ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Մեզ համար կարևոր է լեգիտիմ սահմանադրական «այո»-ն»

«Մեզ համար կարևոր է լեգիտիմ սահմանադրական «այո»-ն»
05.12.2015 | 13:23

«Իրատեսի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԽՈՍՔԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ


Ռուսական ռմբակոծիչը խփելուց հետո ռուս-թուրքական հարաբերությունները գլխապտույտ զարգացում են ապրում. երկու երկրների նախագահները մեկը մեկին գերազանցող հայտարարություններ են անում, որոնց հետևանքը առայժմ փոխհարաբերությունները զրոյական մակարդակի բերելն է: Նրանց նվիրական ոտնահետքերով շարժվող քարոզչամեքենան ավելի է խորացնում անջրպետը: Առայժմ կոնֆլիկտը վերընթաց կորի մեջ է: Հերմինե Նաղդալյանին խնդրեցի իր տեսակետը հայտնել՝ երբ Էրդողանը հայտարարեց, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե Պուտինն ապացուցի, թե ինքը ԻՊ-ից նավթ է գնում, իսկ եթե չապացուցի, թող ինքը հրաժարական տա, ո՞ր ատյանում պետք է ապացույցները քննարկվեն, ո՞վ է դատավորը: Հռետորական չե՞ն Թուրքիայի նախագահի հարցադրումները:

-Քաղաքական հռետորաբանություն է հենց հարցադրումը, զուտ քաղաքական պոպուլիզմ: Արևելքում տղամարդու խոսքն այլ արժեք ունի, պատրա՞ստ է Թուրքիայի նախագահը իր խոսքին տեր լինել: Իհարկե, ինչպես բազմաթիվ քաղաքական գործիչներ, նա ևս կարող է հանգիստ շարունակել պաշտոնավարումը՝ առանց հիշելու տարբեր ժամանակներում ու տարբեր առիթներով արած զանազան հայտարարությունները: Ո՞ր երկրի նախագահը հրաժարական կտա կամ կշարունակի պաշտոնավարել, այդ երկրի ժողովուրդը պիտի որոշի: Այսօր աշխարհը հաղորդակցության և կապի միջոցների այնպիսի մակարդակի է հասել, որ ցանկության դեպքում հարյուրտոկոսանոց հավաստիությամբ կարող են պարզել, թե ով, որտեղ, երբ, ինչպես՝ ինչ էր անում: Առավել ևս՝ երբ խոսքը գործընթացի մասին է՝ նավթով բարձված բեռնատարների համարյա կենդանի խողովակի, այդքան էլ հեշտ չէ այլ մեկնաբանություն գտնել: Անգամ եթե մինչ այդ կարողացել ես ստանալ քաղաքական աջակցություն քո գործողությունների համար այլ երկրներից: Քարտեզը, տեղանքը, փաստերը հնարավոր չէ շրջանցել:
-Նկատի ունեք ռուսական խփված ռմբակոծի՞չը:
-Նաև: Ի՞նչ պարտադիր էր խփել անզեն ինքնաթիռը, որը ամենաբուռն ցանկության դեպքում էլ չէր կարող վտանգ ներկայացնել, ի՞նչ պարտադիր էր այդ ինքնաթիռը խփելու համար խախտել Սիրիայի օդային սահմանը: Օդագնացության կանոններ կան, որոնք սահմանում են՝ ինչ անել սահմանախախտ ինքնաթիռ հայտնաբերելիս: Ո՞րն էր Անկարայի հիմնավորումը: Սեփական տարածքի պաշտպանությունը դուրս է գալիս՝ ինքնաթիռի անզեն լինելու պարագայով, մնում է քաղաքական հիմնավորումը, որին փաստացի աջակցում է ՆԱՏՕ-ն՝ իբրև անդամ երկրի պաշտպանություն:
-Ձեր կարծիքով՝ առևտրատնտեսական շահերը չե՞ն հավասարակշռի քաղաքական առճակատմանը: Ինչքա՞ն կտևի դիմակայությունը:
-Կանխատեսումն անշնորհակալ գործ է: Առայժմ երկու կողմերն էլ շատ լուրջ են վերաբերվում հարաբերությունները ավելի սրելու, ավելի ճիշտ՝ դիմացինին ոչինչ չզիջելու գործին:
-Կարծես՝ լավ էլ պատրաստված էին միմյանց հին ու նոր հաշիվներ ներկայացնելուն:
-Այնպես չէ, որ Մոսկվայում չէին պատկերացնում, թե Անկարան իրենից ինչ է ներկայացնում և ինչ կարող է անել: Կամ՝ Անկարան չգիտի՝ ինչով պատասխանել ռուսական կողմի քայլերին: Տնտեսական պատժամիջոցները երկսայր են՝ վնասները միակողմանի չեն լինում: Քաղաքական հարաբերությունների հիմքին՝ վստահության մթնոլորտին, այնքան մեծ հարված է հասցված, որ անգամ տնտեսական հարաբերությունների դադարեցումով ստացվող վնասները երկրորդական նշանակություն ունեն արդեն:

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է ԵՐԿՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՆՑՆՑՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ»


-Երկու օրից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է, Ձեր կարծիքով՝ քարոզարշավի մեկ ամսում «այո»-ականները և «ոչ»-ականներն իրենց հիմնական նպատակին հասա՞ն:
-Ես կարծում եմ, որ հանրաքվեի նպատակը «այո»-ականներինն ու «ոչ»-ականներինը չէ, ավելի գլոբալ է՝ համազգային: Շատ կարևոր է, որ այդ զգացողությունն ունենանք, այդ կարևորությունը գիտակցենք, «իմ» ու «քո»-ից, «այո» ու «ոչ»-ից դուրս գալու, որ «այո»-ն ու «ոչ»-ը լինեն արդյունք ու հետևանք, ոչ թե հասարակությունը բաժանող գաղափար: Սահմանադրությունն այն հիմնարար փաստաթուղթն է, հենքը, որի վրա պետությունը պիտի շարունակի կառուցվել՝ ժամանակակից բոլոր նորմերին համապատասխան շինարարությամբ և ամուր հիմքի վրա: Բազմաթիվ քաղաքական ուժեր (մի քանի բացառություններով), չնայած իրենց նախնական մոտեցումներին, ծրագրային դրույթներին, քաղաքական հայտարարություններին, կարողացան, այնուամենայնիվ, վեր կանգնել քաղաքական այսրոպեական խնդիրներից, ընթացիկ հարցադրումներից և ադեկվատ վերաբերմունք ունենալ ներկայացված նախագծին: Քաղաքական ուժերը հանդես եկան իրենց առաջարկներով, լրացումներով, դիտողություններով, իրավական, հասարակական, քաղաքական ծավալուն քննարկումներով, որ եղան և Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, և քաղաքական ուժերի՝ խորհրդարանում ու խորհրդարանից դուրս քննարկումներում, որի արդյունքում նախագիծը էականորեն բարելավվեց: Նույն ակտիվությամբ հանդես եկան նաև հանրաքվեի քարոզչական ժամանակահատվածում՝ փորձելով բացահայտել դրական ու բացասական կողմերը, որի նպատակն է, որ մարդիկ իրազեկված լինեն և նրանց որոշման հիմքում լինի կայուն համոզմունքը:
-Առաջին և երկրորդ նախագահները ևս այս ընթացքում իրենց տեսակետները ներկայացրին: Առաջինը մերժում է բարեփոխումները՝ հիմնավորելով արտաքին քաղաքական խնդիրներով, երկրորդը՝ ներքաղաքական: Նրանցից ո՞վ է ավելի ռեալ իր մտավախությունների մեջ, ՀՀԿ-ն չունի՞ այդ մտավախությունները:
-Առաջին նախագահը կո՞ղմ պիտի լիներ: Որպես քաղաքական ու կուսակցական գործիչ, ում մասնակցությամբ, ուղղորդմամբ ու ղեկավարությամբ ընդունվել է առաջին Սահմանադրությունը և երկիրը գնացել է նախագահական հանրապետության ճանապարհով, հիմա պիտի ասեր՝ գնում ենք դեպի խորհրդարանական կառավարո՞ւմ: Նույնը այն կուսակցական կառույցները, որ համագործակցում են նրա հետ: Դա կնշանակեր անսկզբունքայնություն, նահանջ սեփական որոշումներից, որը պիտի հրապարակավ հիմնավորվեր: Երբ մենք խոսում էինք կոնսոլիդացիայի մասին, նկատի չունեինք, որ բոլոր քաղաքական ուժերը անխտիր պիտի ավտորիտար սկզբունքներով գային ու կանգնեին մի գաղափարի կողքին: Քաղաքական ուժերն ունեն իրենց պատմությունը, սկզբունքները: Տարօրինակ է նրանց դիրքորոշումը, որ տարիներ շարունակ խոսել են բարեփոխումների անհրաժեշտության մասին, իսկ հիմա կտրուկ հրաժարվում են ու պայքարում են այդ բարեփոխումների դեմ: Հաստատ այդ հարցը պիտի հասարակության մեջ առաջանա, որ դա դասական անսկզբունքայնության, քաղաքական հարմարվողականության օրինակ է՝ նահանջել սեփական սկզբունքներից կամ ցույց տալ, որ դրանք բնավ էլ սկզբունք չեն եղել, այլ մոդայիկ ու գրավիչ գաղափարներ՝ կիրառված ընտրողից վստահության քվե ստանալու համար: Լավ, ևս մեկ անգամ արձանագրենք, որ սոցիալական ծանր վիճակ կա, բարոյահոգեբանական լարում, արտագաղթ, հետո՞: Ո՞րն է ընդդիմության որդեգրած մարտավարության օգտակար գործողության գործակիցը: Երբ դու ասում ես՝ միասին մտածենք առավել արդյունավետ փոփոխություններ իրականացնելու մասին, քեզ պատասխանում են՝ մեզ բարեփոխումներ պետք չեն: Եթե այսօր գնում ես և ժողովրդին քարոզում ես՝ գնանք «ոչ» ասենք, քանի որ վատ ենք ապրում, իշխանությանը չենք վստահում, վաղը ի՞նչ ես ասելու, երբ ժողովուրդը հարցնի՝ հետո՞: Պարզ է, չէ՞, որ ընտրված է բացարձակ ոչ կառուցողական տարբերակ, ընդամենը պոպուլիզմ է, որի նպատակն է օգտագործել հանրաքվեն սեփական քաղաքական ամբիցիաների համար, հերքելով, որ կշեռքի մյուս նժարին դրված է համալիր առաջարկ՝ բարեփոխումների նպատակը կառավարման արդյունավետության բարձրացումն է, ներկայացուցչական ժողովրդավարության ապահովումը, ընդդիմության դիրքերն ուժեղացնելը, քաղաքական որոշումների ընդունման գործընթացներում բոլորի տեսակետների ընդգրկումը: Այսինքն՝ ողջ սպեկտրը, որի վերաբերյալ օրերով ու տարիներով ընդդիմությունը ելույթներ է ունեցել ու շարունակում է ունենալ՝ մեղադրելով իշխանական մեծամասնությանը, թե հաշվի չի նստում ընդդիմության հետ, կոմպրոմիս չի ընդունում: Շարունակեք պայքարել իշխանության համար, դա այլ հարթություն է, բայց քաղաքական կուրություն է չտեսնել, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի նպատակը պետականաշինության գործընթացների հիմքի բարելավումն է: Ոչ ոք չի ասում՝ դարձեք մեր համախոհը, մեզնից մեկը, այլ՝ օբյեկտիվ կարծիք ունեցեք երկրում կատարվող գործընթացների մասին: Դա հնարավորություն է ստեղծում վաղվա ընտրություններում ավելի շատ քվե ստանալու՝ հենց միայն մեծամասնական ընտրակարգից հրաժարումով:
-Չունե՞ք տպավորություն, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը ինքնավերարտադրության մեջ ու նույն ճանապարհով գնում է ինքը՝ սահմանադրության հանրաքվեի դեմ պայքարը վերաբերում է ոչ թե սահմանադրության բովանդակությանն ու նպատակներին, այլ վերածվում է սեփական վերարտադրության համար պայքարի:
-Ողջ հանրության աչքի առաջ, երկրի համար կարևորագույն, ֆունդամենտալ նշանակություն ունեցող հարցերի քննարկման գործընթացը վերածել են սեփական քաղաքական խնդիրների լուծման գործընթացի: Բայց դա նշանակում է, որ ընդդիմությունն ընդունում է իր թուլությունը, ընդունում է, որ գաղափարական պայքարով չի կարող ընտրողի քվեն ստանալ և ընտրում է քաղաքական նիհիլիզմի ճանապարհը՝ մերժել, հերքել, հակառակվել՝ հանուն սեփական ներկայությունը ապահովելու: Սա նաև քաղաքական լավ հաշվարկ է: Արդեն տևական ժամանակ գործի է դրվել մեկ այլ քաղաքական հաշվարկ ևս, որն ուղղված է դեռևս չկայացած հանրաքվեի լեգիտիմությանը: Քաղաքական այդ մանիպուլյացիան հայտնի է. խախտումներ են թվարկվում, որ իբր կատարվելու են, հայտարարվում է, որ հանրաքվեի արդյունքը կանխորոշված է, փորձեր են կատարվում ստվերելու արդյունքը և ժողովրդի հիասթափությունն առաջացնելու: Եվ դա օգտագործվում է որպես հակամիջոց իշխանության քաղաքական կամքի դեմ՝ լեգիտիմ հանրաքվե անցկացնելու: Մեր պետականության պատմությունը ցույց է տալիս, որ Սահմանադրության հանրաքվեի լեգիտիմությունը նախապայման է երկրի հետագա անցնցում և կայուն զարգացման համար, և առաջինը իշխանությունն է շահագրգռված դրանում:
-Իշխանությունը ռիսկի չի՞ դիմում՝ «ոչ» ստանալու:
-Իշխանությունը ուժեղ է այնքան, որ այսքան տարի կառավարել է երկիրը գործող Սահմանադրությամբ և այնքան, որ ինքն է փոփոխություններ նախաձեռնել՝ կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են:
-Ձեզ համար ավելի կարևոր է սահմանադրության լեգիտիմությո՞ւնը, թե՞ սահմանադրական «այո»-ն:
-Մեզ համար կարևոր է լեգիտիմ սահմանադրական «այո»-ն:
-ՈՒրեմն ինչո՞ւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չմասնակցեց լեգիտիմ սահմանադրական «այո»-ի ստեղծման քարոզարշավին:
-ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գործող սահմանադրության երաշխավորն է և սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողը և նա արել է ավելին՝ իբրև գործող նախագահ՝ պետական կառավարման համակարգը կատարելագործելու և համակարգային բարեփոխումներ կատարելու սահմանադրական հիմքեր ստեղծելու առաջարկով: Յուրաքանչյուրն իր գործն ունի:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հ. Գ. Հարցազրույցն արվել է դեկտեմբերի 1-ին:

Դիտվել է՝ 1215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ