ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Աշխարհին պիտի ցույց տանք, թե ինչ կլինի, եթե պատերազմ բռնկվի այս տարածաշրջանում»

«Աշխարհին պիտի ցույց տանք, թե ինչ կլինի, եթե պատերազմ բռնկվի այս տարածաշրջանում»
24.11.2015 | 00:22

Մինչ Հայաստանում ողջ քաղաքական օրակարգը հագեցած է «այո»-ի և «ոչ»-ի աննպատակ քննարկումներով, աշխարհում ավելի լուրջ ու վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, իրար հաջորդող ահաբեկչություններ, որոնք նոր «հորիզոններ» են բացում։ Մեր քաղաքական կյանքը «դարդին» անտեղյակ, «ցավին» անհաղորդ իր կառավարման համակարգի փոփոխությամբ է զբաղված։ ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ «Իրատես»-ը զրուցեց արտքաղաքական վերջին զարգացումներից։

«ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆՆ ԱՅՍՕՐ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆ Է»


-Ի՞նչ է տեղի ունենում աշխարհում։ Հնարավո՞ր է կանխել ահաբեկչությունների այս շղթան։
-Բարդ է բացատրել, թե ինչ է կատարվում աշխարհում։ Խորհրդային Միության հապճեպ փլուզումը չէր կարող իր հետևանքը չթողնել։ Երկբևեռ աշխարհ էր, և աշխատում էր հակակշիռների մեխանիզմը։ Թեկուզ սառը պատերազմ էր, բայց կայուն վիճակ գոյություն ուներ։ Կային գաղափարական տարաձայնություններ, սակայն առճակատումներից խուսափում էին՝ գիտակցելով, որ դա կործանարար կլինի աշխարհի համար։ Հիմա նոր հարաբերություններ են։ ԱՄՆ-ը տեսավ, որ էլ չկա այն «հրեշը»՝ Խորհրդային Միությունը, և իրեն մրցակից գոյություն չունի։ Փորձեց ձևավորել միաբևեռ աշխարհ։ ԱՄՆ-ին «քննարկելը», իհարկե, անիմաստ գործ է։ Դա ԱՄՆ-ն է։ Ամերիկացիները համարեցին, որ իրենց ժողովրդավարական համակարգը լավագույնն է աշխարհում։ Եվ որպեսզի ձևավորեն ընդհանուր մի տարածք, պետք է բոլորն ընդունեն իրենց չափորոշիչները։ Սկսեցին իրենց ժողովրդավարությունը ներդնել տարբեր երկրներում։ Որպես գործիքներ օգտագործվեցին Համաշխարհային բանկը, Արժութային հիմնադրամը, իրենց «ժողովրդավարական» ՀԿ-ները։ Սրանք սկսեցին գործել տարբեր երկրներում «կամավորների» տեսքով, գրանտներ բաժանելով։ Սորոսը հայտնվեց տարբեր երկրներում, այդ թվում՝ մեզ մոտ։ Սկսեցին ուղեղների արտադրանքը հավաքել, տանել։ Փորձեցին մարդկանց գիտակցությունը փոխել։ Երեխաներին, ուսանողներին տարան իրենց մոտ սովորելու։ Հանդես եկավ գլոբալիզացիայի գործընթացը, որն ունեցավ իր հետևանքները։ Յուրաքանչյուր երկրում հասարակական հարաբերությունները տարբեր զարգացման մակարդակ ունեն, ազգային տարբեր արժեհամակարգեր են գործում։ Բերել մի ձևաչափ ու բոլորին այնտեղ տեղավորել անհնար է ու կոպտագույն սխալ է։ Դրանից ծնվեցին Աֆղանստանը, Իրաքը, Լիբիան, արաբական «գարունը»։ Սկսեցին երկրների ղեկավարներին «չհավանել»։ Մեզ դուր չի գալիս Հուսեյնը, ինքը դիկտատոր է, պետք է տապալել ու նոր մարդ բերել։
-Ասել կուզի, ԱՄՆ-ը փորձեց տարբեր ժողովուրդների փոխարեն ինքը որոշել նրանց երկրների ապագան։
-Այո՛, ինքն իր վրա վերցրեց արբիտրի դերը։ Դատավորն ինքն է, և բոլորը պետք է ենթարկվեն։ Կամաց-կամաց մարդիկ սկսեցին չենթարկվել, հասկանալ, որ դա իրենց համար ընդունելի չէ։ Արթնացավ որոշ պետությունների, ժողովուրդների արժանապատվությունը։ Եվրոպան էլ որոշակի թելադրանքով է «աշխատում», բայց «հին աշխարհն» ունի նաև իր սկզբունքները։ Վերջապես հասան Ռուսաստանին, որն իրեն հլու-հնազանդ պահում էր 90-ականներին՝ Ելցինի տարիներին։ Համարյա հասել էին իրենց նպատակին, մասնատում էին երկիրը։ Բայց հանկարծ եկավ մի մարդ՝ Վլադիմիր Պուտինը, ով ասաց՝ վերջ, Ելցինն ինչ անում էր, լավ չէր, Ռուսաստանը չի կարող գաճաճ պետությունների բաժանվել։ Բոլորը սկզբում սկսեցին այս ամենին անլուրջ մոտենալ, համարելով, որ Ռուսաստանը քայքայված վիճակում է։ Երկար ժամանակ Պուտինի հետ ընկերություն արեցին։ Մի օր հասկացան, որ Ռուսաստանը զենք է արտադրում, նոր բանակ է ձևավորում, ուժեղացնում է կարողությունները, նավթի գինն էլ բարձր է, որի հաշվին բավականին փող է կուտակվել, ֆոնդեր են ձևավորվել։ Իհարկե, Կուդրինի ժամանակ կարողացան համոզել, որ 60 մլրդ դոլար ԱՄՆ բանկերում պահվի և սպասարկի նրանց բյուջեն։ Հասկացան, որ պիտի փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Նավթի գնի կտրուկ անկում եղավ, փորձեցին Ռուսաստանը մեկուսացնել, ուկրաինական դեպքերը վերագրելով Ռուսաստանին, իսկ Ղրիմի հետվերադարձը որակվեց անեքսիա։ Երկակի ստանդարտներ օգտագործվեցին։ Միլոշևիչի հրավերով մասնակցել եմ Հարավսլավիայի բոլոր դեպքերին, տեսել եմ՝ ինչպես են ռմբակոծել Բելգրադը, և ինչպես են լուծել Կոսովոյի հարցը։ Կոսովոն անեքսիա չէր, Ղրիմը անեքսիա՞ էր։ Այս «հիմնավորումներով» փորձեցին տապալել Ռուսաստանը որպես աշխարհաքաղաքական միավոր։ Չստացվեց։ Սա հանգեցրեց այն բանին, որ Ռուսաստանը որոշեց դուրս գալ միջազգային արենա և դառնալ համար մեկը։ Փաստն այն է, որ Վլադիմիր Պուտինն այսօր աշխարհում համար մեկ քաղաքական և պետական գործիչն է։
-Վերջերս G20-ի շրջանակներում Պուտին-Օբամա հանդիպում տեղի ունեցավ։ Դրան նախորդել էր նաև ՄԱԿ-ի գագաթնաժողովի հանդիպումը։ Դրանք արարողակարգայի՞ն, թե՞ շեշտադրումների փոփոխություն «պարունակող» հանդիպումներ էին։
-Ընդհանրապես, ԱՄՆ-ը հետաքրքիր քաղաքական գիծ ունի։ Նրանք հաշվի են նստում փաստերի հետ։ Երբ տեսան Ռուսաստանը քանդել, Պուտինի կամքը կոտրել չկարողացան, նորից վերադարձան փոխհարաբերությունների մակարդակ։ Երբ Սիրիայի իրադարձություններում Ռուսաստանն իր դերակատարությունը մեծացրեց, կա՛մ պետք է գնային մեծ առճակատման, կա՛մ համակերպվեին կատարվածի հետ։ Ընտրեցին երկրորդը։ Դրանից հետո սկսվեցին շփումները։ Եթե նկատում եք` Քերին և Լավրովը հաճախ են միմյանց հետ զրուցում։ Ղեկավարների մակարդակով շուտ-շուտ հանդիպում կազմակերպելը հնարավոր չէ։ Հիմա ռուսներն ամերիկացիների հետ համաձայնեցնում են անվտանգության խնդիրները, որ Սիրիայի օդում որևէ խնդիր չլինի։

«ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ԳՈՐԾՈՒՄ»


-Աշխարհում տիրող այս ծանր օրերին Ֆրանսիայի ահաբեկչությունը, ըստ Ձեզ, ի՞նչ ակոս բացեց։
-Ֆրանսիայի դեպքերը հաստատեցին, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ։ Այդպիսի կազմակերպված միգրացիոն հոսք անհնար էր պատկերացնել։ Ինչպես կարող է պատահել, որ 20-50-հազարներ տեղաշարժվեն ու գնան, տեղ հասնեն։ Պետք է ինչ-որ մեկը ֆինանսավորեր, չէ՞, կազմակերպեր, ուղղորդեր։ Եվրոպան դարձավ մարդու իրավունքների պաշտպանության անմիտ քաղաքականության զոհը։ Փոխանակ մարդու իրավունքները պաշտպանեին Սիրիայում, Աֆղանստանում, Իրաքում, երբ զոհվում էին հազարավոր մարդիկ։ Ինչո՞ւ են երկակի ստանդարտներ գործում։ Այս ամենը նաև իրենց գաղութատիրական գործունեության հետևանքն է։ Երբ գաղութներն իբր վերացան, մարդիկ այնտեղից տեղափոխվեցին մեգապոլիս, բայց մնացին երկրորդ սորտի քաղաքացիներ։ Ցանկացած գործընթաց իր պատճառն ու հետևանքն ունի։ Այսօր աշխարհը խառնաշփոթի մեջ է, և ոչ մեկը չի կարող հստակ ասել, թե ձևավորվող աշխարհն ինչպիսին կլինի, ի՞նչ խճանկար կունենա։
-Շատերը պնդում էին, թե ԻՊ-ը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից։ Ի՞նչ եք կարծում, այսօ՞ր էլ է այդպես, թե՞ հիմա հետ է «քաշվել» ու այն գազանի, որ ժամանակին «սնել» է, «դեմն» առնել չի կարող։
-Ընդհանրապես կոնսպիրոլոգիայի դաշտ մտնելն անշնորհակալ գործ է։ Փաստ է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանում «Ալ Քաիդան» ստեղծեց որպես հակակշիռ խորհրդային ուժերին։ Փաստ է, որ նրանք նաև Իրաք անհիմն ներխուժեցին՝ քարուքանդ անելով այդ երկիրն ու նավթին տիրանալով։ Փաստ է, որ Լիբիայում էլ ամեն ինչ խառնեցին իրար։ Իհարկե, այն, ինչ այս անգամ ստեղծեցին իրենց շահը սպասարկելու համար, հակառակ բան ստացվեց։ Ցանկացած ծայրահեղ գաղափարախոսություն վտանգավոր է։ ԻՊ-ի դեպքում է ասված՝ ախորժակը գալիս է ուտելու ժամանակ։ Սկզբից չէին էլ պատկերացնում, որ կարող են այսքան հզորանալ։ Հիմա ֆինանսներն իրենք են ստեղծում: Շատ էժան վաճառեցին նավթը, Թուրքիան էլ գնեց։ Դրա համար ռուսները ռմբակոծում են նավթային պաշարները։ ԻՊ-ը հիմա կազմակերպված ինքնաֆինանսավորվող կառույց է։ Դրան գումարած՝ իրենց գաղափարախոսությունը փայլուն գովազդում են։ Հիմա էլ գովազդի դար է, երիտասարդների համար ռոմանտիզմ է առաջացել, որ իրենք իբր նոր խալիֆաթ են ձևավորում, որտեղ կլինի ամենա-ամենա արդարությունը։ Չնայած ինչ արդարության մասին կարող է խոսք լինել, երբ հարյուրավոր մարդկանց վիզ են կտրում։ Ալլահն ասել է, որ շարիաթի կանոններով պետք է շարժվել, ու նրանք, ովքեր դժգոհ են եվրոպական այլանդակություններից, պետք է գրոհեն դրանց դեմ։ Այստեղ էլ մեկ այլ ծայրահեղություն է առաջանում։ Ո՞վ է իրենց ստիպել միասեռ ամուսնությունների, երեխաների որդեգրման մասին խոսել։ Ընդհանրապես նման խնդիր կա՞ր, բացարձակ՝ ոչ։ Կա՞ն այդպիսի մարդիկ, այո, ինչո՞վ են զբաղված, մեր ինչ գործն է, թե իրենց ննջարանում ինչով են զբաղված։ Ինչո՞ւ պիտի նրանք ոտքի կանգնեին, սկսեին իրենց իրավունքներից խոսել, քարոզել, պաշտպանել։ Դա դարձավ այնքան մոդայիկ, որ շատ երկրների իշխանության վերնախավում նստած են այդպիսի մարդիկ ու իրենց շահերն են հետապնդում։ Սա էլ բերեց մեկ այլ հակազդեցության։ Սեռական նորմալ կողմնորոշմամբ մարդիկ սկսեցին ընդդիմանալ՝ ինչո՞ւ եք մեր ընտանիքներն ուզում քանդել։ Օլանդը թող ինքն իրեն մեղադրի այսօրվա համար։ Բազմահազար ֆրանսիացիներ բողոքեցին, որ չպետք է ընդունել միասեռ ամուսնությունների և երեխաների որդեգրման օրենքը։ Օլանդը գնաց, ստորագրեց այն, իբր մարդու իրավունքների պաշտպանության համար։ Ով է նրանց իրավունքները խախտել, որ հիմա դուք ուզում եք պաշտպանել։ Մուսուլմանական աշխարհում այս ամենն անհամեմատ ավելի սուր է ընկալվում։ Վերջին օրերին շատ է խոսվում Փարիզի Սեն Դենի արվարձանի մասին։ Ժամանակին` 18-19-րդ դարերում, Սեն Դենին Ֆրանսիայի արիստոկրատիայի «նստավայրն» էր, հիմա այնտեղ ֆրանսիացի չի մնացել։ Ներգաղթածներ են կամ երկրորդ սերունդը։ Հավաքվել են և իրենց բարքերն են հաստատել։ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը Ֆրանսիայում մի կարևոր խնդիր կարգավորեցին։ Ֆրանսիացիները նրանց ընդունեցին և ասացին՝ եթե ուզում եք լինել ֆրանսիացի, մենք ձեզ հնարավորություն ենք տալիս պահպանելու ազգային ինքնությունը, մշակույթը, լեզուն, բայց պիտի լոյալ քաղաքացիներ լինեք։ Հայերն ընդունեցին դա և խնդիրներ չունեցան։ Եթե այս տրամաբանությամբ շարժվեին այսօրվա միգրացիոն հոսքերն ապահովողները, շատ հնարավոր է, որ այսպիսի իրավիճակ չլիներ։ Եթե ուզում ես, որ չգան քո երկիր, ուրեմն այնպես արա, որ Աֆրիկայում համապատասխան պայմաններ ձևավորվեն, և մարդիկ այնտեղից չհեռանան։ Այսինքն, մի թալանիր նրանց կամ թալանածդ մի քիչ հետ տուր։ 20-րդ դարը սկսեց և 21-րդը շարունակում է այն տրամաբանությունը, որ փողը բացարձակ արժեք է, փողով ամեն ինչ որոշվում է, ահա և հետևանքը։ Բարոյականության նորմերը կորան, ամեն ինչ հարաբերական է դարձել։
-Քաղաքակրթության օրրան համարվող Եվրոպան այսօր ինքն իր ստեղծած բարքերին, արժեքներին «կո՞ւլ» է գնում, թե՞ գերտերությունների քաղաքականությունն է «մեղավոր»։
-Ես Եվրոպայում հաճախ եմ լինում։ Բացի հայկականից, ռուսական, ամերիկյան, նաև եվրոպական մշակույթի կրողն եմ։ Հին եվրոպացիները փորձում են ավանդույթները պահպանել։ Իտալիան ընտանիքի կուռքը պահպանում է, գերմանացիները ևս՝ չնչին տարբերությամբ։ Ֆրանսիացիներն ազգասեր, ազգայնական ժողովուրդ են։ Ես ֆրանսիացի ընկեր ունեմ, ով ասում էր, որ դեմ չէ ներգաղթածներին, բայց նրանք իր պես ֆրանսիացի պիտի լինեն։ Այս քաղաքականությունը նրանց չհաջողվեց։ Հիմա փորձում են ԻՊ-ը ոչնչացնել։
-Կհաջողվի՞։
-Դա անհնար է։ Սիրիայի տարածքը պետք է մաքրել, չնայած նրանք կենտրոնանում են Իրաքում, որտեղ դեռ ռմբակոծում չկա։ Մի մասը գնում է Եգիպտոս, Եմեն, Հորդանան։ Մի որոշ ժամանակ ընդհատակ են անցել, հետո գլուխները կբարձրացնեն։ Մեկ ուրիշ վտանգ կա։ Նրանք հիմար չեն, իրենց էլիտար ջոկատները դուրս են գալիս թեժ կետից։ Ենթադրենք, զինված երեք հազար գրոհայիններ Թուրքիայի սահմանով փորձեն անցնել դեպի հյուսիս։ Թուրքիան, որպեսզի նրանց հետ խնդիրներ չունենա, կհամաձայնվի։ Ո՞Ւր պետք է գնան։ Կամ պետք է Վրաստանով, Ախալքալաքով բարձրանալ Չեչնիա, Դաղստան։ Հայաստան գալուց կխուսափեն, քանի որ այստեղ ռուսական սահմանապահ զորքերն են։ Բայց կա ավելի վտանգավորը, դա Նախիջևանն է, որը 12-կիլոմետրանոց գրեթե չգործող սահման ունի Թուրքիայի հետ։ Եթե այդ սահմանով փորձ արվի անցնել Կենտրոնական Ասիա, նույնպես խնդիր է։ Հայաստանում մշտապես Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհություններ կան, թե ինչու մեր դաշնակիցը Ադրբեջանի հետ լավ հարաբերություն ունի։ Եղբայր, նրանք կրակը չեն ընկել, որ մենք Ղարաբաղի խնդիր ունենք։ Բոլորին բացատրում եմ, որ Խորհրդային Միությունն այլևս չկա, այդ Միության կարգերը չեն գործում։ Հիմա Ռուսաստանը ԽՍՀՄ-ը չէ, այն իր շահերն ունի։ Բարի լինենք մեր փոխհարաբերություններն այնպես կառուցել, որ հնարավորինս շատ օգուտներ ստանանք։
-Փաստորեն, այս հարաբերություններում առկա խնդիրները, Ձեր դիտարկմամբ, պայմանավորված են միայն հայկակա՞ն կողմով։
-Մինչ ուրիշին մեղադրելը, առաջին հերթին ինքներս մեր թերությունները պետք է տեսնենք։ Հայերը, մասնավորապես վերնախավը, շատ տարօրինակ հատկություն ունեն։ Նրանց թվում է, թե իրենց սխալ արարքները մատնացույց պետք է անել։ Հո մանկապարտե՞զ չէ։ Նրանք տեսնում են, հետևություններ են անում։ Ինչպես դուք վարվեցիք, այնպես էլ պատասխան կստանաք։ Եթե ձեր երկրում չեք կարողանում մարդկանց համապատասխան աշխատանքով ապահովել, ժողովուրդը ձեզնից դժգոհ է, հեռանում է, ի՞նչ կապ ունի այստեղ այլ պետությունը։ Խորհրդարանում իշխող ուժի ներկայացուցիչները մշտապես բողոքում են, թե տրանսֆերտները պակասել են։ Էդ ո՞վ էր ձեզ պարտական, ամեն անգամ հենց այնպես տրանսֆերտներ ուղարկել։ Քսան տարի է, ասում ենք՝ բա որ հանկարծ Ռուսաստանից ոչ մի գումար չստացաք, ինչպե՞ս եք այս պետությունը պահելու։ Ստեղծված վիճակից նրանք դուրս կգան, դուք ո՞նց եք դուրս գալու։ Այս աշխարհաքաղաքական գործընթացներում կարևոր է մի հանգամանք՝ օբյե՞կտ կլինես, թե՞ սուբյեկտ։ Իսկ որ մենք աշխարհագրական դիրքի մեծ առավելություն ունենք, կասկած չկա։

«ԵԹԵ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ԱՇԽԱՏԻ, ԿՈՒՆԵՆԱՆՔ ԿԱՅՈՒՆ, ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽ, ԶԱՐԳԱՑՈՂ ՍՓՅՈՒՌՔ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»


-Ներկայիս խառնիճաղանջ գործընթացների ֆոնին շատ է խոսվում Ղարաբաղը թիրախ դարձնելու մասին։ Այդպիսի զարգացումներ հնարավո՞ր են։
-Արդեն 27 տարի է, ինչ շատ մանրամասն զբաղվել եմ Ղարաբաղի հարցով։ Բարեբախտաբար, գերտերություններից ոչ ոք շահագրգռված չէ այս տարածաշրջանում նոր պատերազմի բռնկմամբ։ Եթե հանկարծ այստեղ պատերազմ սկսվի, շատ արագ կդառնա ռեգիոնալ պատերազմ, որին էլ եթե խառնվեն գերտերությունները, երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ կարող է լինել։ Թուրքիան և Իրանը հաստատապես մտնելու են այդ պատերազմի մեջ, որովհետև իրենց շահերի բախում է տեղի ունենալու։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպան լինելու են։ Չինաստանի մասնակցությունը ևս լինելու է, որովհետև որտեղ Թուրքիա, այնտեղ Չինաստան։ ՈՒյղուրների խնդիրը մշտապես կա, նրանց քանակը հասնում է 140 մլն-ի։ Եթե Չինաստանը հասկանում է Հայաստանի դերը և ամեն ինչ անում է մեր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ, մենք չենք կարողանում այդ հնարավորությունից օգտվել, մեղավորը մենք ենք։ Ղարաբաղյան հակամարտության գլխավոր խնդիրն այն է, որ աշխարհին ցույց տանք, թե ինչ կլինի, եթե պատերազմ բռնկվի այս տարածաշրջնում։ Միակ պետությունը, որ ուզում է այս հարցը կարգավորել այնպես, որ ոչ մի պետություն չխառնվի, Թուրքիան է։ Բայց քանի որ վերջինս գիտի, որ գործին խառնվելու են խոշոր պետությունները, դեռ զսպում է իրեն։ Ալիևը բուտաֆորիա է, ոչինչ չի որոշում։ Հիմա Հայաստանի հիմնական խնդիրը մեկն է՝ բոլորին ցույց տալ, որ «մեր տան» պատերազմը նաև իրենց դռանն է չոքելու։
-Արտաքին գերատեսչությունը, խորհրդարանական դիվանագիտությունը կարողանո՞ւմ են Ձեր նշած խնդիրը միջազգայնացնել։
-Ես չեմ տեսնում դա։ Հայաստանի խնդիրն է հիշեցնել աշխարհին, որ Ղարաբաղի հակամարտությունն այլևս լոկալ բնույթ չունի։ Այս հարցում մեծ դերակատարություն ունի ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանը, որը երբևիցե չի համաձայնելու, որ այս տարածաշրջան մտնի օտարերկրյա զորք։ Բացառվում է նաև, որ եթե մենք ինչ-ինչ պատճառներով տարածքներ հանձնենք, Իրանը կհամաձայնվի, որովհետև Ադրբեջանը մշտապես ախորժակ է պահում Հյուսիսային Ադրբեջանի՝ Ատրպատականի, տարածքների նկատմամբ։ Իրանի նման պետությունը չճանաչված պետության հետ 49 կմ սահման է պահում։ Այստեղ այնպիսի նրբերանգներ կան, որոնք պետք է հաշվի առնել, Ադրբեջանի խաղաքարտերը խառնել։ Ինչո՞վ են զբաղված մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, խորհրդարանական պատվիրակությունները տարբեր միջազգային կառույցներում։ Պետք է այնտեղ տանել լուրջ փաստաթուղթ, որից եվրոպացիները սարսափի մեջ կընկնեն։ Չեն անում։ Գնում են այնտեղ, հայտարարում են, թե խավիարային դիվանագիտություն է անում Ադրբեջանը։ Ինչքա՞ն կարելի է լաց լինել, այ տղերք։ Էս ի՞նչ լաց եք դրել, դուք ի՞նչ եք անում։ Այնտեղ էլ, ինչպես բոլոր երկրներում, կաշառակեր չինովնիկներ են։ Մենք բոլոր հնարավորություններն ունենք Մինսկի խմբի եռանախագահների միջոցով եվրոպական կառույցներին ներկայացնելու փաստարկված վերլուծություններ տարածաշրջանի պատերազմի սարսափելի հետևանքների մասին։ Սա նաև կարելի է նոտայի տեսքով ներկայացնել ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ ինչպիսի հետևանքներ կլինեն, եթե Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ պատերազմ հրահրի։
-Այս աշխարհաքաղաքական իրադարձություններում որտե՞ղ են Հայաստանի տեղն ու դերը։
-Այսօրվա Հայաստանի մասին բարդ է խոսել։ Այն, ինչ հիմա ներքաղաքական կյանքում իրականացվում է, իմիտացիա է։ Հայաստանի աշխարհաքաղաքական և աշխարհագրական դիրքը շատ լուրջ նշանակություն ունի։ Պատահական չէ, որ մեզանով մշտապես հետաքրքրվում են։ Որպես տարածք շատերին ենք հետաքրքրում։ Մտավոր կարողությունների մեծ համբավ ունեինք, 90-ականներից վայ-իշխանությունների պատճառով ամեն ինչ ցաքուցրիվ արվեց։ Մեր երկրի հաջորդ կարևորագույն գործոնը Հայաստան-Սփյուռք-Ղարաբաղ եռամիասնությունն է, որի ամրապնդումը ֆանտաստիկ արդյունք կարող է տալ։ Ադրբեջանցիները մինչ այսօր սարսափով խոսում են մեր սփյուռքի կարողությունների մասին։ Եթե այս եռամիասնությունը ճիշտ աշխատի, կունենանք կայուն, անկախ Արցախ, զարգացող Սփյուռք և հզոր Հայաստան։


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ