ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Առ ոչինչ կհամարվեր ամեն ինչ՝ ԱԺ-ն, նախագահական ինստիտուտը, բոլոր օրենքները»

«Առ ոչինչ կհամարվեր ամեն ինչ՝ ԱԺ-ն, նախագահական ինստիտուտը, բոլոր օրենքները»
22.12.2015 | 00:42

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ավարտված է։ Երկրի գլխավոր իրավական փաստաթուղթն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու 2018-ից։ Նկատենք, որ ցանկացած օրենք ուժի մեջ է մտնում դրա վավերացումից անմիջապես հետո։ Ինչո՞ւ է այս դեպքում նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու երկու տարի անց։ Այս հարցի շուրջ զրուցեցինք ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։


-Այո, ցանկացած օրինագծի վերջին հոդվածում նշվում է, թե պաշտոնական հրապարակումից հետո ինչ ժամկետում է այն ուժի մեջ մտնում։ Մեր օրենսդրությամբ, այդ թվում` «Իրավական ակտերի մասին» օրենքով, այդ խնդիրը կարգավորված է։ Սահմանադրությունը, որպես հասարակական հարաբերությունների կարգավորման հիմնարար իրավական ակտ, բոլոր օրենքների ողնաշարն է, և դրա անցումային ու եզրափակիչ դրույթներով սահմանված է, թե երբ և որ գլուխները պետք է ուժի մեջ մտնեն։
-Առաջիկայում ո՞ր դրույթներն են ուժի մեջ մտնելու։
-Պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո ուժի մեջ կմտնեն սահմանադրության առաջինից մինչև չորրորդ գլուխները։ Դրանք այն հիմնական դրույթներն են, որոնք օրենսդրական նոր կարգավորումներ չեն պահանջում։ Մասնավորապես, սահմանադրական կարգին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքներին և պետության քաղաքականության հիմնական նպատակներին ուղղված դրույթներն են դրանք։ Ի դեպ, վերջին դրույթը նոր մոտեցում է և պետք է երաշխավորի ոչ միայն սոցիալական քաղաքականության ազատությունը, այլև դրա իրականացումը։ Գիտենք, որ 2017-ին կայանալու են ԱԺ ընտրությունները, ինչի արդյունքում ձևավորվելու է խորհրդարանական մեծամասնություն, որն էլ իր հերթին ձևավորելու է հիմնական կառավարող ուժը՝ կառավարությունը։ Անցումային դրույթներով սահմանված է նոր ընտրական օրենսգրքի հաստատումը։ Մյուս օրենքները, որոնք բխելու են նոր սահմանադրությունից, աստիճանաբար ուժի մեջ կմտնեն։ Որպեսզի հարցեր չառաջանան, պարզաբանեմ` ինչու աստիճանաբար։ Այսօր գործող ԱԺ-ն ընտրվել է օրինական ճանապարհով, հետևաբար այն լեգիտիմ է, և մինչև 2017-ը օրինական են նրա գործողությունները։ Այս ԱԺ-ի աշխատանքների ավարտից հետո նոր սահմանադրությունն ուժի մեջ կմտնի։ Երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2018-ին, ինչը նշանակում է, որ ՀՀ նախագահի ընտրությունները նոր սահմանադրությամբ կիրականացվեն հենց այդ ժամանակ։ Նմանատիպ հարցերից ելնելով է, որ սահմանադրության դրույթները աստիճանաբար են կյանքի կոչվելու։
-Պարոն Սահակյան, ընդդիմությունը և քաղաքացիների զգալի հատվածն այն կարծիքին են, որ նոր սահմանադրությունը 2018-ից է ամբողջությամբ ուժի մեջ մտնում, որպեսզի ապահովի իշխանության վերարտադրությունը։ Ի՞նչ կասեք։
-Նման խոսակցությունները տրամաբանական չեն։ Եթե նոր սահմանադրության ընդունումից հետո այն ամբողջովին ուժի մեջ մտներ, ապա կունենայինք հետևյալ պատկերը՝ առ ոչինչ կհամարվեր ամեն ինչ՝ ԱԺ-ն, նախագահական ինստիտուտը, բոլոր օրենքները, որոնք հակասում են նոր սահմանադրությանը, ուստի անմիջապես պետք է ընդունվեին նոր օրենքներ։
-ՈՒզում եք ասել` համակարգը կաթվածահա՞ր կլիներ, և լուրջ խնդիրնե՞ր կառաջանային։
-Միանշանակ։ Նոր սահմանադրությունը հակասության մեջ կմտներ գործող օրենքների հետ, մենք կունենայինք լուրջ խնդիրներ։ Դրանցից խուսափելու նպատակով է ընտրվել աստիճանաբար փոփոխություններ կատարելու մեխանիզմը։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ