ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ձմեռվա շեմին՝ գազի սակագնի շուրջ

Ձմեռվա շեմին՝ գազի սակագնի շուրջ
03.11.2015 | 00:50

«ԵԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ ԼԻՆԻ, ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ»


Մոտ երկու ամիս առաջ ՌԴ-ն նվազեցրեց ՀՀ ներկրվող գազի գինը, ինչին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անմիջապես արձագանքեց։ Նա մասնավորապես ասաց. «Սա նշանակում է, որ գազի գինը չի բարձրանա»։ Ինչ խոսք, լավ է, որ գազի գինը չի բարձրանա, սակայն եթե ներկրման գինը նվազում է, ինչո՞ւ չի նվազում գազի սակագինը բնակիչների համար՝ հարցրինք ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ։


-Ես մասնագետ չեմ և չեմ կարող ֆինանսատնտեսական հաշվարկ կատարել, սակայն մեկ բան փաստ է. քանի որ անցած տարի ՀՀ-ում և ՌԴ-ում դոլարի և ազգային արժույթի փոխարժեքի ինֆլյացիա տեղի ունեցավ, բնականաբար, դա հանգեցրեց գազի գնի վերանայմանը։ Ներկրվող գազի գինը 24 դոլարով նվազեց, ինչը լրացուցիչ սոցիալական բեռ չառաջացրեց մեր բնակչության համար։
-Այդ բեռը մեր բնակչությունն իր վրա զգաց 2015-ի գարնան ավարտին, ամռան սկզբին, երբ գազի սակագինը բարձրացավ։ Այսինքն, սոցիալական լարվածություն կար, երբ Ռուսաստանը նվազեցրեց գազի վաճառքի գինը։
-Այո, դրա համար ՀՀ-ի և ՌԴ-ի նախագահների պայմանավորվածության արդյունքում Հայաստան ներկրվող գազի գինը նվազեց։
-Քանի որ գազի սակագինը ուղղակիորեն կապված է սոցիալական խնդրի հետ, չե՞ք կարծում, որ սակագնի նվազեցման հարցը քննարկելու համար իշխանությունները պետք է դիմեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։
-Ես արդեն ասացի, որ հարցը մասնագետները պետք է քննարկեն։ Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, ապա մեր մոտեցումը հետևյալն էր՝ բանակցությունների արդյունքում գազի գնի նվազեցում, ինչն էլ հնարավոր եղավ։ Դրա հետևանքով այսօր կարող ենք ասել, որ գազի գինը չի բարձրանա։ Համոզված եղեք, եթե իշխանություններից կախված լինի, հնարավոր բոլոր ճանապարհները կօգտագործվեն։

«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ, ԱՅՆՊԻՍԻ ՀԱՐՑ ԵՔ ՏԱԼԻՍ...»


Գազի սակագնի նվազեցումը անհրաժեշտություն է ոչ միայն բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու, այլև արտադրության խթանման համար։ Այս առումով մեզ հետաքրքրեց էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻ տեսակետը։


-Պարոն նախարար, սահմանի վրա գազի գինը նվազել է, ինչը դրական ազդեցություն կարող է ունենալ ապրանքների ինքնարժեքի նվազեցման և ձեռնարկությունների զարգացման համար։ Հնարավո՞ր է, որ ՀԾԿՀ-ն վերանայի գազի սակագինը։
-Չեմ կարող ասել, դա վերջիններիս գործառույթն է։
-Ճիշտ է, սակայն գազի սակագինը կարևոր գործոն է նաև արտադրության ծավալների աճի և արտադրության զարգացման համար։
-Այո, իհարկե։
-ՈՒրեմն, որպես էկոնոմիկայի նախարար, ի՞նչ պետք է անել, որպեսզի ՀԾԿՀ-ն վերանայի սակագնի հարցը։ Գուցե Դո՞ւք պետք է առաջարկ ներկայացնեք։
-ՀԾԿՀ-ն մասնագիտացված կառույց է և իր անելիքները մասնագիտորեն ճիշտ իրականացնում է։ Չեմ կարծում, թե նրանք շահագրգիռ չեն, որ մեր տնտեսավարող սուբյեկտները էժան ինքնարժեք ունենան արտադրությունում, հատկապես էներգետիկ կոմպոնենտի մասով։
-Այսինքն՝ հնարավո՞ր է, որ ԱԾԿՀ-ն վերանայի այդ հարցը։
-Չեմ կարող ասել, այնպիսի հարց եք տալիս...


Ճեպազրույցները՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Հ. Գ. Եթե ամփոփենք իշխանությունները ներկայացնող երկու խոշոր պատասխանատու պաշտոնյաների ասելիքը, ապա կարելի է ենթադրել, որ իշխանությունը՝ հեչ, ՀԾԿՀ-ն՝ մեջ։ Սակայն եթե նկատենք, որ ՀԾԿՀ-ն անուղղակիորեն իշխանության կամակատարն է, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր զրուցակիցները կամ ՀԾԿՀ-ին «подставка» են անում, կամ էլ այն հարմար շիրմա է հարցերը «с больной головы на здоровую» տեղափոխելու համար։ Իսկ եթե ՀԾԿՀ-ի խոսքն է որոշիչ, ապա ժողովրդին ոչինչ չի մնում, եթե ոչ պարտադրել այս կառույցին վերանայել գազի սակագինը։

Դիտվել է՝ 1035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ