ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Կռվից հետո կրակելը փամփուշտների ավելորդ վատնում է»

«Կռվից հետո կրակելը փամփուշտների ավելորդ վատնում է»
27.01.2016 | 20:28

Ստրասբուրգում երեկ ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվեցին ամիսներ շարունակ հասարակության և մամուլի ուշադրության կենտրոնում գտնված, հայկական կողմի համար խնդրահարույց զեկույցները: Ադրբեջանին հաջողվել էր սեփական տեսակետները բառացիորեն ներկայացնել որպես ԵԽԽՎ զեկույց՝ Բաքուն երկար ու համառ ջանացել էր և ջանքերը հաջողությամբ էին պսակվել: Նույն ԵԽԽՎ-ն, որ զեկույցները ընդունել էր հանձնաժողովներում և հասցրել էր լիագումար նիստ, քվեարկությամբ մերժեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցը՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և ընդունեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի զեկույցը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ՝ ադրբեջանական սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը միտումնավոր զրկվում է ջրից: «Ինչպե՞ս հասկանալ քվեարկության արդյունքները՝ ԵԽԽՎ-ն նորից պահեց պարիտե՞տը, թե՞ եվրոպական այդ կառույցում, որ Ադրբեջանի վերջին պլացդարմն է Եվրոպայում, տեսակետների փոփոխություն է եղել»՝ հարցը ուղղեցի ԵԽԽՎ և ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ:

-Կարծում եմ զեկույցների կարևորությունը գնահատելու հարցում երկու կարծիք չի կարող լինել, բացահայտ է, որ Ուոլթերի զեկույցը ծրագրային դերակատարություն պիտի ունենար՝ իր բովանդակությամբ, որ Ղարաբաղյան հիմնահարցի ամբողջական և համալիր լուծումներ տալու ծայրաստիճան կարևոր և Ադրբեջանի համար «օրհասական» դարձող խնդիր պետք է լուծեր, իր հակադրումով ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա շրջանակներում ընթացող գործընթացից դուրս մնացած «ադրբեջանական երազանքի» գեթ մեկ, առանձին վերցրած հարթակում անցկացնելու իմաստով, այդ խնդրի վրա կենտրոնացրած տարաբնույթ «ռեսուրսների» չափերի իմաստով: Սարսանգի զեկույցը՝ ջրի խնդիրը, հումանիտար խնդիրը քաղաքականացնելու և քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ էր և իզուր չէր, որ օրակարգի մեջ երկրորդն էր դրված, կարծես գործընթացը նախագծողները նույնպես ընդունում էին երկրորդական լինելը: Եթե նույնիսկ ընդունենք, որ ԵԽԽՎ-ն առաջնորդվեց պարիտետային սկզբունքով և պահպանեց հավասարակշռությունը, այդ հավասարակշռությունը շա՛տ «անհավասարակշիռ» էր, նախապատվությունը տրվեց Հայաստանին՝ Ուոլթերի զեկույցը շատ իսկապես շատ կարևոր ու վտանգավոր էր: Ոչ միայն Հայաստանի համար: ԵԽԽՎ-ն, թեկուզ իսպանացի Պեդրո Ագրամունդի նախագահությամբ արդեն, իրեն թույլ չտվեց մտնել մի բեռի տակ, որի ծանրությանը չէր դիմանալու: Եվրոպական կառույցներից իսկապես ԵԽԽՎ-ն միակն է, որը շարունակում է մնալ Բաքվի պլացդարմը, գուցե նաև Ալիևի վարած քաղաքականության պաշտպանական վահանը: Պատճառները քանիցս բացատրվել են: ԵԽԽՎ-ն պատգամավորների վեհաժողով է, որ հիմնականում ներկայացնում են իրենց պետությունների քաղաքականությունը և, միաժամանակ, ազատ են իրենց անձնական տեսակետը արտահայտելու մեջ: Դա ԵԽԽՎ-ն դարձնում է և ուժեղ, և թույլ: Խոսքի ազատությունը հիմնարար արժեք է, համաեվրոպական արժեք, որ պաշտպանվում է միջազգային նորմերով: Բայց կյանքը ցույց է տալիս, որ միջազգային կոնվենցիաներն ու նորմերը կարող են չգործել, երբ տարատեսակ, այդ թվում անձնական շահերն են ի հայտ գալիս:
-Նկատի ունեք հանրահայտ «խավիարային դիվանագիտությունը», որի մասին խոսվում է ոչ միայն Հայաստանում:
-Երեկ քննարկման ժամանակ հնչած ելույթները վկայում են, որ ոչ միայն խավիարի, այլև նավթի գինն է ընկել ԵԽԽՎ-ում: Մեր պատվիրակությունը քվեարկությունից անմիջապես հետո իր երախտագիտությունը հայտնեց այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացի լիակատար ըմբռնում երկու բանաձևերի քվեարկության ժամանակ և իրենց վճռական դիրքորոշմամբ մերժեցին Ռոբերտ Ուոլթերի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման համար վտանգավոր զեկույցը:
-ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում անցնելուց հետո Դուք հավատու՞մ էիք, որ Ուոլթերի զեկույցը լիագումար նիստում կմերժվի:
-Իրավիճակը զեկույցների շուրջ այնպիսին էր, ԱԺ ԵԽԽՎ պատվիրակությանը և անձամբ ինձ ուղղված այնքան մեղադրանքներ են հնչել, որ հավատում էի, թե չէի հավատում հարցը օրակարգից դուրս էր եկել: Մենք գիտեինք միայն մեկ բան՝ ամեն ինչ պիտի անենք, որ զեկույցը չընդունվի՝ հնարավորն էլ, անհնարն էլ, հավանականն էլ, անհավանականն էլ: Խնդիրը ոչ պատվիրակության, ոչ իմ՝ իբրև պատվիրակության ղեկավարի աշխատանքի գնահատականը չէր: Ադրբեջանը բացահայտ ձախողվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափում: Երեկ, կարծում եմ, Ադրբեջանը Ստրասբուրգից հետո երկրորդ հարվածը ստացավ Մոսկվայից, երբ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասուլիսում հայտարարեց, որ ոչ մի «Լավրովի առաջարկ» էլ չկա, որ կես տարուց ավելի պնդում է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն Արևմուտքը, այլև Ռուսաստանը Բաքվին հստակ վերադարձնում են Մինսկի խմբի շրջանակներում բանակցային ձևաչափին, կասեցնելով միջազգային այլ կառույցներում հարցի լուծում որոնելու փորձերը: Այդ փորձերն անիմաստ են պարզապես: Եթե հետևել եք քննարկումներին, ԵԽԽՎ-ում գերակշռում է տեսակետը, որ վեհաժողովի մանդատը չի զբաղվել հակամարտության կարգավորումով, և որ վեհաժողովը պիտի երկու հասարակությունների երկխոսության, վստահության և երկխոսության կազմակերպումն է՝ վստահության և փոխըմբռնումի մթնոլորտի հաստատման համար: Սա նորություն չէ, իհարկե, բայց վկայում է, որ սթափ քաղաքական մտածողությունը գերակայում է Ստրասբուրգում, գերակայում է կառույցի հեղինակության պաշտպանության և ընդունած բանաձևերի համար պատասխանատվության գիտակցությունը: Վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախօրեին արված հայտարարությունը իսկապես տեղ հասավ և մեծ դեր ունեցավ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում իսպանացի Պեդրո Ագրամունդի ԵԽԽՎ երկամյա նախագահությանը: Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողը, որ գլխավոր «խավիարասերներից» է, խոչընդոտներ չի՞ հարուցի հետագայում:
-Հանգիստ և հարգանքով՝ իբրև ԵԽԽՎ պատգամավորների ընտրյալի: ԵԽԽՎ-ում նորմալ, աշխատանքային մթնոլորտ է: ԵԽԽՎ նախագահը իր անձով չի ծածկում վեհաժողովը, ի վերջո մենք աշխատել ենք Թուրքիան ներկայացնող Մևլութ Չավուշօղլուի նախագահությամբ, և, ոչինչ, շարունակում ենք մեր տեղն ու դերն ունենալ ԵԽԽՎ-ում:
-Միլիցա Մարկովիչը փաստորեն հաղթե՞ց Ռոբերտ Ուոլթերին:
-Ինչո՞վ: Ես չեմ համարում, որ Միլիցա Մարկովիչը հաղթել է ոչ Ռոբերտ Ուոլթերին, ոչ Հայաստանին, ոչ որևէ մեկին: Սարսանգի ջամբարի վերաբերյալ բանաձևին կողմ քվեարկելով, ինչպես մեր հայտարարության մեջ նշել ենք, ԵԽԽՎ-ը պատգամավորներն անտեսեցին միջազգային հանրության կարծիքը և դրսևորեցին միակողմանի մոտեցում՝ հումանիտար-տեխնիկական զեկույցին տալով քաղաքական բովանդակություն։ Բայց նաև երևաց այդ ստորադասման հանգամանքը: Ես նրանցից չեմ, ովքեր հայտարարում են, որ զեկույցները խորհրդատվական նշանակություն ունեն և պարտադիր չեն կատարման համար, նվազեցնում են թե դրականը, թե բացասականը: Ես գտնում եմ, որ քաղաքականությունը մեկօրյա գործընթաց չէ, հասարակությունը տեսնում է միայն արդյունքը, բայց ոչ այն աշխատանքը, որով այդ արդյունքը ստացվում է: Սա օրինաչափ ու ճիշտ է, որովհետև երբ ամեն ինչ բարձրաձայնում ես, զինաթափվում ես հակառակորդիդ առաջ: Ժամանակակից տեխնոլոգիաները քո ասած ցանկացած խոսք մի քանի ժամում հասու են դարձնում թե բարեկամներիդ, թե թշնամիներիդ: Վստահ եղեք, որ նրանք շատ ավելի ուշադիր, զգոն ու շահագրգիռ են մեր քայլերի նկատմամբ՝ կանխելու, հակադարձելու ու զրոյացնելու համար մեր ջանքերը: Երեկվա քվեարկությունների արդյունքը համատեղ աշխատանքով էր ձեռքբերված՝ թե դիվանագետների, թե հայկական կառույցների, թե այն քաղաքացիների, ովքեր իրենց ստորագրություններով դեմ էին արտահայտվում զեկույցների ընդունմանը, ու ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Բայց պայքարը շարունակվում է՝ ոչ Ադրբեջանի պատվիրակությունն է «հանձնվելու», ոչ էլ՝ առավելևս մենք: Հաջորդ նստաշրջաններում բազում դրսևորումներ են լինելու, վստահ եղեք:
-Հայաստանում արդեն կարծիքներ են հնչում, որ Սարսանգի հարցում էլ հնարավոր էր հաջողության հասնել, այդպե՞ս է:
-Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր կրակում են կռվից հետո: Մենք աշխատել ենք, որ երկու զեկույցներն էլ չանցնեն: Մինչև վերջին պահն էլ փորձում էինք լրացումներով ու ենթալրացումներով Սարսանգի վերաբերյալ զեկույցը «վնասազերծել»: Բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ հնարավոր էր Սարսանգի հարցում էլ հաջողության հասնել, ուզում եմ ասել՝ միշտ շատ հեշտ է գնահատել ուրիշի աշխատանքը և քննադատելը, իսկ կռվից հետո կրակելը, կարծում եմ, փամփուշտների ավելորդ վատնում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ