ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Պատրա՞ստ է Թուրքիայի նախագահը իր խոսքին տեր լինել

Պատրա՞ստ է Թուրքիայի նախագահը իր խոսքին տեր լինել
02.12.2015 | 10:38

Ռուսական կործանիչը խփելուց հետո ռուս-թուրքական հարաբերությունները գլխապտույտ զարգացում են ապրում՝ երկու երկրների նախագահները մեկը մեկին գերազանցող հայտարարություններ են անում, որոնց հետևանքը առայժմ փոխհարաբերությունները զրոյական մակարդակի բերելն է: Նրանց նվիրական ոտնահետքերով շարժվող քարոզչամեքենան ավելի է խորացնում անջրպետը: Առայժմ կոնֆլիկտը վերընթաց կորի մեջ է: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ խնդրեցի իր տեսակետը հայտնել՝ երբ Էրդողանը հայտարարեց, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե Պուտինն ապացուցի, որ ինքը ԻՊ-ից նավթ է գնում, իսկ եթե չապացուցի, թող ինքը հրաժարական տա, ո՞ր ատյանում պետք է ապացույցները քննարկվեն, ո՞վ է դատավորը: Հռետորական չե՞ն Թուրքիայի նախագահի հարցադրումները:

-Քաղաքական հռետորաբանություն է հենց հարցադրումը, զուտ քաղաքական պոպուլիզմ: Արևելքում տղամարդու խոսքն այլ արժեք ունի, պատրա՞ստ է Թուրքիայի նախագահը իր խոսքին տեր լինել: Իհարկե, ինչպես բազմաթիվ քաղաքական գործիչներ, նա ևս կարող է հանգիստ շարունակել պաշտոնավարումը՝ առանց հիշելու տարբեր ժամանակներում ու տարբեր առիթներով արած զանազան հայտարարությունները: Ո՞ր երկրի նախագահը հրաժարական կտա կամ կշարունակի պաշտոնավարել, այդ երկրի ժողովուրդը պիտի որոշի: Այսօր աշխարհը հաղորդակցության և կապի միջոցների այնպիսի մակարդակի է հասել, որ ցանկության դեպքում հարյուրտոկոսանոց հավաստիությամբ կարող են պարզել, թե ով, որտեղ, երբ, ինչպես՝ ինչ էր անում: Առավել ևս՝ երբ խոսքը գործընթացի մասին է՝ նավթով բարձված բեռնատարների համարյա կենդանի խողովակի, այդքան էլ հեշտ չէ այլ մեկնաբանություն գտնել: Անգամ եթե մինչ այդ կարողացել ես ստանալ քաղաքական աջակցություն քո գործողությունների համար այլ երկրներից: Քարտեզը, տեղանքը, փաստերը հնարավոր չէ շրջանցել:
-Նկատի ունեք ռուսական խփված ռմբակոծի՞չը:
-Նաև: Ի՞նչ պարտադիր էր խփել անզեն ինքնաթիռը, որը ամենաբուռն ցանկության դեպքում էլ չէր կարող վտանգ ներկայացնել, ի՞նչ պարտադիր էր այդ ինքնաթիռը խփելու համար խախտել Սիրիայի օդային սահմանը: Օդագնացության կանոններ կան, որոնք սահմանում են՝ ինչ անել սահմանախախտ ինքնաթիռ հայտնաբերելիս: Ո՞րն էր Անկարայի հիմնավորումը: Սեփական տարածքի պաշտպանությունը դուրս է գալիս՝ ինքնաթիռի անզեն լինելու պարագայով, մնում է քաղաքական հիմնավորումը, որին փաստացի աջակցում է ՆԱՏՕ-ն՝ իբրև անդամ երկրի պաշտպանություն:
-Ձեր կարծիքով՝ առևտրատնտեսական շահերը չե՞ն հավասարակշռի քաղաքական առճակատմանը: Ինչքա՞ն կտևի դիմակայությունը:
-Կանխատեսումն անշնորհակալ գործ է: Առայժմ երկու կողմից էլ շատ լուրջ են վերաբերվում հարաբերությունները ավելի սրելու, ավելի ճիշտ՝ դիմացինին ոչինչ չզիջելու գործին:
-Կարծես՝ լավ էլ պատրաստած էին միմյանց հին ու նոր հաշիվներ ներկայացնելուն:
-Այնպես չէ, որ Մոսկվայում չէին պատկերացնում, թե Անկարան իրենից ինչ է ներկայացնում և ինչ կարող է անել: Կամ՝ Անկարան չգիտի՝ ինչով պատասխանել ռուսական կողմի քայլերին: Տնտեսական պատժամիջոցները երկսայր են՝ վնասները միակողմանի չեն լինում: Քաղաքական հարաբերություններին հիմքին՝ վստահության մթնոլորտին, այնքան մեծ հարված է հասցված, որ անգամ տնտեսական հարաբերությունների դադարեցումով ստացվող վնասները երկրորդական նշանակություն ունեն արդեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ