ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Ոչ ոք չի կարող տնօրինել ԼՂՀ ճակատագիրը՝ բացի ԼՂՀ ժողովրդից»

«Ոչ ոք չի կարող տնօրինել ԼՂՀ  ճակատագիրը՝  բացի ԼՂՀ ժողովրդից»
24.11.2015 | 00:35

«Իրատեսի» հարցերին պատասխանում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ:

-Միջազգային ահաբեկչությունն այսօր ի՞նչ է ներկայացնում իրենից:
-Ահաբեկչությունը որպես այդպիսին եղել է բոլոր ժամանակներում: Եթե Աստվածաշունչը հիշեք, մարդկության առաջին «ահաբեկիչը» թերևս Կայենն է եղել: Բայց երբ ահաբեկչությունը դառնում է խնդիր համայն մարդկության համար, ահաբեկչական կառույցը ձեռնոց է նետում հզոր պետություններին, երևույթին պետք է նայել այլ տեսանկյունից: Ինչպե՞ս եղավ, որ մեր ժամանակներում ձևավորվեց «Իսլամական պետության» պես ահաբեկչական խումբ և արաբական երկու պետությունների՝ Իրաքի ու Սիրիայի տարածքները գրավելով՝ կարողացավ հայտարարել, որ պետություն է ստեղծում՝ խալիֆաթ, կառավարման հստակ կառույցներ ունի և մրցակցային ռազմական արդյունաբերություն: Նման կառույցի ձևավորման պատճառ կարող է լինել անպայման արտաքին ուժերի աջակցությունը: Երբ հզոր պետությունները միմյանց հետ քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային հակասություններ են ունենում, այս կարգի ուժերին սկսում են օգտագործել իրենց շահերի համար՝ հզորացնելով նրանց:
-Ինչպե՞ս առաջացավ նման կառույցների պահանջարկը:
-Պահանջարկը նոր չի առաջացել, բայց ուժեղացել է արաբական «գարունների» ընթացքում, երբ Արևմուտքը, համարելով, որ այդ պետություններում բռնապետական կարգեր են, և հարկավոր է դրանք փոխարինել ժողովրդավարականով, առանց հաշվի առնելու, թե տվյալ տարածաշրջանի ժողովուրդները արդյո՞ք պատրաստ են ընկալել ժողովրդավարական այն արժեքները, որոնք ընկալելի են Արևմուտքին, ու այդ արժեքներով առաջնորդվել, տապալեցին այդ ռեժիմները: Իրաքի, Լիբիայի, Աֆղանստանի, Սիրիայի օրինակներից պարզ երևում է, որ անհնար է արհեստականորեն ստեղծել ժողովրդավարական կարգեր, երբ տարածաշրջանի ժողովուրդները պատրաստ չեն: Նախորդ ռեժիմները գոնե կարողանում էին ապահովել խաղաղ, նաև սոցիալական առումով՝ բավականին բարեկեցիկ կյանք: Արտաքին ուժերի միջամտությունը հանգեցրեց նրան, որ ահաբեկչությունը շարքային, ոչ օրինաչափ վիճակից վերաճեց մեծ խմբավորումների, որոնք հավակնում են ոչ թե մեկ, այլ մի քանի պետության շրջանակներում ստեղծել իրենց պետությունը: Հենց Եվրոպայում ծնված-մեծացած, «ժողովրդավարական» արժեքներ կրող երիտասարդները միանում են ԻՊ-ի գրոհայիններին և ահաբեկչությունների դիմում այն երկրներում, որտեղ ժամանակին ապաստան են գտել իրենց ծնողները կամ իրենք: Արևմուտքի ժողովրդավարության տարածումն Արևելքում ձախողվեց և ծնեց ահաբեկչություն, որը վերադառնում է Եվրոպա:
-Այսինքն՝ բումերանգի օրե՞նքն է գործում:
-Այո։ Շատ լավ է, որ այժմ Ռուսաստանը սկսեց ակտիվ պայքարել ահաբեկչության դեմ։ ԱՄՆ-ի գլխավորությամբ ձևավորված կոալիցիան տարիուկես պայքարում է ԻՊ-ի դեմ, բայց այդ ընթացքում ԻՊ-ը թե տարածքային, թե ռազմական առումով միայն հզորացել է: Կարծում եմ՝ Փարիզի դեպքերից հետո մարդկությունը հասկացավ, որ որոշակի պայմանների պարագայում ԱՄՆ-ը, ԵՄ երկրները, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և մյուսները պարտավոր են մոռանալ իրենց տնտեսական, քաղաքական հակասություններն ու միավորվել ահաբեկչական խմբավորման դեմ ընդհանուր պայքարում: Օլանդի այցերը ԱՄՆ, ՌԴ համակարգելու նպատակ ունեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:
-Չե՞ք կարծում, որ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում երկակի դեր է խաղում Թուրքիան: Մի կողմից՝ ԻՊ-ի հետ կապերի մեջ է՝ նավթի գնման-վաճառքի, Սիրիայի հետ սահմանը նրանց առաջ բաց պահելու չափ, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում կռվում է ԻՊ-ի դեմ ու Ինջիրլիքի ռազմաբազան տրամադրել է ԱՄՆ-ի օդուժին:
-Թուրքիայի խաղը երկակի չէ, շատ ուղղակի է, ԻՊ ահաբեկչկական խմբավորման ամբողջ ֆինանսական հոսքերի իննսուն տոկոսից, որ ստեղծվում է նավթի արտահանումից, մասնաբաժին ունի Թուրքիան, իսկ Սաուդյան Արաբիան, Կատարը չեն էլ թաքցնում իրենց կապերն ահաբեկիչների հետ: Արտառոց չէ՞, որ Սաուդյան Արաբիայի ու Կատարի պես պետությունները Ասադին անվանում են բռնապետ և պահանջում են նրան պաշտոնանկել, Թուրքիան էլ միացել է նրանց և փորձում է տարածաշրջանում վերականգնել Օսմանյան կայսրության ժամանակ ունեցած տարածքները: Հիշեք, որ ԻՊ-ին ֆինանսավորող պետությունների շարքում նաև Ադրբեջանը կա: ԱՊՀ-ում Ղազախստանից հետո՝ երկրորդը: Ես չեմ բացառում, որ ԻՊ-ը լուրջ կառույցներ ունի նաև Ադրբեջանում: Մեր հարևան պետություններից երկուսը՝ Թուրքիան և Ադրբեջանը, աջակցում են ահաբեկչական խմբավորումներին:
-Թուրքիան փորձում է քրդերի հա՞րցը լուծել՝ միանալով հակաահաբեկչական կոալիցիային:
-Ոչ միայն քրդերի։Շատ մեծ հաճույքով նրանք պատրաստ են նաև հայկական հարցը լուծել. դեպի արևելք ճանապարհի հիմնական խոչընդոտը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետություններն են: Վրաստանում էլ բավականին մեծ է թուրքական ազդեցությունը, սահմանները բաց են, այնտեղ էլ ահաբեկիչների ներթափանցման հավանականությունը մեծ է, որովհետև Թուրքիան է Եվրոպայից կամ մյուս պետություններից ահաբեկիչների հիմնական առաքողը Սիրիա, իսկ Սիրիայից էլ փախստականների հոսքն է ապահովում եվրոպական երկրներ: Մի մոռացեք ոչ Էրդողանի, ոչ Դավութօղլուի հակումները Օսմանյան կայսրության վերականգնման առումով: Մենք պետք է այդ ամենը նկատի ունենալով ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության խնդիրներն ուշադրության կենտրոնում պահենք՝ ոչ ծախսերի, ոչ սոցիալական խնդիրների առաջ կանգ չառնելով:
-Ձեր կարծիքով՝ ԻՊ-ի սպառնալիքը կուղղվի Ալիևի դե՞մ, թե՞ Ալիևը կփորձի այն օգտագործել Հայաստանի դեմ:
-Բոլոր պետություններում, որտեղ նման խմբավորումներ կան, իշխանությունները այդ ներուժը կամ փորձում են մարել, կամ վերացնել հարևան պետությունների հաշվին: Ադրբեջանի համար «լավագույն մարտադաշտը» Հայաստանն ու Ղարաբաղն են:
-Իսկ եթե նրանք վերադառնան ու փորձեն իշխանությունը վերցնե՞լ:
-Դա անիրատեսական է, երբ տեսնում են, որ ամբողջ աշխարհը սկսում է պայքարը ծայրահեղ իսլամիստների դեմ: Թուրքիան և Ադրբեջանը, որոնք ըստ էության իրարից չեն տարբերվում, այս գունափոխումներին լավ հարմարվել են և փորձելու են օգուտներ ստանալ:
-Մեր քայլը ո՞րը պետք է լինի:
-Պաշտպանության և անվտանգության խնդիրները Հայաստանի համար պետք է դառնան թիվ մեկ խնդիրները, իսկ ԼՂՀ-ի հետ կապված որևէ հարց չի կարող անտեսվել: Այսօր ամեն հայ, աշխարհի որ անկյունում էլ լինի, առաջին հերթին պիտի մտածի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության մասին: Ինձ համար մեծ ցավ է, որ նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք հեռուստամարաթոնի վերաբերյալ նույնիսկ հայերի մեջ մարդիկ կան, որ կոչ են անում գումարներ չտալ, այլ այդ գումարները տալ նրանց, ովքեր իբր պայքարում են իշխանության դեմ: Մեր շուրջը գործընթացներ են կատարվում, որոնց ամենաշատը մենք պետք է պատրաստ լինենք, ԼՂ գնացող ամեն մի լուման շատ կարևոր է սոցիալական, պաշտպանական ու անվտանգության խնդիրներ լուծելու համար, բայց կան հայ քաղաքական գործիչներ, որ հայությանը կոչ են անում գումար չտալ դրամահավաքին: Դա աբսուրդ է: Սահմանադրական բարեփոխումների «այո»-ի ու «ոչ»-ի քարոզարշավում անգամ բոլորը փորձում են օգտագործել ԼՂ գործոնը՝ նոր Սահմանադրությունն անցնի, ուրեմն տարածքներ են տալու, չանցնի՝ տարածքները մի հոգի կտա՝ մոռանալով, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է՝ դեֆակտո և դեյուրե, որ ունի իր Սահմանադրությունը, իր իշխանությունները:
-Գուցե պատճառը ԼՂՀ իշխանություններն են, որ իրենց հստակ դիրքորոշումը չեն արտահայտում՝ չեն պատասխանում քաղաքական ու ոչ քաղաքական հայտարարություններին Հայաստանում ու Հայաստանից դուրս:
-ԼՂՀ իշխանությունները վարվում են շատ ճկուն և ճիշտ: Ես միշտ այցելել եմ ԼՂ, տեղյակ եմ անցուդարձին, լավ հարաբերություններ ունեմ ԼՂՀ իշխանությունների հետ և տեսնում եմ՝ ինչ դրական զարգացումներ կան: Ղարաբաղի արտաքին պայմանները շատ ավելի ծանր են, քան Հայաստանինը՝ երեք կողմից փակ սահմաններ, ըստ էության՝ պատերազմական իրավիճակ, միակ ելքը դեպի արտաքին աշխարհ Հայաստանն է, բայց տնտեսական աճը 7,5-8 % է, սոցիալական վիճակն օրեցօր լավանում է, ժողովրդագրական տվյալները բարելավվում են շնորհիվ բարձր ծնելության, ավելանում է դպրոցների ու հիվանդանոցների քանակը: Կրկնում եմ՝ ԼՂՀ իշխանությունները ճիշտ ու ճկուն քաղաքականություն են վարում և փոխանակ պատասխանելու երկրորդական, երրորդական ու տասներորդական մարդկանց ասածներին, հստակ գործունեություն են ծավալում ԼՂՀ-ում: Եթե մի տեղ խոսում են, ապա այնտեղ հստակ գործ են անում: ԼՂՀ իշխանությունները հստակ գիծ ունեն: Մենք այնպես պիտի անենք, որ Հայաստանում իմանան՝ ինչ է կատարվում Ղարաբաղում, բնակչությունն ու իշխանությունը ինչպես են օգտագործում իրենց հնարավորությունները առավելագույն արդյունքների հասնելու համար՝ և տնտեսական աճ ապահովելու, և քաղաքական կայունություն, և անվտանգություն: Հայաստանի ու սփյուռքի յուրաքանչյուր հայ պարտավոր է անմիջական աջակցություն ունենալ ԼՂ պաշտպանության ու անվտանգության գործին՝ անկախ ամեն ինչից: Սիրում են, թե չեն սիրում իշխանությանը ու տարբեր գործիչների: Մեր մեղքով չէ, որ շրջափակում կա, որ մենք գտնվում ենք կիսապատերազմական վիճակում: Ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ ապրի, պիտի համարի, որ Ղարաբաղը իր հայրենիքն է ու ինքը պիտի իր օժանդակությունը բերի՝ անձնական, ֆինանսական, բարոյական, քաղաքական: Ինչպես հրեա ժողովուրդն է անում Իսրայելի համար՝ գիտակցելով, որ պարտք ունի իր հայրենիքի առաջ՝ աշխարհի որ ծայրում էլ գտնվի:
-Դուք դա ասում եք իբրև ԼՂՀ պաշտոնյա՞:
-Ոչ, ես ասում եմ իբրև հայ: Զրուցելով ԼՂՀ և՛ նախագահի, և՛ վարչապետի հետ՝ հանգեցի այն եզրակացության, որ ոչ թե պաշտոն ստանձնելն է այսօր առաջնային, այլ՝ պարտավորություն: Եթե մարդն ուզում է ծառայել իր հայրենիքին, պարտադիր չէ անպայման ինչ-որ պաշտոն ունենա: Ինձ պետք էր մի կարգավիճակ, որ ինձ չէր կտրի Հայաստանից, սխալ չէր մեկնաբանվի, և ձևակերպվեց մի պաշտոն, որ ինձ հնարավորություն է տալիս լինել Հայաստանում ու Ղարաբաղում ու համարվել ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական, որը ինձ չի կաշկանդելու իմ տեսակետներն արտահայտել թե Հայաստանում ընթացող գործընթացների, թե աշխարհաքաղաքական խնդիրների վերաբերյալ և որ շատ կարևոր է՝ իմ ասածը չընկալվի իբրև ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետ:
-Որո՞նք են Ձեր պարտավորությունները այդ պաշտոնում:
- Ներկայացնել Արցախում առկա իրական վիճակը։
-Դա չէ՞ր կարող անել ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը:
- Միանշանակ կարող է, բայց հավելյալ օժանդակությունը երբեք վնաս չէ։
-Դեկտեմբերի մեկին Փարիզում կլիմայի փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի համաժողովին, ի թիվս այլ պետությունների ղեկավարների, մասնակցելու են ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի նախագահները, փաստորեն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նաև ՀՀ և Ադրբեջանի նախագահները, Փարիզում հնարավո՞ր է նրանց հանդիպումը և ԼՂՀ հիմնախնդրով որևէ որոշման ընդունումը:
-Ես ոչինչ չեմ բացառում: Չի բացառվում, որ, կլիմայից բացի, այլ թեմաներ էլ քննարկվեն, հատկապես ահաբեկչության թեման: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը այդ առումով տարածաշրջանում ոչ թե անվտանգություն սպառող են, այլ արտադրող:
-Ադրբեջանի նախագահը Ձեզ չի հասկանա:
- Ինչ ուզում է հասկանա, կա դեֆակտո և դեյուրե ԼՂՀ՝ կայացած պետություն: Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է, բայց ոչ երբեք նրա փոխարեն որոշումներ ընդունողը: ԼՂՀ ժողովուրդը վաղուց որոշել է իր ճակատագիրը և միայն ինքն իրավունք ունի տնօրինել իր ճակատագիրը:
-Ձեր ասածները համահո՞ւնչ են, թե՞ հակառակ են մադրիդյան սկզբունքներին:
-Մադրիդյան, թե փարիզյան սկզբունքներ կասեք, քիվեստյան, թե այլ, քանի դեռ բանակցությունների ձևաչափը ամբողջական չէ, հարցը չի կարող լուծվել: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ադրբեջանական ԽՍՀ-ում ձևավորվել են երկու պետություններ՝ ԼՂՀ և Ադրբեջանի Հանրապետություն: Կոնֆլիկտի կողմերը նրանք են, Հայաստանը ԼՂՀ-ի կողքին է, բայց կոնֆլիկտի կողմ չէ: Ոչ ոք չի կարող տնօրինել ԼՂՀ ճակատագիրը՝ բացի ԼՂ ժողովրդից, իսկ ժողովուրդը հանրաքվեով իր ճակատագիրը որոշել է, իր անկախությունը հռչակել է, ունի իր Սահմանադրությունը, իր իշխանությունները:

Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ