ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Անցյալի կառքով ապագա հասնել չի լինի

Անցյալի կառքով ապագա հասնել չի լինի
15.12.2015 | 00:44

«Իրատեսի» հյուրն է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Ե՞րբ են ուժի մեջ մտնելու սահմանադրական փոփոխությունները:
-ԱԺ հինգերորդ գումարման խորհրդարանը կաշխատի մինչև իր լիազորությունների ավարտը, խորհրդարանական նոր ընտրությունները կանցնեն արդեն փոփոխված Սահմանադրության համաձայն: Շատ ավելի կարևորը հիմա օրենսդրական փոփոխություններն են՝ սկսած Ընտրական օրենսգրքից՝ հարյուրավոր օրենքներ են փոխվելու՝ համապատասխանեցվելով ընդունված Սահմանադրությանը: Պետական կառավարման ավելի արդյունավետ համակարգի, առավել օպտիմալ լուծումների, որոշումների կայացման համակարգի ձևավորման աշխատանքները հնարավորինս շուտ պիտի սկսվեն: Երկրում որպես ավանդույթ ձևավորված անպտուղ հետընտրական սինդրոմը պետք է հնարավորինս արագ հաղթահարվի: Վստահ եմ՝ որևէ մեկը չի կասկածում ուժերի բաշխվածությանը, և տևականորեն քննարկել մի բողոք ավելի, մի բողոք պակաս՝ նշանակում է խրվել տեղապտույտի մեջ, որն արգելակում է բուն գործով զբաղվելը, բուն զարգացումը: Առանց տարբերակելու քաղաքական ուժերին, «այո»-ի ու «ոչ»-ի կողմնակիցներին՝ ես համոզված եմ, որ երկրի համար սկսվում է շատ կարևոր շրջափուլ, երբ բոլորի մասնակցության, բոլոր ուժերի կարիքը կա: Առաջ նայելն է այսօր առավելապես ակտուալ և արդեն ժամանակավրեպ են այլ մոտեցումներն ու պահվածքը: Ժամանակավրեպ՝ քաղաքական գլոբալ մտածողության իմաստով: Հետահայացը հանրաքվեի նախընտրական, քարոզչական և հետընտրական ժամանակին ցույց է տալիս, որ իսկապես քաղաքական համակարգի բարեփոխումը օրակարգային ու շատ կարևոր խնդիր է:
-Ի՞նչ է, ի վերջո, նշանակելու «քաղաքական համակարգի բարեփոխումը»:
-Քաղաքական համակարգի խնդիրները կուտակվել են անցած տասնամյակներում: Այդ խնդիրներից կարևորագույնը, թերևս, ընդդիմադիր բևեռի կայացումն է: Հանրաքվեի բացահայտած իրողություններից էր, որ երկրի համար համակարգային կարևորություն ունեցող ընտրական գործընթացում կեղծ թեզերով ասպարեզ մտնելը վկայում է ընդդիմության օրակարգ չունենալը: Ծրագիր, գաղափարական հենք չունենալը և ռեալ օրակարգ ձևավորելու ունակության բացակայությունը:
-Գուցե պատճառն ինքնադրսևորման հնարավորություններ չունենա՞լն է:
-Ընդդիմությունը փորձում էր և փորձում է անցյալի կառքով ապագա հասնել: Ընդդիմության ինքնադրսևորման գլխավոր կռվանը սոցիալական ծանր վիճակն է, մի թեզ, որ կարևոր է ու ծանրակշիռ, բայց կիրառման սահման ունի: Հանրաքվեի արդյունքները, վերջին հաշվով, վկայում են նաև դա:
-Հանրաքվեն ցույց չտվե՞ց, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, ընդդիմությունը կորցրել է ժողովրդին:
-Շեշտը դնելով այն թեզին, որ հացի խնդիրն ավելի կարևոր է երկրի խնդրից, և պետք է զբաղվել ոչ թե երկրի, այլ հացի խնդիրներով, ասպարեզ բերվեց կեղծ բաժանում, և հանրության այն մասը, որ դավանում է «Ոչ միայն հացիւ, այլեւ բանիւ» կարգախոսն ու ինչ-որ ժամանակ եղել է ընդդիմության հենարանը, այսօր արդեն հեռու է և հեռանում է նրանից:
-Մինչև հերթական խորհրդարանական ընտրություններ բավարար ժամանակ կա՞ նոր գաղափարներով ու նոր գործելաոճով ընդդիմության ձևավորման համար: Հակառակ պարագայում չե՞նք ստանում բոլորին ընդդիմադիր ժողովուրդ:
-Մենք շատ ենք խոսել, որ իշխանական բևեռում ինչ-որ կոնսոլիդացնող գործընթացներ ժամանակի ընթացքում կատարվել են, և այս բևեռը, բոլոր խնդիրներով հանդերձ, այնուամենայնիվ, բավականին կայացած և կայուն վիճակ է արձանագրում, ընդդիմության բևեռում տեղապտույտ է: Տարբեր ժամանակներում եղել են քառյակներ, եռյակներ, այլևայլ ձևաչափեր, բայց դրանք ելման կետից համարյա չհեռացան՝ մնալով նույն տեղապտույտի մեջ և ելք ցույց չտվեցին: Երկու տարուց ավելի տևեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը, դա ևս շատ կարևոր փուլ էր՝ հետագա գործողությունները հստակեցնելու համար, մենք հիմա առավել պատասխանատու փուլում ենք՝ և՛ օրենսդրական դաշտի կատարելագործման, և՛ ընդդիմադիր բևեռի կայացման հնարավորություն ու ժամանակ ունենալու առումով: Պատահական չէ, որ չնայած գրանցված կուսակցությունների բավականին մեծ թվին, ակտիվ գործընթացներ են ընթանում՝ նոր կուսակցությունների ստեղծման հայտարարություններ, եղածների համախմբում և համալրում, գործընկերների փնտրտուք, այլ վերադասավորություններ: Ակնհայտ է, որ ընդդիմադիր բևեռի բացահայտ անմխիթար վիճակն է քաջալերում նման ակտիվության և հույսեր ներշնչում գալիք ընտրություններում իրենց ուժերը փորձելու համար: Գործընթացներ կան, հարթակ են գալիս նոր ուժեր, նոր մտածողություն ունեցող, ժամանակը ցույց կտա՝ որքանով արդյունավետ կլինեն: Ինչ ուզում ես ասա, ինչ ուզում ես արա՝ դասական քաղաքական համակարգն ունի իր օրենքները, արդյունավետ զարգացման համար ուժեղ ընդդիմություն է պետք:
-Դա նշանակում է, որ նոր խորհրդարանում նորից կառուցողական ընդդիմությո՞ւն է նշանակվելու:
-Կան երկրներ, որ այդ ճանապարհով են գնացել, մեր իրողությունները հիմնականում այլ են, և մեր փորձառությունը շատ ավելի լուրջ է՝ հասկանալու, որ դա ոչ արդյունավետ ճանապարհ է:
-Երբ Սահմանադրությունը փոխվում էր, նախագծի առավելություններից էր համարվում, որ խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում խուսափում ենք նախագահական ընտրությունների հետընտրական ցնցումներից: Վտանգ չկա՞, որ նույն ցնցումները տեղափոխվելու են խորհրդարանական ընտրություններ:
-Մենք ասում ենք՝ այն ընտրությունը, որի արդյունքում մեկը ստանում է ամեն ինչ, իսկ մյուսը՝ ոչինչ և գործընթացների վրա ներազդելու, իր ծրագրերը կատարելու, ընտրական ռեսուրսը պահելու, ստացած քվեն գոնե ինչ-որ չափով և ձևով արդարացնելու հնարավորություն չունի, այդ դատապարտվածությունն է բերում ցնցումների ու առճակատման: Խորհրդարանական համակարգում չկա նման բևեռացում և դատապարտվածություն, ընտրական գործընթացի մասնակիցները ստանում են իրենց մասնաբաժինը և հնարավորությունները՝ ըստ իրենց ստացած ձայների և կարող են պահպանել ու պատասխանել իրենց ընտրախավին՝ սա է հիմնական կռվանը, որ առողջացման է տանելու համակարգը և առավել արդյունավետ որոշումների կայացման հիմք է:
-Ձեզ չի՞ թվում, որ թղթի վրա ամեն ինչ հարթ է ու հմայիչ, իսկ կյանքում միշտ արգելակներ ու արգելքներ կան:
-Ես չեմ էլ փորձում ավազի վրա դղյակներ կառուցել: Խորհրդարանական կառավարման համակարգը գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Որքան էլ մեր ազգային առանձնահատկությունները մտցնենք գործընթացի մեջ, այնուամենայնիվ, կառույցի ողնաշարը նույնն է բոլորի համար: Այդ ճանապարհն անցել են աշխարհի բազմաթիվ ժողովուրդներ՝ ոչ միանգամից՝ այստեղ ու հիմա, հասնելով շրջադարձային հաջողությունների: Այդպես նույնիսկ հեքիաթներում չի լինում՝ գլխավոր հերոսը պարտադիր պիտի փորձությունների միջով անցնի, որ վերջում իր պարգևին արժանանա: Դա գործընթաց է: Քաղաքական համակարգի ձևավորումը բարդագույն խնդիր է: Նոր մտածողությունն ու նոր մտածողություն կրողները երկնքից մանանայի պես չեն իջնում: Դա էլ է պահանջում ժամանակ, կրթություն, փորձ, սերնդափոխություն, բայց դա ճանապարհ է, որ հնարավոր է ու պետք է անցնել, ու հիմա արդեն ունի լրջագույն հիմք` Սահմանադրությամբ սահմանված համակարգային փոփոխության տեսքով:
-Եթե անցնող տարին ամփոփենք, ո՞րն էր ամենակարևոր իրադարձությունը:
-2015-ը լուրջ մարտահրավերների տարի էր (նաև՝ շարունակվող), որոնք, կարծում եմ, կարողացանք հաղթահարել: Ամփոփելիս միանշանակ պիտի արձանագրենք, որ 2015-ը, որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարի առանձնացավ, նախ, հունվարի 29-ի համազգային հռչակագիրն ընդունելով, որով իրապես սկիզբ դրվեց միասնության ու միասնականության նոր պատմության: Հռչակագիրը բացառիկ փաստաթուղթ էր, որ մեկտեղում էր աշխարհասփյուռ հայ ժողովրդի բոլոր կարող ուժերի մտքերն ու տեսակետները, վերաբերմունքը՝ միավորելով Հայաստանը, Սփյուռքը, Արցախը, Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռները: Տարին սկսվեց հոգևոր մեծ լիցքով, որը շարունակվեց նաև ապրիլից հետո: Հիշեք, որ Հայ առաքելական եկեղեցին մի քանի դար սրբադասում չէր արել, Ցեղասպանության նահատակների սրբադասումը ոչ միայն նրանց հոգուն հանգստություն տալու արարողություն էր, այլև հոգևոր ու կենսական ուժ էր բոլորիս համար, եթե խորանանք երևույթի բովանդակության ու ներգործության մեջ: Ամբողջ աշխարհում մենք ունեցանք աննախադեպ արձագանք՝ Հռոմի Սուրբ Պետրոս տաճարից կաթոլիկ եկեղեցու հովվապետի քարոզը միայն մեզ չէր ուղղված, այլ ամբողջ աշխարհին: Եվ ամբողջ աշխարհին ասվեց, որ, 1915-ը ցեղասպանություն էր ու համայն մարդկության վիշտն է ու կորուստը: Հռոմին հաջորդեցին Բեռլինի, Վաշինգտոնի, Լոնդոնի մայր եկեղեցիներում հիշատակի պատարագները, որ, հոգևորից բացի, անանց քաղաքական նշանակություն ունեն: Տարին հիշարժան էր Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 70-ամյակի տոնակատարությամբ, որ հայ ժողովրդի համար սեփական հաղթանակ է՝ ժողովուրդ, որ ցեղասպանությունից հետո իր մեջ ուժ գտավ վերածնվելու ու իր երկիրը վերականգնելու, նոր արհավիրքին ամբողջ ուժով մասնակցելու ու հաղթելու, այդ պատերազմի մեջ իր համար տեսնելով իսկապես հայրենական պատերազմ՝ իր ազատության և ինքնության պահպանման համար: Ցավոք, ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների մեջ տեսակարար կշռով մենք ունեցանք ամենաշատ զոհերը՝ մարտադաշտում 600000 սպանվածներ: Հայկական գոնե մեկ ընտանիք չի եղել, որ զոհ չունենար: Եվ, իհարկե, պիտի անդրադառնամ հանրաքվեին՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի համար կարևորագույն գործընթացին, ինչն առավել արդյունավետ, ապահով, բարեկեցիկ և պաշտպանված պետության կառուցման քայլ էր: Պատահական չէ ու իսկապես սիմվոլիկ է, որ հանրաքվեից անմիջապես հետո հնչեց ՀՀ նախագահի խոսքը, որ նաև գնահատական էր, իմաստավորում, ամփոփում ու ևս մեկ անգամ արձանագրում էր՝ սա մեր երկիրն է, ու մեր երկիրը մենք պիտի կառուցենք, առաջ տանենք՝ գումարելով բոլոր ու բոլորիս ուժերը:
-Այդ խոսքից կարելի՞ է ենթադրել, որ գործող նախագահը 2018-ին, պաշտոնավարման ժամկետից հետո ևս, շարունակելու է բարձր պաշտոններ վարել:
-Նախագահի խոսքը բարոյահոգեբանական շատ մեծ լիցք ուներ, ինչը, կարծում եմ, ողջ խորքով չընկալվեց, և չէի ուզենա, որ նրա խոսքը պարզունակացվեր ու հանգեցվեր մեկ հարցի կամ մեկ մարդու ճակատագրի: Սերժ Սարգսյանը կոնկրետ իր դերակատարության մասին բազմիցս խոսել է: Նաև՝ վերջին հեռուստահարցազրույցում, երբ ասաց, որ միայն խորհրդարանական ընտրություններից հետո հստակ կերևա, թե իր դերն ինչպիսին կարող է լինել: Փաստորեն, Հայաստանում դեռ չի ձևավորվում «երիտասարդ թոշակառուների»՝ պետության բարձրագույն պաշտոններում աշխատած մարդկանց, պետական կառավարման համակարգում նրանց կուտակած փորձի, գիտելիքների, հմտությունների, արտաքին աշխարհում ձևավորված անձնական կապերի ու հարաբերությունների օգտագործման մշակույթը: Ես հաճախ նախանձով եմ նայում այլ պետությունների, որ այդ մշակույթն ու ավանդույթը ունեն՝ ոչ միայն իրենց ղեկավարներին գնահատելու ու արժևորելու, այլև օգտագործելու նրանց հնարավորությունները հանուն պետության: Հիշեք` «Երկաթե լեդի» Մարգարետ Թետչերին՝ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո ինչ ծրագրեր է իրականացրել, ինչպես է իր հսկայական հեղինակությունն ու կապերն օգտագործել Մեծ Բրիտանիայի համար կարևոր հարցեր լուծելու նպատակով: Որևէ բրիտանացու մտքով չէր անցնի, որ հրաժարականից հետո նա պիտի նստի տանը ու որևէ գործով չզբաղվի: Եվ ինչո՞ւ միայն Թետչերը: ԱՄՆ-ի բոլոր նախորդ նախագահները, պետքարտուղարները շարունակում են պետական կամ մասնավոր կառույցներում, գիտական հաստատություններում ու կորպորացիաներում կամ դրանց ցուցանակների տակ իրենց երկրի համար կարևոր ծրագրեր իրականացնել ու խնդիրներ լուծել: Հիշեք հայր և որդի Բուշերին, Քլինթոն ամուսիններին, Օլբրայթին, Բժեզինսկուն, Քիսինջերին: Որևէ մեկի մտքով չի անցնում, որ նրանք պիտի փակվեն տանը և հուշեր գրեն միայն: Իսկ մենք, անտեսելով Սերժ Սարգսյանի հսկայական փորձառությունը, երկրի բոլոր կարևորագույն ոլորտներում աշխատած լինելու և լավագույնս տիրապետելու հանգամանքը՝ բանակ, ազգային անվտանգություն, ներքին գործեր, կառավարություն, արտաքին կապեր, պատերազմի և խաղաղության փորձառություն, ողջ պետության պատասխանատվություն և բազմաթիվ այլ բաներ, ազգովին սևեռվել ենք մի կետի վրա՝ ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո։ ՈՒ «վերլուծություն վերլուծության վրա» ենք կառուցում՝ իրական ու անիրական, մինչդեռ ինքը՝ Սերժ Սարգսյանն ասում է՝ եկեք ամեն մեկս մեր ուժերի ներածի չափ մտածենք՝ ինչ կարող ենք անել մեր հայրենիքի համար:

Զրույցը վարեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ