ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Եթե դուք իրար հետ չեք կարող լեզու գտնել, ի՞նչ կապ ունի այստեղ Սերժ Սարգսյանը»

«Եթե դուք իրար հետ չեք կարող լեզու գտնել, ի՞նչ կապ ունի այստեղ Սերժ Սարգսյանը»
15.11.2015 | 14:21

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ տնտեսության ամենամեծ խնդիրը համարում է ներդրողների բացակայությունը, սակայն չի ընդունում, թե այդ խնդիրը պայմանավորված է երկրում առկա կաշառակերությամբ, հարկային դաշտով: «Իրատես»-ի հետ զրույցում պատգամավորը փորձեց հիմնավորել, թե ինչպես պետք է տնտեսական աճ ապահովել:


«ՆԵՐԴՐՈՂ ԲԵՐԵԼԸ ՄՇԱԿՈՒՅԹ Է, ՁԻՐՔ, ՇՆՈՐՀՔ»


-Իհարկե, ցանկալի կլիներ, որ տնտեսական աճը ոչ թե 2,2, այլ 12 տոկոս լիներ,- ասաց նախկին վարչապետը:- Բայց քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Որպեսզի մեզանում տնտեսական կտրուկ աճ ապահովվի, պետք է բարձր արտադրողական և արտաքին շուկաներում մրցունակ արտադրանք արտադրելու կարողություն ունենանք: Մեր հայրենական կապիտալը, ցավոք, նման հնարավորություն չունի, ժամանակակից, եվրոպական, եվրասիական շուկաներում մրցունակ չէ, անգամ արտաքին շուկաների մարկետոլոգիական ուսումնասիրություններ կատարել չի կարող: Իրատես լինենք, չի կարելի պահանջել մի բան, որ նա չի կարող անել: Շեշտակի աճ ապահովելու համար պետք է ունենանք որակապես նոր, ժամանակակից տեխնոլոգիական կարողություններ: Առանց տեխնոլոգիական «ճեղքման» տնտեսական ճեղքման մասին խոսելն անիմաստ է: Սա նշանակում է ստեղծել ինստիտուցիոնալ նախադրյալներ: Համաձայն չեմ, որ ասում են` եթե հարկային, ներդրումային միջավայրը բարենպաստ լինի, մենք կունենանք տնտեսական զարգացում: Ընթացիկ տարում Հայաստանը միջազգային կառույցների երեք ցուցանիշներով լավագույն հորիզոնականներում է: «Doing business»-ով առաջընթաց ենք ապահովել, բիզնես ձևավորելու առումով առաջին տասնյակում ենք, երեկոյան զբոսանքի համար աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում ենք: Սրանք ցուցանիշներ են, որոնք բնութագրում են երկիրը: Հարց` բա ինչո՞ւ ներդրողները չեն ցանկանում ներդրումներ անել: Ասում են` որովհետև այստեղ կաշառակերություն կա: Լսե՛ք, ԵՄ-ի կոռուպցիոն շրջանառությունը կազմում է 324 մլրդ եվրո: Անշուշտ, եթե կաշառակերությունը քիչ է լինում, ներդրողների համար բարենպաստ միջավայր է ստեղծվում, բայց իրականում ներդրողներին «գրավելու» խնդիր կա: Օտարերկրյա ներդրողն ինչո՞ւ պետք է ներդրում անի Հայաստանում և ոչ թե Վրաստանում կամ Ադրբեջանում: Այսինքն, մենք պետք է հարաբերական առավելությունները փորձենք ձևավորել և յուրաքանչյուր ներդրողի հետ աշխատել: Այսօր ՀՀ նախագահի հանձնարարությամբ օտար երկրներում մեր դեսպաններն ուղղակի աշխատում են ներդրողների հետ: Սա լրջագույն աշխատանք է, մեկ ներդրողի հետ հնարավոր է տարիներով աշխատել, պետք է նրա մեջ Հայաստանի նկատմամբ իրական վստահություն ստեղծել: Նա փող հաշվող մարդ է, պետք է վստահի ձեզ: Խոսել եմ շատ ներդրողների հետ, ոչ մեկը չի ասում` ձեզ մոտ կաշառակերության մակարդակը բարձր է, դրա համար չենք գալիս:
-Սակայն դա ևս չի անտեսվում: Կարևոր հանգամանքներ են նաև մրցակցության բացակայությունը, հարկային անբարենպաստ դաշտը, որոնք, բնականաբար, ներդրողների համար լուրջ խոչընդոտ են:
-Այսօր օտարերկրյա ներդրողներ ունենք: Գնացեք «ՌԵՆԿՕ»-ին հարցրեք` քեզ խանգարո՞ւմ են, հարկային մարմինները պետական ռեկետի ենթարկո՞ւմ են, կասեն` ոչ: Խնդիրը սեփական հնարավորությունները կոնկրետ ներդրողին ներկայացնելն է: Օրինակ, դրսում կազմակերպվում է բիզնես ֆորում, որտեղ ներկայացնում ենք մեր «ունեցածը»: Մեզ թվում է, թե այդքանը բավարար է և հաջորդ օրը ներդրողները մեղրաճանճի պես հավաքվելու են մեղրի վրա: Ո՛չ: Յուրաքանչյուր ներդրողի հետ անհատական աշխատանք է պետք: Ներդրողը պետք է իմանա, թե ում հետ է աշխատում: Օրինակ, դուք պետք է իմանաք ձեր պոտենցիալ ներդրողի ծննդյան օրը, զանգեք, շնորհավորեք: Ներդրողի հետ աշխատանքը անհատական որակներ է պահանջում:
-Ներկա կառավարությունն ունի՞ նման «ունակություններ»:
-Այո: Իհարկե, շատ բան չի ստացվում, երբեմն չենք կարևորում իմ նշած գործոնները: Բոլորը նշում են, թե Վրաստանում ներդրողների համար ավելի բարենպաստ պայմաններ են, այնինչ վրացիները կանխատեսել են 3 տոկոս աճ, դե թող 13 տոկոս նախատեսեին: Ներդրող բերելը մշակույթ է, ձիրք, շնորհք:
-Փաստորեն, այսօրվա տնտեսության անմխիթար վիճակը Դուք պայմանավորում եք միայն ներդրողների՞ բացակայությամբ:
-Այո: Վարչապետն էլ խոսեց այս մասին, ես էլ համոզված եմ ու հաճախ եմ նշում, որ հարկավոր է ունենալ տնտեսական «ճեղքման» ռազմավարություն: Այ, սա չունենք:
-Ինչո՞ւ, որովհետև կառավարությունում ռազմավարություն մշակողնե՞ր չունենք, թե՞...
-Որովհետև դրա կարևորությունը գիտակցողներ չունենք: Հիմա կամաց-կամաց արդեն սկսում ենք հասկանալ դրա առաջնայնությունը: Որպեսզի ունենանք այդ ռազմավարությունը, պետք է դրա իրականացման նախադրյալները լինեն: Մինչև 2020 թվականն այն ժամանակահատվածն է, որ մենք պետք է կարողանանք ապահովել տեխնոլոգիական ճեղքման նախադրյալները: Եթե դուք չունեք ժամանակակից տեխնոլոգիա, մոռացեք տնտեսական աճի մասին: Այս հարցում կառավարությունը լուրջ անելիքներ ունի:

«ՄԵԶԱՆՈՒՄ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»


-Խոսենք մոտ ապագայի մասին: Եկող տարվա բյուջեն Ձեզ լավատեսություն ներշնչո՞ւմ է:
-Բյուջեն իրատեսական է, հնարավոր է մի քիչ լարվածություն լինի: Դրական պետք է համարել այն, որ որևէ սոցիալական ծրագիր չի կոծկվում, չի կրճատվում: Սա շատ էական է:
-Մինչդեռ չեն բարձրանում աշխատավարձերը, թոշակը:
-Շատ լավ կլիներ, որ մեր բյուջեն ունենար 10 տոկոս աճ: Սա ցանկությունների ոլորտից է: Բայց շատ էական մի հանգամանք էլ կա, երբ բյուջետային քննարկումները կլինեն լիագումար նիստում, կառավարությունից կստանանք այն կարճաժամկետ ծրագրային քայլերը, որոնք մեզանում պետք է ապահովեն տնտեսական շեշտակի աճ:
-Դուք խոսում եք հայեցակարգային տնտեսության մասին, բայց իշխանության վերևում կանգնած մարդիկ դրա «կրողները» չպե՞տք է լինեն, ինտելեկտի խնդիր չկա՞:
-Իհարկե, կրողները պետք է լինեն: Իմ պրակտիկան ցույց է տալիս, որ մենք շատ հաճախ կենտրոնանում ենք «ինչպեսէ»-ի վրա` չգիտակցելով, թե «ինչպես պետք է լինի»: Մենք այդ անցումը չենք կարող ապահովել: Իմ ուսանողներին ասում եմ` ես ձեզ ոչ թե «ինչպես է»-ն եմ ներկայացնում, այլ ինչպես պետք է լինի: Մեզանում հաճախ խոսում են ինչ անելու մասին, մինչդեռ վաղուց անցել է այդ փուլը: Գիտեք, չէ՞, այս անեկդոտը. «Մեկը փողոցում վատանում է: Ժողովուրդը հավաքվում է, հարցնում են` ո՞վ կարող է առաջին օգնություն ցույց տալ: Մեկն ասում է` ես: Հարցնում են` ի՞նչ պիտի անել: Պատասխանում է` շտապ օգնություն կանչեք»: Այն պետությունները, կառավարություններն ու կառավարիչները, որոնք տիրապետում են «ինչպես անելու» տեխնոլոգիային, հաջողում են: Մեր խնդիրը սա է: Մեզ պետք է Հայաստան ներդրող մտնի: Թողնենք աշխարհաքաղաքական խնդիրները, մենք ունենք լոգիստիկ, ինժեներատեխնիկական կադրերի, եթե կուզեք` կրիտիկական զանգվածի խնդիր: Կադրերը գնացել են: Կրթական համակարգը պետք է այնպիսին դարձնել, որ կարողանա տնտեսությանը ժամանակակից, որակյալ գիտատեխնիկական կադրեր ապահովել: Եթե սա չի արվում, չես կարող գիտությունը բերել արտադրություն: Եթե այս քայլերը չեն ապահովվում, հնարավոր չէ տնտեսական զարգացում, շեշտակի աճ արձանագրել:
-Ձեր նկարագրած մոդելը հրաշալի է, բայց իրականությունը մեզ այլ բան է հուշում: Թե ինչ «հայեցակարգ» կրողներ են տնտեսությունը ղեկավարում, ինչ կադրեր են «ներմուծվում» իշխանություն: Այս պարագայում դժվար թե նրանք մտածեն «ինչպես անելու» մասին:
-Միայն այն, որ արդեն գիտակցում ենք «ինչպես անելու» մասին, դա արդեն դրական է: Մեզանում պակասում է մտածողության փոփոխությունը, ընդ որում, ոչ թե մեկ-երկուսի պարագայում, այլ բոլորի: Կյանքը ստիպում է նորովի մտածել: Տասը տարի առաջ դժվար թե այս մասին խոսեինք: Սա վերաբերում է բոլորին` և կառավարիչներին, և պատգամավորներին, և մտավորականությանը:
-Դուք մտածողության փոփոխության մասին եք խոսում, բայց անգամ բյուջեի քննարկման ժամանակ գերատեսչությունների ղեկավարները հարկ չհամարեցին այդ կարևորագույն փաստաթուղթը ներկայացնել: ՈՒղարկել էին իրենց տեղակալներին (նրանց թվում էին քաղաքապետը, գլխավոր դատախազը, ՎՊ-ի ղեկավարը և այլք): Սա նախ արհամարհական վերաբերմունք չէ՞ խորհրդարանի, ապա նաև անտարբեր մոտեցում տնտեսական հիմնական փաստաթղթի հանդեպ:
-Ես էլ եմ կարծում, որ բյուջեի քննարկմանը պետք է մասնակցեն առաջին դեմքերը: Բացառությամբ այն դեպքերի, եթե պետական պահպանման ծախսերն են, բնականաբար նախագահը կամ վարչապետը չեն գալու, այլ նրանց աշխատակազմերի ղեկավարները: Սա նորմալ է: Բոլոր նախարարները եկել էին, իհարկե, Ձեր նշած առանձին դեպքերում այդպես էր, բայց դա համատարած չէր: Գագիկ Խաչատրյանը քննարկումներին միշտ ներկա է: Կարծում եք` նա դիտո՞րդ է: Ոչ, նա նշումներ է անում, ուղղակի ուղղորդում է Պավել Սաֆարյանին, երբեմն հուշում է, նկատել եմ` նաև առանձնանում են ու ոլորտ առ ոլորտ քննարկում: Սովորաբար գերատեսչության ղեկավարը քաղաքական պատասխանատուն է, իսկ մասնագիտական մանրամասներին տեղակալներն են տիրապետում: Հավանաբար այս առումով է, որ որոշ դեպքերում ոլորտը տեղակալներն են ներկայացնում: Բայց անգամ այս պարագայում, կարծում եմ, ղեկավարը պետք է դահլիճում նստած լինի: Հնարավոր է, որ որևէ մեկը ուղիղ հարց ունի ղեկավարին, այն էլ` քաղաքական: Առավել ճիշտ տարբերակն այն է, որ ոլորտը ներկայացնի հենց գերատեսչության ղեկավարը: Առավել ևս մենք գնում ենք ծրագրային բյուջետային քննարկման, որը ոչ այնքան ֆինանսական ցուցանիշների, որքան քաղաքական, որակական արդյունքների մեկնաբանություն է: Իսկ սա միայն նախարարը պետք է ներկայացնի:

«ԱՌԱՅՍՕՐ «ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԻՑ ՈՉ ՄԻ ԼՈՒՐՋ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ ՉԵՄ ԼՍԵԼ»


-«Ոչ»-ի ճակատի քարոզարշավն ինչպե՞ս եք գնահատում:
-«Այո» ասողներին հասկանում եմ` ինչու են «այո» ասում, բայց հակառակ կողմում հայեցակարգային, իրավական, քաղաքական լուրջ, ծանրակշիռ հակափաստարկ չեմ տեսնում: Ասում են, թե սա բերելու է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը, երբ հարցնում ես` ինչպե՞ս, բացատրություն չկա: Մեր պրակտիկան ցույց է տալիս, որ համամասնական ընտրական համակարգով ընտրությունների արդյունքում նույնիսկ ամենաազդեցիկ քաղաքական ուժը 35 տոկոսից ավելի ձայն չի կարող հավաքել: Եթե կարողանային հավաքել, վաղուց մեծամասնական ընտրական համակարգը վերացրած կլինեին: Այս սահմանադրությունն առաջարկում է հետևյալը. գնացեք համամասնական ընտրությունների, եթե ընդդիմության չսիրած ՀՀԿ-ն հավաքեց 40 տոկոս, ժողովրդի սիրած ընդդիմությանը բաժին է հասնելու 60 տոկոսը: Նոր սահմանադրությունն ասում է` պարոնայք ընդդիմություն, կոալիցիա կազմեք և ձևավորեք կառավարություն: Ասացեք, խնդրեմ, որտե՞ղ տեսաք Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: Եթե դուք իրար հետ չեք կարող լեզու գտնել, ի՞նչ կապ ունի այստեղ Սերժ Սարգսյանը: Առայսօր «Ոչ»-ի ճակատից ոչ մի լուրջ հակափաստարկ չեմ լսել, բացի ատելությունից, անձնական լուտանքից:
-Սահմանադրության նոր նախագծով մեծացել է ընդդիմության լիազորությունների շրջանակը: ՈՒրեմն ինչո՞ւ վերջիններս դեմ են դրան ու չեն հավատում այս դրական տեղաշարժին:
-Կարևորագույն պաշտոնյաներին ընտրում է խորհրդարանը 3/5-ով, այսինքն` դու չես կարող մեծամասնությամբ քո նախընտրած գլխավոր դատախազն ունենալ: ՈՒզած-չուզած ընդդիմության հետ հաշվի ես նստելու: Սա նշանակում է քաղաքական որոշումներում մեծացնել ընդդիմության դերակատարումը: Սա է կառուցողական ընդդիմություն ձևավորելու լավագույն հնարավորությունը: Ընդդիմություն, որը ոչ թե լավ հայհոյում է, այլ ընդդիմություն, որն ունի հանրային կյանքը կազմակերպելու սեփական տեսլականը: Այլ խոսքով, ընդդիմությունն իշխանության հետ երկիրը կառավարելու համատեղ պատասխանատվություն է ստանձնում: Իմ պատկերացմամբ, մեր ընդդիմադիրները սրան պատրաստ չեն: Նրանց ձեռնտու է այս վիճակը. հայհոյել ու ոչ մի բանի համար պատասխանատվություն չկրել:
-Ինչո՞ւ է այսպես ամայացել ընդդիմադիր դաշտը:
-Ինձ էլ է հետաքրքիր` ինչո՞ւ մենք չունենք իշխանությանը զգաստացնող ընդդիմություն: ՈՒնենք հայհոյող և փողոցային գործունեություն ծավալող ընդդիմություն: Մեզանում կեղծ քաղաքական պրիորիտետ են ձևավորել: Կուսակցությունների համար գլխավոր խնդիրը իշխանության գալն է: Սա նպատակ չպետք է լինի: Պետք է քո մոտեցումներով հանրային կյանքի կազմակերպմանը մասնակցես, որի արդյունավետության համար էլ պետք է իշխանության գաս: Դրա համար դաժան պայքար է գնում նախագահի աթոռի համար: Արևի տակ քո տեղն ունենալու միակ ճանապարհը դա է: Արդյունքում բոլոր ընդդիմությունները ժամանակին գոռում էին «Լևոն, հեռացիր», հետո «Ռոբերտ, հեռացիր», հիմա էլ` «Սերժ, հեռացիր»: Այսինքն, ողջ պայքարն անձնավորել ենք և ժողովրդին կերակրել ենք այն կեղծ թեզով, որ նախագահը փոխվեց, ամեն ինչ լավ է լինելու: Արդյունքում չունենք քաղաքական համակարգ, ձևավորված կուսակցություններ, ներկուսակցական կյանքով ապրող լուրջ քաղաքական ուժեր: Գործող սահմանադրությունն է նաև այս վիճակին նպաստել: Դրա համար էլ այս տարիների ընթացքում կառուցողական, համակարգային ընդդիմություն չձևավորվեց: ՈՒնենք քարկոծող, սևացնող, հայհոյող ընդդիմություն: Ընդ որում, բոլոր տարիների ընդդիմությունն է այսպիսին: Նոր սահմանադրությունը տալիս է հնարավորություն` փոխելու այսօրվա ընդդիմադիր դաշտի որակը:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ