ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Պետությունը կառավարեք ոչ «աֆերիստաբար»

«Պետությունը կառավարեք ոչ «աֆերիստաբար»
19.01.2016 | 00:51

Նախորդ տարվա վերջին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացումը դիվանագիտական տարբեր խողովակներին նոր եզրահանգումների առիթ տվեց։ Ոմանք դա պայմանավորեցին ռուս-թուրքական հարաբերություններով, մյուսները՝ Ալիևի արկածախնդրությամբ։ «Իրատեսի» զրուցակից, ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ իր տեսակետը ներկայացրեց Ղարաբաղի շուրջ կատարվող զարգացումների առնչությամբ։

«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ, ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ԵՆ ՈՐԴԵԳՐԵԼ»


-Ինչո՞վ եք պայմանավորում սահմանին լարվածության մեծացումը և այսօրվա հարաբերական անդորրը։
-Օր օրի համոզվում ենք, որ Ադրբեջանը հարձակվում է, իսկ մենք պաշտպանվում ենք։ Շատ հաճախ չենք էլ պաշտպանվում։ Խոսքս ռազմաճակատի մասին չէ, այլ դիվանագիտական հարթության, որի արդյունքներն էլ երևում են շփման գծում։ Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես տեղեկատվական պատերազմի դաշտում մենք զիջում ենք Ադրբեջանին։ Վերջին օրինակը մատնանշեմ. առաջիկայում ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցներ են լսվելու։ Մերոնք ձեռուոտ են ընկել, թե ինչպես անեն, որ այդ զեկույցները չքննարկվեն։ Այսինքն, Ադրբեջանը փաստի առաջ է կանգնեցնում, իսկ մեր դիվանագիտական կորպուսը մտածում է նրանց խավիարով գնված պատգամավորներին «բարոյական» նորմերի շրջանակ վերադարձնելու մասին։ Սա անհասկանալի քաղաքականություն է։ Ո՞վ է խանգարում ձեզ նույնաբովանդակ զեկույցներ ներկայացնել, թող ադրբեջանցիները պաշտպանվեն։
-Ինչո՞ւ հայկական կողմը նախաձեռնողականություն չի ցուցաբերում, ո՞րն է պատճառը։
-Անհասկանալի, կրավորական դիրքորոշում են որդեգրել։ Իբր մտածում են, թե մենք ենք հաղթող կողմը, և այսպես էլ պետք է լինի։ Ո՛չ։ Նախ պարզ խոսենք. մենք հաղթող կողմ չենք, որովհետև հաղթողն այլևս որևէ խնդիր չպետք է ունենար։ Տեղեկատվական պատերազմ է գնում, որն ունի իր օրենքները։ Մերոնք արհամարհում են այդ օրենքները։ Ռուսները լավ են ասում՝ «Յարոսլավնայի լաց» մի դրեք, թե Եվրախորհրդի պատգամավորները գնվել են։ Ենթադրենք, գնվել են, հետո՞։ Դուք էլ այլ մեթոդների դիմեք։ Ադրբեջանը համոզվել է, որ այս տարածաշրջանով զբաղվող միջազգային դիվանագետներն իրենց կողմնորոշումն են պաշտպանում։ Այս երկիրը նաև սերտ դաշինքի մեջ է Թուրքիայի հետ։ Այս պարագայում մեծ է հավանականությունը, որ Ալիևը ենթարկվելու է Էրդողանի հրամաններին։ Ադրբեջանում միակ խանգարող հանգամանքը նավթի գնի կտրուկ անկումն է և տնտեսության ցնցումները։ Բայց սա էլ կարող է Ալիևին պարտադրել նոր արկածախնդրության։
-Փաստորեն, չե՞ք բացառում, որ Ալիևն իր երկրի ներքին խնդիրներից հանրային ուշադրությունը շեղելու համար սահմանի լարվածությունը թեժացնի։
-Այո։ Բավականին շատ զենք է կուտակել, փոխել է բանակի վիճակը, վարձու մարտիկներ է «ձեռք բերել»։ Թուրքիան տեսավ, որ իր «սիլիբիլին», քաղաքականությունը Ռուսաստանի հետ չեն անցնում, և այսպես շարունակելու դեպքում իր կարողությունները կսահմանափակվեն, նեոօսմանիզմի, «մեծ Թուրանի» գաղափարախոսություն ունեցող պետություն չի կարող լինել, անցավ այլ մարտավարության։ Պատահական չէր ռուսական ինքնաթիռի խոցումը, որին հավանաբար տեղյակ էին նաև իր դաշնակիցները։ Այսօր էլ ոչինչ նրան չի ահաբեկում, անգամ այն, որ տուրիզմը կկրճատվի, կկորցնի հսկայական միջոցներ, շարունակում է գնալ հարաբերությունների սրման։
-Այսպիսի առճակատմամբ Թուրքիան ինչի՞ է ձգտում։
-Սիրիայի տարածքից ԻՊ-ի ջոկատները կամաց-կամաց դուրս են մղվում։ Նրանք մի այլ տեղ պետք է գնան, «իջևանելու» տեղերից մեկն էլ Թուրքիան է։ Նրանց նպատակը Հյուսիսային Կովկաս հասնելն է։ Հայաստանով չեն կարող գնալ, որովհետև այստեղ ռուսական զորք կա։ Պետք է անցնեն Վրաստանով և Նախիջևանով։ Վրաստանը կձգտի ամեն կերպ նրանցից ազատվել և անմիջապես միջանցք կտա, որպեսզի իր տարածքից հեռանան։ Նախիջևանը մեզ համար ամենաթույլ օղակն է, չկա սահման, թուրքերը շատ հանգիստ կարող են բացել այդ միջանցքը։ Աչքի տակ ունենալով այս սցենարը, պետք է նշել, որ Թուրքիան Ռուսաստանի դեմ կարող է օգտագործել Ղարաբաղի հարցը։ Այսինքն, Ադրբեջանին ստիպի հերթական լարվածությունը ստեղծել սահմանին։ Սա հավանական սցենարներից կարող է լինել։ Դեռ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Բաքու եկան Թուրքիայի գլխավոր շտաբի հրամանատարը, արտգործնախարար Չավուշօղլուն, այնուհետև վարչապետ Դավութօղլուն։ Առաջին երկուսը հայտարարեցին, թե պետք է անպայման ազատագրել օկուպացված տարածքները, իսկ Ահմեդ Դավութօղլուն, ով նեոօսմանիզմի գաղափարախոսության հեղինակներից է, ավելի հեռուն գնաց և հայտարարեց, թե մենք բոլոր միջոցներով պետք է ազատագրենք օկուպացված տարածքները, որովհետև դրանք սուրբ հողեր են մեզ համար։ Երբ մուսուլմանը հայտարարում է, որ այդ հողերը իր համար սուրբ են, դա ջիհադի հայտարարություն է։ Ովքեր չգիտեն, հիշեցնեմ՝ սա սովորական հայտարարություն չէ, շարքային թուրքի հայտարարություն չէ, այլ երկրի ղեկավարի հետ համաձայնեցված դիրքորոշում։ Սա Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն է։ Եվ ի՞նչ։ Որևէ հայ պաշտոնյա չարձագանքեց այս դիրքորոշմանը։ Արտաքին գործերի նախարարությունը մի նոտայով հանդես եկա՞վ։ Ոչ:
-Ինչո՞վ եք բացատրում այս համատարած լռությունը։
-Կա՛մ իրենց թվում է, թե նստած են Օլիմպոսի գագաթին ու մտածում են՝ խոսում են, թող խոսեն, կա՛մ լրիվ այլ բան է նշանակում, ինչը ոչ մի բնորոշում չունի։ Թուրքիայի առաջին դեմքերից մեկն այսպիսի հայտարարություն է արել Բաքվում, ոգևորել է ողջ Ադրբեջանին, որ Թուրքիայի նման պետությունը կանգնած է նրա թիկունքին։ Ավելին, ադրբեջանցիները չեն ասել, որ դրանք իրենց համար սուրբ հողեր են, այլ թուրքերը։ Այսպես անլուրջ չի կարելի վերաբերվել նման հայտարարություններին։

«ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՏՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՎ ԵՆ ՆԱՅՈՒՄ»


-Հայաստանի դիվանագիտական կորպուսը վտանգավոր լռությո՞ւն է պահպանում։
-Անկասկած։ Արժեր գոնե մի քանի «քայլերով» այդ ամենի դեմն առնել։ Համապատասխան նոտա ուղարկեին ՄԱԿ-ի անդամ երկրներին, նրանց ուշադրությունը հրավիրելով այն փաստին, թե Թուրքիան Ադրբեջանի հետ ինչ է ցանկանում անել։ Ակնհայտ է, որ եթե այս տարածաշրջանում պատերազմ բռնկվի, դա լոկալ բնույթ չի կրի։ Ներքաշվելու են այդ պատերազմում գերտերությունները, և այդ հրդեհը մարել չի լինի։ ՄԱԿ-ին պետք է առաջարկել Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել և այս հարցը քննարկման դնել, պարզաբանում պահանջել, թե ինչ գործ ունի Թուրքիայի վարչապետը Ղարաբաղի հողերի հետ, մի բան էլ ավելին, հայտարարում է, թե դրանք իրենց համար սուրբ հողեր են։ Հայաստանը կարող է այս պարագայում դիվիդենդներ շահել, եթե կարողանա աշխարհին ներկայացնել, թե ինչ կարող է լինել, եթե պատերազմ սկսվի այս տարածաշրջանում։ Ի վերջո, այս ամենում կա նաև ազգային արժանապատվության խնդիր։ Եթե կարծում են՝ ես ուռճացնում եմ խնդիրը, թող գնան կարդան, թե ինչ է ջիհադը։ Ես ներկայացրի իմ պատկերացրած դիվանագիտական մի քայլը, մյուսները թող Հայաստանի ԱԳՆ-ն մտածի և իրագործի։
-Ընդհանուր առմամբ, ԼՂՀ-ի հարցում Հայաստանի դիվանագիտությունն ինչպե՞ս կորակեք։ Որևէ ատյանում կարողանո՞ւմ ենք մեր դիրքորոշումը հստակ ներկայացնել։
-Բանակցային գործընթացին մատների արանքով են նայում։ Հարկավոր են լուրջ գործողություններ։ Եթե ուզում ենք, որ Մինսկի խումբը որոշիչ քայլերի գնա, պետք է նրանց մանդատը փոխելու հարց բարձրացնել։ Նրանք ընդամենը հաշտեցնելու մանդատ ունեն, չեն կարող լուրջ քայլերի գնալ, զորօրինակ, պատժել կողմերից մեկին, պարտադրել խաղաղություն։
-Մինսկի խումբը Հայաստանում է լուրջ դիտարկվում, Ադրբեջանում նրան, մեղմ ասած, բանի տեղ չեն էլ դնում։
-Բայց մենք այլ ձևաչափ չունենք, որը կզբաղվեր ղարաբաղյան հիմնահարցով։ Բանակցային գործընթացից դուրս գալն էլ սխալ է։
-Դուք շեշտում եք, որ հայկական կողմը պետք է անընդհատ իր դիրքորոշումը ներկայացնի միջազգային հանրությանը։ Ի՞նչ եք կարծում, այդ «հանրության» համար ղարաբաղյան հիմնախնդիրը երրորդական հարց չէ՞, արդյո՞ք այդքան մեծ է շահագրգռվածությունը՝ հասկանալու, Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանն է իրավացի այս հարցում։
-Ես չեմ կարծում, թե այդ հարցի լուծումը կարելի է ակնկալել միջազգային հանրությունից։ Բայց ընթանում է տեղեկատվական պատերազմ, որին Հայաստանը շատ չեզոք է մասնակցում։
-Միջազգային հանրության արձագանքը համահունչ կլինի՞ մեր ներկայացրածին, քանի որ յուրաքանչյուր երկրի համար առաջնային են նախ իր շահերը, իսկ առանձին դիվանագետների համար էլ՝ գրպանի պարունակությունը։
-Մեզնից է կախված, թե ինչպիսի աշխատանք կտանենք միջազգային հանրության հետ, ինչպես կիրականացնենք մեր լոբբինգը, ինչպես կկազմակերպենք մեր աշխատանքները։ Կարելի է, օրինակ, 50 երկրում նույն թեմայով ակցիաներ անցկացնել, շատ տարբերակներ կան դիվանագիտական քայլերն իրականացնելու համար։ Միամիտ չեմ, որ մտածեմ, թե ղարաբաղյան հակամարտությունը բոլորի ուշադրության կենտրոնում է, պարզապես, եթե հարկ լինի, նրանք կսևեռվեն այդ խնդրի վրա։ Էրդողանն արդեն որոշակիորեն «դատապարտված» անձ է՝ գնալով ծայրահեղ մի ուղիով, որը հաստատապես իրեն լավ տեղ չի տանի, օգնենք նրան, որպեսզի շուտ հասնի անդնդի հատակին։ Կան պետություններ, որոնց շատ դուր կգա այս քաղաքականությունը։ Եթե մենք չենք անում սա, ո՞վ պետք է մեր փոխարեն անի։ Սա մեր առաքելությունն է, բայց մենք չենք օգտագործում մեր հնարավորությունները։ Այստեղ էլ առաջ է գալիս մեր ներքին խնդիրների մեծ բեռը։ Եթե ձեր ժողովրդի վստահությունը չունեք, համոզված էլ չեք կարող լինել, որ ձեր քայլերը կարող են հաջողության հասնել։ Եթե ձեր ուղեղն ամբողջովին զբաղված է այս աղքատ երկրից շատ փող թալանելու մտքով, իհարկե, չեք կարող մտածել արտաքին քաղաքական ուղղությունների մասին։ Սա նաև քաղաքական էլիտայի որակի հարց է, այսօր ունենք, կներեք, դեգեներատիվ էլիտա։ Եթե դուք հաշտվում եք այս մտքի հետ, պետք չէ մյուսներին մեղադրել, որ ձեր ասածը բանի տեղ չեն դնում։

«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՎԱՐԵԼ»


-Դուք նշեցիք, թե ինչպես է Թուրքիան ամուր պահում Ադրբեջանի թիկունքը։ Հայաստանը մշտապես ռազմավարական հարցերում ապավինում է Ռուսաստանի աջակցությանը։ Ի՞նչ եք կարծում` հարկ եղած դեպքում Ռուսաստանը կարո՞ղ է Հայաստանի թիկունքը նույնքան ամուր պահել։
-Ռուսաստանը մեր կամքից անկախ էլ կանգնած է Հայաստանի թիկունքին։ Սա բխում է այն հանգամանքից, որ մեր շահերը համընկնում են։ Ավելի ստույգ, Ռուսաստանի շահերը տարածաշրջանում այնպիսին են, որ համընկնում են մեր դիրքորոշումներին։ Պետք չէ պարբերաբար հիշել Խորհրդային Միությունը, որը գաղափարախոսական այլ դաշտում էր։ Հիմա իրավիճակը լրիվ այլ է, գաղափարախոսություն էլ չկա։ Կա շահերի մի շրջանակ, որի առանցքում էլ պետությունները գործում են։ Ռուս ժողովուրդը միշտ բարյացակամ է այն պետությունների հանդեպ, որոնք փոխհարաբերությունների մեջ վստահելի են, ոչ թե ենթակա։ Սխալ են որոշ վայ-քաղաքական գործիչներ, որոնք կարծում են, թե մենք ենթակա ենք ու պետք է այդպիսին լինենք։ Ենթականերին, հպատակներին չեն սիրում։ Ռուսները վստահելի հարաբերություններ են ցանկանում ունենալ գործընկերների հետ։ Եթե դուք վստահելի գործընկեր եք, խնդիրներ չեն լինի, ավելին, բարեհաճ կգտնվեն ձեր նկատմամբ։ Հայերիս մեջ կա կարծրատիպ՝ եթե մենք Ռուսաստանի զինակիցն ենք, ինչո՞ւ այս կամ այն բանը մեզ չեն տալիս, չեն ներում։ Եղբայր, ոչ ոք ձեզ պարտական չէ։ Հետո ասեք, տեսնեմ, դուք ի՞նչ եք արել, որ նման վերաբերմունք եք ակնկալում։ Ռուսաստանն այսօր ռազմավարական բոլոր պարտականությունները մեր նկատմամբ կատարել է։ Գաղտնիք չէ, եթե «Իսկանդեր» են տվել Հայաստանին, որը միակն է ոչ միայն տարածաշրջանում, կնշանակի, Ռուսաստանը զինակցի իր պարտականությունները լիովին կատարում է։ Պետք է ճիշտ գնահատել իրավիճակը։ Եթե նեղացածի կեցվածք ես ընդունում, պիտի ինքդ քեզ հարցնես՝ ի՞նչ ես արել, որ քեզ նեղացրել են։ Այսինքն, արժանապատիվ քաղաքականություն պետք է վարել։ Ոչ ոք չպետք է կարողանա ասել՝ աչքիդ վերևում հոնք կա։ Շատ խնդիրներ կան, որ պետք է մանրակրկիտ քննել ու հասկանալ։ Պիտի ունենալ քաղաքական իրական փորձ, բարոյական նորմեր, պետությունը կառավարել, կներեք, «աֆերիստաբար»։ Իսկ հիմա, երբ նայում եմ, թե կառավարությունն ինչպես է հրճվում 2,2 % տնտեսական աճով, զարմանում եմ, թե ինչի վրա են այդքան ուրախ։ Ի՞նչ ծրագիր եք ներկայացրել, ո՞ւր են ինովացիոն ծրագրերը, ո՞վ է հաշվարկել, թե Հայաստանում ինչ կապիտալ կա, և այն որտե՞ղ է աշխատում։ Ասում եք՝ օտարերկրյա ներդրումները պակասել են։ Ի՞նչ ներդրում անեն, երբ այդ գումարները կորչում են։ Բա ձեր ներքին կապիտալն ինչո՞ւ չի աշխատում Հայաստանում, ինչո՞ւ է փախչում այստեղից, ինչո՞ւ է գնում շվեյցարական բանկեր կամ էլ անշարժ գույքի «տեսք» ընդունում։ Այսինքն, ունենք ռեսուրսներ, բայց քանի որ իրենց գրպանը չեն ցանկանում մտնել և չեն ուզում այդ գումարներով ներդրումներ անել, դրա համար իրավիճակն այսքան անմխիթար է։ Այսօր պետք են ոչ ստանդարտ քայլեր, աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ է, երբ հարկավոր են նոր գաղափարներ և հստակ գործողություններ։ Տեսեք, Պուտինն ինչ պարբերականությամբ է «ուղեղային գրոհ» իրականացնում, անընդհատ քննարկումներ է կազմակերպում տարբեր մարդկանց, փորձագետների հետ։ Մերոնք ի՞նչ են անում, իրենք իրենց դրել են գիտունիկի տեղ՝ համարելով, որ ամենաճիշտն իրենք են։
-Փաստորեն, արտաքին քաղաքական բոլոր խնդիրները բխում են մեր ներքին «հիվանդություններից»։
-Անշուշտ, չի կարող արտաքին քաղաքականությունը ներքինից մեկուսացած լինել։ Արտաքուստ թվում է, թե որոշումներ են կայացվում, դրանք ճիշտ են, բայց հիմքը խարխուլ է, դրա համար էլ ոչինչ չի ստացվում։ Հիմա էլ ասում են՝ ԵԱՏՄ-ից ոչինչ չստացանք: Ստացաք, բայց ոչինչ չտվեցիք։ Հունվարին նորից ընդհանուր «կաթսայից» մի կլորիկ գումար կստանանք, բայց ի՞նչ ենք տալու նրանց։ Արտաքին ու ներքին քաղաքականությունները շաղկապված են, որպեսզի այս երկու ուղղություններով էլ արդյունավետ աշխատանք իրականացվի, պետք է ներսում ամուր լինենք։ Էրդողանն այդպես չէր հոխորտա, եթե իր տնտեսությունը ծանր վիճակում լիներ, եթե չունենար իրական մեծամասնության աջակցությունը, եթե չունենար գործընկերների այն շրջանակը, որոնք վստահաբար նրան կպաշտպանեն։ Սա է քաղաքականությունը, որին նա հասավ տարիների աշխատանքի շնորհիվ։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ