Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Սերժ Սարգսյանը վարում է թշնամուն բարեկամ դարձնելու քաղաքականություն»

«Սերժ Սարգսյանը վարում է թշնամուն բարեկամ դարձնելու քաղաքականություն»
08.11.2015 | 19:07

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ (միջազգայնագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար)

-Պարոն Պապյան, ճի՞շտ է, որ Դուք քոչարյանական թիմից եք:
-Չէ, ճիշտ չէ: Ես եղել եմ Հայաստանի Հանրապետության դեսպանը Կանադայում, ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը: Այո, այդ ժամանակ հանրապետության նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, բայց ես որևէ մեկի թիմից չեմ:
-Իսկ Դուք մաս կկազմե՞ք Օսկանյանի կուսակցությանը. նա, ասում են, կուսակցություն է ստեղծում:
-Ոչ, ես իմ բնույթով կուսակցական տեսակ չեմ: Փորձն էլ ցույց է տալիս, որ երբեմն հմայվում ես մի կուսակցությամբ, հետո այդ կուսակցությունն ինքն է փոխում իր մոտեցումներն ու դինամիկան, դու դուրս ես մնում այդ ընթացքից, որից հետո կա՛մ պիտի հաշտվես կատարվածի հետ, կա՛մ դուրս գաս:
-Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս «Սիվիլիթասի» գործունեությունը:
-Այո, որովհետև այնտեղ բացախոսություն կա, իրենց TV-ն լավն է, սերունդ է դաստիարակում:
-Բայց, միևնույն է, այդ ամենը չի օգնում Օսկանյանին, և նա անվերջ ֆիասկոներ է գրանցում` քաղաքական «գետնին վրա»:
-Հասկանո՞ւմ եք, մեր երկրի պայմաններում պայքարի ձևերը փոքր-ինչ այլ են` անդրգորգյան են. Օսկանյանն էդպիսի խաղացող չէ:
-Քոչարյանի ժամանակ պայքարն ընդհանրապես «անդերգրաունդյան» էր:
-Մեր երկիր ասելով` ես ողջ հատվածը նկատի ունեմ, ասել է` մենք դեռ սովետական տիպի երկիր ենք: Եթե Հայաստանը լիներ հրապարակային պայքարի երկիր, որի զարգացումը նաև քաղաքական գործիչներից էր կախված լինելու, կոնկրետ Օսկանյանը շատ ավելի ազդեցիկ կլիներ: Մարդ պետք է Օսկանյանի հետ լինի Արևմուտքում, նրա ելույթները լսի անգլերեն, որ հասկանա նրա մեծությունը: Էն, ինչ դուք տեսնում եք, նրա թույլ ստվերն է: Ինքն ընկալելի է դրսում:
-Էդ ի՞նչ կապերի մեջ է դրսի հետ, որ այդքան «մեծ» է. ասում են` փողեր է բերում, «լվանում», «փռում պարանին»:
-Էդ փողերը, որ բերում է, էստեղ մարդիկ երկրի ներսում են թալանում` մեկ ամսվա ընթացքում: Ինքն անօրինական ոչինչ չի անում: Եթե ինքն օրենք է խախտել, բնականաբար, պետք է պատիժ կրեր, բայց մեր «օրենքի մարդիկ» էլ, չէ՞, ասացին` չի խախտել: Մյուս կողմից էլ, գիտեք` արդարադատությունը չպետք է լինի ընտրովի:
-Օսկանյանենց ժամանակ արդարադատությունը «անընտրովի» էր, և արդարությունից մարդկանց շրթերը ճաքում էին. Հոկտեմբերի 27 չի եղել, Մարտի 1` նույնպես:
-Չէ-չէ-չէ, էն ժամանակ էլ ընտրողաբար էր: Նույն Օսկանյանի շատ քայլեր, նույն Մարտի 1-ի ելույթը, շատ սխալ էին: Իհարկե, կային սխալներ: Ի վերջո, անսխալական մարդիկ չկան:
-Իսկ ի՞նչ եք կարծում` Քոչարյանը կվերադառնա՞:
-Կարծում եմ` կցանկանա վերադառնալ, բայց չի կարողանա:
-Ինչո՞ւ:
-Որովհետև հենց նույն Քոչարյանն ստեղծել է մի համակարգ, որտեղ ամեն ինչ ունի նա, ով ունի իշխանություն:
-Իսկ ի՞նչ եք կարծում` երբեմնի սիամական երկվորյակներ համարվող զույգից Ռոբերտ Քոչարյա՞նն է ավելի խելացի, թե՞ Սերժ Սարգսյանը:
-Քոչարյանն ավելի պարզ, ավելի կոշտ, ավելի կոպիտ մարդ էր: Այսինքն, եթե ինչ-որ հարցում նա քեզ հետ համաձայն չէր, իր հնարավորություններով քեզ ջախջախում էր: Իսկ Սերժ Սարգսյանը վարում է թշնամուն բարեկամ դարձնելու քաղաքականություն` տարբեր դրսևորումներով. մեկին` պաշտոն, մեկին` պատգամավոր, մեկին` չգիտեմ ինչ:
-Բայց Ձեզ պաշտոն չի տվել, Կանադայից հետո Դուք ոչ մի տեղ դեսպան չեք եղել:
-Ես այսօր երջանիկ եմ նրանով, ինչ ունեմ, իմ գործն անում եմ «Մոդուս վիվենդիում» ու շատ սիրում եմ այն:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ