ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Մենք ամեն գնով պետք է թուրքացնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են մեր երկրում»

«Մենք ամեն գնով պետք է թուրքացնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են մեր երկրում»
06.11.2015 | 11:38

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Որո՞նք էին իշխանության եկած Մուստաֆա Քեմալի առաջին քայլերը:
-1923 թ. մարտի 16-ին Մուստաֆա Քեմալը հայերից դատարկված Ադանայում արհեստավորներին ուղղված ելույթի ժամանակ ասել է. «Ի վերջո ընտրության իրավունքը նորից երկրի իրական տերերի ձեռքում է: Հայերն ու մյուսներն այստեղ ոչ մի իրավունք չունեն: Այս բարեբեր վայրը բուն թուրքական երկիր է»: Մուստաֆա Քեմալը փաստորեն դեռ չստեղծված պետության փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականության շրջանակներն էր մատնանշում:
1923 թ. հունիսին սկսեցին պետական կառույցներում աշխատող հայ և հույն պաշտոնյաներին աշխատանքից ազատել և նրանց տեղերում մուսուլմանների նշանակել: Ոչ մուսուլման փոքրամասնությունների` երկրում ազատ տեղաշարժը սահմանափակվեց: Որոշումն այնքան անսպասելի արագությամբ իրագործվեց, որ բազմաթիվ անձինք սահմանափակումների պատճառով չկարողացան իրենց բնակավայրերը վերադառնալ, մնացին այնտեղ, ուր գնացել էին:
Փոքրամասնությունների հարցը բարձրացվել էր 1923 թ. Լոզանի կոնֆերանսում: Լոզանի համաձայնագրի 38-44-րդ հոդվածների համաձայն՝ նորաստեղծ պետությունը պարտավորվում էր իր բոլոր քաղաքացիների պաշտպանությունն ապահովել, առանց հաշվի առնելու ազգային, կրոնական, լեզվական, ռասայական, մշակութային պատկանելությունը: Նրանք կարող էին հավասարապես օգտվել բոլոր իրավունքներից, որոնք նախատեսված էին մուսուլմանների համար. իրենց հաշվին ստեղծել բարեգործական, կրոնական, հասարակական, կրթական հաստատություններ և տնօրինել, մայրենի լեզուն կիրառել, ցածր դասարաններում մայրենի լեզվով ուսուցանել, եկեղեցիների, գերեզմանատների և այլ հաստատությունների պաշտպանությունն ապահովել: Սակայն բոլոր կետերը մնացին թղթի վրա: Փոքրամասնությունների հանդեպ հալածանքներն ու հետապնդումները շարունակվեցին, գործի դրվեց նրանց ձուլման քաղաքականությունը:
-Մուստաֆա Քեմալը ինչպե՞ս իրավականացրեց իր իշխանությունը:
-1923-ի հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Ազգային Մեծ ժողովն ընդունեց Թուրքիան հանրապետություն հռչակելու օրենք, Մուստաֆա Քեմալն ընտրվեց նախագահ (վերընտրվեց նաև 1927, 1931 և 1935-ին):
-Ինչպե՞ս շարունակվեց ազգային փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականությունը Թուրքիայի Հանրապետությունում:
-Հայկական հարցում նրա դիրքորոշումը միշտ էլ խիստ հակահայկական է եղել: 1923-ի սեպտեմբերին կայացված որոշմամբ պատերազմի ընթացքում Կիլիկիայից և Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի իրենց բնակավայրեր վերադարձը արգելվեց: Քեմալականությունը, որ կարելի է ծայրահեղ ազգայնականության տեսակ որակել, դարձավ Թուրքիայի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսությունը: Ազգային փոքրամասնությունները զրկվել էին իրենց ինքնությունը պահպանելու հնարավորություններից, երկրի բոլոր բնակիչները, անկախ ազգությունից, գրչի մի հարվածով թուրքեր էին հայտարարվել:
Հետևեց օրենք, որը հայտարարում էր, որ Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան։ Թուրքիայի Հանրապետության 1924-ի ապրիլի 20-ին ընդունված առաջին սահմանադրության մի հոդվածում ասվում էր. «Թուրքիայի բոլոր բնակիչները, անկախ կրոնական և ազգային պատկանելությունից, համարվում են թուրքեր՝ հաշվի է առնվում միայն նրանց քաղաքացիությունը»: 1925-ի մայիսին վարչապետ Իսմեթ Ինյոնյուն բառացիորեն հայտարարեց. «Մենք բացահայտ ազգայնականներ ենք: Ազգայնականությունը մեր գործունեության հիմնաքարն է, և մենք ամեն գնով պետք է թուրքացնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են մեր երկրում»: Այս քաղաքականության սկզբնավորման շրջանում Կ. Պոլսի հայության մեծամասնությունը ստիպված եղավ լքել երկիրը։ 1923-ին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի տվյալներով միայն Պոլսում ապրում էր մոտ 150 հազար հայ, 1925-ին հայերի թիվը 90 հազար էր:
-Պատրիարքարանը պահպանե՞լ էր իր սեփականությունը:
-1461-ից Կ. Պոլսում գործող հայոց պատրիարքությանը փոխանցված Օսմանյան կայսրության տարածքում գտնվող բոլոր հայ առաքելական եկեղեցիներից (1900-ականների սկզբին կար 1181 եկեղեցի և 132 վանք) հինգ տասնյակն էր մնացել։ Մեծ եղեռնից հետո Կ. Պոլսի պատրիարքությունը (Երուսաղեմի պատրիարքության հետ մեր եկեղեցու երկու նվիրապետական աթոռներից լինելով` ենթարկվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոսությանը) կորցրել էր իր նախկին նշանակությունն ու դերը։ Օսմանյան կայսրության մեր վերջին պատրիարքը եղել էր Զավեն Տեր-Եղիայան Պաղտատցին (1913-1915, 1919-1922): Հանրապետական Թուրքիայում նրան հաջորդեց Մեսրոպ Նարոյան Մշեցի (1927-1944) պատրիարքը։ Կարծում եմ՝ պետք է պատմել հայոց Մեծ եղեռնի զոհերի առաջին հիշատակման արարողությունների և այդ առթիվ Կ. Պոլսում կանգնեցված հուշարձանի մասին, որ շատ քչերը գիտեն։ 1919-ի մարտին հայոց ցեղասպանությունը վերապրած արևմտահայ մի քանի մտավորականների նախաձեռնությամբ Կ. Պոլսում Մեծ եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումներ կազմակերպելու նպատակով ստեղծվում է «Ապրիլ 11-ի սգահանդեսի մասնախումբ» անունով 13 անդամներից բաղկացած հանձնաժողով (ապրիլի 11-ը քրիստոնեական տոմարից ունեցած 13 օրերի տարբերությամբ համապատասխանում էր ապրիլի 24-ին)։ Երջանկահիշատակ այս մտավորականների ջանքերով պոլսահայ իրականության մեջ առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ ոգեկոչվեց Մեծ եղեռնի 1,5 միլիոնից ավելի անմեղ զոհերի հիշատակը: Արևմտահայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Հակոբ Ջոլոլյան Սիրունին իր հուշերում գրել է. «Մեր սարքած սգատօնը այլևս ավանդական դարձավ: Այն օրէն որդեգրուեցաւ Ապրիլ 24-ը իբր համազգային սուգի խորհրդանշան»: 1919-ի ապրիլի 12/25-ին Կ. Պոլսի Բերա թաղամասի Ս. Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի պատարագ, որը վարել է մշեցի Մեսրոպ եպիսկոպոս Նարոյանը, պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը քարոզել է: Նախապես հայտարարված սգո օրվա առթիվ Կ. Պոլսի բոլոր ազգային վարժարաններն ու հայերին պատկանող խանութները չեն գործել: Սգո արարողությանը, բազմաթիվ արևմտահայերից բացի, ներկա են գտնվել հունական համայնքի ներկայացուցիչներն ու Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության Կ. Պոլսում պաշտոնական ներկայացուցիչ Պ. Թախթաջյանը: Արևմտահայ լրագրող Հակոբ Տեր-Հակոբյանը «Վերջին Լուր» թերթում անդրադարձ ունի օրվա խորհրդին։ Կեսօրին եկեղեցում հավաքված ամբոխը տեղափոխվել է քաղաքի Չեշմե թաղամասի Հայ ավետարանական Ս. Երրորդություն եկեղեցի, ուր պատարագից հետո տեղի է ունեցել «սգահանդես» բազմաթիվ բանախոսների ելույթներով, ասմունքով, հոգևոր երաժշտությամբ: Ելույթներ են ունեցել նաև սոցիալ-դեմոկրատ հնչակյան ու ռամկավար ազատական կուսակցությունների, բժշկական, ուսուցչական միությունների ներկայացուցիչներ և այլք: Ելույթներն ընդմիջվել են նահատակված մտավորականների բանաստեղծությունների ասմունքով ու սգո մեղեդիներով: Սգո օրվա առթիվ Թեոդիկի (Թեոդորոս Լափչինջյան) խմբագրությամբ հրատարակվել է նաև «Յուշարձան Ապրիլ 11-ի» խորագրով աշխատությունը (Կ. Պոլիս, 1919)` «իբրև սգապսակ Պոլսի ու գավառի մտավորական նահատակներուն»` նրանց կենսագրություններով, լուսանկարներով ու անտիպ նյութերով: Մեր մեծագույն մտավորականներից Թեոդիկի այս խիստ կարևոր աշխատանքը հինգ տարի առաջ իմ թուրք ընկեր՝ մարդու իրավունքների պաշտպան, գրահրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն երեք լեզվով վերահրատարակեց՝ ձոնելով 2007-ի հունվարի 19-ին Կ. Պոլսում ստորաբար սպանված՝ «1500000+1» մտքի խորհրդանիշ դարձած դպրոցական ընկերոջս՝ Հրանտ Դինքի անմահ հիշատակին։
-Պոլսից բացի, այլ վայրերում հայերը համարձակվո՞ւմ էին ցեղասպանությունը նշել:
-Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման այս արարողությունը Կ. Պոլսում իր տեսակի մեջ միակը չէր՝ մեկ ամիս առաջ 1919-ի մարտի 25-ին նույնպիսի արարողություն տեղի էր ունեցել Վատիկանի հայ Կաթողիկե եկեղեցում Հռոմի պապի հավանությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության նահատակներին, որին ողջ իտալահայ գաղութից բացի, որպես պապի ներկայացուցիչներ մասնակցել են կարդինալներ ու եպիսկոպոսներ, Իտալիայի կառավարության անդամներ՝ կրթության նախարարն ու փոխարտգործնախարարը, խորհրդարանի նախագահը, Իտալիայում Ֆրանսիայի դեսպանը և պաշտոնատար այլ անձինք:
Ապրիլի 24-ը պաշտոնապես սգո և հիշատակի օր ամրագրելու որոշումն ընդունվել է 2 տարի անց՝ 1921-ին Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով Կ. Պոլսի Հայոց պատրիարքին հաղորդում է ապրիլի 11-ը (24 ապրիլ) համազգային սգո օր սահմանելու մասին` «ի յիշատակ բիւրաւոր նահատակաց մերոց յընթացս համաշխարհային պատերազմի» և հայտնում, որ այդ օրն այսուհետ արձանագրված է Էջմիածնի օրացույցում որպես սգո օր, ուստի պետք է արձանագրվի նաև Պոլսի պատրիարքարանի օրացույցում: Ապրիլի 23-ին պատրիարքական հատուկ շրջաբերականով պոլսահայ բոլոր խմբագրատներին հաղորդվում է. «Այլեւս Պոլսոյ մտաւորականութեան կամ «տարբեր անուններով օրեր սահմանելու տեղ մէկ օր միայն սահմանուի իբր սուգի օր, պատերազմի ու տարագրութեան շրջանի նահատակներուն համար եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Կաթողիկոս Ամենայն Հայոց Վեհափառ Տիրոջ կարգադրութեամբ այդ օրը բոլոր հայոց կողմէ միեւնոյն օրը կատարուի»: Ապրիլի 24-ին (Ծաղկազարդի օրը) Պոլսի պատրիարքարանի կարգադրությամբ Կ. Պոլսի բոլոր հայկական եկեղեցիներում հոգեհանգստի պատարագ է մատուցվել` «Հայոց տարագրման և նահատակութեան առթիւ»: Պատարագից հետո` նույն օրը, քաղաքի հայկական Բերա և Սամաթիա թաղամասերի թատերական դահլիճներում եղել են հատուկ «սգահանդեսներ», զեկուցումներով ու ելույթներով հանդես են եկել հայոց ցեղասպանությունը վերապրած մտավորականներ ու հոգևորականներ, հավաքված բազմությանը կոչ անելով մշտապես վառ պահել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակն ու երբեք չհուսալքվել:
Սակայն նորաստեղծ Թուրքիայի պետական քաղաքականության առանցքը գծվել էր Մուստաֆա Քեմալի «երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում» արտահայտության նույնիսկ օրենքի տեսքով ամրագրմամբ: Հայերից խլված ապրանքները «փեշքեշ» էին տրվում նախկին իթթիհադական տարբեր տրամաչափի պետական պաշտոնյաներին կամ բռնագրավվում պետության կողմից, ինչը տեղի էր ունեցել նաև Անկարայի Չանքայա թաղամասում (Թուրքիայի նախագահի նստավայրը) տարագիր Քասաբյան ընտանիքի սեփական տան հետ:
Ոչ միայն հայերի, այլև հույների ամբողջ ունեցվածքի յուրացման պետական քաղաքականությունը էլ ավելի կանոնավորված ու ահռելի չափեր ստացավ հատկապես 1924-ից: Սրա համար հիմք դարձավ 1923-ին Լոզանում ստորագրված թուրք-հունական «բնակչությունների փոխադարձ տեղափոխման» համաձայնագիրը։ Լոզանի պայմանագրի համաձայն Հունաստանը և Թուրքիան իրականացրին բնակչության փոխանակում: Փոխանակումը հիմնված էր կրոնական, ոչ թե էթնիկական պատկանելության վրա: Դրա պատճառով մուսուլման հույները, որոնց մեջ կային նաև վերջին շրջանում կրոնափոխ եղած քրիստոնյաներ, ստիպված էին լքել Հունաստանի տարածքը: Միևնույն ժամանակ ամբողջ ուղղափառ բնակչությունն արտաքսվում էր Անատոլիայից` չնայած թերակղզու ներքին շրջանների բնակչության հիմնական մասը արդեն մոռացել էր հունարենը և խոսում էր միայն թուրքերեն: Հունաստանից 375000 մուսուլմաններ (հիմնականում Մակեդոնիայից) փոխանակվեցին 1 միլիոն 450000 հույների հետ, որոնք, խուսափելով կոտորածից, կենդանի էին մնացել և անկախ իրենց կամքից` ստիպված էին թողնել հարազատ հողը, որի վրա իրենց պապերը ապրել էին 4000 տարի, և տեղափոխվել Էգեյան ծովի մյուս ափը` անկախ Հունաստանի Հանրապետություն: Հունաստանի հյուսիս-արևելյան (Մակեդոնիա, Թրակիա) շրջաններում ապրող մուսուլման ազգաբնակչության հետ 1924-1927-ին մշտական բնակությամբ «Թուրքիայի Հանրապետություն» տեղափոխվեցին նաև մինչ այդ Սալոնիկում ապրող տասնյակ հազարներով սաբետայիստ դյոնմե (Քարաքաշի, Յակուբի և Քապանի) հրեաներ, որոնք նորաստեղծ պետություն հաստատվելուց կարճ ժամանակ հետո իրենցից մեկը հանդիսացող Թուրքիայի Հանրապետության հիմնադիր-նախագահ Մուստաֆա Քեմալի շնորհիվ կարողացան երկրի պետական, քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում առաջատար դիրքեր գրավել։


(շարունակելի)
Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ