«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Գործարարը պետք է հարուստ լինի, որ կարողանա նպաստել տնտեսության զարգացմանը»

«Գործարարը պետք է հարուստ լինի, որ կարողանա նպաստել տնտեսության զարգացմանը»
30.10.2015 | 00:34

Գործարարներից շատերը, կողմ լինելով ԵԱՏՄ-ին, այնուհանդերձ, նկատում են, որ անդամակցությունից հետո սահմանի վրա հերթեր են գոյանում, ինչը տնտեսական վնաս է հասցնում վերջիններիս։ ԱԺ պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը հանձնաժողովի նիստում այդ հարցը բարձրացրեց՝ հրավիրելով ֆինանսների նախարարության ուշադրությունը։ Ի վերջո, ինչպես պետք է լուծվի այդ խնդիրը, հատկապես եթե նկատենք, որ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չէ։ Արդյոք խնդրի լուծումը ժամանակավոր չի՞ լինի։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավոր, «Կիլիկիա» ընկերության համասեփականատեր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։

-Երբ խոսում եմ խնդրի լուծման մասին, նկատի ունեմ վերջնական լուծումը և համոզված եմ, որ այդպես էլ կլինի,- ասաց պատգամավորը։- Հիմնական խնդիրն այն է, որ Վրաստանը ԵԱՏՄ անդամ երկիր չէ, հետևաբար վրացական մեքենաներն ավելի մանրակրկիտ են ստուգվում, ինչի արդյունքում ուշացումներ են լինում և հերթեր գոյանում։ Հնարավոր է, որ Հայաստանի համար առանձին մաքսակետ գործի։ Որքան տեղյակ եմ, այդ խնդիրն է փորձում լուծել կառավարությունը, և կարծում եմ, որ կլուծի։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, բնականաբար պետք է ազատ մուտք ունենա երրորդ երկրներ։
-Ձեր գործընկեր Խաչատուր Քոքոբելյանը համոզված է, որ մեր օրենքները ԵԱՏՄ-ի օրենսդրությանը համապատասխանեցնելով, ճնշում է գործադրվում տեղական արտադրողների վրա։ Մասնավորապես ծխախոտի և օղու վրա ԱԱՀ-ի դրույքաչափի բարձրացումը կարող է դժվար իրավիճակի մեջ դնել մեր արտադրողներին։ Դուք նման մտավախություն չունե՞ք։
-Տեղական արտադրողների շահերի պաշտպանությունը միանշանակ բխում է Հայաստանի տնտեսության շահերից։ Սրա հետ մեկտեղ ինչպես սկզբում, այնպես էլ հիմա ես կողմ եմ ԵԱՏՄ-ին անդամակցությանը՝ մոտ հեռանկարում տեսնելով դրա տնտեսական շահավետությունը։ Բայց և այնպես մենք պետք է վարենք ճկուն քաղաքականություն։ Եթե որևէ օրենք հարվածելու է մեր տեղական արտադրողին, պետք է կարողանանք դիվանագիտորեն այն հնարավորինս օգտակար դարձնել մեզ համար։ Ի վերջո, գործում են նաև չգրված օրենքներ, որոնք հմտորեն կիրառում են բոլոր պետությունները։
Պետք է նշեմ, որ ՀՀ նախագահը և վարչապետը հնարավոր ամեն բան անում են տեղական արտադրողներին խթանելու համար։ Ճիշտ է, մեր ժողովուրդը ցանկանում է, որ յուրաքանչյուր խնդիր լուծվի մեկ օրում, սակայն այդպես չի լինում։ Եվրամիությունն էլ մեկ օրում չի զարգացել, պահանջվել են տասնյակ տարիներ։ Ի վերջո, չմոռանանք, որ մենք աշխատող ազգ ենք, և յուրաքանչյուրս կարող է ու պարտավոր է մեր զբաղվածության ոլորտում նպաստել Հայաստանի զարգացմանը։ Մենք պատերազմական իրավիճակում ենք, և տնտեսության զարգացումը կնպաստի նաև բանակի ավելի հզորացմանը։ Սա խիստ անհրաժեշտ է, քանզի այդպես կարող ենք արժանի հակահարված տալ Հայաստանի և Ղարաբաղի նկատմամբ ոտնձգության փորձեր անողին։
-Ճիշտ եք, սակայն մի մտավախություն ունեմ. հայերս, անկախ դիրքից և պաշտոնից, չափազանց օրինապաշտ ենք դառնում օտար օրենքների պարագայում, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Օրինակ, եթե ԵԱՏՄ օրենսդրությունը հարվածի հայ գործարարի շահերին, ապա չի բացառվում, որ հայկական կողմն անտեսի իր գործարարին։
-Եթե այդպիսի մոտեցում կիրառվի, այն բացասական անդրադարձ կունենա մեզ վրա։ Սակայն ես Ձեր այդ մտավախությունը չեմ կիսում այն պարզ պատճառով, որ համոզված եմ՝ մեր իշխանությունները ևս այդ վտանգը լավ հասկանում են։ Գործարարը պետք է հարուստ լինի, որ կարողանա զարգացնել իր բիզնեսն ու նպաստել տնտեսության զարգացմանը։
-Կարծում եմ, խոսքը միայն խոշոր բիզնեսի մասին չէ, փոքր և միջին բիզնեսը ևս պետք է շահութաբեր լինի։
-Խոսքս վերաբերում է ՓՄՁ ոլորտին և խոշոր բիզնեսին։ ՓՄՁ-ն շատ կարևոր խավ է ընդգրկում, այս ոլորտում գործարարների քանակն ավելի մեծ է։ Որքան նրանք ֆինանսապես ապահովված լինեն և զարգացնեն իրենց բիզնեսը, այնքան մեր ժողովրդի կենսամակարդակը բարձր կլինի։

Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 914

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ