ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Պետք չէ կառչել հեծանիվից, երբ կա ինքնաթիռով տեղից տեղ փոխադրվելու տարբերակը»

«Պետք չէ կառչել հեծանիվից, երբ կա ինքնաթիռով տեղից տեղ  փոխադրվելու տարբերակը»
02.02.2016 | 01:02

«Իրատեսի» հարցերին պատասխանում է ԵԽԽՎ և ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Ինչպե՞ս հասկանալ զեկույցների քվեարկության արդյունքները՝ ԵԽԽՎ-ն պահե՞ց պարիտետը, թե՞ եվրոպական այդ կառույցում, որ Ադրբեջանի վերջին պլացդարմն է Եվրոպայում, տեսակետների փոփոխություն է եղել:
-Կարծում եմ` զեկույցների կարևորությունը գնահատելու հարցում երկու կարծիք չի կարող լինել, բացահայտ է, որ ՈՒոլթերի զեկույցը ծրագրային դերակատարություն պիտի ունենար՝ իր բովանդակությամբ, որ ղարաբաղյան հիմնահարցի ամբողջական և համալիր լուծումներ տալու ծայրաստիճան կարևոր և Ադրբեջանի համար «օրհասական» դարձող խնդիր պետք է լուծեր, իր հակադրումով ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա շրջանակներում ընթացող գործընթացից դուրս մնացած «ադրբեջանական երազանքի» գեթ մեկ, առանձին վերցրած հարթակում կատարվելու, այդ խնդրի վրա կենտրոնացրած տարաբնույթ «ռեսուրսների» չափերի իմաստով: Սարսանգի զեկույցը՝ ջրի հարցը, հումանիտար խնդիրը քաղաքականացնելու և քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ էր և իզուր չէր, որ օրակարգի մեջ երկրորդն էր դրված, գործընթացը նախագծողները նույնպես ընդունում էին երկրորդական լինելը: Եթե նույնիսկ համարենք, որ ԵԽԽՎ-ն առաջնորդվեց պարիտետային սկզբունքով և պահպանեց հավասարակշռությունը, այդ հավասարակշռությունը շա՛տ «անհավասարակշիռ» էր, նախապատվությունը տրվեց Հայաստանին՝ ՈՒոլթերի զեկույցը իսկապես շատ կարևոր ու վտանգավոր էր: Ոչ միայն Հայաստանի համար: ԵԽԽՎ-ն, թեկուզ իսպանացի Պեդրո Ագրամունդի նախագահությամբ արդեն, իրեն թույլ չտվեց մտնել մի բեռի տակ, որի ծանրությանը չէր դիմանալու: Եվրոպական կառույցներից իսկապես ԵԽԽՎ-ն միակն է, որը շարունակում է մնալ Բաքվի պլացդարմը, գուցե նաև Ալիևի վարած քաղաքականության պաշտպանական վահանը: Պատճառները քանիցս բացատրվել են: ԵԽԽՎ-ն պատգամավորների վեհաժողով է, որ հիմնականում ներկայացնում են իրենց պետությունների քաղաքականությունը և, միաժամանակ, ազատ են իրենց անձնական տեսակետը արտահայտելու մեջ: Դա ԵԽԽՎ-ն դարձնում է և ուժեղ, և թույլ: Խոսքի ազատությունը հիմնարար արժեք է, համաեվրոպական արժեք, որ պաշտպանվում է միջազգային նորմերով: Բայց կյանքը ցույց է տալիս, որ միջազգային կոնվենցիաներն ու նորմերը կարող են չգործել, երբ տարատեսակ, այդ թվում՝ անձնական, շահեր են ի հայտ գալիս:
-Նկատի ունեք «խավիարային դիվանագիտությո՞ւնը», որի մասին խոսվում է ոչ միայն Հայաստանում:
-Քննարկման ժամանակ հնչած ելույթները վկայում են, որ ոչ միայն խավիարի, այլև նավթի գինն է ընկնում ԵԽԽՎ-ում: Մեր պատվիրակությունը քվեարկությունից անմիջապես հետո իր երախտագիտությունը հայտնեց այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացի լիակատար ըմբռնում երկու բանաձևերի քվեարկության ժամանակ և իրենց վճռական դիրքորոշմամբ մերժեցին Լեռնային Ղարաբաղի կարգավորման համար Ռոբերտ ՈՒոլթերի վտանգավոր զեկույցը:
-ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում անցնելուց հետո Դուք հավատո՞ւմ էիք, որ ՈՒոլթերի զեկույցը լիագումար նիստում կմերժվի:
-Իրավիճակը այնպիսին էր, որ հավատում էի, թե չէի հավատում հարցը օրակարգից դուրս էր: Մենք գիտեինք՝ ամեն ինչ պիտի անենք, որ զեկույցը չընդունվի: Խնդիրը ոչ պատվիրակության, ոչ իմ՝ իբրև պատվիրակության ղեկավարի աշխատանքի գնահատականը չէր: Շատ ավելի լուրջ և խորքային էր: Այս օրերին բազմաթիվ մարդիկ լծվել էին կարծիքներ հնչեցնելու՝ ոմանք սրտացավությունից կամ հոգու կանչով, ոմանք՝ մասնագիտական որակներով ընդհանուր գործին օգուտ տալու կամ հակառակ ձգտումով, ոմանք՝ առիթից օգտվելով իրենց «չեղած տեղից» իբրև գործիչ ներկայացնելու կամ քաղաքական բեմահարթակում մոռացված անունների վերականգնման վերջին շանսի փնտրտուքում, կամ պարզապես իշխանության այս ու այն ներկայացուցչին պերմանենտ քննադատելու սուրբ պարտքը կատարելով, բայց լուրջ վերլուծությունը պարզ ցույց է տալիս՝ Ադրբեջանը բացահայտ ձախողվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափում, ասել է՝ ԼՂ հարցի լուծման գործընթացում միջազգային հանրության կողմից լիազորված մարմնի և հայկական կողմերի միջև ստեղծված է որոշակի փոխըմբռնում խնդրի վերջնական (թեկուզ դեռ շատ հեռու) լուծման վերաբերյալ: ՈՒղիղ 5 տարի է՝ սկսած Կազանից, տեղապտույտի մեջ ենք՝ ադրբեջանական կողմի պատին սեղմված լինելու պատճառով: Եթե կար ժամանակ, երբ ՄԽ հայտարարությունները հասարակ մահկանացուներիս համար ոչ այնքան հասկանալի, «թաքնված դիվանագիտական» լեզվով կամ արհեստական «պարիտետ» պահող էին, ավելի ու ավելի բացահայտ են դառնում: Այն հանգամանքը, որ զեկույցների քննարկմանը ընդառաջ ՄԽ ներկայացուցիչները հանդես եկան հայտարարություններով՝ թե առանձին-առանձին, թե միասնական, ևս խոսում է այն մասին, որ հայկական կողմերի և համանախագահների տեսլականը նույնական է՝ պարզ է, չէ՞, թե Ադրբեջանին սա այսօր ինչքան է պակասում: Այս ձևաչափին իրենց շարունակական աջակցության մասին են հայտնում ԵԽ անխտիր բոլոր անդամ երկրները` բացառությամբ Ադրբեջանի՝ սա մեր արտաքին քաղաքականության մասին հնչող բազմաթիվ մտքերի կապակցությամբ:
-Բայց ինչո՞ւ զեկույցներն ընդհանրապես ի հայտ եկան:
-Զեկույցների ծագման վերլուծությունը նույնպես բնութագրական է. մինչ 2014-ի ապրիլը, երբ ԵԽԽՎ-ն այդքան բուռն արձագանքեց Ղրիմի հանրաքվեին և չհաստատեց ռուսական պատվիրակության լիազորությունները, ադրբեջանցիները ջրի խնդիրը բարձրացնելու և մինչև զեկույց հասցնելու հույս անգամ դժվար թե ունենային: Ղրիմի խնդիրը փոխեց շատ բան նաև ԵԽԽՎ-ում, և ադրբեջանա-թուրքական տանդեմին դրդեց «մեծագործությունների»: Այդպես հյուսվեց պատմական պահը օգտագործելու, բոլոր ուժերը կենտրոնացնելով «մեկ վճռական հարվածի» ծրագիրը, որի նպատակը ամբողջական կարգավորման օրինակ մշակելն ու անցկացնելն էր: Զեկույցի առաջին իսկ տողերում զեկուցողը փորձում էր վստահեցնել, որ իր նպատակը ՄԽ ձևաչափի փոխարինումը չէ, ինչպես նշված էր զեկույցում, դա ԵԽ-ի և մասնավորապես՝ ԵԽԽՎ-ի գործառույթը չէ: Սակայն, ներկայացված զեկույցի նախագիծը ամբողջությամբ խոսում էր ճիշտ հակառակի մասին` բացահայտ կասկածի տակ առնելով՝ միջամտում էր ՄԽ միջնորդների մանդատին, թելադրում, թե համանախագահներն ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, ինչ սկզբունքներ կիրառեն հակամարտության լուծման համար, կարգավորման որ ուղղություններով Հայաստանն ինչ զիջումներ պետք է անի, և այլն, և այլն, բայց՝ ոչ մի կոչ, հորդոր Ադրբեջանին: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ միայն Արևմուտքը, այլև Ռուսաստանը Բաքվին հստակ վերադարձնում են Մինսկի խմբի շրջանակներում բանակցային ձևաչափին, կասեցնելով միջազգային այլ կառույցներում հարցի լուծում որոնելու փորձերը: Այդ փորձերն անիմաստ են պարզապես: Եթե հետևել եք քննարկումներին, ԵԽԽՎ-ում քննարկումների ժամանակ հնչում էին «միակողմանի, անհավասարակշիռ, աննախադեպ, լարվածություն ավելացնող զեկույց, ծանր զինտեխնիկայի օգտագործում» բառակապակցությունները, գերակշռում էր տեսակետը, որ վեհաժողովի մանդատը չի զբաղվել հակամարտության կարգավորումով, և վեհաժողովը պիտի մտահոգվի երկու հասարակությունների երկխոսության, վստահության և փոխըմբռնման մթնոլորտի հաստատման համար: Սա նորություն չէ, իհարկե, բայց վկայում է, որ սթափ քաղաքական մտածողությունը գերակայեց Ստրասբուրգում, գերակայեց կառույցի հեղինակության պաշտպանության և ընդունած բանաձևերի համար պատասխանատվության գիտակցությունը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում իսպանացի Պեդրո Ագրամունդի՝ ԵԽԽՎ երկամյա նախագահությանը: Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողը, որ գլխավոր «խավիարասերներից» է, խոչընդոտներ չի՞ հարուցի հետագայում:
-Հանգիստ և հարգանքով՝ իբրև ԵԽԽՎ պատգամավորների ընտրյալի: ԵԽԽՎ-ում նորմալ, աշխատանքային մթնոլորտ է: ԵԽԽՎ նախագահը իր անձով չի ծածկում վեհաժողովը, ի վերջո մենք աշխատել ենք Թուրքիան ներկայացնող Մևլութ Չավուշօղլուի նախագահությամբ, և, ոչինչ, շարունակում ենք մեր տեղն ու դերն ունենալ ԵԽԽՎ-ում:
-Միլիցա Մարկովիչը փաստորեն հաղթե՞ց Ռոբերտ ՈՒոլթերին:
-Ինչո՞վ: Ես չեմ համարում, որ Միլիցա Մարկովիչը հաղթել է Ռոբերտ ՈՒոլթերին, Հայաստանին, կամ որևէ մեկին: Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևին կողմ քվեարկելով, ինչպես մեր հայտարարության մեջ նշել ենք, ԵԽԽՎ որոշ պատգամավորներ անտեսեցին միջազգային հանրության կարծիքը և դրսևորեցին միակողմանի մոտեցում՝ հումանիտար-տեխնիկական զեկույցին տալով քաղաքական բովանդակություն։ Բայց նաև երևաց ստորադասման հանգամանքը: Ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ Արցախին վերաբերող որևէ հարց կարող է քննարկվել միայն Արցախի մասնակցությամբ: Այս պահին ԵԽԽՎ-ում մենք դեռ չենք կարողացել հասունացնել այդ միտքը, բայց դա է եղել զեկուցողների հետ մեր աշխատանքի ուղղությունը և շարունակվելու է: Ես նրանցից չեմ, ովքեր հայտարարում են, որ զեկույցները խորհրդատվական նշանակություն ունեն և պարտադիր չեն կատարման համար, նվազեցնում են թե դրականը, թե բացասականը: Քաղաքականությունը մեկօրյա գործընթաց չէ, հասարակությունը տեսնում է միայն արդյունքը, բայց ոչ այն աշխատանքը, որով այդ արդյունքը ստացվում է: Սա օրինաչափ ու ճիշտ է, որովհետև երբ ամեն ինչ բարձրաձայնում ես, զինաթափվում ես հակառակորդիդ առաջ: Ժամանակակից տեխնոլոգիաները քո ասած ցանկացած խոսք մի քանի ժամում հասու են դարձնում թե բարեկամներիդ, թե թշնամիներիդ: Վստահ եղեք, որ նրանք շատ ավելի ուշադիր, զգոն ու շահագրգիռ են մեր քայլերի նկատմամբ՝ կանխելու, հակադարձելու ու զրոյացնելու համար մեր ջանքերը: Բանաձևերի քվեարկության արդյունքը համատեղ աշխատանքով էր ձեռք բերված՝ թե դիվանագետների, թե հայկական կառույցների, թե այն քաղաքացիների, ովքեր իրենց ստորագրություններով դեմ էին արտահայտվում զեկույցների ընդունմանը, ու ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Բայց պայքարը շարունակվում է՝ ոչ Ադրբեջանի պատվիրակությունն է «հանձնվելու», ոչ էլ՝ առավել ևս մենք: Հաջորդ նստաշրջաններում բազում դրսևորումներ են լինելու, վստահ եղեք:
-Հայաստանում կարծիքներ են հնչում, որ Սարսանգի հարցում էլ հնարավոր էր հաջողության հասնել, այդպե՞ս է:
-Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր կրակում են կռվից հետո: Մենք աշխատել ենք, որ երկու զեկույցներն էլ չանցնեն: Մինչև վերջին պահն էլ փորձում էինք լրացումներով ու ենթալրացումներով Սարսանգի վերաբերյալ զեկույցը «վնասազերծել»: Բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ հնարավոր էր Սարսանգի հարցում էլ հաջողության հասնել, ուզում եմ ասել՝ միշտ շատ հեշտ է գնահատել ուրիշի աշխատանքը և քննադատելը, իսկ կռվից հետո կրակելը, կարծում եմ, փամփուշտների ավելորդ վատնում է:
-Երեկ սկսվեց ԱԺ գարնանային նստաշրջանը՝ նախընտրական տարվա, կա՞ տարբերություն մյուս նստաշրջաններից:
-Տարբերություն, իհարկե, կա, բայց ավելի շատ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ է կապված, քան նախընտրական տարվա: ԱԺ-ն տարբեր օրենքներում փոփոխություններ պետք է անի՝ համապատասխանեցնելով օրենսդրությունը Հիմնական օրենքին, և, իհարկե, գլխավորը Ընտրական օրենսգիրքն է:
-Ընդդիմությունը նորից է առաջարկում մատները թանաքոտելու և ընտրողների ցուցակները հրապարակելու տարբերակը, այս անգամ կընդունվի՞ առաջարկը:
-Ես չեմ ուզում կանխավ ոչինչ ոչ ժխտել, ոչ հաստատել, որքան երկիր՝ այնքան ընտրական օրենսգիրք: Բայց ուզում եմ ասել, որ տեխնոլոգիաները զարգանում են և պետք չէ կառչել հեծանիվից, երբ կա ինքնաթիռով տեղից տեղ փոխադրվելու տարբերակը:
-Նկատի ունեք էլեկտրոնային քվեարկությո՞ւնը, տեսախցիկներ տեղակայե՞լը ընտրատեղամասերում, թե՞…
-Ընտրություններում գլխավորը հավատն է և կամահայտնության ազատությունը, տեխնիկական միջոցները արձանագրում են ու օժանդակում, առաջ չընկնենք իրադարձություններից:
-ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ասում է, որ մի գիշերում կարող է մի ամբողջ Ընտրական օրենսգիրք գրել, արժի՞ չարչարվել ու նրա հետ կիսել «ձվածեղը», որ ավելի լավ է մենակ ուտել:
-Կարծում եմ՝ ինչպես Դուք, այնպես էլ Հրայր Թովմասյանը կատակել եք: Ընտրական օրենսգիրքը բանաստեղծություն չէ, որ մի գիշեր չքնես ու առավոտյան տաս ընկերներդ կարդան, պահանջում է լուրջ ու քաղաքական ուժերի հետ համագործակցված աշխատանք: Իսկ ձվածեղի հարցում Հրայր Թովմասյանի հետ համաձայն եմ:
-Համաձա՞յն եք, որ սկսել են կատարվել ՀՅԴ-ի երազանքները:
-Եթե նկատի ունեք խորհրդարանական կառավարումը և 100 % համամասնական ընտրակարգը, գուցե, բայց դա դժվար է անվանել միայն ՀՅԴ-ի երազանք:
-Նկատի ունեմ կոալիցիա վերադառնալը, որ ՀՀԿ-ն ծանրացնում է, ՀՅԴ-ն՝ արագացնում:
-Իսկ կա՞ կոալիցիա, որ որևէ կուսակցություն վերադառնա կամ չվերադառնա: Կան քննարկումներ, ընդամենը քննարկումներ քաղաքական ուժերի համագործակցության ձևաչափի ու նպատակների վերաբերյալ: Լրագրողները միշտ առաջ են ընկնում, կառավարության ողջ կազմը արդեն «փոխվել է», մարզպետներն էլ, փոխնախարարներն էլ, բայց բոլոր «փոփոխությունները» անելուց առաջ պետք է հստակեցնել նպատակն ու իմաստը: ՀՀԿ-ն միշտ էլ պատրաստ է համագործակցել և համագործակցել է իր գաղափարները կիսող քաղաքական ուժերի հետ:
-Բայց ՀՅԴ-ն ուզում է իշխանությունը կիսել, և՝ ոչ թե ընտրություններից հետո, այլ առաջ, դա նախապատրաստություն է խորհրդարանական ընտրությունների՞ն:
-Թե երբ և ինչ է ուզում ՀՅԴ-ն, կարծում եմ, իրենք պիտի ասեն, իսկ թե ՀՀԿ-ն ինչ է ուզում, և երբ ասել ենք վաղուց: Խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվում են քաղաքական բոլոր ուժերը, որքան ավելի շուտ ու հստակ ծրագրերով, այնքան հաջողության հասնելու ավելի մեծ շանսերով:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ