Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Հանրաքվեն իշխանություն-ընդդիմություն պայքար չէ, այդ պայքարը 2017-ին է լինելու»

«Հանրաքվեն իշխանություն-ընդդիմություն պայքար չէ, այդ պայքարը 2017-ին է լինելու»
06.11.2015 | 00:19

«Իրատեսի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:

«ՆԵՐԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ»


-Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն արդյունքների տեսակետից ի՞նչ ինտրիգ ու ի՞նչ անակնկալ ունեին:
-Նախորդ ընտրությունների արդյունքներով Թուրքիայում ստեղծվեց մի իրավիճակ, երբ նախագահ Էրդողանը չէր կարողանում կառավարություն ձևավորել և ստիպված էր արտահերթ ընտրությունների գնալ: Հունիսից հետո փորձագիտական դաշտում երկու կարծիք կար: Առաջինը՝ Էրդողանն ամեն գնով կփորձի կառավարություն կազմել, թեկուզ փոքրամասնության միջոցով, երկրորդ՝ Էրդողանը ժամանակ կձգի, հնարավորինս կապակայունացնի երկիրը ու ապակայունացման միտումների պատճառ կանվանի կառավարության բացակայությունը: Աշխատեց երկրորդ տարբերակը: Երբ Թուրքիայում փաստացի չկար իշխող մեծամասնություն, վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակներ ստեղծվեցին՝ ահաբեկչություններ եղան, Անկարան գլոբալ փորձեր կատարեց մեկ դեպի Ռուսաստան գնալու, մեկ դեպի ԵՄ: Էրդողանին հաջողվեց օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներն օգտագործելով՝ ԱԶԿ-ի կողմը բերել չկողմնորոշված ընտրողներին և այն ընտրազանգվածին, որ ցանկանում է ապրել կայուն երկրում, վախենում է երկրի մասնատումից ու Քրդստանի ստեղծումից: Այսպես Էրդողան-Դավութօղլու տանդեմը ստացավ միակուսակցական կառավարություն ձևավորելուն պակասող տոկոսները: Իհարկե, դա անսպասելի չէր:
-Էրդողանը հաղթեց` շեշտադրելով ազգայնականությունը: Այդ ալիքի վրա իշխանության եկած ԱԶԿ-ն կարողանալո՞ւ է Թուրքիան վերադարձնել կայունության դաշտ:
-Բարդ է լինելու, իհարկե: Խորհրդարան է մտել նաև քրդամետ կուսակցությունը, և ընդդիմությունը ներկայացնելու է իր օրակարգը: Ներթուրքական քաղաքական իրավիճակի վրա մեծ ազդեցություն կունենան տարածաշրջանային զարգացումները՝ թուրք-իրանական, թուրք-ռուսական, թուրք-ամերիկյան, ԵՄ-Թուրքիա, թուրք-սիրիական, թուրք-հունական հարաբերությունները, միգրանտների խնդիրը: Ժամանակ է պետք:
-Էրդողանը հունիսյան ընտրություններից առաջ ուզում էր, որ երկիրը վերադառնա նախագահական կառավարման, նրան պետք է խորհրդարանի ձայների երկու երրորդը, որը չունի, կարո՞ղ է քեմալականների հետ դաշնակցել, թե՞ հանրաքվեի կդիմի:
-Տեսականորեն բոլոր սցենարները հնարավոր են: Հազիվ թե հիմնական ընդդիմադիր ուժը զիջումների գնա այդ հարցում, որովհետև կկորցնի ընտրողների վստահությունը: Այս քաղաքական իրավիճակում դժվար թե Էրդողանը նախաձեռնի որևէ քայլ այդ ուղղությամբ, նա կսպասի հարմար պահի: Այսօր նրա թիվ մեկ խնդիրը երկրում կայունության վերականգնումն է. կստացվի՞՝ կանցնի հաջորդ քայլին:
-Տնտեսագետները հունիսյան ընտրություններից առաջ նշում էին, որ Թուրքիայում նվազել է տնտեսական աճը՝ համեմատած Էրդողանի իշխանության առաջին տարիների հետ, կկարողանա՞ Թուրքիայի նախագահը տնտեսական աճը վերականգնել:
-Դա պայմանավորված է տարածաշրջանային զարգացումներով: Տարիներ առաջ չկային ռազմական բախումներ, չկար սիրիացի միգրանտների հոսքը, ահաբեկչական գործոնն այդքան մեծ չէր: Շատ կարևոր են ազգային փոքրամասնությունների հետ փոխհարաբերությունները և հատկապես քրդական խնդիրը: Բոլոր այս հարցերը չէին կարող չազդել տնտեսական աճի վրա: Այսքան բացասական միտումներով Թուրքիան չէր կարող պահպանել տնտեսական աճի տեմպերը: Մի մոռացեք, որ Թուրքիան ուղղակի ներգրավված է սիրիական կոնֆլիկտի մեջ:
-Եթե Թուրքիային հաջողվի հաղթահարել ներքին խնդիրները, Իրանի պատժամիջոցների վերացումից հետո, նույնիսկ շիա-սուննի հարաբերությունները մի կողմ թողած, չե՞ք կարծում, որ Թեհրանը դառնալու է Անկարայի մրցակից:
-Միանշանակ: Իրանը շատ մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում և լուրջ դերակատարում իր բնական ու քաղաքական ռեսուրսներով՝ նավթ, գազ, ժողովրդագրական աճ, բանակ: Իրանը տարածաշրջանի միակ պետությունն է, որ երբեք չի կորցրել պետականությունը, իսկ դա խոսուն փաստ է: Ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի շահերից չի բխում, որ տարածաշրջանում լինի մուսուլմանական երկրներից մեկի գերակայություն, գերտերությունները փորձելու են պահել կողմերի հավասարակշռությունը: Սուննի-շիա հարաբերություններն էլ հաշվի առնելով՝ նրանց մրցակցությունը ոչ միայն քաղաքական ու տնտեսական է, այլև քաղաքակրթական: Պատժամիջոցների վերացումից հետո Իրանի դերակատարումը բնականաբար մեծանալու է, առաջիկա տարիներին կտեսնենք նոր Իրան՝ ավելի մեծ հնարավորություններով:
-Առաջիկա տարիներին կարո՞ղ ենք տեսնել նաև Իրան-Հայաստան նոր հարաբերություններ՝ ելնելով ՀՀ նախագահի Վրաստան կատարած այցի օրակարգից:
-Այո, հաշվի առնելով նաև Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի այցը Երևան: Իրանը մշտապես եղել է Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, քաղաքական ու առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն Իրանի հետ շատ կարևոր է: Ղարաբաղի հիմնահարցում Իրանը մշտապես ունեցել է հավասարակշռված դիրքորոշում: Ադրբեջանը և Թուրքիան որոշ դեպքերում ցանկացել են կոնֆլիկտին կրոնական երանգավորում տալ, Իրանի հավասարակշռված դիրքորոշումը կանխել է: Շատ կարևոր է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը: Բոլորովին այլ իրավիճակ կլինի տարածաշրջանում, երբ Իրանից լրիվ հանվեն պատժամիջոցները, կարգավորվեն ռուս-վրացական հարաբերությունները:
-Հավանական համարո՞ւմ եք, որ Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա գազատարը գործի՝ ինչպես քանիցս առաջարկել է Իրանը, որը շատ ձեռնտու է Հայաստանին:
-Ես տնտեսագետ չեմ և չեմ կարող այդ հնարավորությունները գնահատել:
-Իսկ քաղաքականապես հնարավո՞ր է:
-Քաղաքականությունը հնարավորինի արվեստն է, ոչ մի տարբերակ չպետք է բացառել, ինչն այսօր անհնար է թվում, վաղը կարող է իրավիճակի փոփոխությամբ հնարավոր դառնալ: Պետք է մտածել այն լուծումների ուղղությամբ, որոնք օգուտ կտան Հայաստանին:

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒՆԻ ԲԱԶՈՒՄ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՇԵՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԹՇՆԱՄԻ»


-Ադրբեջանում ևս խորհրդարանական ընտրություններ էին, ընդդիմությունը և բոյկոտեց, և արդյունքները չի ճանաչում: Արդա՞ր է:
-Ադրբեջանի ընտրությունները հիշեցնում են ԽՍՀՄ-ի ընտրությունները՝ կար մեկ կուսակցություն, ու կային դիսիդենտական շարժումներ: Ժողովուրդը դժգոհ էր, բայց ուրիշ կուսակցություն չկար. պիտի գնար, եղածն ընտրեր: Ադրբեջանը լրիվ հեռացել է ժողովրդավարությունից, և դա միայն իմ գնահատականը չէ. հիշեք պետդեպարտամենտի հայտարարությունը, եվրոպական կառույցների:
-Քաղաքական փոփոխություններ ընտրություններից հետո հնարավո՞ր են:
-Ադրբեջանում իշխում է Ալիևների կլանը, այս ընտրությունները նրանց իշխանությունը մի քանի տարով ևս երկարացրին: Մենք ականատես ենք Ադրբեջան-Արևմուտք հարաբերությունների սառեցման, իհարկե, տնտեսական շահերը մնում են, բայց շատ մեծ հարված էր Ադրբեջանին, երբ եվրոպական կառույցները դիտորդներ չուղարկեցին ընտրություններին: Անիմաստ է վիրահատել մի հիվանդի, որ դատապարտված է մահվան: Դիտարկեն-չդիտարկեն՝ ժողովրդավարությունն Ադրբեջանում մեռնում է: Սա ապտակ էր Բաքվին, որ իրենք փորձում են ի նպաստ օգտագործել:
-Գուցե Ալիևի համար ավելի մեծ սպառնալիք է ԻՊ-ի շարքերում կռվող ադրբեջանցիների հնարավոր վերադա՞րձը:
-Բոլոր դեպքերում այդ սպառնալիքն էլ կա, բայց կա և ազգային փոքրամասնությունների խնդիրը՝ լազեր, լեզգիներ, քրդեր: Ադրբեջանում չկա ընդդիմություն, ընտրությունները այդ երկրում պայմանական են: Եթե մարդիկ արժեք են համարում ամենամեծ դրոշ ունենալը, ռուս քաղաքագետի հարցազրույցն են սրբագրում, ինչ է, թե ասել է, որ հայկական սփյուռքն ուժեղ է, հայերը ԽՍՀՄ-ում ավելի լավ էին ապրում, քան Ադրբեջանը, որ Հեյդար Ալիևն էր ղեկավարում, ի՞նչ սպասես: Դժվար է ասել՝ ինչ կլինի, որովհետև տրամաբանությունը չի աշխատում, պիտի կարողանաս իրենց նման մտածել: Բնականաբար, բոլորս էլ ուզում ենք, որ մեր հարևանը ժողովրդավար լինի, կանխատեսելի, օրենքներով ապրող, սպառնալիք չներկայացնի:
-Ընտրություններից առաջ ասում էին, որ կառավարության փոփոխություններ են սպասվում, այդ թվում` արտգործնախարարի: Դա կարո՞ղ է անդրադառնալ ԼՂ հիմնահարցի վրա:
-Չեմ ուզում Մամեդյարովի դերակատարումը նսեմացնել, բայց Մամեդյարով, թե Մամեդով կլինի, Ադրբեջանը Իլհամ Ալիևի գծով է շարժվում: Ադրբեջանն ունի բազում պրոբլեմներ, որոնցից շեղելու համար պետք է թշնամի: Ադրբեջանը չունի ազգային գաղափարախոսություն, նրանց գաղափարախոսությունը հակահայկականությունն է, որի գերին են դարձել: Անկախացումից հետո Ադրբեջանը իր ֆինանսական, ռազմական, տնտեսական, գաղափարական ռեսուրսները ծառայեցնում է հակահայ մտածելակերպ դաստիարակելու համար: Անձրև է գալիս՝ հայերն են մեղավոր, չի՞ գալիս՝ հայերն են մեղավոր, ֆուտբոլում պարտվում են՝ հայերն են մեղավոր, նավթի գներն իջան՝ հայկական լոբբին արեց, եվրոպացիները քննադատում են՝ հայերն են դրդում: Հայերի ուրվականն ամենուր է, շատ բարդ է այդ պայմաններում որևէ լուրջ քննարկում: Տեսե՞լ եք, որ Հայաստանի նախագահը խորհրդակցություն հրավիրի և հիսուն րոպե խոսի Ադրբեջանի մասին: Բայց դա ուղղվելու է հենց իրենց դեմ՝ եթե սերունդ ես հակահայկականության գաղափարով դաստիարակել, վաղը ինչպե՞ս ես փոխզիջման գնալու:
-Ինչո՞ւ միջազգային ճնշումները Ադրբեջանի նկատմամբ ռեալ պատժամիջոցների չեն վերածվում, երբ բոլորն էլ ամեն ինչ գիտեն:
-Քանի դեռ Մինսկի խմբի համանախագահները իրերն իրենց անուններով չեն կոչել, ոչ միայն չեն նպաստում իրավիճակի բարելավմանը, այլև հավասարության նշան դնող հայտարարություններով վտանգում են բանակցությունների կառուցողական հունը: Պատկերացրեք՝ համանախագահները Ղարաբաղից գնում են Ադրբեջան, ու նրանց վրա կրակում են, պարզ երևում է՝ որտեղից, բայց ԱՄՆ համանախագահը Թվիթերում գրում է՝ անհայտ վայրից մեզ վրա կրակեցին, ինչպե՞ս անվանել: Լուսնի վրայի՞ց կրակեցին, ո՞րն է «անհայտ վայրը»: Հայե՞րն են մեղավոր, հայերին ասեք, ադրբեջանցինե՞րը՝ նրանց ասեք: Ինչպե՞ս է լինում, որ Բաքվում Եվրոպական խաղեր են, կրակոցներ չկան, Ադրբեջանում ընտրություններ են, կրակոցներ չկան: Ադրբեջանին խաղաղություն է պետք, խաղաղություն է լինում, կռիվ է ուզում՝ կռիվ է լինում: Սա ի՞նչ է նշանակում: Ե՞րբ է ՀՀ նախագահն ասել՝ շփման գծից դիպուկահարներին հանեք, ինչո՞ւ է Բաքուն մերժում: Թող համանախագահները ոչ Հայաստան գան, ոչ Ղարաբաղ գնան, թող Բաքու գնան ու ասեն՝ մինչև դիպուկահարներին չհանեք շփման գծից, գործը առաջ չի գնա: Ես չեմ ուզում համանախագահներին մեղադրել, նրանց դերակատարումը շատ կարևոր է, ու մենք դրական ենք գնահատում, բայց քանի դեռ ճշմարտությունը չի ասվում, Ադրբեջանը կրկնում ու կրկնելու է իր սադրիչ գործողությունները:


«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ»


-Դառնանք ներքաղաքական օրակարգին՝ դեկտեմբերի 6-ին ժողովուրդը կգնա՞ հանրաքվեի, թե՞ Սահմանադրություն փոխելը նախագահական կամ խորհրդարանական ընտրություն չէ:
-Կարծում եմ՝ որոշիչ դեր ունի քարոզարշավը, ավելի պարզ կլինի նոյեմբերի 10-20-ից հետո: Ես ամեն շաբաթ մարզերում եմ լինում՝ ժողովուրդը հետաքրքրված է, բայց բավարար տեղեկացված չէ: Ժողովրդին պետք է բացատրել, որ յուրաքանչյուր հայի ճակատագրի հետ կապված հարց է լուծվում:
-Ինչո՞վ է Սահմանադրությունը կապված յուրաքանչյուրի ճակատագրին:
-Ամեն ինչով: Այդքան ասում են՝ կոռուպցիա: Կոռուպցիայի դեմ պայքարելու ձևերից մեկն էլ անցումն է խորհրդարանական կառավարման: Ընդդիմությունը կարող է վերահսկել Վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունները, գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի: Տասը տարի է՝ ընդդիմությունը մեզ մեղադրում է՝ ինչ Սերժ Սարգսյանը որոշում է, ՀՀԿ-ն խորհրդարանում հաստատում է, մենք ի՞նչ ունենք, որ ինչ անենք: Սահմանադրության նախագիծը սահմանում է ընտրությունները ձայների երեք հինգերորդով, ՀՀԿ-ն մենակ չի անցկացրել բոլոր կարևորագույն պաշտոնների ընտրությունները, սահմանադրական օրենքները առանց ընդդիմության:
-Հայաստանում տեսնո՞ւմ եք այդ ընդդիմությունը:
-Հայաստանում իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ ձևավորվում են ընտրությունների ընթացքում: Դուք հիշո՞ւմ եք, որ վարչապետը գա խորհրդարան՝ հաշվետվության: Ոչ թե կառավարության ծրագրի հաստատման, այլ հաշվետվության, որ կարող է ընդունվել, կարող է չընդունվել: Ցանկացած նախարարի խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել, եթե համարի, որ արդյունավետ չի աշխատում: Վա՞տ է: Մարդիկ Բաղրամյանում միտինգ էին անում, բայց հնարավորություն չունեին հարցը խորհրդարան հասցնել, հիմա հնարավորություն է տրվում, որ ժողովուրդը համապատասխան թվով ստորագրությունների դեպքում հարցը ԱԺ օրակարգ մտցնի: Վա՞տ է: Բոլոր ընտրություններում ասում էին՝ իշխանությունը +41 բոնուս ունի մեծամասնական ընտրակարգով, ժողովրդի ձայնը լսելի չէ, մեծամասնական ընտրակարգը հանում ենք, վա՞տ է: Մենք ասում ենք՝ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է, որը հաշվի է նստում փոքրամասնության առաջարկների ու կարծիքի հետ: Վա՞տ է: Դժգո՞հ եք Իշխան Զաքարյանի աշխատանքից, նշանակեք Իշխան Իշխանյանին, Շարմազանովից դժգո՞հ եք, ԱԺ փոխնախագահներից մեկը ընդդիմության ներկայացուցիչը կլինի, Շարմազանովը ԱԺ կանոնակարգը կխախտի՞, թող նա անջատի Շարմազանովի խոսափողը: Վա՞տ է: ԱԺ փոխնախագահը ԱԺ-ն իրավունք ունի ներկայացնել արտասահմանում, պատվիրակություններ տանել, ԱԺ օրակարգի ձևավորմանը մասնակցել, եթե սա չէ իշխանությունը, ո՞րն է: Թե՞ ուզում են՝ ամբողջությամբ իշխանությունը տանք իրենց, ասենք՝ մենք էլ ձեզ ծառա՝ կառավարեք: Արդեն չեմ ասում դատարանների անկախության մասին: Այս ամենը ժողովրդին պիտի ներկայացվի, պիտի բացատրվի, որ ռեալ ընտրություն ունենա:
-Եթե այնուամենայնիվ, ժողովուրդը հանրաքվեում «ոչ» ասաց, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ժողովրդավարության առումով:
-Կանցնի, թե չի անցնի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, կորոշի ժողովուրդը դեկտեմբերի վեցին: Մենք կողմնակից ենք բարեփոխումներին ու մեզ համար շատ կարևոր է սահմանադրական հանրաքվեի որակը: ՀՀ նախագահը ԵԺԿ Մադրիդի գագաթնաժողովում եվրոպական դիտորդներին Հայաստան հրավիրեց, հանրաքվեի կազմակերպման ժողովրդավարական չափանիշների համապատասխանության համար: Ժողովրդի կամքն է կարևորը՝ ինչպես որոշեց, այնպես կլինի: Սա իշխանություն-ընդդիմություն պայքար չէ, իշխանություն-ընդդիմություն պայքարը 2017-ին է լինելու, հանրաքվեն իշխանափոխության կամ իշխանության ամրապնդման կոնցեպտի մեջ չպետք է դիտարկել, սա հանրաքվե է, որ շատ ավելի ընդգրկուն հասկացություն է, քան իշխանություն-ընդդիմություն պայքարը:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ