«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Կեղծիքները կանխելու բազմաթիվ լծակներ կան»

«Կեղծիքները կանխելու բազմաթիվ լծակներ կան»
30.10.2015 | 00:43

ԱԺ այս քառօրյայում քննարկվեց «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ընդդիմադիրները հերթական անգամ հիշեցին հայաստանյան ընտրական գործընթացների տխուր պատկերը, իսկ օրինագծում իշխանության առաջարկած այս փոփոխությանն էլ հավատ չընծայեցին: Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, հիմնական զեկուցող ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ:


-Ընդդիմությունը չի հավատում, որ այս փոփոխության նպատակը արդար ընտրությունների անցկացումն է: Ի՞նչ երաշխիք եք տալիս այս անգամ:
-Հարցն այնքան պարզ է, որ պետք չէ բարդություն ստեղծել, հետո «հերոսաբար» հաղթահարել: Տպավորություն է ստեղծվում, որ յուրաքանչյուրն այս նախագծով փորձում է ինքնադրսևորվել: Խոսեցին արտագաղթից, այն կապելով նույնականացման քարտերի հետ, իբր ինչ-որ «թույլ տեղերին» ենք կպել: Այսպես չի կարելի, մենք խոսում ենք ընտրական մշակույթից, փոխադարձ վստահությունից, քաղաքական կամքից: Բայց սա չի վերաբերում միայն իշխանությանը: Ընտրակեղծիքը մի ողջ «գործընթաց» է, ու հնարավոր չէ, որ ինչ-որ փուլում չբացահայտվի: Խնդիրը մեկ այլ տեղում է: Մեր գործընկերներն այսօր բարձրաձայնում են, որ ՏԻՄ ընտրություններում մի քանի նույնականացման քարտեր են օգտագործվել, բայց դա փաստող ապացույցներ չունեն: Տեսնո՞ւմ եք` ինչ ակտիվությամբ են այդ փաստը շահարկում: Իսկ պատկերացնո՞ւմ եք` հանկարծ թույլ չտանք այդ 182 հազար 391 հոգուն ընտրություններին մասնակցել: Սա՞ է արդյոք այն էական թիվը, որ կարող է ընտրությունների ելքի վրա ազդել:
-Ընդդիմադիրները կարծում են, որ անգամ այդ քանակի մարդկանցով հնարավոր է կրկնակի, եռակի քվեարկություններ իրականացնել:
-Անհիմն պնդումներ են: Ինչ-որ բան է պետք, որ խոսեն, բայց գործ չանեն: Կեղծիքները կանխելու բազմաթիվ լծակներ կան: Այսօր արդեն ցուցակները հրապարակված են: Կարելի է անուն ազգանունը գրել և նույնականացնել` նույն անուն-ազգանունով քանի մարդ կա ու որտեղ է հաշվառված: Բազում հովհաննեսսահակյաններ կլինեն, բայց արդյո՞ք ծնվել են 1977-ին և հաշվառված են Սպիտակում:
-Ինչո՞ւ նույնականացման քարտերի խնդիրն այսքան բարդացվեց:
-Չի բարդացվել: Եթե հիշում եք` 2009 կամ 2010-ին նույնականացման քարտերի համակարգը ներդրվեց մեզանում, ու աստիճանաբար անցում է կատարվում դրան: Հին նմուշի անձնագրերը, կարծես, կորցնում են իրենց ուժը: Քանի դեռ դրանց գործածությունը մասսայական բնույթ չէր կրում, օրենքում փոփոխություն կատարվեց ու որոշվեց, որ դրանցով ընտրություններին չեն մասնակցելու: Բայց աստիճանաբար նույնականացման քարտերի թիվն աճում է, և 2016-ին խնդիրը հիմնավորապես կլուծվի: Բայց քանի որ այս փուլում ընդամենը 182 հազար 391 մարդ նույնականացման քարտ ունի, հասկացանք, որ խնդիր կա: Այնպես որ, չենք կարող վերջիններիս թույլ չտալ մասնակցել ընտրություններին: Հիմա պարզապես հանում ենք այն արգելքը, որը թույլ չէր տալիս այդ քաղաքացիներին մասնակցել ընտրություններին: Ընդդիմադիրները կեղծիքները բացառող երաշխիքներ են պահանջում, ես էլ ասում եմ` յուրաքանչյուրիս քաղաքական կամքով, հետևողական աշխատանքով է պայմանավորված ընտրությունների նկատմամբ վստահության մեծացումը:

Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ