ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Կյանքը Աստծո պարգևն է, չի կարելի քամուն տալ՝ ինչ քոնը չէ»

«Կյանքը Աստծո պարգևն է, չի կարելի քամուն տալ՝ ինչ քոնը չէ»
18.12.2015 | 01:37

«Իրատեսի» հյուրն է «Ֆլեշ» ընկերության նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ:


-Ձեր կարծիքով՝ Դուք ո՞վ եք:
-Հասարակ ու բարդ հարց եք տալիս: Հայ մարդ՝ ծնված իր հորից ու մորից, որ իր միտքն ունի, երբ երեխան ծնվում է, ծնողներն ընդամենը կենսաբանական միջնորդներ են, նա Աստծո որդին է:
-Մարդը միայն մի՞տք է:
-Մարդը հողից ու ջրից է՝ Աստված մարդուն ստեղծեց հողից ու ջրից և իր շունչը տվեց: Մարդը և հոգի է: Քանի որ մարդու մեջ կա նաև ադամական մեղքը, մենք մկրտվելով՝ մաքրվում ենք այդ մեղքից ու փորձում ենք նորովի սկսել: Մարդը եռամիասնություն է՝ հոգի, սիրտ, միտք, ու՝ մարմին:
-Ինչպե՞ս է, որ բոլորս եռամիասնությամբ գալիս ենք, բայց գերիշխում է մարմինը:
-ՈՒ այսպիսի բարդ հարցերով պիտի շարունակե՞նք: Աստվածաշնչում մի լավ տող կա՝ մարմինս տկար է, հոգիս՝ հոժար: Մարմնական պահանջներն այլ են, հոգեկան պահանջները՝ այլ: Երբ մենք ծնվում ենք, դաստիարակվում ենք, որոշակի գիտելիքներ ենք ձեռք բերում, գիտակցում ենք, որ մարմինն ունի հինգ զգայարաններ, հոգին էլ իր զգայարաններն ունի: Պետք է ճիշտ ապրել, որ հոգին մոլախոտերով չպատվի:
-Ձեր կյանքում հոգո՞ւն եք շատ տեղ տալիս, թե՞ մարմնին:
-Ես ծնվել եմ մի երկրում, որտեղ Աստծո գոյությունը հերքվում էր: ԽՍՀՄ-ի ժամանակ ամեն ինչ Աստվածաշնչի դրույթներով էր, բայց վերևում գրված էր՝ Աստված չկա: Մինչև 43 տարեկանս այդպես էլ ապրել եմ՝ Աստծո ու «Աստված չկա»-ի հետ, հետո դարձի եկա. գնում եք դեպի անդունդի եզրը, ու մեկը ձեզ կանգնեցնում է՝ դու սխալ ճանապարհով ես գնում, ու դու 180 աստիճանով շրջվում ես: Մանկան նման, որ սովորում է քայլել ու ճանաչել աշխարհը: Իհարկե, մարմնականը միշտ էլ գերիշխում է: Հոգին մեր ենթագիտակցության մեջ է, հավատալ-չհավատալու հարց չկա: Հավատը մարդուն ի վերուստ է տրված, ինչպես ու երբ կբացահայտվի, Աստված է որոշում՝ ում ինչպես տալ:
-Մենք բոլորս այդ ճանապարհո՞վ ենք գնում՝ ոմանք շուտ, ոմանք ուշ, միշտ հասնո՞ւմ ենք Աստծուն:
-Այո, նույնիսկ աթեիստները: Մարքսի «Կապիտալը» չէ, Աստվածաշունչն են խնդրել մահից մեկ ամիս առաջ, մեկ տարի առաջ:
-Լավ, ինչո՞ւ, ուրեմն, տասը պատվիրանները մինչև հիմա մարդկությունը չի սովորել կատարել:
-Որովհետև սատանան գործում է ամենուրեք: Սատանան, լինելով Աստծո ամենատաղանդավոր հրեշտակը, հակասության մեջ մտավ, հակառակվեց իրեն ստեղծողին ու անկում ապրեց հրեշտակաց դասի որոշ մասի հետ ու երկրում պարարտ հող գտավ՝ թույլ մարդկանց, ու նրանց մեջ սկսեց գործել: Աստված ազատ կամք է տվել մարդուն, մարդը իր կամքով հակառակվեց Աստծուն ու արգելված պտուղը կերավ՝ ընկնելով մեղքի տակ: Սատանան մրցակցության մեջ մտավ Աստծո հետ ու ասաց՝ գնում եմ, աշխարհին տիրանամ: Երկրի ամենամեծ ստեղծագործությունը մարդն է և սատանան ամենատարբեր միջոցներով մարդուն է փորձում տիրանալ: Մենք՝ լինելով կամքից թույլ, արագն ու հեշտը դժվարից նախընտրող, տրվում ենք սատանայի գայթակղությանը:
-Պատկերացնո՞ւմ եք՝ Եվան խոնարհ կին լիներ, Ադամն արգելված պտուղը չուտեր, մինչև հիմա դրախտում ի՞նչ էինք անելու:
-Հետաքրքիր հարց է, բայց ինձ չէ, Աստծուն է ուղղված: Աստված մեզ ազատ կամք է տվել: Ինչո՞ւ է Աստված սատանային ստեղծել՝ քանի՞ անգամ եք այդ հարցը ուրիշներից լսել: Բայց Աստված սատանային չի ստեղծել, նա հրեշտակ է ստեղծել, որ անկում ապրեց՝ Աստծուն չլսելով: Մեր կամքը միշտ պիտի Աստծուն ուղղված լինի, ոչ ես գիտեմ, ոչ Դուք գիտեք՝ դրախտն ի՞նչ է, մենք միայն ենթադրել կարող ենք, որ երանելի վիճակ է ու երանելի կյանք: Տրամաբանորեն միայն կարող եմ ասել՝ այնքան անելիք կա, որ մարդը դեռ չի արել:
-Ինչո՞ւ ենք մենք ավելի լավ պատկերացնում դժոխքը, քան դրախտը:
-Որովհետև ցավի ու մեղքի հետ է կապվում, իսկ դրախտը երանելիության վիճակ է, որ ակնթարթ է տևում:
-Եթե պրոյեկտում ենք դրախտի ու դժոխքի զգացողությունները մեր կյանքի վրա, չե՞ք կարծում, որ ամեն ինչ ամեն ծնվողի կյանքում կրկնվում է, ու այդ կրկնություններն ունեն անխախտ օրինաչափություններ:
-Պատահել են իրավիճակներ, երբ թվացել է, որ էլի են եղել, չեմ կարող ասել՝ կրկնությո՞ւն է, թե ինչ է: Շատ հարցերում ենք մենք կրկնվում՝ մեր գործողությունների ու մտքերի մեջ, նաև կենցաղի՝ ամեն գիշեր քնել ու առավոտյան արթնանալ՝ աշխատանքի գնալու: Նայած՝ այդ կրկնությունից ի՞նչ է առաջանում, ձանձրանալն է վտանգավորը, ձանձրույթից հիասթափություն առաջանալը, հիասթափությունից՝ հուսախաբություն:
-Մենք հասկանում ենք՝ ինչ կարող ենք տեսնել, լսել, շոշափել, անտեսանելին ու անլսելին, անշոշափելին մեզ հասու չեն, ինչո՞ւ:
-Մենք նյութապաշտ ենք: Մենք նյութական ենք մտածում, հոգևորը շատ քիչ է մեր մտածողության մեջ:
-Ինչո՞ւ: Ցանկանում ենք, պատկերացնում ենք, ծրագրում ենք, ասենք, տուն կառուցել, բայց չենք հասկանում, որ տունը պատերի մեջ ու տանիքի տակ չէ, տունը զգացողություն է՝ դղյակում կարող է չլինել, անապատում՝ առաջանալ:
-Աստված կա՞, թե՞ չկա: Եթե Աստված կա ու մենք հակառակն ենք ասում, ահագին կորցնելիք ունենք, չէ՞, եթե Աստված չկա ու մենք հավատում ենք, ի՞նչ ենք կորցնում: Ոչինչ: Այլ խնդիր է՝ Աստված կա ու մենք հավատում ենք, ի՞նչ է բխում դրանից: Մենք պիտի ճանաչենք Աստծուն, ձգտենք նմանվել ու լինել այնպիսին, ինչպիսին ոչ միայն տասը պատվիրանները, այլև ամբողջ Աստվածաշունչն է պատվիրում մեզ՝ Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծվածներիս: Նոր կտակարանում շատ ավելի խիստ երկու պատվիրաններ են տրվում՝ սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ հոգով, մտքով, սրտով ու էությամբ, սիրիր քո մերձավորին, ինչպես քո անձը:
-Մեր թվարկությունը սկսվեց քրիստոնեությամբ, ինչո՞ւ 7-րդ դարում ձևավորվեց իսլամը, երբ Ղուրանի հիմքում Աստվածաշունչն է, բոլոր պատմությունները կրկնում են քրիստոնեական պատումները, միայն Մուհամեդն ասում է, որ ինքը վերջին մարգարեն է, որ եկել է երկիր:
-Դուք մոռանում եք, որ խոսում եք հասարակ մահկանացուի հետ ու առաջադրում եք աստվածաբանական խոր գիտելիքներ պահանջող հարցեր, ավելին՝ աստվածաբաններն էլ երևի այդ կարգի հարցերի չպատասխանեն՝ համարելով ոչ կոռեկտ: Ես միայն կարող եմ ասել, որ աշխարհում ամեն ինչ արվում է Աստծո թողտվությամբ, ուշադիր նայեք Աստվածաշնչի կազմությունը՝ արարչագործությունից փրկագործություն, ծրագիրը նայեք, հիշեք, որ Աստծո մտքերն անքննելի են: Նույն հաջողությամբ կարող էիք հարցնել՝ իսկ ինչո՞ւ Բյուզանդական կայսրությունը փլուզվեց ու Օսմանյան կայսրություն ձևավորվեց: Մենք՝ քրիստոնյա կոչվածներս, միշտ չէ, որ պահում ենք պատվիրանները, միշտ չէ, որ ասվածահաճո ենք ապրում, աստվածավախ ու աստվածապաշտ: Ելնելով այս իրավիճակից՝ Աստված հաճախ մեզ դաստիարակելու, իր կամքն ի ցույց դնելու համար սատանային դեմ է տալիս, որ զգաստանանք: Դուք բարդագույն հարցեր եք տալիս, ես միայն փորձում եմ իմ կարծիքն ասել, չգիտեմ՝ ճիշտ, թե սխալ: Երբ Դուք կարդաք հայտնի փիլիսոփաների, մտածողների ու աստվածաբանների գրքերը, նրանք ասել են իրենց խոսքը ըստ էության ու ըստ բովանդակության: Իմ խորին համոզմամբ՝ քրիստոնեությունը պիտի քարոզվի աշխարհի բոլոր ծայրերում: Այսօր կան քրիստոնյաներ, մուսուլմաններ, բուդդայականներ, հինդուիստներ, հուդայականներ, այլևայլ կրոններ, ու բոլորն էլ ճանապարհներ են, որ տանում են դեպի Աստված:
-Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասում է՝ Աստված մեկն է, մենք ենք տարբեր տեսնում:
-Այո, քրիստոնեությունն ամենալուրջ քննություն բռնած ու տարածում գտած կրոններից մեկն է, կյանքը ամեն ինչ ցույց է տալիս, պետք չէ կյանքից առաջ ընկնել:
-Վիճակագրական տվյալներով՝ դարակեսին մուսուլմանները կարող են թվով քրիստոնյաներին գերազանցել:
-Դա էական չէ, Սոդոմ ու Գոմոր է եղել, քրիստոնեական քանի՜-քանի պետություններ են վերացել, Աստված կա ու Իր միակ որդուն ուղարկեց աշխարհ մարդկանց մեղքերը քավելու, ցույց տվեց, որ Աստված կարող է մարդանալ ու մարդը կարող է աստվածանալ: Դա է կարևորը:
-Գործի մեջ այդ գաղափարները Ձեզ օգնո՞ւմ են, թե՞ խանգարում:
-Շա՜տ, շատ են օգնում, ես էլ եմ վայրիվերումներ ունենում, ոգևորության ու հուսահատության պահեր: Այն պահին, երբ դու մտածես, որ Աստված քեզ լքում է, կորած ես՝ դու պիտի հավատաս, որ քո երկնային Հայրը քեզ հետ է ու ապավինես իրեն: Դրանք խոսքեր չեն, Աստված կենդանի է ու քո կողքին է, Աստված վիրտուալ չէ, ամեն ինչ զգում ու տեսնում է:
-Հայ առաքելական եկեղեցին աշխարհի միակ եկեղեցին է, որ մեկուկես միլիոնից ավելի սրբեր ունի, ցեղասպանության զոհերի սրբադասումը հոգևոր նշանակությամբ ընկալվե՞ց:
-Կարծում եմ՝ ոչ: Դա խիստ հոգևոր ու խիստ բարոյական հարց է, որ սերունդների դաստիարակության խնդիր ունի իր մեջ: Բոլոր զոհերը չէ, որ սրբեր են, մենք սովոր ենք «անմեղ զոհ» բառն օգտագործել, հոգևոր առումով անմեղ մարդ գոյություն չունի: Շատ եք, չէ՞, լսել, որ Աստված լիներ, 1915-ին մեկուկես միլիոն զոհ չէինք ունենա, այդպե՞ս է: Եթե Աստված չլիներ, մեկուկես միլիոն չէ, բոլորս կբնաջնջվեինք: Ամեն ազգ իր առաքելությունն ունի, իր անելիքն ունի աշխարհում: Աստված ի ցույց դրեց աշխարհին՝ դուք չեք կարող վերացնել մի ազգի, որին ես եմ պահում: Սրբադասման մեջ հոգևոր խոր խորհուրդ կա, որի ողջ խորհրդավորությանն ու իմաստին մենք հասու չենք, պետք էլ չէ: Մեր ազգի խորհրդանիշն Արարատն է, դա միայն ֆիզիկական հասկացություն չէ, ձյունոտ գագաթը չէ, տարածքը չէ, կա նաև ձգտում հասկացությունը, ու դա ավելին է ֆիզիկական գոյությունից:
-Դուք վստա՞հ եք, որ հիմա մեր խորհրդանիշը Արարատն է, գուցե հիմա մեր խորհրդանիշը դաշտագլորն է, որ արմատներ չունի՝ որտեղ հենարան գտավ՝ կպավ ու մնաց:
-Դուք ինձ անընդհատ փիլիսոփայական դաշտ եք տանում:
-Ես Ձեզ իրականության դառը դաշտ եմ բերում:
-Վարկածի մակարդակով հազարավոր տարբերակներ կարելի է առաջադրել, սոցիալական հարցում արեք՝ տեսեք, թե քանի՞ տոկոսն ինչ կասի իր խորհրդանիշի մասին:
-21-րդ դարում՝ այստեղ ու հիմա, ո՞րը պետք է լինի մեր խորհրդանիշը:
-Մեր պաշտպանության բանակը և մեր զինվորը, որ սահման է պահում, խաղաղություն ու անվտանգություն: Հայոց բանակի հզորության մեջ են մեր խորհրդանիշն ու ապահովության երաշխիքը:
-Հզոր բանակի համար հզոր տնտեսություն է պետք, ունե՞նք:
-Ցավոք, այսօր մեր տնտեսությունը այդքան հզոր չէ, որքան մեր բանակը, մեր տնտեսությունը կաղում է և զարգացումին խանգարող շատ պատճառներ կան: Ամենևին մեղքը ուրիշի վրա չգցելով՝ հիշեցնեմ, որ կա համաշխարհային ճգնաժամ, և այդ ճգնաժամն ունի նաև քաղաքական դրդապատճառներ: Տնտեսության աշխուժացման մեջ մեծ դեր են խաղում ֆինանսները, ֆինանսներն այսօր գերազանցապես տնօրինում է ԱՄՆ-ը, որ ամրապնդել է իր դոլարը: Հավելեք՝ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, նավթի գնի անկումը իր բոլոր հետևանքներով, մեր հանքարդյունաբերության ծանր վիճակը: Մենք սովորել ենք թեթև ճանապարհներով գումարներ ձեռք բերել, ժողովուրդն էլ է մի քիչ ծուլացել: Որպես կանոն, ժողովրդին բոլորը փառաբանում են, բայց շիտակ նայենք, թե որքան ենք ծուլացել: Հայ ժողովուրդը շատ տաղանդավոր ժողովուրդ է, փայլուն իրեն դրսևորում է դրսերում, բայց մարդիկ Հայաստանում այսօր պատրա՞ստ են փոքր աշխատավարձով ապրել, թե՞ միանգամից ուզում են ամեն ինչ ստանալ: Գիտեմ առարկությունը՝ պիտի ասեք՝ ձայնդ տաք տեղից է գալիս, որևէ մեկին թող այդպես չթվա, մինչև այսօրը ես անցել եմ ամեն ինչի միջով ու լավ գիտեմ աշխատանքի, հաջողության ու ձախողումի գինը: Բոլոր օղակներում մենք ազգովին ծուլացել ենք, ես որևէ մեկին չեմ ուզում մեղադրել, փնովել կամ արդարացնել՝ այս իրավիճակում բոլորս ենք մեղավոր, ու դա հասկանալով՝ պետք է առաջին հերթին հասկանանք՝ ինչ քայլեր անենք, որ այս վիճակից դուրս գանք: Մենք այսօր ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք: Ահավոր ծանր է դա: Այսօր մենք ոչինչ չենք խնայում մեր բանակի համար, եթե չունենանք հզոր բանակ՝ հզոր տնտեսությունով հանդերձ, չենք կարողանա մեր անվտանգությունն ապահովել:
-Չե՞ք կարծում, որ ժողովրդի ծուլության պատճառը արդյունք չտեսնելն է, մարդն աշխատանքի մեջ է հմտանում, մենք այսօր ապահովո՞ւմ ենք աշխատանք ու աշխատանքի պայմաններ:
-Ամեն մարդ իր բախտի տերն է, ամեն մարդ պետք է ինքը կերտի իր ճակատագիրն ու ճանապարհը:
-Իսկ պետության դերը ո՞րն է:
-Պետության դերը բոլորի համար արդար, հավասար դաշտ ստեղծելն է, անվտանգությունն ապահովելը: Ես պետական ծառայող չեմ եղել, չեմ էլ պատրաստվում: Դուք ուզում եք ասել՝ պետությունը իր դերը չի՞ կատարում: Պետությունը լայն հասկացություն է՝ իշխանություն, խորհրդարան, կառավարություն: Չկա՞ն թերություններ: Բազմաթիվ թերություններ կան: Եթե ամեն մեկս մեր տեղում մեր գործը անթերի կատարենք, ամեն ինչ իդեալական կլինի: Բայց դա հնարավոր չէ: Այսօր ի՞նչն է պակասում մեր երկրում: Արդարության, հավատի ու վստահության դաշտ չկա:
-Ինչպե՞ս ենք ստեղծելու:
-Ես համադարման չունեմ, գուցե փոքր քայլերով, դանդաղ: Կան համապատասխան գերատեսչություններ, հասարակական կազմակերպություններ, գիտության ու մշակույթի նախարարություններ: Բարոյահոգեբանական մթնոլորտն այսօր մեր երկրում ցածր որակի է, հայ մարդը քչով բավարարվող է, պետք է հավատ ներշնչես, հույս տաս, որ հեռանկար տեսնի:
-Համաձայն չեմ, մարդը պիտի աշխատանք ունենա ու իր աշխատանքի արդյունքը տեսնի, որ հավատա ինքն իրեն ու իր պետությանը:
-Մարդը գործ չունի, կանչում եմ՝ զրուցում եմ, մեծամասնության հարցը նույնն է՝ ինչքա՞ն եք վճարելու: Ոչ թե՝ ի՞նչ աշխատանք եմ անելու, այլ՝ ինչքա՞ն եմ վճարվելու: Հասկանո՞ւմ եք տարբերությունը: Նախ՝ աշխատանքը իմացեք, կարո՞ղ եք, չե՞ք կարող, ուզո՞ւմ եք, չե՞ք ուզում: Դեռ ոչինչ չարած՝ մարդը պահանջում է՝ ինչ եք տալու: Բոլորս ուզում ենք գործադրել մեր իրավունքները, ոչ ոք պատասխանատվության տակ մտնել չի ուզում: Երկրում փոխվստահություն չկա՝ մթնոլորտն աղտոտված է:
-ՈՒ ինչպե՞ս սկսենք միմյանց վստահել:
-Չկան պատրաստի դեղատոմսեր, բոլոր դեպքերի պատրաստի որոշումներ:
-Բայց Դուք անում եք Ձեր քայլերը, ու՝ ի՞նչ:
-Ես փորձում եմ: Նախ սկսիր քեզնից: Մեր հասարակության մեջ սուտը պետք է տեղ չունենա, կեղծիքը պետք է տեղ չունենա, ամեն գնով ամեն ինչին հասնելը պետք է պախարակվի: Զարտուղի ճանապարհներով ոչ ոք էլ տեղ չի հասնում, թվացյալ հաջողություններ է ունենում ընդամենը, բայց դա է մեր իրականությունը: Պետք է աշխատել ու հուսահատությունը վանել՝ ամեն օր, ամեն ժամ, ամեն տեղ: Կյանքը Աստծո պարգևն է, չի կարելի քամուն տալ՝ ինչ քոնը չէ:


Զրույցը վարեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Հ. Գ. Իսկ ավելի գործնական կյանքի մասին Բարսեղ Բեգլարյանի հետ կզրուցենք տարեմուտից հետո:

Դիտվել է՝ 2586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ