարող խաբել, ԱՄՆ-ին չի կարող խաբել, փորձում է այլ աշխարհամասերում համախոհներ գտնել:
-Ռիսկային քայլ չէ՞:
-Անհաջող քայլ է, արաբական աշխարհում հայերին հարգում են՝ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Թունիս, լավ են հարաբերությունները Էմիրաթների հետ: Նրանք շարժվում են հին իներցիայով ու հին սխեմաներով:
-Եթե նույնիսկ Ադրբեջանի թիկունքին մուսուլմանական Թուրքիան է, Ալիևը իր որոգայթը չի՞ ընկնի՝ իր դեմ հանելով շիաներին:
-Կրոնական գործոնն ի վերջո իր դեմ է աշխատելու՝ միանշանակ է: Ալիևը կարող է հայտնվել այն վեճերի մեջ, որոնք ոչ մի կապ չունեն ոչ Ղարաբաղի հարցի հետ, ոչ նույնիսկ Ադրբեջանի հետ: Դա ոչ միայն ռիսկային, ոչ միայն սխալ, վտանգավոր քայլ էր Ալիևի համար:
-Ընդհանուր պատկերում՝ ինչպե՞ս եք գնահատում Իրանի առաջարկը՝ ԼՂ հարցում միջնորդ դառնալ:
-Շատ դրական: Իրանի դերը տարածաշրջանում ու աշխարհում օրեցօր մեծանում է: Իրանը Ղարաբաղի հարցում միշտ հավասարակշիռ ու օբյեկտիվ դիրքորոշում է ունեցել ու երբեք միակողմանի չի լինի: Ադրբեջանն Իրանի հետ այլ հարցերում ունի լուրջ հակասություններ, օրինակ՝ Կասպյան ավազանի բաժանման, ադրբեջանական փոքրամասնության խնդրի հետ, ի վերջո կրոնական խնդիրը:
-Նորի՞ց շիա-սուննի հակասությունները:
-Ոչ այնքան, Իրանը ղեկավարում է հոգևոր առաջնորդը՝ այաթոլան, Ադրբեջանի այսօրվա իշխանությունները կրոնական գործիչներին ճնշում են: Ալիևը աշխարհիկ կառավարում է իրականացնում: Իրան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափը, եթե ստեղծվի, դրական է: Որոշիչ դեր չի խաղա, բայց լրացուցիչ կարող է աջակցել:
-Հնարավո՞ր է` ինչ-որ պահից փոխարինի Մինսկի խմբի ձևաչափին:
-Ոչ, փոխարինել չի կարող, զուգահեռ գործել կարող է, ասենք, եթե երկու երկրների նախագահները հանդիպեն Թեհրանում՝ Իրանի նախագահի մասնակցությամբ: Դա կարող է լինել քննարկումների լրացուցիչ ամբիոն միայն:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ