ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Թող ամեն մեկը իր «ներսը» նայի»

«Թող ամեն մեկը իր «ներսը» նայի»
02.02.2016 | 00:49

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Վերջին շրջանում Արևմուտքը տարբեր մակարդակի պաշտոնյաների «բերանով» պարբերաբար անդրադառնում է Հայաստանում կոռուպցիայի մակարդակին: Նոր չէ այս երևույթը, ինչո՞ւ են հիմա այդ մասին խոսում:
-Բազմաթիվ հեղինակավոր կառույցների խնդիրն էլ հենց դա է՝ հետաքրքրվել և ուսումնասիրել տարբեր երկրներում կոռուպցիայի մակարդակը: Որպես ԱԺ պատգամավոր, շնորհակալ եմ, որ այդպիսի ուշադրություն կա Հայաստանի հանդեպ: Որևէ սթափ մտածող մարդ չի կարող հայտարարել, թե ինչ-որ երկրում կոռուպցիա չկա, այդ թվում՝ Հայաստանում: Սա վատ, բայց նորմալ երևույթ է: Այլ խնդիր է, թե կոռուպցիան ինչ չափերի է հասնում:
-Հենց «չափերի» առումով էլ Հայաստանը բավականին ծանր վիճակում է: Տարբեր երկրների հետ համեմատության սանդղակում բավականին անմխիթար վիճակում ենք` զիջելով անգամ մեր հարևան Վրաստանին:
-Անկախ որևէ երկրի հետ համեմատությունից, ամեն ինչ պետք է անել կոռուպցիան վերացնելու համար: Բայց չէի ցանկանա, որ Վրաստանը որպես օրինակ բերեիք, որովհետև շատ ուրիշ հարցերում էլ մենք ենք Վրաստանից առաջ: Եթե համեմատեք, թե Ադրբեջանում կոռուպցիան ինչ վիճակում է, կտեսնեք, որ այնտեղ կոռուպցիան համատարած ու անհաղթահարելի չափերի է հասնում, թեև սխալ եմ համարում այս հարցը համեմատությունների մեջ դիտարկելը: Այո, համաձայն եմ, որ կոռուպցիոն երևույթներ մեզ մոտ կան, և դրա դեմ պայքարելու գործողություններ պետք է ձեռնարկենք, ինչն էլ անում ենք:
-Վարչապետին կից գործում է հակակոռուպցիոն խորհուրդ, որն ամբողջապես պաշտոնյաներով է համալրված: Արդյոք կկտրե՞ն այն «ճյուղը», որի վրա նստած են:
-Ձեր հարցում բոլոր պաշտոնյաներին ուղղված մեղադրանք կա, ինչի հետ չեմ կարող համաձայնել: Կոռուպցիա կա ոչ միայն պաշտոնյաների շրջանում, այլև հասարակական բոլոր ոլորտներում:
-Պաշտոնյաները կկարողանա՞ն պայքարել կոռուպցիայի դեմ:
-Բնականաբար, եթե վարչապետը հարմար է գտել, որ պաշտոնյաներ լինեն խորհրդում, ուրեմն, նրանք այն անձինք են, ովքեր պետք է քայլեր ձեռնարկեն կոռուպցիայի դեմն առնելու համար:
-Դուք, որպես ՀՀԿ-ական, տեսնո՞ւմ եք այդ խորհրդի գործունեության պտուղները:
-Ամենօրյա աշխատանքում դա պիտի տեսնել: Ընդհանրապես պետք է վերացնել այն սովորույթը, որ քաղաքական գործչին, պատգամավորին դիտարկում են որպես այս կամ այն կուսակցության ներկայացուցիչ: Այո, ես ՀՀԿ-ն եմ ներկայացնում, բայց նաև որպես ակտիվ քաղաքական գործիչ, կարծում եմ, որ գործընթացներն իրականացվում են, այդ հարցում միջազգային կառույցները մեզ աջակցում են, որպեսզի կոռուպցիոն երևույթները վերանան: Կան երևույթներ, որոնք իսպառ վերացնել հնարավոր չէ, սակայն սրանով չեմ արդարացնում կոռուպցիան: Երկրորդեմ՝ խնդիրը կոռուպցիայի չափերի մեջ է, ու թե ինչպիսի ազդեցություն է թողնում պետության զարգացման գործընթացների վրա:
-Հնարավո՞ր է, որ որոշ պաշտոնյաների փոփոխությամբ կամ իշխանափոխությամբ միանգամից վերանա կոռուպցիան:
-Ոչ, անհնարին է: Այսօր կոռուպցիա կա ոչ միայն իշխանությունում, այլև տարբեր դրսևորմամբ և՛ ընդդիմադիր դաշտում, և՛ լրագրողական դաշտում, և՛ քաղաքացիական հասարակությունում: Չեմ ցանկանում ինչ-որ մեկի հասցեին վատ բաներ ասել, բայց այս նյութը կարդալուց հետո թող ամեն մեկը նայի իր «ներսը» ու կհասկանա, որ ասածի մեջ ճշմարտություն կա: Այնպես չէ, որ կոռուպցիան միայն այս կամ այն կառույցին է հատուկ: Կոռուպցիան քաղաքական երևույթ չէ, այլ հասարակական: Պետք է ամեն ինչ անել կոռուպցիայի չափերը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ