ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Թուրքական պետության յուրաքանչյուր անկյունաքար հայկական ողբերգական պատմություններով է շաղախված»

«Թուրքական պետության յուրաքանչյուր անկյունաքար հայկական ողբերգական պատմություններով է շաղախված»
04.12.2015 | 00:34

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Հանրապետական Թուրքիայում հայ մշակութային կյանք կա՞ր:
-Նախ պատմեմ ուրիշ պատմություն։ Օսմանյան կայսրությունում ամենամեծը և տեխնիկապես հզորը հայազգի Հակոբ Մաթոսյանի տպարանն էր, որի վրա կալանք դնելով ու յուրացնելով՝ ինքնագովազդն ու անհրաժեշտ քարոզչական աշխատանքներն իրականացնելու նպատակով 1924-ին Կ. Պոլսում Մուստաֆա Քեմալը իր ցեղակիցներից սաբետայիստ դյոնմե հրեա Յունուս Նադիին հիմնադրել տվեց «Ջումհուրիեթ» (Հանրապետություն) օրաթերթը:
Մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող «Հակոբ Մաթոսյան» հրատարակչատան իրավատեր Վահան Մաթոսյանը՝ ականատես բռնություններին՝ այլևս չցանկանալով մնալ իր ծննդավայրում՝ մեկնել էր Շվեյցարիա, որտեղից ուղարկած բողոք-նամակները հաշվի չառնվեցին: Մաթոսյաններին պատկանող տպարանի բռնի խլման հարցը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկվելով՝ ոչ մի արդյունք չունեցավ: Քեմալի անմիջական աջակցությունը վայելող Յունուս Նադին ոչ միայն կարողացավ հայից խլված տպարանի տերն ու տիրակալը դառնալ, այլև Մաթոսյան գերդաստանի հարյուրամյակների ընթացքում ստեղծած հիասքանչ գրադարանը Թուրքիայի Հանրապետության նորաստեղծ կրթության նախարարությանը բարձր գնով վաճառեց: Կարճ ժամանակում քեմալիստ հանրապետականների քարոզչամիջոց «Ջումհուրիեթ» օրաթերթը, որի մինչև 1934 թ. ցրիչը ևս մեր հայրենակից Արթին Էֆենդին էր, երկրի ամենաժամանակակից թերթի համբավ էր ձեռք բերել։ Մինչև վերջերս էլ քեմալիզմի և ժողովրդահանրապետական կուսակցության խոսափողը հանդիսացած թերթը մշտապես հանդես է եկել երկրի պատմության զինվորական բոլոր հեղաշրջումների պաշտպանությամբ, վերջերս բացահայտվեցին նաև Երկրորդ համաշխարհայինի տարիներին ֆաշիստական Գերմանիայից ֆինանսավորվելու փաստերը:
Միայն վերջին տարիներին պարզվեց, որ 1960-ականներից հետո թերթի կարևոր սյունակագիր և երկարամյա խմբագիրներից մեկը, հանրահայտ Իլհան Սելջուկը, որը հասարակության աչքում թուրք ազգայնական էր, նույնիսկ պանթուրքիստական հայացքներ կրող մեկը, ողջ կյանքում գաղտնի էր պահել մոր հայ լինելը:
Դաժան ճակատագրի հեգնանք էր հանրապետական Թուրքիայում բռնախլված «Հակոբ Մաթոսյան» հրատարակչատանը լույս աշխարհ եկած, իր ընդգծված ազգայնամոլական և հակահայկական կեցվածքով հայտնի քեմալիստական թերթի խմբագրի հայկական արմատների փաստը: Պետական մակարդակով թալանի, կեղծիքի, ստի և չլսված խաբեությունների վրա հիմնված թուրքական հանրապետության յուրաքանչյուր անկյունաքար ահա հայկական ողբերգական պատմություններով է շաղախված։
-Լավ, թուրքերն ի՞նչ էին անում, ինչպե՞ս էին երկիր կառուցում:
-1923-ին ստեղծված Թուրքիայի Հանրապետության սկզբնական տարիների մասին պատմող գրեթե բոլոր աշխատություններում իրական ստեղծման թվական է նշվում 1926-ի վերջերը։ Պնդման հիմքը 1925-1926-ի կարգուկանոնի ամրապնդման մասին օրենքի ընդունմանը հետևող անկախության դատարանների վերագործարկման ճգնաժամային համարվող զույգ տարիներն են, որոնք երիտթուրքական հայտնի դեմքերից մի քանիսի կախաղան բարձրացվելով՝ ավարտվեցին։ Դեռևս 1919-ին Կ. Պոլսի դատարանի վճռով մահվան դատապարտված՝ փախուստի մեջ գտնվելու պատճառով խուսափած, և Մալթա կղզի աքսորից վերադարձած մի խումբ իթթիհադականների իրենց պես սաբետայիստ դյոնմե հրեա և գաղափարակից ընկեր Մուստաֆա Քեմալի դեմ մահափորձ ծրագրելու մեջ մեղադրելով, Զմուռնիայում և Անկարայում բավականին արագ դատեցին և կախեցին։ Երիտթուրքական կուսակցության կալանավորված անդամների մեջ ամենաերևելիներն էին ֆինանսների նախկին նախարար Մեհմեթ Ջավիդը, դոկտոր Նազըմը, իթթիհադի գլխավոր քարտուղար Միտհադ Շյուքրյու Բլեդան, Ենիբահչեցի Նաիլ Բեյը, Ֆիլիբեցի Հիլմին, ներքին գործերի նախկին նախարար Իսմայիլ Ջանփոլադը, Կարա Վասըֆը, Ազմին, Ահմեդ Նեսիմին, Հաֆըզ Մեհմեդը և ուրիշներ: Ջավիդի ձերբակալման մասին լուրը շատ մեծ անհանգստություն էր հարուցել Եվրոպայի մասոնական շրջանակներում և այդ ժամանակ «Օսմանյան պարտքի մարման» գործերով զբաղվող հանձնաժողովում Թուրքիայի Հանրապետության պատվիրակ հանդիսացող իրենց բարձրագույն 33 աստիճանի ֆրանկմասոն «եղբորը» կախաղանից ազատելու համար, թե Եվրոպայի և Ամերիկայի նշանավոր քաղաքական գործիչներն ու դիվանագետները Անկարայի իշխանություններին ապարդյուն բարեխոսել էին:
Տարօրինակ էր նաև նրանց դատող Անկախության դատարանի մեղադրականում «Միություն և առաջադիմություն» կուսակցության Օսմանյան կայսրությունը կործանման հասցնելու, երկիրը Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշելու, որի ընթացքում պարենային ծանր կացությունն ի նպաստ կուսակցության անդամների հարստացման օգտագործել ու շահագործելու և պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների…» առկայությունն ու դոկտոր Նազըմի «Իթթիհադի պարագլուխների փախուստի իբրև պատճառ, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայկական հարցի, քրիստոնյաների ոչնչացման, և հենց այդ հարցերի համար պատասխանատվությունից խուսափելու ցանկության» խոստովանությունը: Դատվողներից Միտհադ Շյուքրյուն իր հարցաքննության ժամանակ անդրադարձել էր նաև «Միություն և առաջադիմություն» կուսակցության փաստաթղթերի անհետացման հարցին, և իբրև կուսակցության գլխավոր քարտուղար նշել, թե Բեհաեդդին Շաքիրն էր իր հետ վերցրել։ Սա զեղծարարություն էր անշուշտ, քանի որ նա երիտթուրքերի 1919 թ. Կ. Պոլսի դատավարության ժամանակ Ռազմական ատյանին բոլոր փաստաթղթերի դոկտոր Նազըմի տարած լինելն արդեն խոստովանել էր: Երիտթուրքերի փաստաթղթային արխիվի անհետացման իրական հեղինակ դոկտոր Նազըմը այդ պահին իր հետ միասին մեղադրյալի աթոռին էր հայտնվել, իսկ Բեհաեդդին Շաքիրին վաղուց հայ վրիժառուները սպանել էին: 1926 թ. կախաղան բարձրացվածներից էր նաև Նաիլ Բեյը, որ իբրև Տրապիզոնի հայերի տեղահանության և կոտորածների պատասխանատու, 1919 թ. Կ. Պոլսի դատավարության ժամանակ հայերի ոչնչացումը կազմակերպելու մեղադրանքով դատվել ու հեռակա մահվան դատապարտվածներից էր եղել։
Երիտթուրքերի որոշ պարագլուխների 1926 թ. Զմուռնիայում և Անկարայում կախաղան բարձրացնելու իրական պատճառները մինչ օրս էլ տարաբնույթ քննարկումների և մեկնաբանությունների անսպառ նյութ են: Թերևս նաև մնալու է Մուստաֆա Քեմալին առնչվող առեղծվածներից մեկը։
Այդ առեղծվածներից մեկն էլ կապված է իր որդեգրած բազմաթիվ երեխաներից մեկի հայ լինելուն։ Ո՞վ էր Խաթուն Սեբիլջյանը, ում Մուստաֆա Քեմալը որդեգրելուց հետո Սաբիհա Գյոքչեն անվանեց։ Նրա մասին մորաքրոջ՝ նախկին այնթապցի, հետո ՀՀ քաղաքացի Հռիփսիմե Սեբիլջյան-Գազալյանի պատմությունից իմացանք: Նա մանուկ հասակում՝ ցեղասպանության ժամանակ ծնողներին կորցնելով՝ որբացած հայ աղջնակ էր, ում Մուստաֆա Քեմալը հայկական որբանոցից էր վերցրել: Հռիփսիմե Սեբիլջյանի և ԱՄՆ-ում, և Կանադայում ու Լիբանանում բնակվող բարեկամների պատմածներով էլ իմանում ենք, որ որբանոցից վերցած Խաթունի հոր՝ Ներսես Սեբիլջյանի ընտանիքը հայկական Կիլիկիայի Հալֆեթի Ջիբին գյուղում էր ապրում: 1915-ի հուլիսի 17-ին գյուղապետը, տուն առ տուն շրջելով, տան մեծին փաստաթուղթ է հանձնել, որտեղ հրամայվում էր 24 ժամում ճանապարհ ընկնել: Ջիբինի և Հալֆեթի հայերին երկու օր ժամանակ էր տրվում` Այնթապով Հալեպ ճանապարհվելու համար: Սեբիլջյան ընտանիքը (Ներսեսը, կինը՝ Մարիամը, երկու տղա և երկու աղջիկ երեխաները) ճանապարհ են ընկնում: Այնթապում, հետևելով քարավանի մյուս ընտանիքների խորհրդին, ապահովության նկատառումներով իրենց 6 տարեկան աղջկան՝ Տիրուհուն, և 2 տարեկան Խաթունին հանձնում են Այնթապի միսիոներական որբանոց:
1918-ի հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարն է ստորագրվում, և պատերազմում հաղթանակած դաշնակից պետությունների երաշխիքով Սեբիլջյան ընտանիքը ևս տուն է վերադառնում: Հասնելով Այնթապ, շտապում են ամերիկյան որբանոց, սակայն նրանց հայտնում են, որ շրջանում պաշտոնավարող Մուստաֆա Քեմալը որբանոցով շրջել և որդեգրել է աղջիկներից ամենագեղեցիկին՝ Խաթունին: Այդ օրն էլ Խաթունին իր հարազատ քրոջից՝ Տիրուհուց բաժանել են: Խաթունին տարել են Մուստաֆա Քեմալի մոր մոտ, իսկ 1923-ին, նրա մահից հետո, հանձնել Բրուսայում գտնվող մի ընտանիքի խնամքին: Մուստաֆա Քեմալը 1925-ին գնացել է Բրուսա և Խաթունին վերցրել, տարել է Անկարա: Այդ տարիներին հայրը՝ Ներսեսը, մահացել է, Տիրուհին ամուսնացել է և ունեցել երկու տղա, երկու աղջիկ: Աղջիկներից մեկին Հռիփսիմե, մյուսին՝ Խաթուն է անվանել: Մայրը՝ Մարիամը, ողջ կյանքի ընթացքում փոքրիկ աղջնակի՝ Խաթունի մասին երազելով, 1947 թ. Հալեպում մահացել է: Մարիամի եղբորորդի Աբրահամը, 1955 թ. Խաթունի հետքերը գտնելու նպատակով եկել է Թուրքիա և Սաբիհա Գյոքչենի հետ հանդիպել Անկարայում:
Աշխարհի ռազմական առաջին կին օդաչու տիտղոսով հայտնի Սաբիհա Գյոքչենը, երկրում, ցավոք, առավել հայտնի է 1937-1938-ին Դերսիմի ցեղասպանությանը կործանիչներով մասնակցած և, առանց գիտակցելու, նաև իր հայրենակիցներին ոչնչացրած անձնավորություն։ Հենց այդ պատճառով էլ նա Մուստաֆա Քեմալին նման հպարտություն պատճառած լինելու հանգամանքով Թուրքիայի Հանրապետությունում միշտ էլ պաշտամունքի առարկա է եղել ու կուռք համարվել։ Այժմ Ստամբուլի ամենամեծ օդանավակայանը 1934 թ. ազգանունների մասին օրենքի ընդունումից հետո նրան տրված թուրքական Սաբիհա Գյոքչեն անուն-ազգանունով է կնքվել։ Հայոց ցեղասպանությունից հետո բռնի իսլամացված տասնյակ հազարավոր որբերից մեկի՝ Խաթուն Սեբիլջյանի հայկական արմատներ ունենալու կարևոր փաստարկներից մեկն էլ սփյուռքահայ մեծանուն մտավորական Սիմոն Սիմոնյանի ուշագրավ տեղեկությունն է, ըստ որի հայտնի օդաչուն ամբողջ կյանքում տառապել է «երևանյան» կոչված «հայկական» հիվանդությամբ, և առավել քան ցնցող է, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն իր մահից կարճ ժամանակ առաջ իր հոգեզավակին ասել է, որ նա երբեք չի կարող բուժվել այդ հիվանդությունից, և դա գենետիկորեն նրան ուղեկցելու է ամբողջ կյանքում: Այս պատմության վերհանման պատճառով էլ կորցրինք մեր ազգի լավագույն զավակներից մեկին՝ իմ մանկության տարիներից ճանաչած, դպրոցական ընկեր Հրանտ Դինքին։ Նա Սաբիհա Գյոքչենի հայկական ծագման մասին Թուրքիայում առաջինը բարձրաձայնեց իր խմբագրած Կ. Պոլսի «Ակօս» շաբաթաթերթի 2004 թ. փետրվարի 6-ի համարում լույս տեսած «Սաբիհա Խաթունի գաղտնիքը» հոդվածով: Այս հոդվածն էր, որ Հրանտին պետության պաշտոնական ատյանների աչքին թշնամի դարձրեց, և քայլ առ քայլ մոտեցրեց ողբերգական մահվանը։


(շարունակելի)

Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ